Ի՞ՆՉ Է ՍԱՐՍԱՆԳԻ ՋՐԱՄԲԱՐԸ ԵՎ Ի՞ՆՉ ԿԼԻՆԻ ՆՐԱ ՃԱԿԱՏԱԳԻՐԸ. ՀԱՅԱՑՔ ԼՂՀ-ԻՑ
ՆԱԻՐԻ ՀՈԽԻԿՅԱՆ
Լրագրող, տարածաշրջանային և միջէթնիկ հակամարտություններ, ԵՐԵՎԱՆ





Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական վեհաժողովը քննարկման է դրել Ադրբեջանի ներկայացրած հերթական հակահայկական բանաձևը, որը վերաբերում է ԼՂՀ Սարսանգի ջրամբարի օգտագործմանը: Ադրբեջանցիները պահանջում են, որ Սարսանգի ջրից օգտվելու հնարավորություն ունենան նաև իրենք, մինչդեռ, ըստ բանաձևի, հայկական կողմը միտումնավոր փակում է ջրամբարի՝ Ադրբեջան գնացող ուղիները՝ դրանք բացելով միայն ձմռանը՝ ստեղծելով հեղեղի վտանգ: Պարզաբանումներ ստանալու համար դիմեցինք պաշտոնական Ստեփանակերտին՝ փորձելով նաև հասկանալ, թե ինչու եվրոպական կազմակերպությունը որոշեց հենց հիմա արձագանքել մի նախաձեռնության, որը կոշտ ձևով մերժել էր մեկ տարի առաջ:

Արցախի Մարտակերտի շրջանում Սարսանգի ջրամբարը կառուցվել է 1976-ին: 130մ հողե պատվար ունեցող հսկա այս ջրամբարում կա ավելի քան 600մլն խմ ջուր, որը սովետական տարիներին նախատեսված էր հիմնականում ադրբեջանաբնակ տարածքների ոռոգման համար, իսկ անկախության հռչակումից հետո ԼՂՀ-ն Սարսանգի ջուրն օգտագործում է ոչ միայն ոռոգման, այլև էներգետիկ նպատակներով:

ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետ Դավիթ Բաբայանը հայկական երկու պետությունների համար անփոխարինելի գործոն է համարում ջրային անվտանգությունը: Ջուրը մեր հիմնական հարստություններից մեկն է, որը անհրաժեշտության դեպքում կարող ենք օգտագործել նաև այլ պետությունների հետ հարաբերություններում ռազմավարական նպատակներով: Հավանաբար նույն մտայնությամբ Ադրբեջանն այս տարի առաջին փորձն արեց՝ ԵԽԽՎ-ում առաջ քաշելու հակահայկական բանաձև՝ կապված հենց Սարսանգի ջրամբարի հետ: Եթե նախորդ տարիներին, այդ թվում 2013-ի աշնանը նույն կառույցը կոշտ արձագանքներով մերժել էր ադրբեջանցիների նախաձեռնությունը, ապա այս անգամ ոչ միայն որոշեց քննարկման դնել այն, այլև եվրոպական տարբեր երկրների պատգամավորներ ստորագրեցին դրա ընդունման օգտին:

Դավիթ Բաբայանը հեռախոսազրույցում նշեց. «Սա էլ է մի օրինակ, որը մենք պիտի հասկանանք: Օրինակ, միայն Արցախի Շահումյանի շրջանում՝ Քարվաճառում, սկիզբ են առնում Արփա և Որոտան գետերը, որոնք սնում են Սևանա լիճը: Նույն այդ տարածքից են սկիզբ առնում Թարթառ և Խաչեն խոշոր գետերը, և մենք տեսնում ենք, որ եթե հիմա ադրբեջանցիները վիրտուալ ձևով են իրենցը համարում Սարսանգի ջրամբարը և մեր դեմ այդպիսի պայքար տանում, ապա պատկերացնո՞ւմ եք, թե ինչ կլինի, եթե ստանա այդ տարածքների վրա վերահսկողություն: Դա կարող է իսկական աղետի պատճառ դառնալ»:

Արցախի նախագահի ներկայացուցիչը վստահ է՝ եթե նույնիսկ բանաձևն ընդունվի, ու եվրոպացիները մեր առաջ պահանջներ դնեն, ողբերգություն չի լինի: Նախ՝ պաշտոնական Ստեփանակերտը դեռևս 98-ին է Բաքվին առաջարկել համատեղ օգտագործել Սարսանգի ջուրը, հետո էլ հայկական երկրորդ հանրապետությունը ինքն է տնօրինում սեփական ջրային պաշարները. կարող է հարևաններին ջուր տալ կամ չտալ:

Կա վարկած, որ ԵԽԽՎ-ն նոր քաղաքական վարքագիծ է որդեգրում հայկական կողմի նկատմամբ՝ որպես պատասխան ուկրաինական ճգնաժամի առումով Հայաստանի ռուսամետ կեցվածքին: Օրեր առաջ, չնայած մեր պատգամավորները դեմ քվեարկեցին, բայց նույն ԵԽԽՎ-ում ռուսական պատվիրակությունը զրկվեց ձայնի իրավունքից և լքեց կառույցը. Թե հակահայկական բանաձևի քվեարկության ժամանակ ով կկանգնի մեր կողքին, դեռևս հայտնի չէ, մանավանդ որ այն քննարկման է դրվելու հաջորդ նստաշրջանում: Հայկական պատվիրակության պայքարի միջոցներն ու գործիքները առայժմ հստակեցված չեն, բայց կառույցը լքելու անհրաժեշտություն չի լինի: Եթե քնեցված բանաձևերը գործողության մեջ են դրվում հենց հիմա, ապա խաղի կանոնները ենթադրում են հակաքայլեր՝ այստեղ բանաձևերն ընդամենը խորհրդատվական բնույթ ունեն, բացի այդ, Արցախը ԵԽԽՎ անդամ չէ և չունի պաշտոնական որևէ կախվածություն Հայաստանի Հանրապետությունից:
ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ԵՎ ՄԻՋԷԹՆԻԿ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ
3362 reads | 17.04.2014
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2017 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com