ԵԼԵՆԱ ՇՈՒՎԱԵՎԱ. ԱՊՐԵԼ ՊԱՏԵՐԱԶՄԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ, ԱՊՐԵԼ ԽԱՂԱՂ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ
ԵԼԵՆԱ ՇՈՒՎԱՅԵՎԱ-ՊԵՏՐՈՍՅԱՆ
ՌԴ գրականագետների միության անդամ, ՀՀ գրողների միության անդամ, ԵՐԵՎԱՆ









Հայաստանի և Ադրբեջանի սահման. սահմանամերձ գյուղերի իրականությունը

Հայկական սահմանամերձ գյուղերը, որոնք առաջինն են ընդունել ղարաբաղյան պատերազմի հարվածը, կարելի է անվանել առանձին մանր պետություններ, որոնք աշխարհից կտրված՝ ապրում են սեփական կանոններով ու ավանդույթներով: Ավելի քան քսան տարի նրանց գլխավոր խնդիրը ապրելն է՝ ապրել,երբ պատերազմ է, ապրել, երբ խաղաղություն է: Այստեղ նույնիսկ մարդկանց հոգեբանությունն է այլ՝ սակավախոս են ու չվստահող, հատկապես երբ գործ ունեն օտարների հետ, և գիտեն կյանքի արժեքը: Լրագրող, գրող Ելենա Շուվաևա Պետրոսյանը եղել է Տավուշի մարզի Բարեկամավան ու Բերքաբեր գյուղերում (Հայաստան) և պատմում է մերձսահմանային գոտու իրավիճակի, տարիներով թշնամու նշանառության տակ ապրող մարդկանց դժվարին կյանքի մասին:

Մենք Տավուշի մարզի սահմանային գյուղեր ուղևորվեցինք «Սահման» բարեգործական կազմակերպության ներկայացուցիչների հետ: Այս կազմակերպությունը ստեղծվել է մեկուկես տարի առաջ՝ նախաձեռնությամբ մի քանի անհատների, ովքեր հառուստատեսությամբ հաղորդում են դիտել սահմանամերձ գյուղերի, նրանց խնդիրների և բնակչության արտահոսքի մասին, ապա միտք են հղացել զբաղմունք գտնել բնակիչների համար, ապահովել աշխատանքով: Նրանք որոշ ընտանիքների առաջարկել են ջերմոց կառուցել, բանջարեղեն աճեցնել: Գայանեն, Աննան, Էրիկը, Սահակը և Ջորջը (որ Լիբանանի հայ է) կարողացել են սոցիալական ցանցերի միջոցով գումարներ հայթայթել Բարեկամավանում 4, իսկ Բերքաբերում՝ 2 ջերմոց հիմնելու համար: Սկզբում այդ նախաձեռնությանը քչերն են հավատ ընծայել, թերահավատ են եղել նաև գյուղերի բնակիչներն իրենք: Սակայն երբ հասել է բերքը հավաքելու ժամանակը, հասկացել են, որ ջանքերը զուր չեն եղել: Բերքից ստացված տոկոսներով նախաձեռնողները մտադիր են գյուղում հինգերորդ ջերմոցը հիմնել և այդպիսով
աշխատանքով ու եկամուտներով ապահովել ևս մեկ ընտանիքի:

Այդ գյուղերում գործազրկությունը վաղուց ապրելակերպ է դարձել: Աշխատանք կա միայն դպրոցում և տեղական ինքնակառավարման մարմնում: Մնացած բոլորն ապրում են սեփական տնտեսությունների հաշվին: Հաճախ գնում են մերձակա գյուղեր կամ Իջևան քաղաքը և բանջարեղեն փոխանակում հագուստի հետ: Հողն այնտեղ ծածկված է մարտական գնդակներով, իսկ բերքը մշակելիս մշտապես ադրբեջանական կողմի նշանառության տակ են լինում կամ կարող են որևէ ականի վրա ընկնել: Մեղմ ասած՝ դժվար գործ է: Տարածքն ականազերծելն էլ հնարավոր չի թվում: Մշակվում է միայն հողատարածքների 30%-ը, մնացածը սահմանին չափազանց մոտ է: Մինչև 2013թ. բարեկամավանցիները և բերքաբերցիները ճկում էին հողի հարկի բեռան տակ: Շատերն էին տրտնջում, թե հողն առանց այն էլ հնարավոր չէ մշակել, դեռ պետք է հարկ էլ վճարել: Այդ հողերի համար հարկ չգանձելու հարցը շատ է բարձրացվել ու քննարկվել: Նախագահական ընտրարշավի ժամանակ խոստանալով այդ հարկը վերանայել՝ նախագահ Սերժ Սարգսյանը 2013թ. իր խոստումը կատարեց: Հուզիչ էր հեռուստառեպորտաժը, որը պատմում էր, թե ինչպես է մեկ այլ սահմանամերձ գյուղի՝ Մովսեսի 80-ամյա բնակիչը, որ վարպետ դարբին էր, սեփական արտադրության նալերից նախագահի թեկնածուին նվիրում: Ուրեմն թող հաջողություն բերի:

Այդուհանդերձ, որոշ գյուղացիներ դեռևս հարկային պարտքեր ունեն, որոնք նույնպես արժե զիջել: Օրինակ Ջողազի ջրամբարի ափին արմավենու այգի ունեցող բերքաբերցի գյուղացին անցած տարիների հարկերը չի վճարել, այդ պատճառով էլ «Սահման»-ի անդամները չեն կարողանում կյանք տալ իրենց ծրագրին, այն է՝ նրա հողամասում տեղադրել չորանոց «արքայախնձոր» տեսակի արմավի համար: Գյուղի բնակիչները լսել էին, թե Ադրբեջանի սահմանամերձ բնակավայրերը հերոս-գյուղի կարգավիճակ ունեն և բազմաթիվ արտոնություններից են օգտվում, սակայն այդ տեղեկությունը Ադրբեջանի գործընկերներս չհաստատեցին: 

Արժե նշել, որ նման անելանելի պայմաններում ապրելով՝ մարդիկ իրենց խմիչքի չեն տվել, չեն կոտրվել, ընդհակառակը՝ արժանապատիվ ու բարպաշտ կյանք են վարում, եկեղեցիներ այցելում: Այդ տարածքները զերծ են մնացել կրոնական աղադների ներխուժումից, որոնք երկրաշարժից ու պատերազմից հետո Հայաստանում տարածվելու պապարտ հող են գտել՝ մարդկանց բարօրություն խոստանալով մթերքների, բժշկական օգնության և այլնի տեսքով: Այստեղ լիովին անիմաստ է դառնում աշխարհաքաղաքականության, աշխարհագրության և ազգաբանության գերմանական դպրոցի հիմնադիր-հայր Ֆրիդրիխ Ռատցելի պնդումը, թե այն տարածքներում, որտեղ «մարդիկ դատապարտված են մեկուսի կեցության՝ զրկված տեղաշարժվելու ամեն մի հնարավորությունից, ոչինչ չի մնում նրանց արիությունից ու վեհությունից, և գլուխ է բարձրացնում գավառական ստորակարգ սնափառությունը. զգացմունքներն անգամ այնտեղ մանր շահի են վերածվում»:

Խորհրդային ժամանակներում բարեկամավանցիներն ու բերքաբերցիները հիմնականում աշխատել են Իջևանի և Գյանջայի գործարաններում ու ֆաբրիկաներում, սովոր չեն հող մշակել, այդ պատճառով էլ «Սահման»-ի անդամները նաև նրանց սովորեցնում են, ապահովում սերմերով ու պարարտանյութերով: Ծրագրում են առաջիկայում աճեցնել քաղցր եգիպտացորեն, կազմակերպել չրեր պատրաստելու գործը, ինչպես նաև Բերքաբերում մանկապարտեզ կառուցել, որի համար արդեն հողատարածք է հատկացվել: Այժմ շինարարության համար սոցիալական ցանցերի միջոցով դրամ են հանգանակում, որին աշխուժորեն արձագանքում են սփյուռքահայերը. նրանց թիվը գրեթե 10 մլն-ի է հասնում, մինչդեռ բուն Հայաստանում ընդամենը 3 մլն է:

Գյուղերի խնդիրների մասին Էլիկի հետ զրուցելով՝ աննկատ մոտենում ենք Բարեկամավանին: Ճանապարհները բարեկարգ են, իսկ Հայաստանի գյուղերում դա քիչ է լինում. այդպիսի ճանապարհների մեծ մասը վերանորոգվել են միայն խորհրդային տարիներին, իսկ հետագայում սոսկ կարկատաններ են արվել. միայն թե դա որքանո՞վ է տրամաբանական, չէ՞ որ սահմանամերձ գյուղը ռազմավարական նշանակություն ունի: Հայաստան-Ադրբեջան սահմանին կարելի է զգոնություն անունը տալ. բնությունն այստեղ ադրբեջանցիների օգտին ջանքեր է թափել՝ ի չիք դարձնելով պաշտպանական հատուկ կառույցների անհրաժեշտությունը:

Ցարական իշխանության տարիներին, երբ հայկական տարածքները մինչև Քուռ էին հասնում, Բարեկամավան գյուղը, որի անունը նշանակում է ազգականների բնակավայր, ներառված էր Ղազախի նահանգի կազմում: Այսօր Բարեկամավանը Հայաստանի և Ադրբեջանի սահմանին է: Մերձակա հայկական գյուղերը առնվազն 10 կմ հեռավորությամբ են, իսկ ադրբեջանական Կայմագլու, Ստանբեգլու, Ղամարլու գյուղերի կողմը ձեռքդ մեկնես՝ կհասնի: Նշված ադրբեջանական գյուղերի բնակիչները խորհրդային ժամանակներում աշխատում էին հայկական Իջևանի գործարաններում: Բաց սարահարթին տեղադրված Բարեկամավանը շրջապատված է խիտ բուսականությամբ և սարերով, այդ պատճառով էլ առավել խոցելի է դառնում: Գյուղը ադրբեջանցիների աչալուրջ հսկողության ներքո է և հաճախ է գնդակոծվում: Ղարաբաղյան պատերազմից առաջ այնտեղ շուրջ 1000 մարդ է ապրել, իսկ այժմ՝ միայն 280: Մեծմասամբ թոշակառուներ են: Եթե այստեղից ապրուստ վաստակելու համար դուրս են գնում, հիմնականում՝ Ռուսաստան, ապա՝ ամբողջ ընտանիքով. կանաց ու երեխաներին այդպիսի տեղ թողնելն իմաստ չունի:

Բարեկամավանցի Ջոնիկը պատերազմի բովով է անցել, ծանր վիրավորվել է, սակայն պատերազմից հետո հայրական տունը չի թողել, ամուսնացել է Կողբ գյուղից Քրիստինե անունով աղջկա հետ, ու հիմա երկու զավակ ունի: Ամենաքիչը նա էր հավատում, թե ջերմոցների գործը գլուխ կգա, իսկ այժմ արդեն լոլիկի 180 թուփ ունի: Մինչ Քրիստինեն համեստ սեղանն էր գցում, որտեղ ամեն ինչ տնական էր՝ պանիրը, հացը, լոլիկները, տանտերն անկեղծանում է. «Առաջ մտածում էի, թե ամեն ինչ կկարգավորվի: Հիմա հասկանում եմ, որ հույս չկա: Ես ոնց էլ լինի՝ այստեղ իմ դարը կապրեմ, բայց երեխաների համար շատ եմ անհանգստանում… Ի՞նչ ապագա կարող են ունենալ Բարեկամավանում»:
Մենք զրուցում ենք, իսկ 13-ամյա Մանվելը վարպետորեն փայտ է ջարդում և խնամքով շարում պատի տեսքով. մինչև այժմ գազը գյուղ չի հասել, և մարդիկ ձմռանը վառարանով են տաքանում, իսկ ամռանը եփում-թափում ուղղակի բակում: Դռան փեղկերը ետ են գնում, ներս է մտնում կենսախինդ Ոսկեհատը՝ Ջոնիկի ու Քրիստինեի 15-ամյա դուստրը: Հանքավանի ճամբարից նոր է վերադարձել, ուրախ-ուրախ պատմություններ է պատմում, շաղակրատում է անհոգ երեխայի նման, բայց աչքերը թախծոտ են: Ջոնիկը տրտմությամբ է նայում զավակներին՝ կիսապատերազմական դրությունից, ծանր կենսապայմաններից նրանք ստիպված են եղել վաղ հասունանալ: Զարմանալի բան՝ ի տարբերություն Բերքաբերի՝այս գյուղում բոլորը հիանալի են ռուսերեն խոսում: Գուցե թե հաշվի են առել, որ հետագայում կարող են աշխատանք գտնել Ռուսաստանում:

Հարևան Ղուկասը ջերմոցում վարունգ է աճեցնում, իսկ նրա ընտանիքը մեղվապահությամբ է զբաղվում: Բակում նրա հայրն է, 4-ամյա դուստրը, կինը: Հայացքս կանգ է առնում երիտաքսարդ կնոջ ձեռքերի վրա, որ կոշտացած են, իսկ եղունգներին՝ կարմիր լաքի մնացորդներ… Այդպիսի եղունգներ տեսել եմ ռուսական գյուղերում, երբ կովի կաթի ու հողի խառնուրդով ներծծված և աշխատանքից մաշված ձեռքերով կինը հանկարծ հասարակության մեջ լինելու հնարավորություն է ունենում, որից հետո լաքն ինքն է եղունգներից աստիճանաբար հեռանում՝ առանց որևէ միջոց օգտագործելու: Ղուկասը, որ բաց երանգի մազեր ունի, նիհար կազմվածք, իսկ դեմքը խոր կնճիռներով է ակոսված, իր մասին է պատմում: Մասնագիտությամբ մանկավարժ է և մի քանի տարի դպրոցում տարբեր առարկաներ է դասավանդել, քանի որ ուսուցիչների պակաս է եղել, իսկ այժմ բացառապես տնտեսությամբ է զբաղվում: Չնայած նրա տանջահար տեսքին՝ հասկացվում է, որ երիտասարդ է: Հետաքրքրասիրությունից մղված՝ հարցնում են տարիքը: 35 տարեկան է…

Գյուղն անմիջապես ընդունել է Ղարաբաղյան պատերազմի առաջին հարվածները, սակայն զենք ստացել են միայն 1992թ.: Առաջին բախումը եղել է այն ժամանակ, երբ ադրբեջանցիները առևանգել են հայ հովվին: Խաղաղ համաձայնության չեն եկել: Պատերազմի ժամանակ, չհաստատված տվյալներով, 20 բարեկամավանցի է զոհվել՝ չհաշված զինվորականներին, որոնց թվում՝ ռուսազգի Կոլյան: Թե ով է նա, որտեղից էր եկել, ոչ ոք չգիտի, մոտը փաստաթղթեր չեն եղել: Կոլյան Վրաստան է մեկնել դրամ վաստակելու, հետո Հայաստան է տեղափոխվել և ինքն էլ հայերի հետ միասին ձեռքն առել զենքը: Նրա մարմինն ամփոփված է գյուղի գերազմանատանը, գերեզմանին տապանաքար չկա, ուղղակի ցանկապատված է… Այս գյուղի գերազմանները խնամված չեն, թեև հայերին դա բնավ հատուկ չէ. նրանք ծիսական արարողությունները կատարում են ջերմեռանդությամբ՝ երբեմն խախտելով խելամտության սահմանը: Ջոնիկին հարցնում եմ, թե ինչու է գյուղի գերեզմանոցն այդ վիճակում: Քաշվելով ու կարծես վհատությամբ՝ նա ասում է. «Հիմա ապրողներին չենք կարողանում ձեռք մեկնել, ուր մնաց՝ հանգուցյալներին»:

Ինձ հետաքրքրում է Բարեկամավանի հնաբնակներից մեկի անձը. նա կարծես թե «թուրք» է, ինչպես հայերը կոչում են ադրբեջանցիներին: Միայն թե գյուղացիներից ոչ մեկն այդ հարցին ուղիղ չպատասխանեց, ըստ երևույթին որպեսզի համագյուղացու հանդեպ հետաքրքրություն չբորբոքի, քանի որ նրան յուրային են համարում՝ չնայած ազգային պատկանելությանը: Դե, գյուղի անունն էլ է պարտավորեցնում, չէ՞… Այդ «թուրքի» կինը հայ է:
Աշխարհից կտրված Բարեկամավանի հետ կապ հաստատելն այնքան էլ հեշտ չէ: Վերջին տարում հայաստանյան օպերատորներից մեկն իր կապը այնտեղ հասանելի է դարձրել, սակայն գյուղում եղած մի քանի բջջային հեռախոսները մեծ հաջողությամբ որսում են վրացական ու ադրբեջանական օպերատորների կապը, քանի որ դրանք ավելի մոտ են: Գյուղացիներից մի քանիսն էլ ֆիքսված կապով հեռախոսներ ունեն:

Հիանալի վայր է: Շնորհիվ բնության: Հողը արգավանդ է: Գյուղը 2000 տարվա պատմություն ունի: Գյուղից երկու կմ հեռավորությամբ կանգուն է IV դարի ժամատունը՝ Բարձրելը: Տեղացիներն ասում են, որ այն կառուցվել է հեթանոսական հնագույն տաճարի տեղում: Գյուղը զբոսաշրջային վայր դառնալու բոլոր տվյալներն ունի, բայց դա ե՞րբ կլինի…

Կանգնել եմ Ջոնիկի բոստանից այն կողմ գտնվող բարձունքին. առջևի բլրին սահմանն է ու դիրքեր են: Չեմ կարողանում աչքս կտրել ճանապարհից, որը դեպի հարևան երկիրն է տանում… Զարմանալի է, բայց մինչև հիմա էլ այնտեղ առատ խոտ չի աճել: Իսկ մի ժամանակ մարդիկ այդ ճանապարհով իրար հյուր էին գնում, աշխատանքի էին հասնում՝ հայերը՝ Գյանջայում, ադրբեջանցիները՝ Իջևանում: Հիմա կովերն անգամ արոտի են դուրս գալիս մեկ այլ կողմով՝ իրենց հետևից կանաչ վարդերի արահետ թողներով:

Բերքաբեր գյուղը մեզ ընդունում է հարթ, առանց խորթուբորդությունների ճանապարհով և շագանակենիների խիտ ծառուղով: Եղանակային պայմանները մեղմ են, բույսերի բազմազանություն է, ծաղիկների բազմազանություն է, ելևէջների բազմազանություն է… Եթե չիմանաս, որ Հայաստանում ես, կարող ես մտածել, թե ֆրանսիական Ռիվիերայուն ինչ-որ տեղ ես: Իսկ ծովի փոխարեն Ջողազի գեղատեսիլ ջրամբարն է՝ Հայաստանի ու Ադրբեջանի այժմյան սահմանը:

Ջրամբարի մոտ՝ ադրբեջանական կողմից, հառնում է Գավազան ժայռոտ սարը՝ հնագույն բնակավայրերի հետքերով: Թեև սարի բարձրությունն ընդամենը 250 մ է, այդ վայրերի բնակիչներն այն «աշխարհի կենտրոն» են անվանում: Հապա ինչպես: Սարն ասես երկրի պորտը լինի: Տեղացիները պատմում են, որ ղարաբաղյան պատերազմի օրերին այդ «պորտին» տիրացել էր ուկրաինուհի դիպուկ հրաձիգը՝ մարզական հրաձգության Ուկրաինայի հավաքականից, որն Ադրբեջան էր եկել փող աշխատելու: Նա ճարպկորեն նեղել է հայերին, իսկ նրա դիպուկության ու գեղեցկության մասին առասպելներ են պատմում: Ոչ հեռու Օդունդաղ սարն է. հենց այնտեղ են այժմ տեղավորվել ադրբեջանական դիպուկահարները, որոնք պարբերաբար գնդակոծում են Բերքաբերը: Ի դեպ՝ հենց մեր ժամանելու օրը գյուղն առավոտվանից գնդակոծվում էր: Հաճախ կրակում են ոչ թե հաղթանակ տոնելու համար, այլ կանխարգելիչ նպատակներով, թեև զոհեր լինում են, այն էլ ոչ միայն անասուններ, այլ նաև մարդիկ:

Իսկ 2013թ. փետրվարի 12-ին Ադրբեջանի զինուժը խախտել էր հրադադարի կարգը և կրակ բացել Տավուշի մարզի այլ գյուղերի՝ Այգեպարի, Մովսեսի, Չինարիի ուղղությամբ: Դրա հետևանքով պայմանագրային զինծառայող էր վիրավորվել: Ադրբեջանական դիպուկահարները նաև երեխաներ տեղափոխող ավտոմեքենա էին գնդակոծել, տներից մեկը և գազատարը, որն էլ դրա պատճառով պայթել էր:

Մյուս ափին ադրբեջանական Մազեմ գյուղն է: Տարօրինակ զգացողություն է ծնվում՝ Բերքաբերում գյուղացիները խոտ են հավաքում, Մազեմում գյուղացիները խոտ են հավաքում: Եվ երկինքն այնքան անմեղ տեսք ունեի, կապույտ է՝ ամպերի քուլաներով պատված: Եվ այդ ներդաշնակությունը պարբերաբար քարուքանդ է լինում կրակոցների ձայներից:

Նստած ենք մորաքույր Գրետայի տան պատշգամբում: Բացվող տեսարանը հիասքանչ է՝ խիտ այգիներ, Ջողազը, Գավազանը, Օդունդաղը: Պատշգամբի պատերը գնդակի հետքերով են ծածկված: Ու չնայած դրան՝ ընտանիքը շարունակում է առաջվա պես նախաճաշել, ճաշել ու ընթրել պատշգամբում: Մորաքույր Գրետայի մայրը Սիկտիվկարի ռուս է, ինչ-որ ժամանակ հայ ամուսնու հետ այս վայրերն է եկել, որտեղ և անց է կացրել մնացած կյանքը: Մեր շուրջը խաղում են փոքրիկ Գաբրիելան ու Գրետան, լոլիկների հետևից ջերմոց են վազում, օգնում են մայրիկին, որ իրենց փոքրիկ քույրիկին գրկած՝ սեղան է գցում: Ապա աչքից թաքնվում են սենյակում, և այնտեղից մեզ են հասնում հայկական հարսանեկան ուրախ երաժշտության հնչյունները: Աղջիկնեը խնդալի ճիչերով պատշգամբ են վազում, որպեսզի հյուրերին պատմեն, թե որքան գեղեցիկ է եղել հայրիկի ու մայրիկի հարսանիքը: Իրար առաջ կտրելով՝ այնպես պատկերավոր են պատմում, ասես այդ արարողությանն իրենք էլ են ներկա եղել: Մորաքույր Գրետայի հարսին հարցնում եմ, թե մտադիր չէ՞ որդի էլ ունենալ, քանի որ այդ վայրերում հենց արական բնակչության աճն է կարևոր: Նա ժպտում է. «Դե իհարկե, էլ ինչ հայկական ընտանիք, եթե ցեղի շարունակությունն անտեսվում է»:

Կրտսեր Գրետան իր ավագ անվանակցին շատ է նման՝ գեղեցիկ է, շիկահեր ու ստեպ-ստեպ ուղղում է իր փարթամ վարսերը: Ես նրան Սոֆի Լորենի հետ են համեմատում: Տատիկը ժպտում է ու քնքշորեն շոյում թոռանը: Աղջկա համար վաղուց առօրեական են դարձել կրակոցների ձայները, տան պատերին դաջված գնդակների հետքերը նրա համար սովորական կյանքի պատկերն են, իսկ պարկուճները՝ ավազով խաղալու մշտական խաղալիք:

Մորաքույր Գրետայի որդի Սևանը զիծառայող է, սահմանն է պաշտպանում: Հարազատ գյուղից հեռանալու միտք երբևէ չեն ունեցել: «Պատերազմի ժամանակ ապրում էինք, չէ՞: Հիմա էլ կապրենք»-լավատեսորեն ասում է խոսակիցս ու սկսում բարձրաձայն հաշվարկել, թե որքան եկամուտ կունենա միրգն ու բանջարեղենը Իջևանի շուկայում վաճառելով: Տպավորիչ թվեր են ստացվում, և մորաքույր Գրետան ասում է. «Աշխատող ձեռքերի հանդեպ հողն առատաձեռն ու բերրի է»: Հակառակ նրան, որ մայրը ռուս է, իսկ ամուսինը պարբերաբար Ռուսաստան է գնում ժամանակավոր աշխատանքների համար, ռուսերեն շատ վատ է խոսում: Իսկ թոռները բոլորովին չգիտեն:

Գիրգորի տան պատշգամբից նույնպես Ջողազի տեսարանն է բացվում, ու ես սկսում եմ մտածել՝ հայերն այնպիսի գեղագետներ են, որ իրենց անվտանգության մասին չեն էլ մտածում: Հո դիպուկահարի կրակոցից պատնեշվելու համար պատի հետևում չեն թաքնվելու ու այնտեղ խմեն իրենց «սուրճ-մուրճը»: Դե ոչ: Ավելին՝ Գրիգորը պատմում է, որ ինքն ու որդին ամեն օր իջնում են ջրամբար լողալու: Մենք, իբր, շարունակում են լիարժեք կյանքով ապրել՝ չնայած վտանգին: Իսկ Նոր տարուն գյուղապետը մրցույթ է կազմակերպել, թե ում հրավառությունն ավելի բարձր ու գեղեցիկ կլինի: Բազմագույն կրակների պայթյունից ամբողջ գյուղն է դղրդացել, որպեսզի ադրբեջանցիները տեսնեն, թե որքան ուրախ ու անհոգ են հայերը տոնը նշում:

Ադրբեջանական Մազեմ գյուղում նույնպես տներն ասես ափի մեջ լինեն, բնջարանոցներն ու այգիներն էլ ջրամբարին են հարում: Գյուղի բնակիչներն իրենց կյանքով են ապրում, որը հեռու է քաղաքականությունից, և մտադիր չեն ամրոցներ կառուցելով իրարից պաշտպանվել: Իսկ ես հիշեցի գետով բաժանաված երկու այլ սահմանակից գյուղերի պատմությունը (թեև չեմ մտաբերում, թե նախկին Խորհրդային Միության որ երկրներում է եղել): Մեկում շատ լավ օղի են քաշել, մյուսում գինի պատրաստել, բայց սահմանը նրանց բաժանել է: Եվ այդ երկու գյուղերի բվնակիչներն ահա թե ինչ են մտածել. գետի վրայով երկու ռետինե խողովակ են ձգել, որոնցից մեկով օղի են մղել, մյուսով՝ գինի: Նույն կերպ հայերին էլ, ադրբեջանցիներին էլ քաջ հայտնի է գյուղերի խաղաղ փոխանակման պատմությունը, երբ Հայաստանի Կալինինոյի շրջանի (այժմ՝ Լոռու մարզ) Ղզըլշաֆակ սովխոզի ադրբեջանցիները և Ադրբեջանի Քերքենջ գյուղի (Շամախիի շրջան) հայերը պարզապես փոխանակել են իրենց տների բանալիները: Նրանք քաղաքացիական համաձայնություն են կնքել, որ փոխադարձաբար պահպանեն այդ գյուղերի գերեզմանոցները, ինչը և արել են, ու մինչև օրս հայերն ադրբեջանցիների գերեզմանոցն են պահպանում, ադրբեջանցիները՝ հայերի: Իսկ այն ժամանակ ադրբեջանցիները իրենց ավանդական ոգեկոչման արարողություն անցկացնելու համար, որը կարելի է մեկնաբանել որպես անձեռնմխելիության հաստատում, հայերի հետ միասին գերեզմանատանը սեղան են տեղադրել՝ մտածելով, որ իրենցից շատ առաջ այդպես են վարվել իրենց նախնիները, որոնք այդ հողում են հանգչում, և իրենք նույնպես այդպես կվարվեն: Հայաստանի հյուսիսում ՝Վրաստանի սահմանին գտնվող նախկին Ղզըլշաֆակ գյուղը հայերը վերանվանել են Ձյունաշող, որ նշանակում է «շողարձակող ձյուն»: Եզակի և միանգամայն ընդունելի մոտեցում նրանց կողմից, ովքեր քաղաքականությունից դուրս են: 2006-2007թթ. Հենրիխ Բյոլի հիմնադրամի հարավկովկասյան բաժանմունքի (Գերմանիա) օժանդակությամբ հայ-ադրբեջանական համատեղ ուժերով ուսումնասիրվել է երկու ժողովուդների միջև բախումից խոսափելու այդ երևույթը, որն էլ դրվել է հետազոտողներ Հուսեյնովի, Հակոբյանի և Ռումյանցևի համատեղ գրքի հիմքում:

Բերքաբերի տարածքը ոռոգման ջրի մեծ պահանջ ունի: Գյուղը ջուր է ստանում աղբյուրներից, իսկ դա զարմանալի է, երբ ջրամբարն այդքան մոտիկ է: Ժամանակին ջրամբարը կառուցվել է Խորհրդային Հյաստանի տարածքում, որպեսզի դեպի այդ լիճն ուղղված հայկական գետերի ջրերով ոռգվեին ադրբեջանական ցանքսները: Այսօր էլ ադրբեջանցիներն իրենց ցանքսերը Հայաստանի գետերի ջրրով են ոռոգում, իսկ հայերը դրա հնարավորությունը տեխնիկապես չունեն: «Սահման» կազմակերպության անդամները մի ընտանիքի պոմպ են նվիրել, որպեսզի ջրամբարից ջուր մղեն, իսկ դրա շնորհիվ ևս երեք ընտանիք կարող է Ջողազի ջուրն օգտագործել:

Գյուղից հեռանում ենք հայկական ջերմ արևի քաղցրությունն ամբարած բուրավետ սալորի փաթեթներով և Գրիգոր քեռու այգու պարգև խոտաբույսերով, քանի որ նա չցանկացավ հյուրերին դատարկ ձեռքերով ճանապարհել: Ի դեպ, հայերից լսել եմ մի ասացվածք, թե ամենահամեղ խոտերը քարերին են լինում, իսկ միսը՝ ոսկորին, պարսիկներն էլ ասում են. «Ուտելու պիտանի խոտաբույսերի համը միայն հայերը գիտեն» (Հրաչյա Աճառյան «Պարսկական ասացվածքներ»):

Չնայած բոլոր դժվարություններին՝ Բերքաբեր գյուղի բնակիչներն ուղղակի վարակում են իրենց լավատեսությամբ: Վատ չէր լինի, որ սեփական կյանքից դժգոհները այնտեղ լինեին: Բերքաբերցիները կառուցում են, հավատում են, ուրախանում են: Մեղք կլինի չնշել, որ գյուղում եկեղեցի է կառուցվում Թուրքիայում ապրող հայկական ընտանիքի միջոցներով, իսկ դա նշանակում է, որ Աստված այդ վայրերը չի լքել: Ասենք, նա այստեղ ապրում է յուրաքանչյուր տան մեջ:

Երևան-Բարեկամավան-Բերքաբեր-Երևան
ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ԵՎ ՄԻՋԷԹՆԻԿ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ
2110 reads | 21.02.2014
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2017 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com