ԼՂ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ ԳԵՐՏԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇԱՀԵՐԻ ԲԱԽՄԱՆ ԿԻԶԱԿԵՏՈՒՄ
ԱՐԱՄ ՄԱՆՈՒԿՅԱՆ
Պատմական գիտությունների թեկնածու, միջազգայնագետ, ԵՐԵՎԱՆ






ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացները վերլուծելիս, բնականաբար, պետք է հաշվի առնվեն տարբեր ուժային կենտրոնների և գերտերությունների շահերն ու հակասությունները մեր տարածաշրջանում, որոնք անմիջական ազդեցություն են թողնում խնդրի վերջնական լուծման վրա: Հաշվի առնելով մեր ժամանակներում միջազգային քաղաքական դինամիկ զարգացումները` առանձին և մշտական ուսումնասիրության առարկա են մնում տերությունների, ինչպիսիք են համաշխարհային գերտերություններ ԱՄՆ-ն, Ռուսաստանը, ինչպես նաև տարածաշրջանային տերություններ Թուրքիան, Իրանը, միջազգային կազմակերպությունների, օրինակ, Եվրամիության և այլն, հետաքրքրությունները մեր տարածաշրջանում:

Հարավային Կովկասն իր աշխարհագրական դիրքով պայմանավորված մշտապես գտնվել է տարաբնույթ բախումների կենտրոնում:

ԱՄՆ-ի հետաքրքրությունները հստակորեն պատկերացնելու համար պետք է նախ հասկանանք, թե ինչպիսի արտաքին քաղաքականության է դավանում այս պետությունը: Այդ մասին բավական բաց հայտարարեց ԱՄՆ նախագահ Օբաման ՄԱԿ-ի 2013թ. սեպտեմբերին կայացած համաժողովում, որից ակնհայտ դարձավ, թե այդ գերտերությունը մնում է որպես աշխարհի բոլոր կետերում և իրադարձություններում գլխավոր «ուղղորդողի» և «կարգավորողի» հավակնություններ ունեցող կողմ:

Հասկանալի է, որ այդ, փաստորեն, անսահմանափակ հավակնությունների շրջանակներում է նաև հարավկովկասյան տարածքը: Հարավկովկասյան երկրները ԱՄՆ-ի համար առաջին հերթին հետաքրքրություն են ներկայացնում որպես Ռուսաստանին սահմանակից տարածաշրջանում գտնվող պետություններ, որոնց վրա վերահսկողություն սահմանելու և ազդեցություն գործելու միջոցով հնարավոր է թուլացնել իրենց աշխարհաքաղաքական թիվ մեկ հակառակորդին: Մյուս կողմից էլ Հարավային Կովկասը դիտարկվում է որպես Ռուսաստանին այլընտրանքային ճանապարհ Եվրոպայի և Ասիայի տնտեսական կապերն ապահովելու տեսանկյունից, ինչի հետևանքով ռուսական կողմը կարող է տնտեսական զգալի կորուստներ ունենալ: Եվրամիությունը ևս այս հարցում ունի իր շահագրգռվածությունը, քանի որ հակառակ դեպքում նա կարող է տնտեսական որոշակի կախման մեջ ընկնել Ռուսաստանից: Այս առումով ավելորդ չէ հիշել 2009 թվականին Ուկրաինայի և Ռուսաստանի միջև ծագած հակասությունը, ինչի հետևանքով եվրոպական մի շարք երկրներ զրկվեցին գազի մատակարարումից: Այդօրինակ կախումը թուլացնելու և ինչպես էներգառեսուրսների մատակարարման, այնպես էլ Արևմուտք-Ասիա տնտեսական կապերի ամրապնդման տեսանկյունից, Հարավային Կովկասը դիտարկվում է որպես հնարավոր այլընտրանք:

Բնականաբար Արևմուտքի և առաջին հերթին ԱՄՆ-ի հետաքրքրությունները շոշափում են նաև տարածաշրջանում իրենց ռազմական տեղակայումն ապահովելու ցանկությունը: Պատահական չէ, որ Վրաստանի և Ռուսաստանի միջև 2008-ին տեղի ունեցած կարճատև պատերազմից հետո սկսեց ավելի ակտիվորեն քննարկվել Վրաստանի ՆԱՏՕ-ին հնարավոր անդամակցության հարցը: Այդուհանդերձ մոտ ժամանակներում, մանավանդ Վրաստանում տեղի ունեցած վերջին փոփոխություններից հետո, այս հարցն այլևս նախկին շրջանի պես արդիական չէ, բայց հարկավոր է փաստել, որ ԱՄՆ-ն անպայմանորեն ցանկություն ունի այս կամ այն կերպ ապահովել իր ռազմական ներկայությունը տարածաշրջանում:

Ինչ վերաբերում է Ադրբեջանին, ապա ԱՄՆ-ի իշխող շրջանակների մոտեցումը բավական վառ արտացոլվում է հայտնի քաղաքագետ Зգիբնև Բժեզինսկու վերլուծություններում, որտեղ Ադրբեջանը դիտարկվում է որպես բանալի Աֆղանստան և Միջին Ասիայի երկրներ մուտք գործելու համար: Նաև հաճախ արծարծվում է այն տեսակետը, որ Իրանի դեմ հնարավոր ռազմական գործողությունների դեպքում Ադրբեջանը կարող է հանդիսանալ որպես պլացդարմ` արևմտյան ուժերի ռազմական տեղակայման համար: Իհարկե, Իրան-Արևմուտք հարաբերություններում Իրանի նոր նախագահ Ռոհանիի նախագահության առաջին շրջանում որոշակի դրական տեղաշարժ է նկատվում, ինչը թույլ է տալիս ենթադրել, որ համենայն դեպս մոտակա հեռանկարում ռազմական բախումը կարելի է բացառել: Այս ամենը հաշվի առնելով հասկանալի է դառնում, որ ԱՄՆ-ն ԼՂ հակամարտության հարցում շահագրգռված է Ադրբեջանին սիրաշահելու քաղաքականություն վարելու մեջ: Միևնույն ժամանակ ԱՄՆ-ն խուսափում է ԼՂ հակամարոտթյան կարգավորման գործընթացում կտրուկ փոփոխություններից, քանի որ դա կզրկի նրանց ադրբեջանական կողմի վրա հարկ եղած դեպքում քաղաքական ճնշում գործադրելու հնարավորությունից: ԱՄՆ-ն շահագրգռված է Ադրբեջանին իր ազդեցության գոտի ներքաշելու և այդ երկիրը ռուսական ազդեցության ուժեղացումից զերծ պահելու հարցում, ուստի նրա համար ներկա քաղաքական իրավիճակում առավել ձեռնտու է ստատուս-քվոյի պահպանումը:

Անդրադառնալով Ռուսաստանի հետաքրքրություններին մեր տարածաշրջանում կարելի է նշել, որ բացի այն, որ պատմական բավական երկար ժամանակահատվածում այս տարածաշրջանը եղել է Ռուսաստանի ազդեցության գոտում`լինելով նրա կազմում, այլ նաև ներկա պայմաններում` այն առաջին հերթին Ռուսաստանի համար կարևոր է սեփական երկրի անվտանգության ապահովման տեսանկյունից: Ռուսաստանը միտված է ընդլայնել իր ազդեցությունը տարածաշրջանում, ինչպես նաև դիմակայել Արևմուտքի` Ադրբեջանը որպես ռուսական կողմին շրջանցող գազի և նավթի մատակարարման միջոց օգտագործելու քաղաքականությունն ի կատար ածելուն: Բնականաբար, կարելի է ենթադրել, որ որպես Հայաստանի ռազմական դաշնակից Ռուսաստանի շահերից է բխում ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում հայանպաստ որոշումների կայացումը, բայց վերջիններս խուսափում են առանց կողմերի փոխհամաձայնության որոշումներ կայացնելու նախաձեռնությունից, քանի որ դա կարող է առիթ հանդիսանալ Ադրբեջանի կողմից թշնամական դիրքորոշման ձևավորմանը դեպի Ռուսաստան: Բացի այդ, ԼՂ հակամարտության գոյությունն ապահովում է Մոսկվային լծակներ, որոնք գործի դնելով նրանք զերծ են պահում Ադրբեջանին դեպի արևմուտք կողմնորոշվելուց:

Հետևաբար Ռուաստանը ևս շահագրգրռված է ստատուս-քվոյի պահպանման հարցում, ինչը պատմական այս ժամանակաշրջանում բխում է նրանց պետական շահերից:

Ինչ վերաբերում է տարածաշրջանային տերություններ հանդիսացող Թուրքիային և Իրանին, որոնց դերակատարումը ԼՂ հակամարտության կարգավորման գործում բնականաբար նվազ է քան ԱՄՆ-ինը կամ Ռուսաստանինը, ապա գաղտնիք չէ, որ Թուրքիան, լինելով Ադրբեջանի <<ավագ եղբայրն>> ու ռազմական թիվ մեկ դաշնակիցը, մեծապես շահագրգռված է խնդիրը հօգուտ Ադրբեջանի լուծման հարցում: Իրանի պարագայում խնդիրը մի փոքր այլ է: Նախ Իրանն ունի որոշակի լարվածություն Ադրբեջանի հետ, որի հիմնական պատճառներից մեկն է երկրի հյուսիսում գտնվող Իրանական Ադրբեջան կամ Ատրպատական նահանգի հանդեպ Ադրբեջանի կողմից դրսևորվող նկրտումները:

Իհարկե ոչ պաշտոնական մակարդակով, բայց ադրբեջանական կողմը փորձում է տարածքային պահանջներ ներկայացնել Իրանին: Անգամ ադրբեջանական որոշ շրջանակների կողմից առաջարկություններ են հնչել Ադրբեջանն անվանել Հյուսիսային Ադրբեջան, ինչը հող կնախապատրաստեր իրենց հեռուն գնացող ծրագրերն իրականացնելու համար: Պաշտոնապես, բնականաբար, Ադրբեջանը չի կարող նման պահանջներ ներկայացնել, ինչի համար գոյություն ունեն օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներ: Առավել ևս քանի դեռ Ադրբեջանն ունի չլուծված խնդիրներ հայկական կողմի հետ, հարաբերությունների վատթարացումը ԻԻՀ-ի հետ հղի կլինի նրանց համար լուրջ վտանգներով:

Այդուհանդերձ Իրանի իշխող վերախավում էլ հստակ գիտակցում են, որ ԼՂ հակամարտության կարգավորման դեպքում Ադրբեջանի ձեռքերը կազատվեն իրենց հյուսիսային շրջաններում հակաիրանական քարոզչություն իրականացնելու և անջատողական տրամադրություններ հրահրելու համար: Իհարկե չի կարելի պնդել, թե սա կարող է ԻԻՀ-ի կողմից դիտարկվել որպես շատ լուրջ սպառնալիք, բայց տեղին է ենթադրել, որ քանի դեռ հարթված չեն հակասությունները Արևմուտքի հետ, ավելորդ գլխացավանքներից ազատվելու համար ԻԻՀ-ն ևս շահագրգռված է ԼՂ հակամարտության հարցում ստատուս-քվոյի պահպանմամբ:

Այսպիսով, կարելի է եզրակացնել, որ հարավկովկասյան տարածաշրջանում շահեր ունեցող քաղաքական հիմնական խաղաղացողների համար ներկա պահին առավել ցանկալի է ստատուս-քվոյի պահպանումը:
ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ԵՎ ՄԻՋԷԹՆԻԿ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ
2129 reads | 14.02.2014
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2017 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com