ԱՆԿԱՐԱՅԻ ՏԱՐԱՆՑԻԿ ՀԱՆԳԱՄԱՆՔԸ ԵՎ ԲԱՔՎԻ ՓՐԿՕՂԱԿԸ
 ՇԱՀԱՆ ԳԱՆՏԱՀԱՐՅԱՆ 
«Ազդակ»-ի գլխավոր խմբագիր







Ժնեւ 2-ի երկրորդ փուլի նախապատրաստությանն առընթեր թեժանում է տարածաշրջանում եւ հատկապես Սիրիայում արմատավորված ծայրահեղ կրոնական խմբավորումների մաքրազտման օրակարգը: Արեւմուտքը եւ այս դեպքում ԱՄՆ-ը, թվում է, որ խորապես մտահոգված են այս խմբավորումների վերահսկողությունից դուրս գալու իրողությունից:

Կրոնական հանգամանքի շահարկումը նման պատերազմական իրավիճակների ընթացքում, եթե կարճաժամկետ դրվածքով մարտավարական որոշակի առավելություններ է ապահովում տվյալ կողմին, ապա երկար գծի վրա անպայման բումերանգի ազդեցություն է գործում: Փաստերը այս առումով բազմաթիվ են՝ Աֆղանիստանից մինչեւ աշխարհաքաղաքական կենտրոններում արձանագրված շրջադարձային պատահարները:

Իրաքի իշխանությունները, իհարկե, միջազգային ներշնչումներով եւ համապատասխան օժանդակություններով սահմանային շրջաննները մաքրազտելու գործողություններ են ձեռնարկել: Երեւույթները կարող են դիտարկվել միջազգային հակաահաբեկչական պայքարի ընդհանոր ծրագրերի շրջանակներում:

Ընդհանուր մտահոգությունների չեզոքացման մղումներ կարող է նկատվել նաեւ սիրիական կողմերի մոտ: Ընդհանուր` ոչ միայն իրաքյան իշխանությունների ձեռնարկած գործողությունների նկատմամբ այլ նույնիսկ ներսիրիական առումով: Այսօր թե՛ կառավարական եւ թե՛ հակակառավարական (իր դասական իմաստով) կողմերը ծայրահեղ կրոնական զինյալ խմբերից ձերբազատելու խնդիր են դիմագրավում: Եւ գուցե սա ինքնին ժնեւի մասնակից սիրիական կողմերին քաղաքական ենթագիտակցության մեջ ընդհանուր մղումն է, որ Ժնեւը փրկելու ուղիները բաց է պահում երկու հիմնական կողմերի առջեւ:

Ընդհանուր այս մղումը թվում է, որ միայն ներսիրիական հասկացողություն չէ: Ժնեւի գլխավոր հովանավորները եւս այս միացյալ մոտեցման անհրաժեշտությունն են ընդգծում անուղղակիորեն: Այս պարունակում է դիտարկվում նաեւ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հայտարարությունը Սիրիայի նախագահի դիրքերի ամրապնդման կամ ընդհանրապես վարչակարգի անմիջական տապալման պահանջի շեշտադրումների փոփոխության մասին: Անցումային կառավարության առաջադրանքի ուրվագծումը փաստորեն ուժերի գոյավիճակի (ստատուս քվոյի) պահպանմանը համազոր միջանկյալ լուծում է, որի ուղղությամբ երկկողմանի մղումը մեծ վտանգի դիմաց պատնեշ ստեղծելու է միտված:

Ծայրահեղական իսլամական զինյալների Սիրիա թափանցման հիմնական ուղիներից է նկատվում Թուրքիան, որը համաշխարհայնացած այս վտանգի զարգացման տարանցիկ ճանապարհի հանգամանք է ստացել թե՛ զինելու եւ թե՜ ֆինանսավորելու առումով: 


Համաշխարհային այս վտանգի ձեւավորման մեջ իր ներդրումը ունի նաեւ Բաքուն, որի քաղաքացիները հարյուրավորներով համալրում են տարատեսակ ծայրահեղական խմբավորումների շարքերը, եւ որոնք տարբեր առիթների հայտարարում են, թե իրենց նպատակն է կռվել ռուսների, հայերի եւ իրանցիների դեմ: Ադրբեջանցի զինյալների սպանության երեւույթների բազմացումը վերջին շրջանում, ամենայն հավանականությամբ, շարժիչ դեր ունեցավ պաշտոնական Բաքվի պաշտոնատարների այն հայտարարության համար, որի համաձայն Բաքուն պատրաստ է միանալու Իրաքի կողմից ձեռնարկված ծայրահեղ կրոնականության դրոշի տակ համախմբված զինյալների չեզոքացման ծրագրերին: Արեւմուտքի կողմից տեսանելի դարձող հակածայրահեղականության դրսեւորումների դիմաց Բաքվի այս փորձը փրկօղակից կառչելու տպավորություն է թողնում: Չհաշված այն իրականությունը, որ Բաքվի իշխանություններին եւս սպառնում են ծայրահեղ կրոնականները։

Արժե հիշել, որ Անկարան Հայոց ցեղասպանության 100-ամյակի նախապատրաստության իր աշխատանքների ընթացքում ամենաբարձր մակարդակներով հայտարարել էր, որ Թուրքիայի արտաքին դիվանագիտությունը պետք է աշխույժ աշխատի վերականգնելու համար Թուրքիայի վարկն ու հեղինակությունը միջազգային հանրային կարծիքի առաջ: Անմարդկային արարքներով հատկանաշվող ծայրահեղականության արմատավորման համար տարանցիկ երկիր վերածված լինելու հանգամանքը պիտի բավական դժվարացնի Անկարայի առաջադրած վարկի վերականգնման աշխատանքները:
ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ԵՎ ՄԻՋԷԹՆԻԿ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ
735 reads | 12.02.2014
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2017 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com