LE MONDE. ՊԵՏՔ Է ՎԵՐՋ ԴՆԵԼ ԻԼՀԱՄ ԱԼԻԵՎԻ ՎԱՐՉԱԿԱԶՄԻՆ ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ
Ալիեւ դինաստիան 1969թ-ից Ադրբեջանում իշխանության գլխին է, ա յսինքն 45 տարի շարունակ, ԽՍՀՄ պերեստրոյկայի տարիներից անդին:

Իսլամական Պետության կողմից ամերիկացի լրագրող Ջեյմս Ֆոլեյի գլխատումը իրավացիորեն միջազգային դատապարտմանն արժանացավ: Խոշոր լրատվամիջոցներից շատերը, ինչպես նաև հիմնական սոցցանցերը անմիջապես հայտարարեցին, որ գլխատման պատկերները գրաքննման են ենթարկելու՝ հանուն սպանված լրագրողի արժանապատվության, բայց նաև հանցավոր կազմակերպություն հանդիսացող իսլամական Պետության «գովազդը» չիրականացնելու նպատակով:

Դրանից մի քանի օր առաջ, նմանատիպ մի սպանություն էր տեղի ունեցել, որը նույնպես նկարահանվել էր ոճրագործությունն իրականացնողների կողմից: Նկարահանումը տեսանելի է սոցցանցերում: Զոհը նույնպես քաղաքացիական անձ էր և նրա դահիճները նույնիսկ չեն կարող արդարանալ այն հանգամանքով, որ վերջինս թշնամու քարոզչության տարածող էր: Ճիշտ է, մինչև նրան սպանելը, հագցրել էին զինվորական հագուստ (գերի վերցնելիս նրա հագին ջինս և սպորտային կոշիկներ էին) վերջինիս որպես հակառակորդի հատուկ ծառայությունների գործակալ ներկայացնելու համար:

Բարբարոսության այդ մյուս զոհը Կարեն Պետրոսյանն էր: Նա մի հայ գյուղացի էր և սպանվել է առանց որևէ ձևականության, ուղիղ եթերում ադրբեջանական բանակի զինվորների կողմից: Նրան գերի վերցնելու հանգամանքները պարզ չեն, և շատ հնարավոր է, որ նրան նույնիսկ գերեվարել են հայկական տարածքում: Այս իրադարձությունը դարձավ Հայաստանը, Ադրբեջանը և Լեռնային Ղարաբաղը բաժանող սահմանի վրա հայաստանյան, ադրբեջանական և ղարաբաղյան զինված ուժերի միջև բազմաթիվ ընդհարումների գագաթնակետը:

Բաքվի վարչակազմի կողմից դիտավորյալ հրահրված այս գործողությունները ակնհայտորեն նպատակ ունեին ճնշման տակ դնել հակառակորդին՝ ինքնորոշված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վերաբերյալ նախագահներ Ալիևի և Սարգսյանի՝ Սոչիում կայանալիք բանակցությունների հերթական փուլի նախօրեին: Գործողությունները երկուստեք մոտ երեսուն զոհի պատճառ դարձան:

Հակազդելով Ջեյմս Ֆոլեյի սպանությանը՝ նախագահ Օբաման հայտարարեց, որ իսլամական Պետությունը «քաղցկեղ է», որը «չի կարող գոյություն ունենալ 21-րդ դարում»: Ոչ ոքի մտքով չի անցնի հայցել իրաքցիներից կամ սիրիացիներից՝ լինեն նրանք մուսուլման, քրիստոնյա թե եզդի, ընդունել իսլամական Պետության գերիշխանությունը: Ընդհակառակը, որոշ խիզախ դիվանագետներ համարում են, որ հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը պետք է վերստին դնել Ադրբեջանի բռնակալության տակ, որից վերջինս ձերբազատվել է արդեն իսկ 20 տարի՝ ապագաղութականացման պատերազմի արդյունքում:

Դա ոչ մի դեպքում չի կարող ընթացող բանակցությունների առարկա լինել: Թող պարզ լինի բոլորի համար. չի կարելի Ղարաբաղի նման ժողովրդավարական պետության քաղաքացիներից հայցել վերստին մաս կազմել Ադրբեջանի նման մի բռնատիրության, հատկապես, երբ վերջինիս նախագահը հայտարարում է, որ հայերը, որտեղ էլ նրանք ապրեն, իր երկրի թշնամիներն են:
 
Իլհամ Ալիևի վարչակազմը մեր մոլորակի հիրավի ամենառեպրեսիվ վարչակազմերից է: Այն պարբերաբար աչքի է ընկնում այնպիսի կազմակերպությունների կողմից, ինչպիսիք են Amnesty International-ը, Human Rights Watch-ը և Reporters sans Frontières-ը: Այն սպառնալիք է իր իսկ քաղաքացիների, նույնիսկ էթնիկ ադրբեջանցիների համար, ինչի մասին են վկայում վերջերս Լեյլա և Արիֆ Յունուսների և Ռասուֆ Ջաֆարովի ապօրինի ձերբակալությունները:

Այս պայմաններում դժվար չի պատկերացնել, թե ինչ ճակատագիր կարող էր սպասել Լեռնային Ղարաբաղի հայերին, որոնք կարողացել են դեռևս 1990թ-ին ճաշակել այդ ճակատագրի սաղմերը, երբ ադրբեջանական վարչակազմի կողմից կազմակերպված պոգրոմները հանգեցրին վերջիններիս անկախ պետության ստեղծմանը:

Պարզ է նաև, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև տարվող ներկայիս բանակցությունները հավանաբար ձախողվելու են: Մի կողմից, քանի որ այդ բանակցությունները անց են կացվում դրանցում ամենաշահագրգռված կողմի՝ Լեռնային Ղարաբաղի քաղաքացիների և նրանց կողմից ժողովրդավարական ընտրություններով ընտրված ներկայացուցիչների բացակայության պայմաններում: Մյուս կողմից Իհլամ Ալիևի վարչակազմի անդրդելի պահվածքի պատճառով, որը կամենում է վերադառնալ ստալինյան իշխանությունների կողմից սահմանված գաղութային սահմաններին՝ հաշվի չառնելով իր պետության ձեռնարկած պատերազմը, որում նա պարտություն է կրել, հաշվի չառնելով անթույլատրելի սեփական պահվածքը, որի ևս մեկ վկայությունն է Կարեն Պետրոսյանի սպանությունը: Սպանություն, որը հանդիսանում է ռազմական հանցագործություն և արդեն իսկ միայն դա կարդարացներ Իլհամ Ալիևի հանդեպ միջազգային դատի հարուցումը:
ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ԵՎ ՄԻՋԷԹՆԻԿ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ
651 reads | 11.09.2014
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2017 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com