ՌԱԶՄԱԿԱՆ ԲԱԽՈՒՄՆԵՐԻՆ ՀԱՋՈՐԴՈՒՄ ԵՆ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԳՐՈՀՆԵՐԸ. ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ ԽՈՒՃԱՊ Է
ՆԱԻՐԻ ՀՈԽԻԿՅԱՆ
Լրագրող, տարածաշրջանային և միջէթնիկ հակամարտություններ, ԵՐԵՎԱՆ






Արցախի առաջին պատերազմից հետո երկու հակառակորդ պետությունները ոչ միայն անցան սպառազինությունների մրցավազքի, այլև տեղեկատվական պատերազմում գործի մեջ դրեցին ամենատարբեր մանիպուլյացիաներ: Պատերազմի իրական պատկերը տարբեր է հատկապես էլեկտրոնային լրատվամիջոցներում գրվածից: Հետաքրքիր է, որ հուլիսի 29-ից սկսված ու հաջորդաբար ձախողվող ադրբեջանական դիվերսիոն գործողությունների մասին հարևան երկրի հասարակությունն ավելի շատ ինֆորմացիա ստանում է հայկական լրատվամիջոցներից, իսկ Բաքվի թերթերն ու հեռուստաընկերությունները աշխատում են անկանոն ու խուճապահար:

Հուլիսի վերջին օրերին, երբ հայկական լրատվամիջոցներն ու մեր պաշտպանության նախարարությունը հայտնում էին ադրբեջանցիների նախաձեռնած դիվերսիաների, տված զոհերի և պատճառած վնասների մասին, հակառակ կողմում քար լռություն էր, ադրբեջանական կայքերը շարունակում էին գրել ստանդարտ տեքստեր սահմանի խախտումների ու հայերի կրած վնասների մասին, առանց անդրադառնալու կոնկրետ բախումների: Այն պահին, երբ հայկական կողմին հաջողվեց ոչնչացնել 14 ադրբեջանցի զինվորի ու փաստերով հայտարարել այդ մասին, թշնամին ընկավ աննախանձելի վիճակի մեջ:

«Ադրբեջանցի զոհերի թիվը հասել է 13-ի…, 14-ի», լուսանկարներ, տեսանյութեր, պատերազմի բոթ ու խուճապ: Սա մի քանի օր գրավեց ադրբեջանական հասարակության ուշադրությունը, գլուխ բարձրացրին իշխանությունից դժգոհող մարդիկ, ցույց տվեցին, թե ինչ է կատարվում իրենց երկրի ներսում և հարց տվեցին՝ ինչո՞ւ պետք է ադրբեջանցի երիտասարդները հարձակվեն հայկական կողմի վրա ու դառնան թնդանոթի միս, երբ իշխանությունը հարստանում է նավթադոլարների շնորհիվ:

Հանրության խուճապային տրամադրությունները ցրելու համար հրապարակվեցին ֆանտաստիկ փաստեր՝ իբր հայկական կողմի տված հարյուրավոր զոհերի ու ավերակ դարձած բնակավայրերի մասին: Ձեռքի հետ էլ իզոլացվեցին ադրբեջանցի այն գործիչները, որոնք հարց տվեցին՝ ինչո՞ւ չեն երևում հայերի կորուստները, ինչո՞ւ է ցանկալին ներկայացվում իրականության տեղ: Իսկ իրականությունը այս տեսանյութն է, որտեղ երևում է, թե ինչպես են դաշտից հավաքվում սահմանը խախտած ադրբեջանցի զինվորների դիակները:

Մերոնք, իհարկե, չեն կրակում անզեն մարդկանց վրա, բայց հեռվից հետևում են մեքենաների և ուղղաթիռների շարժին՝ պատրաստ թշնամուն հնարավորություն տալ նույն դաշտից հավաքել կրկնապատիկ ավելի դիակներ:
ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ԵՎ ՄԻՋԷԹՆԻԿ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ
2693 reads | 06.08.2014
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2017 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com