ԴԵՂԻՆ ՔԱՐՏ ԿԱՐՄԻՐ ԽԱՉԻՆ, ԶԳՈՒՇԱՑՈՒՄ ՌՈՒՍԱՍՏԱՆԻՆ. ՔԱՐՎԱՃԱՌԻ ԴԻՎԵՐՍԻԱՅԻ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ
ՆԱԻՐԻ ՀՈԽԻԿՅԱՆ
Լրագրող, տարածաշրջանային և միջէթնիկ հակամարտություններ, ԵՐԵՎԱՆ





Հուլիսի սկզբից Քարվաճառ ներթափանցած և երկու մարդ սպանած ադրբեջանական դիվերսիոն հետախուզական խումբը թեև վնասազերծվեց, բայց դրանից մնացած արձագանքը շարունակում է թափ հավաքել: Պաշտոնական Բաքուն թեև արդարացավ, որ իբր դիվերսանտները եղել են քրեական տարրեր և կապ չեն ունեցել իր զինված ուժերի հետ, բայց հայկական կողմը հայտարարեց, որ ադրբեջանցիները կդատվեն ռազմական օրենքներով և ամենախիստ ձևով:

Քարվաճառի դիվերսիան փորձանք դարձավ նաև Միջազգային կարմիր խաչի կազմակերպության և Իրանի իշխանության համար:

Երեք ադրբեջանցի դիվերսանտ Արցախ էր մտել Քարվաճառի հատվածով: Հասցրել էին հորթ գողանալ, խորոված անել, նույնիսկ նկարահանել բազմաթիվ տարածքներ ու ճանապարհներ, բայց երբ անցան բուն գործողության, հուլիսի 10-ին մեկը գերեվարվեց, մյուսը սպանվեց: Վերջին դիվերսանտին ՊԲ հատուկ նշանակության ստորաբաժանումները չեզոքացրին մի քանի օր անց: Կարճ ժամանակ անց ադրբեջանական քարոզչամեքենան, հետո իշխանությունը շտապեցին արդարանալ, թե միջազգային հանցագործներին պետությունը չի ուղարկել, եկել են ինքնակամ, հետևաբար նրանց պետք է տրվի ռազմագերու կարգավիճակ, միջնորդեց նույնիսկ Միջազգային Կարմիր խաչը:

Ստանալով ՀՀ Պաշտպանության նախարարի կոշտ մերժում-պատասխանը՝ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն անցավ այլ տակտիկայի՝ խոստովանելով, որ դիվերդանտներին ինքն է ուղարկել, բայց դրանում որևէ վատ բան չկա. ո՞վ է ասել, որ Լեռնային Ղարաբաղը անկախ պետություն է:

«Դրանք ինքնիշխան Ադրբեջանի հողերն են, և ոչ ոք չի կարող արգելել ադրբեջանցիներին լինել և ազատ տեղաշարժվել այդ տարածքներում: Այդ անձինք պետական սահման չեն խախտել, ինչպես հայկական կողմն է պնդում, քանի որ օկուպացման ճանապարհով ստեղծված ինքնակոչ ռեժիմի կողմից վերահսկվող հողերը ՄԱԿ-ի կողմից ճանաչվել են որպես Ադրբեջանի Հանրապետության տարածքներ»,-հայտարարություն տարածեց Ադրբեջանի ռազմական գերատեսչությունը:

Ստացվում է՝ հակառակորդ երկիրը բանակցում է խաղաղության համար, բայց շարունակում ոչ միայն խախտել խաղաղության հիմնական կանոնները, այլև արդարացնում կանանց ու անչափահասների սպանությունը, հետախուզական նկարահանումներն ու ահաբեկությունը: Պաշտոնական Բաքվի ցինիկությունը հասավ նույնիսկ Միջազգային կարմիր խաչի սպառնալու աստիճանի:

Ադրբեջանի նախագահի խորհրդական Ալի Հասանովը հայտարարեց, որ եթե կարճ ժամանակում Կարմիր խաչը չկազմակերպի հանդիպում վնասազերծված դիվերսանտների հետ և նրանք չվերադարձվեն ռազմագերու կարգավիճակով, ապա Կարմիր խաչի գրասենյակի նկատմամբ լուրջ քայլեր կձեռնարկվեն, մինչև երկրից արտաքսումը:

Պակաս կոշտ չէր ՀՀ-ում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Մոհամմադ Ռեիսիի հայտարարությունը՝ նշելով, թե միջազգային խաղաղարար ուժերը տեղ չունեն մեր տարածաշրջանում. «Ղարաբաղի հարցի լուծումը կախված է Հայաստանից, Ադրբեջանից և ԵԱՀԿ Մինսկի խմբից: Սակայն Իրանը դեմ է օտարերկրյա խաղաղապահ ուժերի տեղակայմանը այստեղ: Ես վստահ եմ, որ օտար օժերի տեղակայումը սպառնալիք է տարածաշրջանային անվտանգությանը: Վառ օրինակ են Իրաքն ու Աֆղանստանը»:

Իրանի դեսպանը Երևանից ուղղեց ևս մի քանի մեսիջներ, որոնց հասցեատերերը հիմնականում Ռուսաստանն ու Միացյալ Նահանգներն էին: Մոհամմադ Ռեիսին փաստացիորեն զգուշացրեց, որ Արցախի երկրորդ պատերազմի հրահրումով անհնար կլինի փոխել ուժերի հարաբերությունն ու մեկուսացնել Իրանը, իսկ Ռուսաստանը չի կարողանա զորք մտցնել հայկական երկրորդ հանրապետություն ու տարածաշրջանում ռազմական ներկայությունը մեծացնելով դառնալ հեգեմոն:
ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ԵՎ ՄԻՋԷԹՆԻԿ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ
1094 reads | 22.07.2014
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2017 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com