ԱԴՐԲԵՋԱՆԸ ՍՊԱՌՆՈՒՄ Է, ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ՎԱՃԱՌՈՒՄ, ԵՎՐՈՊԱՆ՝ ԱՂԱՂԱԿՈՒՄ, ԻՍԿ ՀԱՅԱՍՏԱՆԸ ԱՌԱՋ Է ԳՆՈՒՄ
ՆԱԻՐԻ ՀՈԽԻԿՅԱՆ
Լրագրող, տարածաշրջանային և միջէթնիկ հակամարտություններ, ԵՐԵՎԱՆ






Ադրբեջանը նոր հաշվետվություն է ներկայացրել իր ռազմական պոտենցիալի մասին, որի պաշտոնական տվյալներով՝այն ավելի քան 5 անգամ գերազանցում է ՄԱԿ-ի սովորական սպառազինությունների սահմանափակման ռեգիստրը: Հարևան երկիրը զինամթերք է գնում հիմնականում նախկին ԽՍՀՄ անդամ պետություններից, եվրոպական երկրները սկսել են սահմանափակ քանակությամբ զենք մատակարարել Բաքվին, իսկ Մեծ Բրիտանիան օրեր առաջ ամբողջական էմբարգո մտցրեց:

12 տարվա ընթացքում 1000 հրետանային համակարգ միայն Ռուսաստանից, Բելառուսից և Ուկրաինայից: 120 մմ տրամաչափի «Սանի» տեսակի ականանետ, «Մստա-С» և «Վենա» տեսակի 36 ինքնագնաց հաուբից, ТОС-1А 18 ծանր հրանետ, «Սմերչ» տեսակի 18 համազարկային ռեակտիվ համակարգ: Այսքան զենք ադրբեջանցիները վերջին մեկ տարում ջեռք են բերել Ռուսաստանից: 12 հատ Սմերչ Ադրբեջանը գնել է նաև Ուկրաինայից: Միջազգային ռազմական փորձագետները շեշտում են՝ հարևան պետության իշխանությունն այնքան ցինիկ է, որ պաշտոնապես է հայտարարում ՄԱԿ-ի սահմանափակումները խախտելու և դրանցից հաճույք ստանալու մասին: Զենքի կուտակման ու պատերազմ վերսկսելու մասին ԵԽԽՎ-ում ասաց նաև Իլհամ Ալիևը:

«Հայերը Ադրբեջանի պատմական տարածք Լեռնային Ղարաբաղում եկվորներ են: Երևանը ևս Ադրբեջանի պատմական տարածք է և որպես մայրաքաղաք Հայաստանին է տրվել 20-րդ դարի սկզբին։ Եթե ուշադիր կարդանք Հելսինկյան եզրափակիչ ակտը, ապա այնտեղ կկարդանք, որ ինքնորոշում կարող է լինել այն դեպքում, եթե չի խախտվում ուրիշի տարածքային ամբողջությունը: Հայերն արդեն օգտվել են ինքնորոշման իրավունքից և Ադրբեջանի տարածքում ստեղծել Հայաստան պետություն, հետևաբար երկրորդ հայկական պետություն չի կարող լինել: Մենք ուզում ենք, որ խնդիրը լուծվի խաղաղ ճանապարհով, որ հայերը առանց պատերազմի հանեն զորքերը Ղարաբաղից, բայց եթե հիմա նրանք չհամաձայնեն, մենք այլևս չենք սպասի և մեր ունեցած զինամթերքը կօգտագործենք հայերի դեմ»:

Եվրոպայի կենտրոնում Ադրբեջանի նախագահի ելույթը պարծենկոտություն ու մոլեգին անվանեցին բրիտանացի պատգամավորները, Նիդեռլանդների ներկայացուցիչը Ալիևին անվանեց կռվարար, իսկ ԵԽԽՎ-ի նախագահ Անն Բրասերը վտանգավոր համարեց նրա անհավասարկշիռ պահվածքը: Քանի դեռ Ստրասբուրգում Ադրբեջանի նախագահի ռազմատենչ ելույթը դատապարտում էին եվրոպացի պատգամավորներն ու վերլուծաբանները, Բաքվում ընդունվեց նույն ԵԽԽՎ-ի հռչակագիր՝ ընդդեմ Ռուսաստանի՝ պահանջելով Ուկրաինային վերադարձնել Ղրիմը: Նույն օրերին Մեծ Բրիտանիայի կառավարությունը արգելեց որևէ զենք վաճառել Ադրբեջանին կամ Հայաստանին, քանի որ դրանք կարող են կիրառվել Լեռնային Ղարաբաղի դեմ հնարավոր պատերազմում: Բրիտանացիները պաշտոնապես անհանգստացան Ալիևի հայտարարությունից, թե շուտով վերսկսվելու է պատերազմը: Նույն օրերին հակառակ խոստովանություն արեց Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը:

Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանով ի խոսքով. «Նախիջևանում առանձին համազորային բանակի ստեղծումից հետո հայերը հիմնել են մեկ-երկու դիրք։ Բնական է, որ այս քայլն ուղղված է ներքին լսարանին՝ ցույց տալու համար, թե իրենք էլ են Նախիջևանում ինչ-որ բան անում։ Բայց չէ՞ որ մեկ-երկու մարտական դիրքով խնդիրը չես լուծի։ Նախիջևանում զորքերի շփման գծում չկա չեզոք գոտի, ուստի հայերի դիրքերի առաջխաղացումը Ադրբեջանի հաշվին լինել չի կարող»:

Ադրբեջանի պաշտպանության նախարարի անուղղակի խոստովանությունը ապացուցվեց Razm.info-ի լուսանկարներով, որտեղ երևում են ոչ միայն հայկական նոր՝ առաջ գնացած դիրքերը, այլև ամբողջությամբ անպաշտպան դարձած ադրբեջանական խրամատները, այնքան անպաշտպան, որ հակառակորդի զինվորները նույնիսկ չեն մտածում թաքնվելու մասին:

Ստացվում է՝ Ադրբեջանը միջազգային ամբիոններից հայտարարում է մեր ռազմավարական դաշնակիցներից մեծ քանակությամբ զենքի ձեռքբերման մասին ու սպառնում դրանցով կրակելու հայերի վրա, իսկ հայկական բանակը ոչ միայն չի հայտարարում, այլև դանդաղ, բայց հաստատուն ձևով առաջ է տանում սեփական դիրքերը՝ ապացուցելով ճշմարտությունը՝ սահման պահելու և առաջ գնալու համար դաշնակիցների խոստումը հուսալի չի, կարևորը բանակի ուժն է:

ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ԵՎ ՄԻՋԷԹՆԻԿ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ
2781 reads | 11.07.2014
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2017 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com