ԷՐԲԻԼԻ ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆԸ ԹԵՀՐԱՆԻՆ ԿՏԱՆԻ ՏԻԶԲՈՆ
Մինչ ԱՄՆ-ը Իրաքի քրդերին հորդորում է մասնակցել համաիրաքյան գործընթացներին և շատ սառը վերաբերում քրդերի կողմից սեփական անկախության մասին պարբերական բնույթ կրող կոչերին, Մերձավոր Արևելքում նրա դաշնակից Իսրայելն ամենաբարձր մակարդակով արվող հայտարարություններով սատարում է, եթե չասենք հրահրում է քրդական ինքնավարության առաջնորդներին փլուզելու միասնական Իրաքը և ստեղծելու քրդական պետություն: 

Աշխարհի քարտեզի վրա երբևիցե գոյություն չունեցած Էրբիլ մայրաքաղաքով անկախ Քրդստանի ստեղծումը մեծ հաշվով ձեռնտու է Թել-Ավիվին Մերձավոր Արևելքում իր փաստացիորեն չեղած դաշնակիցների շարքերը համալրելու առումով, քանի որ Թուրքիայի հետ կես դաշնակցային հարաբերություններն ունեն անկանխատեսելի անընդհատ վայրիվերումներ, իսկ Սաուդյան Արաբիայի հետ գաղտնի համագործակցության փորձերը, կարծես թե, զգալի առաջընթաց չեն գրանցում: 

Իսրայելին այս նոր դաշնակիցը հատկապես անհրաժեշտ է ամբողջ մերձավորարևելյան տարածաշրջանը սասանած քաոսից խելամտորեն խոսափած և նույնիսկ դրա արդյունքում ավելի հզորացած, ներկայում Հրեական պետության փաստացիորեն միակ լուրջ հակառակորդ հանդիսացող Իրանի արևմտյան սահմաններին հակաիրանականության պոտենցիալ օջախի ստեղծման հեռանկարի առումով, որը կարող է ուղղակիորեն խթանել իրանական քրդերի սուննի հատվածի շրջանում կենտրոնախույս ձգտումները՝ ստանձնելով մոտավորապես այն նույն դերը իրանցի քրդերի դեպքում, ինչն այժմ թեև վախվորած և ոչ այդքան հաջող, բայց այսուհանդերձ կատարում է Ադրբեջանական հանրապետությունը թյուրքալեզու ատրպատականցիների պարագայում: 

Քրդերի միջոցով միասնական Իրաքի հնարավոր փլուզումն աներկբայորեն կհանգեցնի նաև վերջինիս տարածքի կենտրոնական և հարավ-արևելյան հատվածում Բաղդադ մայրաքաղաքով շիայական պետության ստեղծման, որն անտարակույս կլինի Թեհրանի ոչ պաշտոնական պրոտեկտորատը, այսպիսով՝ իրանական պետության փաստացի սահմանները հասցնելով մինչև Տիգրիսի և Եփրատի միջագետք ՝ հենց այն վայրերը, որտեղից արաբական արշավանքների հետևանքով վերջին Սասանյան արքան անփառունակ կերպով հեռացել էր՝ լքելով իրանական կայսերական հզորության կարևոր խորհրդանիշներից մեկը՝ Տիզբոն մայրաքաղաքը: 

Այս ամենի համատեքստում որքան էլ, որ պարադոքսալ է, սակայն Թել-Ավիվից խրախուսվող Էբիլի անկախության գործընթացի ճանապարհը հաջողության դեպքում ի վերջո Թեհրանին տանելու է Տիզբոն:

ՎԱՐԴԱՆ ՈՍԿԱՆՅԱՆ
ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ԵՎ ՄԻՋԷԹՆԻԿ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ
756 reads | 03.07.2014
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2017 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com