ՀՀ ԱԳՆ. ԲՅՈՒԼԲՅՈՒԼՕՂԼՈՒՆ ՉԻ ԿԱՐՈՂ ՀԱՎԱԿՆԵԼ ՅՈՒՆԵՍԿՕ-Ի ՂԵԿԱՎԱՐԻ ՊԱՇՏՈՆԻՆ
2017թ. ապրիլի 26-27-ին ՅՈՒՆԵՍԿՕ-ի 201-րդ Գործադիր խորհրդի նիստի ժամանակ կառույցի նոր ղեկավարի թեկնածուները կներկայացնեն իրենց ծրագրերը: Թեկնածու 9 երկրների շարքում նշվում է Ադրբեջանի ներկայացուցիչ, ՌԴ-ում Ադրբեջանի արտակարգ և լիազոր դեսպան Փոլադ Բյուլբյուլօղլիի անունը: Այդ գործիչը առնվազն վերջին 20 տարվա ընթացքում մշտապես աչքի է ընկել իր հակահայկական գործունեությամբ, Բյուլբյուլօղլիի՝ Ադրբեջանի մշակույթի նախարար եղած տարիներին իրագործվեց Նախիջևանի հայկական խաչքարերի ոչնչացումը:

Diplomat.am-ը դիմել է ՀՀ ԱԳՆ-ին՝ վերոնշյալ խնդրի վերաբերյալ պաշտոնական դիրքորոշումը ճշտելու վերաբերյալ: ՀՀ ԱԳ նախարարի մամուլի քարտուղար, ԱԳՆ Մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Տիգրան Բալայանը պատասխանել է կայքի հարցերին.

Հարց- ՅՈՒՆԵՍԿՕ-ի ղեկավարի ընտրության և հատկապես Փոլադ Բյուլբյուլօղլիի հարցում ո՞րն է ՀՀ ԱԳՆ-ի պաշտոնական դիրքորոշումը:

ՀՀ ԱԳՆ- Ինչպես արդեն առիթ ունեցել էինք ասելու, մենք գտնում ենք, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ի սկզբունքներն ու արժեքները ամեն օր իր գործողություններով ևհայտարարություններով խախտող երկրի ներկայացուցիչը չի կարող հավակնել նման կառույցում որևիցե ընտրովի պաշտոն զբաղեցնելուն։ Բաքվի այդ ցանկությունը իրողություններից կտրված լինելու հերթական դրսևորումն է։

Հարց-2016թ. ապրիլի 2-ին Փոլադ Բյուլբյուլօղլին, որպես ՌԴ-ում Ադրբեջանի արտակարգ և լիազոր դեսպան, հանդես եկավ պատերազմի մարտակոչով՝ խախտելով դիվանագիտական համերաշխության սկզբունքները: Ինչպե՞ս է գնահատում ՀՀ ԱԳՆ-ն Ադրբեջանի դեսպանի այդ պահվածքը:

ՀՀ ԱԳՆ- Ձեր կողմից նշված դեսպանի գործունեության տարբեր դրվագներին արդեն անդրադարձել ենք։ Նա տարբեր առիթներով ապացուցել է, որ դիվանագետին ու դեսպանին հարիր չի գործում։

Հարց-Համաձա՞յն է արդյոք ՀՀ ԱԳՆ-ն այն մտահոգության հետ, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ղեկավար ընտրվելու դեպքում Փոլադ Բյուլբյուլօղլին կարող է այդ կառույցը ծառայեցնել հակահայկական նպատակների համար:

ՀՀ ԱԳՆ- Որևիցե դրական քայլ ակնկալել մի երկրի բարձրաստիճան ներկայացուցչից, որի ղեկավարը աշխարհի հայերին թիվ մեկ թշնամի է հռչակել, առնվազն միամտություն է։
ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ԵՎ ՄԻՋԷԹՆԻԿ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ
656 reads | 11.04.2017
|
avatar


Copyright © 2017 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com