ՈՒՈԼԹԵՐԻ ԶԵԿՈՒՅՑՆ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆ ՉԻ ՈՒՆԵՆԱԼՈՒ. ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
Նոյեմբերի 4-ին Փարիզում տեղի է ունեցել ԵԽԽՎ քաղաքական հանձնաժողովի նիստը, որի ժամանակ ընդունվել է բրիտանացի պատգամավոր Ռոբերտ Ուոլթերի հեղինակած «Բռնության աճը Լեռնային Ղարաբաղում եւ Ադրբեջանի մյուս գրավյալ տարածքներում» խիստ հակահայ զեկույցը: «Հայկական ժամանակ» թերթը տեղեկացնում է, որ ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակությանը որեւէ կերպ չի հաջողվել տապալել խայտառակ անվանումով սույն փաստաթղթի ընդունումը:
Ավելին, վերջին պահին ադրբեջանական պատվիրակությանը հաջողվել է ավելի խիստ ձեւակերպումներ մտցնել փաստաթղթում:
Ադրբեջանն առաջարկել է մի քանի փոփոխություններ անել փաստաթղթում: Մասնավորապես զեկույցի 4-րդ կետում «Լեռնային Ղարաբաղի շուրջ կոնֆլիկտը դեռ կարգավորված չէ» պարբերությունը փոխարինվել է «Ադրբեջանի գրավյալ տարածքները դեռ ազատագրված չեն» պարբերությամբ: Երկրորդ փոփոխությունը վերաբերել է ադրբեջանցի դիվերսանտներ Դիլհամ Ասկերովի եւ Շահբազ Գուլիեւի ազատ արձակմանը:
Առաջարկվել է զեկույցում ամրագրել. «... Կոչ ենք անում Ադրբեջանի տարածքները բռնազավթած Հայաստանին՝ անհապաղ ազատ արձակել այդ անձանց»: Երրորդ փոփոխությունը ադրբեջանական պատվիրակությունն առաջարկել է դատապարտել այն, որ հայկական կողմը հրաժարվել է համագործակցել զեկույցի հեղինակի հետ: Մասնավորապես, հայկական կողմի համագործակցությանը վերաբերող հատվածում, որտեղ Ուոլթերը նշած է եղել, թե ափսոսում են, որ հայկական կողմը չի համագործակցել զեկույցի հեղինակի հետ, փոխվել է այսպես. «վճռականորեն դատապարտում ենք, որ...»:
Նիստի վերաբերյալ ղարաբաղյան կողմի դիրքորոշման մասին թերթը զրուցել է ԼՂՀ նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանի հետ:
ՀԺ- Զեկույցիընդունումըհետեւանքներչիունենա՞:
Դ.Բ.- Կախված նրանից, որ պաշոնական Երեւանն ամեն ինչ անելու է եւ իր դիրքորոշումը ցույց է տալու այդ խայտառակ զեկույցին: Հաշվի առնելով այն խավիարի հոտը ԵԽԽՎ-ում, սա որեւէ ազդեցություն չի ունենա: Նույնիսկ, եթե օբյեկտիվ, գործնական ազդեցություն դժվար թե ունենա, բայց առավել եւս, երբ որ դա սուբյեկտիվ է, ապա դա ուղղակի փոշու տակ մնալու է եւ այսպիսի ճակատագիր է ունենալու: Դրա մասին խոսելու են միայն Ադրբեջանում, այն էլ որեւէ մեկը չի լսելու եւ որեւէ նշանակություն չի ունենալու: Ուղղակի թաղվելու է փոշու մեջ: Սա է մեր կարծիքը:
Նախ եւ առաջ բազմաթիվ անգամ խոսել ենք իրար հետ, գիտենք կարծիքը, հրապարակայնորեն հայտարարվել է ՀՀ-ի պատվիրակության կարծիքը ելույթներում եւ այլն: Այստեղ որեւէ խնդիր չկա: Սա արդեն Հայաստանի, Արցախի եւ Ադրբեջանի խնդիրը չէ: Սա ԵԽԽՎ-ի ապագայի հարցն է: Այդ կառույցը նույնպես կոռումպացվել է, դարձել է Միլի Մեջլիս, ինչ պետք է սպասենք այդ կառույցից: