ԲԱՔՈՒՆ ՍՊԱՌՆՈՒՄ Է ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻՆ. FAZ
Գերմանական Frankfurter Allgemeine Zeitung պարբերականը ծավալուն հոդված է հրապարակել Ադրբեջանի ներքին կյանքի և մարդու իրավունքների վիճակի մասին՝ հատկապես ուշադրություն դարձնելով Բաքվում տեղի ունեցած առաջին Եվրոպական խաղերի ժամանակ լրագրողների նկատմամբ իրականացված ճնշումներին: Ներկայացնում ենք գերմանական պարբերականի հոդվածի թարգմանությունը:

Ադրբեջանը կարող էր մրցանակ ստանալ մամուլի ազատությունը ճնշելու համար: Բաքվում տեղի ունեցող Եվրոպական խաղերի ընթացքում, երբ պետք էր համերաշխություն և ըմբռնում դրսևորել, լրագրողները ստիպված էին պայքարելու ճնշումների դեմ: Գերմանիայում ապրող ադրբեջանցի լրագրող Էմին Միլլիին կառավարությունը նույնիսկ բացեիբաց սպառնաց, քանի որ նա անցած շաբաթների ընթացքում բազմիցս քննադատել էր Բաքվի քաղաքական իշխանությանը և Ադրբեջանում Եվրոպական խաղերի անցկացմանը:
 
Այժմ սպորտի նախարար Ազադ Ռահիմովը զգուշացնում է նրան, որ «այլևս այդքան վստահ չլինի»: Միլլին կանգնած է Ադրբեջանի դեմ պայքարի հետևում, պետությունն իրեն դա չի ների, նրա դեմ կպայքարեն՝ լինի դա Գերմանիայում, թե այլուր: Իր քննադատական արտահայտությունների համար Էմին Միլլին 2009թ. արդեն 16 ամսով ազատազրկման էր ենթարկվել: Այժմ նա բնակվում է Գերմանիայում:
 
«Լրագրողներ առանց սահմանների» (ԼԱՍ) կազմակերպությունն անհանգստացած է նման սպառնալիքներից: «Մենք անհանգստացած ենք, որ ադրբեջանական կառավարության անդամը սպառնում է Գերմանիայում բնակվող լրագրող Էմին Միլլիին»,- նշում է ԼԱՍ Բեռլինի ղեկավար Քրիստիան Միհրը:
 
«Բաքվի իշխանությունները պետք է վերջապես հարգեն մարդու իրավունքները, ինչպես նաև իրենց երկրում ազատ արտահայտվելու և մամուլի ազատության իրավունքները: Եվրոպական խաղերի ավարտից հետո ևս մենք ուշադիր հետևելու ենք երկրում տիրող իրավիճակին և շարունակելու պայքարը՝ ձերբակալված լրագրողներին ազատելու համար»:

Քննադատական ձայները խանգարում են

Խաղերից շաբաթներ առաջ Միլլին բազմաթիվ հարցազրույցների ընթացքում քննադատում էր Բաքվի իշխանություններին՝ երկրում տիրող մարդու իրավունքների ոտնահարումների, ինչպես նաև խաղերի համար մեծ ծախսերի պատճառով: Միայն հունիսի 12-ի բացման արարողությունը 85մլն եվրո արժեցավ: Եվրոպական խաղերը նմանվեցին Օլիմպիական խաղերին, թեև տարածաշրջանային առումով սահմանափակ էին: Եվրոպական խաղերն առաջին անգամ են անցկացվում: Ադրբեջանի մոտ ծագեց սպորտային այս խոշոր իրադարձության գաղափարը, և նա իր վրա վերցրեց ժամանող թիմերի ծախսերի մեծ մասը:
 
Քննադատությունները, ինչպիսին է Միլլիինը, խաթարում են այն պատկերը, որով Ադրբեջանը ցանկանում է ներկայանալ հասարակությանը: 2013թ. Միլլին նաև Բեռլինում հիմնեց ադրբեջանական «Meydan TV»-ն, որը համագործակցում էր բրիտանական «The Guardian» օրաթերթի հետ և քննադատաբար էր արտահայտվում խաղերի վերաբերյալ: Երբ ադրբեջանական ավտոբուսը օլիմպիական ավանում վրաերթի ենթարկեց 15-ամյա ավստրիացի սինխրոն լողորդուհուն, «Meydan TV»-ն հրապարակեց այդ կադրերը: Վթարից հետո աղջկան ստիպված էին արհեստական կոմայի մեջ պահել:
 
Մի քանի օր անց հեռարձակողը բացահայտեց ադրբեջանական հեռարձակողի հարցազրույցի կեղծարարությունը: «Meydan TV»-ն բացահայտեց, որ «Lider TV»-ի հեռարձակողը ադրբեջանցուն ներկայացրել էր որպես բրիտանացի զբոսաշրջիկ, ով ոգևորությամբ էր արտահայտվում Ադրբեջանի և խաղերի մասին: Բազմաթիվ միջազգային լրատվամիջոցներ վերցրեցին և տարածեցին այս կեղծ զբոսաշրջիկի պատմությունը:
 
Դեռ խաղերը չսկսած՝ ադրբեջանական իշխանությունները հանդես եկան բռնաճնշումների հզոր ալիքով գրեթե բոլոր անկախ լրագրողների և ընդդիմադիր լրատվամիջոցների նկատմամբ: Այսպես, 2014թ. դեկտեմբերի 5-ին ձերբակալվեց հայտնի հետաքննող լրագրող Խադիջա Իսմայլովան, ով հայտնի էր իշխանության բարձր շրջանակներում իր հետազոտություններով: Քննադատող լրատվամիջոցների մեծ մասը լռեցվեցին: Երկրի կարևորագույն ընդդիմադիր թերթը՝ «Azadliq»-ը պետական ճնշումների պատճառով իր ծախսերն այլևս չկարողացավ փակել և, ամենայն հավանականությամբ, կդադարեցնի աշխատանքները: Առնվազն ութ լրագրողներ և չորս բլոգերներ հայտվեցին ճաղերի հետևում այդ ավտորիտար կառավարվող երկրում:
 
Իշխանությունները զգուշացնում էին նաև խաղերին մեկնող լրագրողներին. 2015թ. ապրիլին Արտաքին գործերի նախարարությունը հայտարարեց, որ արտասահմանյան լրագրողները, ովքեր կզեկուցեն Ադրբեջանի «շահերի դեմ» կամ «խեղաթյուրված տեղեկատվություն» կտարածեն, անմիջապես կզրկվեն հավատարմագրումից: Նպատակը մեկն էր. հնարավորինս քիչ քննադատություն թույլատրել: Երկու արտասահմանյան սպորտային լրագրողներ մերժվեցին: Ինչպես «ARD»-ի սպորտային լրագրող Ֆլորիան Բաուերը, այնպես էլ բրիտանական «The Guardian» թերթի սպորտային գլխավոր խմբագիր Օուեն Գիբսոնը, ովքեր ցանկանում էին հավատարմագիր ստանալ, մերժվեցին:
 
Գերմանիայի Բունդեսթագը Եվրոպական խաղերի բացման օրը հրապարակեց զեկույց Ադրբեջանում մարդու իրվաունքների մասին, որի համաձայն, պարբերաբար ոտնահարվում են ազատ արտահայտվելու, ԶԼՄ-ների, կրոնական, հավաքների անցկացման, միությունների ստեղծման ազատությունները: Խորհրդարանականները կոչ էին անում Դաշնային կառավարությանը հանդես գալ Ադրբեջանում քաղբանտարկյալների ազատ արձակման կողմ և Բաքվի իշխանություններից պահանջել արտասահմանյան լրագրողներին և ինտերնետի ակտիվիստներին թույլ տալ օգտվելու մամուլի ազատությունից: Ինչպես նշում է «Լրագրողներ առանց սահմանների»-ն, մամուլի ազատության ցուցակում Ադրբեջանը 180 երկրների շարքում 162-րդն է:
 
ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ԵՎ ՄԻՋԷԹՆԻԿ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ
882 reads | 30.06.2015
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2017 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com