ԻՍԼԱՄԸ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԶԻԳԶԱԳՆԵՐՈՒՄ 19-20 ԴԴ.
ԱՐԱՔՍ ՓԱՇԱՅԱՆ
Արևելագիտության ինստիտուտի գիտաշխատող, արաբագետ, դոցենտ, ԵՐԵՎԱՆ







Իսլամն Արևելյան Այսրկովկասում Ռուսական կայսրության տիրապետության շրջանում 1804-1813թթ. և 1826-1828թթ. ռուս-պարսկական պատերազմների արդյունքում Ռուսական կայսրությունն իրեն ենթարկեց ողջ Այսրկովկասը: Արաքս գետով գծվեցին Իրանի և Ռուսաստանի սահմանները: Ամրագրվեց Ռուսական կայսրության վերջնական հաղթանակը տարածաշրջանում: Ռուսական իշխանությունները հետամուտ էին այսրկովկասյան տարածաշրջանում բնակչության սոցիալ-մշակութային կյանքի կազմակերպմանը, այդ թվում՝ մուսուլմանաբնակ շրջանները կայսրության վարչաիրավական կառավարման ընդհանուր համակարգի մեջ ներգրավելու խնդրին:

1872թ. ապրիլի 5-ին երկարատև մշակումներից հետո ցարի հրամանով Թիֆլիսում ստեղծվեցին այսրկովկասյան երկու հոգևոր-կրոնական վարչություններ՝ սուննիների և շիաների գործերը վարելու համար, որոնք փաստացիորեն դարձան «պաշտոնական իսլամը» ներկայացնող կառույցներ՝ ըստ էության ինստիտուցիոնալացնելով «ցարական իսլամը»: Դրանք բացվեցին 1873թ. հունվարի 2-ին: Վարչությունների իրավասությունը տարբեր ժամանակներում տարածվել է Թիֆլիսի, Բաքվի, Ելիզավետպոլի (Գյանջա), Երևանի և Քութաիսի նահանգներում, նաև՝ Բաթումի, Դաղստանի, Կարսի մարզերում, Զաքաթալայի և Սուխումի շրջաններում: Շիայական և սուննիական վարչությունները ղեկավարում էին հոգևոր-կրոնական առաջնորդներ շեյխ ուլ-իսլամը (Şeyxülislam) և մուֆթին (Müftü), որոնք նշանակվում էին ցարի հրամանով, Կովկասի փոխարքայի առաջարկությամբ: Վարչությունների ներսում երեք աստիճանակարգ գոյություն ուներ: Ամենաստորին կարգում քաղաքներում, գյուղերում և այլ բնակավայրերում գործող մզկիթների (məscidi) կրոնական սպասավորներն էին (մոլլաներ, ախունդներ, իմամներ և այլն), որոնք ղեկավարում էին կրոնական ծեսերն ու ծիսակարգերը, վարում կրոնական նախակրթարանների՝ մաքթաբների (məktəb) գործերը: Նրանք ընտրվում էին համայնքի կողմից: Հաջորդ կարգում աստվածաբան դատավոր-կադիներն (qazı) էին, որոնք վերահսկում էին կրոնական սպասավորների գործունեությունը, ինչպես նաև վարում շարիաթական գործերը (ամուսնություն, ժառանգություն, ապահարզան, ունեցվածքի բաշխում, խնամակալություն և այլն):

Եվ վերջապես, ամենաբարձր կարգում նահանգների մեջլիսներն (ժողովներ) (məclis) էին, որոնց անդամակցում էին բարձրաստիճան մուսուլման հոգևորականներ: Մեջլիսները վերահսկում էին թե՛ մզկիթների սպասավորներին, թե՛ կադիներին: Վերջիններիս գործունեության դեմ դժգոհությունները բողոքարկվում էին մեջլիսներում, իսկ դրանից հետո որպես վճռաբեկ ատյան էին հանդես գալիս Կովկասյան փոխարքայության կենտրոնում՝ Թիֆլիսում գործող հոգևոր վարչությունները: Վերջիններս տնօրինում էին իսլամական ունեցվածք համարվող վակֆային տնտեսությունները (vakıf), դպրոցները, իրականացնում էին իսլամական ոլորտի կադրային քաղաքականությունը:

Կայսերական այս նոր համակարգը հնարավորություն էր տալիս ռուսական իշխանություններին լիովին վերահսկել Այսրկովկասի մուսուլման հպատակներին, ընդհանրապես՝ իսլամական դաշտը, հոգևոր վերնախավին և հոգևորականությանն առհասարակ: Ռուսական իշխանությունները ձգտում էին չեզոքացնել նաև թուրքական և պարսկական ազդեցությունները:

Վարչությունները ֆինանսավորվում էին ցարական իշխանությունների կողմից: Վարչությունների ստեղծման արդյունքում կրոնական գործիչները դարձան պետական պաշտոնյաներ, որոնց գործողությունները, ընդհանուր առմամբ, վերահսկվում էին: Համակարգից դուրս մղվեցին այլախոհ հոգևորականներն ու «պաշտոնական իսլամից» դուրս գործող տարաբնույթ, այդ թվում սուֆիական, կրոնական հեղինակությունները: Տեղերում հիմնականում առաջ էին քաշվում վստահելի հոգևորականներ:

Ռուս-պարսկական և ռուս-թուրքական հակասություններն Արևելյան Այսրկովկասում ողջ 19-րդ դարում ի հայտ բերեցին կնճռոտ խնդիրներ ոչ միայն քաղաքական, այլև միջդավանական հարաբերություններում և կրոնական ոլորտում: Հատկանշական է, որ 1828-1829թթ., 1877-1878թթ. ռուս-թուրքական պատերազմների, ինչպես նաև 1853-1856թթ. Ղրիմի պատերազմի ժամանակ շիա հոգևորականությունը հիմնականում Ռուսական կայսրության կողմից էր: Բազմաթիվ շիա մուսուլմաններ կռվում էին ռուսական բանակում Օսմանյան կայսրության դեմ, ինչը, բնականաբար, առաջ էր բերում սուննիների դժգոհությունը:

Հարկ է նկատել, որ շիաներն իրենց նույնականացնում էին իրանական աշխարհին, ինչը բացատրվում է Իրանի հետ ունեցած պատմական, լեզվամշակութային և կրոնական ընդհանրություններով: Ռուսական կայսրության տիրապետության շրջանում Արևելյան Այսրկովկասում դեպի Օսմանյան կայսրությունը կողմնորոշված սուննիների թիվն աստիճանաբար նվազեց: Ռուսական տիրապետությունից դժգոհ՝ նրանց մի մասն արտագաղթեց Օսմանյան կայսրություն: 1830-ականների տվյալներով՝ սուննիները շիաների նկատմամբ առավելություն ունեին: Նրանք հիմնականում բնակվում էին ժամանակակից Ադրբեջանի հյուսիսային և արևմտյան շրջաններում, ունեին դաղստանյան և լեզգիական ծագում: Արդեն 1860թ. Սուննիները մուսուլման բնակչության մեկ երրորդն էին:

Ռուսական տիրապետության շրջանում Արևելյան Այսրկովկասում մեծ վնաս հասցվեց դասական իսլամական ինստիտուտներին, այդ թվում՝ շարիաթական դատարաններին: Մինչև խորհրդայնացումն Ադրբեջանում գործել են շարիաթական դատարանների ընդամենը 23 շիա և 16 սուննի կադիներ, որոնք միայն սահմանափակ գործեր կարող էին վարել՝ հիմնականում ընտանեկան օրենսգրքին առնչվող:

Ռուսական իշխանությունները կայսրությանը միակցված շրջանները (այդ թվում՝ այսրկովկասյան) ցանկանում էին ռուսականացնել և դարձնել վերահսկելի: Ռուսականացման գործընթացն ուղեկցվում էր բարենորոգչական շարժումների, աշխարհիկ լուսավորչական գաղափարների ներդրմամբ և իսլամի մարգինալացմամբ: Ասվածի ապացույցն է կայսրության իսլամադավան շրջաններում (Վոլգայի և Ղրիմի շրջաններում ապրող թաթարների և թյուրքական ծագում ունեցող այլ իսլամաբնակ շրջաններում, այդ թվում՝ Կենտրոնական Ասիայում) ջադիդականության տարածումը: Ջադիդականությունը սկիզբ առավ 19-րդ դարի վերջին և զգալի տարածում ստացավ 20-րդ դարի սկզբներին: Այն հասարակական-քաղաքական շարժում էր, որն էականորեն ազդվեց ռուսական իրականության մեջ տարածում ստացած եվրոպական ազատական գաղափարներից: Շարժումը նպատակ ուներ բարեփոխել թյուրքախոս մուսուլմանների հասարակական, քաղաքական և սոցիալական կյանքը՝ առաջին հերթին արդիականացնելով և զարգացնելով կրթության համակարգն ու թուրքերեն լեզուն, նպաստելով կայսրության մեջ թյուրքախոս ժողովուրդների համախմբմանն առաջադեմ գաղափարների ներքո:

Ջադիդականները համոզված էին, որ իսլամը համահունչ է արդիականությանը, այդ իսկ պատճառով առաջ էին քաշում իսլամը նոր լույսի ներքո քննարկելու գաղափարը: Ամեն պարագայում, շիա մուսուլմանների շրջանում ջադիդականության ազդեցությունն ավելի նվազ էր, ինչը պայմանավորված էր շիա իսլամում ազատ դատողությունների (իջթիհադ) ինստիտուտի գոյությամբ:

19-րդ դարի կեսերից Այսրկովկասում լուսավորչական գաղափարներով սկսեց հանդես գալ մուսուլման մտավորականների մի շերտ, հիմնականում ռուսական կրթություն ստացած ատրպատականցիներ, ովքեր շատ դեպքերում սերում էին կրոնական ընտանիքներից: Նշենք, որ այս փուլում տարբեր շրջաններից, այդ թվում Իրանից և մասնավորապես Ատրպատականից մեծ հոսք կար դեպի Այսրկովկաս, որտեղ գալիս էին հիմնականում աշխատելու, կրթություն ստանալու, ինչպես նաև քաղաքական գործունեություն ծավալելու նպատակով:

Լուսավորչական գաղափարներով հանդես եկող մտավորականներից էր նշանավոր հասարակական գործիչ, մատերիալիստ փիլիսոփա, պարսկալեզու, ռուսալեզու և թյուրքալեզու գրող Միրզա Ֆաթhալի Ախունդզադեն (Ախունդով, 1812-1878թթ.), որը ծնվել էր իրանական Շեքիում նախքան Ռուսական կայսրության կողմից Այսրկովկասի նվաճումը: Համարվում է ադրբեջաներեն գրական լեզվի և ադրբեջանական ինքնության հիմնադիրներից մեկը: Իրանում Ախունդզադեն ճանաչված է որպես իրանական լուսավորչականության ամենահանգուցային գաղափարախոսներից մեկը: Եղել է մուսուլմանական միջավայրում աշխարհիկ կրթության ջերմեռանդ պաշտպան:

1850-1855թթ. Ախունդզադեն առաջին անգամ եվրոպական ոճի երգիծական պիեսներ է գրել թուրքերենի տեղական խոսվածքով: Երգիծանքի միջոցով փորձել է քննադատել ժամանակակից Ադրբեջանում այդ տարիների շատուշատ սոցիալական ու հասարակական խնդիրներ՝ կապված կրոնական սնահավատության և տգիտության հետ:

19-րդ դարի վերջին քառորդում Արևելյան Այսրկովկասում հասարակական-քաղաքական շրջանակներում զարգացում ստացան բանավեճերը սոցիալական, այդ թվում՝ կրոնական խնդիրների շուրջ, որոնք արտացոլվեցին ժամանակի նորաստեղծ մամուլում: Հատկանշական է, որ աշխարհիկ տրամադրություններ արտահայտող «Էկինչի» թերթը (1874-1877) և «Մոլլա Նասրեդդին» ամսագիրն իրենց էջերում սուր քննադատություն էին հնչեցնում Աշուրայի3 և մուսուլմանական ծիսակարգերի ավանդական գործառման դեմ՝ անդրադառնալով նաև սուննիների ու շիաների հարաբերություններին ու նրանց հիմնախնդիրներին:

«Էկինչին», որ ժամանակակից Ադրբեջանի տարածքում արաբատառ, թուրքերենի տեղական խոսվածքով տպված առաջին թերթն էր, իր խմբագրականներից մեկում, քննարկելով երկրամասի միջդավանական խնդիրները, նշում է. «Մեր մեջ միասնություն չկա, և մեզ ոչինչ չի միավորում: Կովկասում ապրող մուսուլմանների մի մասը շիաներ են, մյուս մասը` սուննիներ: Սուննիները չեն դադարում ատել շիաներին, շիաները` սուննիներին: Նրանք միմյանց լսել չեն ուզում»:

1905-1907թթ. ռուսական հեղափոխության2 ազդեցությամբ Այսրկովկասում ձևավորվեցին բազմաթիվ հեղափոխական օջախներ, որտեղ սկսեցին գործել տարբեր գաղտնի կազմակերպություններ՝ թե՛ ազգային, թե՛ անդրազգային ուղղվածությամբ: Պատմական այս բարդ ու հակասական ժամանակաշրջանում Այսրկովկասը համակված էր սոցիալիստական և ազգային-լիբերալ գաղափարներով, որոնք պարարտ հող էին գտնում նաև Բաքվում, որն այդ տարիներին նավթարդյունաբերության կարևորագույն կենտրոն էր: Զուգահեռաբար, հասարակական-քաղաքական գործընթացներում իսլամական գործոնը որոշ չափով շարունակեց պահպանել իր նշանակությունը: Ասվածի ապացույցը Ռուսական սոցիալ-դեմոկրատական բանվորական կուսակցության Բաքվի մասնաճյուղն էր՝ 1904թ. ստեղծված «Հյումմեթը» (Hümmət): Այն ներկայացվում էր որպես մուսուլմանական սոցիալ-դեմոկրատական կուսակցություն նաև մուսուլման բանվորներին ներգրավելու համար: Կառույցի հիմնադիրներից մեկը՝ Մամեդ Էմին Ռասուլզադեն, համոզված էր, որ այնպիսի ընդհանրական գաղափարներ, ինչպես դեմոկրատիան և սոցիալ-դեմոկրատիան են, չեն հակասում իսլամին:

«Ինչ խմբում էլ որ լինենք, կարևորը՝ հենվենք իսլամի վրա», քանի որ «իսլամը համամարդկային է»: 1905թ. Ռուսական կայսրությունում ստեղծվեց լիբերալ-իսլամական ուղղվածությամբ «Մուսուլմանների միությունը» («Իթթիֆակ ալ-մուսլիմին»), որի ամենաակտիվ գործիչներից մեկը 1918-1920թթ. Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետության (ԱԴՀ) պետական գործիչ Ալի Մարդան Թոփչիբաշևն (1862-1934թթ.) էր: Կառույցն առաջ էր քաշում Ցարական Ռուսաստանի մուսուլմաններին մի շարժման մեջ միավորելու, մուսուլմանների կրթության և մշակույթի զարգացման, կայսրության մեջ մուսուլմաններին համահավասար իրավունքներ շնորհելու գաղափարներ: «Իթթիֆակը» գոյատևեց ընդամենը երկու տարի և դադարեց գոյություն ունենալ 1907-ին:

Միաժամանակ, հեղափոխական խմորումներ էին ընթանում նաև հարևան Իրանում և Օսմանյան կասրությունում: 1906թ. Իրանում տեղի ունեցավ սահմանադրական հեղափոխություն: Այստեղ սկսված հեղափոխական գործընթացները շարունակվեցին մինչև 1911թ.: 1908թ. Օսմանյան կայսրությունում տեղի ունեցավ երիտթուրքական հեղափոխությունը:

Թե՛ ռուսական, թե՛ իրանական և թե՛ թուրքական հեղափոխություններն իրենց ազդեցությունն ունեցան Արևելյան Այսրկովկասում: Այս երկրամասի հետ կապ ունեցող բազմաթիվ մուսուլմաններ որևէ ձևով առնչվել են այդ գործընթացներին, որոնք հետագայում նպաստեցին Ադրբեջան պետության կայացմանը: Օրինակ, «Իթթիհադ վե թերաքի» («Միություն և առաջադիմություն») կուսակցության հիմնադիրներից մեկն Ալի Բեյ Հուսեյնզադեն էր (1864-1940թթ.), որը ծնվել է Սալյանում (ներկայումս՝ Ադրբեջանում), կրոնական գործիչների ընտանիքում: Հուսեյնզադեն առաջ է քաշել «թյուրքականություն, իսլամականացում, եվրոպականացում» (Turklashtirmak, Islamlashtirmak, Avrupalashtirmak) կարգախոսը: 1903թ. վերադարձել է Բաքու, որից հետո տարիներ անց օսմաներենով հրատարակել է ազատական-աշխարհիկ ուղղվածությամբ և թյուրքականության ոգով ներշնչված «Ֆուզույաթ» ամսագիրը: Հուսեյնզադեն առաջարկում էր այդ շրջանում Ադրբեջանում հրատարակվող մամուլում օգտագործել օսմաներենի ձևափոխված՝ տեղական տարբերակը՝ պաշտպանելով այն թեզը, որ թե՛ օսմանյան թուրքերը և թե՛ թյուրքախոս շիա մուսուլմանները թուրք-օղուզներ են:

1911թ. «Իթթիհադ վե թերաքիի» ազդեցությամբ ստեղծվեց «Մուսավաթ» («Հավասարություն») կուսակցությունը: 1917թ. հոկտեմբերին Արևելյան Այսրկովկասում ստեղծված իսլամական «Իթթիհադ» («Միություն») կուսակցությունն առաջ էր քաշում Ռուսաստանի մուսուլմանների շրջանում շարիաթի ներդրման գաղափարը: «Իթթիհադի» կարգախոսներից էր՝ «Մեզ պետք չէ այլ կուսակցություն՝ իսլամից բացի»:

1917թ. բոլշևիկյան հեղափոխությունից հետո Թիֆլիսում հռչակվեցին այսրկովկասյան երեք հանրապետությունները: Վրաստանից և Հայաստանից բացի՝ 1918թ. մայիսի 28-ին ստեղծվեց Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետությունը (ադրբեջաներեն՝ Azərbaycan Xalq Cümhuriyyəti՝ Ադրբեջանի Ժողովրդական Հանրապետություն): «Մուսավաթը» դարձավ Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետության իշխող ուժը, իսկ թյուրքականությունը՝ նորաստեղծ պետության իշխող գաղափարախոսությունը: Թուրքերենը հռչակվեց պետության պաշտոնական լեզու: Դպրոցներում Ռուսաստանի պատմության դասընթացը փոխարինվեց թյուրք ժողովուրդների պատմությամբ: Աշխարհիկությունը սկսեց ամրապնդել դիրքերը, իսկ շարիաթը՝ աստիճանաբար դուրս մղվել: Սկսվեց աշխարհիկ դատարանների կազմավորման գործընթացը: Քայլեր ձեռնարկվեցին՝ թուլացնելու Ռուսական կայսրության օրոք ստեղծված հոգևոր վարչությունների քաղաքական ազդեցությունը:

Հարկ է նշել, որ իսլամը որոշակի տեղ էր զբաղեցնում «Մուսավաթի» գաղափարախոսության մեջ, որը սկզբնապես ուներ իսլամական բնույթ: 1918-1920թթ. իսլամն Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետության ուղենիշներից մեկն էր՝ թեկուզ ոչ առաջնային: Պետական գաղափարախոսության հիմքում ընկած էին թյուրքականությունը, արդիականությունը և իսլամը: Նոր ձևավորված կառավարության կողմից շեյխ ուլիսլամ նշանակվեց Հաջի Աղա Ալիզադեն, ով խորհրդային շրջանում ևս տասը տարի եղել է հոգևոր առաջնորդ և համարվում է Ադրբեջանի պատմության ամենանշանավոր կրոնական, հասարակական և մշակութային գործիչներից մեկը:
ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ԵՎ ՄԻՋԷԹՆԻԿ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ
2503 reads | 23.02.2015
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2017 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com