«ԵՐԿՈՒ ԴԵՄՔԵՐԻ» ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ. ԱԴՐԲԵՋԱՆԸ ԳՆԱՑ ՌԵՎԱՆՇԻ
ՆԱԻՐԻ ՀՈԽԻԿՅԱՆ
Լրագրող, տարածաշրջանային և միջէթնիկ հակամարտություններ, ԵՐԵՎԱՆ






Ադրբեջանի իշխանությունը չի կարող հանդուրժել ամերիկյան դիվանագիտության ու լրատվամիջոցների կեցվածքի փոփոխությունը, որի հետևանքով վերջին ամիսներին Արցախի հակամարտությունը ներկայացվում է որպես ազգերի ինքնորոշում, շատ է խոսվում Ադրբեջանում մարդու իրավունքների համատարած խախտումների մասին: Հետաքրքիր է, որ The New York Times-ի հոդվածին ադրբեջանական քարոզչամեքենան պատասխանել է նույնպիսի վերնագրով պարզունակ հրապարակմամբ:

«Պարոն Ալիևի երկու դեմքը». այսպիսի վերնագրով հոդված օրեր առաջ տպագրեց հեղինակավոր The New York Times պարբերականը՝ մանրամասն ներկայացնելով այն վիճակը, որ տիրում է մեր հարևան երկրում 1969-ից մինչև այսօր: Հեղինակները նշում են, որ այդ ժամանակից մինչև 2003-ը Հեյդար Ալիևն էր Ադրբեջանում վարում բռնատիրական կարգեր՝ հետևողականորեն ճնշելով և ուծացնելով հայերին, լեզգիներին, թալիշներին ու մյուս տեղաբնիկ ժողովուրդներին: Հեյդարին փոխարինելու եկած որդի Իլհամը տարբերվում է երկու բանով՝ ճնշվողների ցանկում այլևս չկան հայերն ու Արցախը, նաև նոր նախագահն ունի ավելի ներկայանալի տեսք:

«Պարոն Ալիևն Արևմուտքի կողմից հիացմունքի արժանի «արևմտամետ է». նա  հարգալից է, լավ հագնված և խոսում է անգլերեն, նա պատրաստ է ուղարկել իր երկրի նավթի և գազի պաշարները Եվրոպա և Իսրայել, նրա իսլամական հայացքները հավասարակշիռ են և ժամանակակից, նա հյուրընկալում է միջազգային միջոցառումներ, բայց Բաքվում ԱՄՆ դեսպանն իր հաղորդագրություններում նկարագրում է Ալիևին որպես Մայքլ Կորլեոնե և Սանի Կորլեոնե՝ համեմատելով մաֆիայի մասին պատմող «Կնքահայր» ֆիլմի՝ սառնասիրտ հաշվարկով և դաժանությամբ հայտնի հերոս եղբայրների հետ:  Նա չափազանց կոռումպացված է, իսկ իր կողմից ղեկավարվող ավտորիտար ռեժիմն աշխարհում ամենավատ համբավն ունի մարդու իրավունքների ոտնահարման առումով». հատված The New York Times պարբերականից:

Իլհամ Ալիևի վարչակարգն, իհարկե, չէր կարող հանդուրժել ամերիկյան պարբերականի, իսկ իրականում, այդ պարբերականին հոդված հրապարակել առաջարկած ամերիկյան իշխանության քայլը: Ադրբեջանական քարոզչամեքենան երկար մտածեց համարժեք քայլի մասին ու չկարողացավ գտնել ավելի հարմար պատասխան, քան նույն վերնագրով հոդված հրապարակելը. «Պարոն Օբամայի երկու դեմքը»:

«Օբաման չի արդարացրել մեր հույսերը և չի կատարել ԱՄՆ-ի նախագահ ընտրվելու ժամանակ տված խոստումները: Այդ երկիրը հետևում է ոչ միայն հակառակորդներին, այլև նույնիսկ բարեկամական երկրների առաջնորդներին ու նրանց դեմ կոնպրոմատներ է հավաքում: Աֆղանստանում, Իրաքում, Սիրիայում, Եմենում, Լիբիայում, Թունիսում Ամերիկայի կազմակերպած «Գունավոր հեղափոխություններն» ու «արաբական գարունը» այդ երկրներին անհաջողություն և դժբախտություն են բերել: Այդ իրադարձությունները տարածվեցին նաև Եվրոպայի և Ուկրաինայի վրա: Շնորհիվ ԱՄՆ-ի և իր դաշնակիցների ջանքերի՝ նախկին ԽՍՀՄ-ի հարուստ հանրապետությունն այսօր քաղաքացիական պատերազմի մեջ է» (հատված ադրբեջանական կառավարության «Azerbaijan» թերթից):

Ադրբեջանի իշխանությունը մեղադրում է Վաշինգտոնին՝ իր սպասումները չարդարացնելու և քաղաքական պայմանավորվածություններում բազմիցս հիասթափեցնելու համար: Բաքվի պատասխանն արտահայտվեց միջազգային կազմակերպությունների գրասենյակներ փակելով ու լրատվամիջոցներ խուզարկելով:

«ԱՄՆ նախորդ վարչակազմերի ժամանակ կողմերը լսում էին իրար և կատարում խոստումները: Սակայն Օբամայի իշխանության օրոք Ադրբեջանին սատարող ոչ մի քայլ չի արվել: Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում ԱՄՆ-ը պետական մակարդակով երկակի ստանդարտներ է ցուցաբերել, ինչը արտացոլվել է նաև հայտնի ադրբեջանամետ դիվանագետ Մեթյու Բրայզային Բաքվում դեսպան նշանակելու Օբամայի անկարողությունում: Այդպիսի իրականության մեջ մենք ստիպված ենք լրտես համարել Ամերիկայի փողերով սնվող և Ադրբեջանում գործող կազմակերպությունները»:

Վերջին նախադասությունը ևս բառացի պատասխան էր ամերիկյան մեղադրանքին: The New York Times-ի հոդվածում խոսվում է «Ազատություն» ռադիոկայանի Բաքվի մասնաճյուղի խուզարկության ու լրագրողների ձերբակալությունների մասին, նշվում, որ Արևմուտքը նավթագազային շահերի պատճառով հաճախ աչք է փակում ադրբեջանական պետական հանցանքների վրա, մինչդեռ դա իրական սպառնալիք է ամբողջ տարածաշրջանի ու նաև Արևմուտքի ապագա ներկայության համար:

«Պարոն Ալիևը, իհարկե, միակ բռնապետը չէ, ում հմուտ քաղաքականությունն ու բնական պաշարների նկատմամբ հսկողությունը ստիպում են ամերիկյան ու եվրոպական քաղաքական գործիչներին բախվել արժեքների միջև սկզբունքային ընտրության հետ: Իլհամ Ալիևը նախագահ է ընտրվել հոր մահվանը հաջորդած և կասկած հարուցող երեք ընտրությունների շնորհիվ և անշեղորեն ստեղծում է հոր անձի պաշտամունքը: Միացյալ Նահանգներն ու Եվրոպան պետք է հասկանան՝ անկախ այն փաստից, որ ստիպված են բիզնես վարել Ադրբեջանի հետ, այնուամենայնիվ, Արևմուտքը տեսնում է, թե դա ինչ երկիր է և օրեցօր ինչքան վտանգավոր է դառնում» (The New York Times):

Վտանգավոր ոչ միայն քաղաքական, այլև հոգեբանական կեցվածքի առումով: Ադրբեջանցի գործիչներն ու վերլուծաբանները Իլհամ Ալիևին համոզել են, որ ԱՄՆ, այսպես ասենք, հակաադրբեջանական քայլերի պատճառը պետք է փնտրել Օբամայի անձնական վիրավորանքի մեջ, և ինչպես միշտ՝ մեղավորը կրկին հայերն են: Պարզվում է՝ Բարակ Օբաման 2009-ի հայ-թուրքական սիրախաղերի ժամանակ Իլհամ Ալիևին հրավիրել է Ստամբուլ՝ համոզելու, որ չվիժեցնի հաշտեցման գործընթացը, բայց ինչպես նշում է ադրբեջանական թերթը, Ալիևի ամուր կամքը խափանեց թուրքերի համար հայերի և ամերիկացիների լարած այդ նենգ թակարդը: Ահա թե ինչու ՄՆ նախագահը չի ներում Ալիևին ու հետևողականորեն դավեր է նյութում նրա դեմ:
ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ԵՎ ՄԻՋԷԹՆԻԿ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ
2009 reads | 26.01.2015
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2017 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com