ԹԵ ԻՆՉՊԵՍ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՍՊԱՌԱԶԻՆՈՒԹՅԱՆ ՄԱԿԱՐԴԱԿՈՎ ԳԵՐԱԶԱՆՑԵՑ ԱԴՐԲԵՋԱՆԻՆ
ՆԱԻՐԻ ՀՈԽԻԿՅԱՆ
Լրագրող, տարածաշրջանային և միջէթնիկ հակամարտություններ, ԵՐԵՎԱՆ






Աշխարհի ամենառազմականացված 10 երկրների շարքում Հայաստանը 3-րդն է, Ադրբեջանը՝ 5-րդը, իսկ առաջին տեղում Իսրայելն է: Այսպիսի եզրակացության են հանգել Բոննի կոնվերսիայի միջազգային կենտրոնի վերլուծաբանները՝ ուսումնասիրելով երկրների համախառն ներքին արդյունքը և սպառազինության մակարդակը: Այն, որ Ադրբեջանը զինվում է մեծ արագությամբ՝ խախտելով բոլոր միջազգային պարտավորություններն ու մարդու իրավունքները, գաղտնիք չէ, իսկ թե ինչպես Հայաստանը հայտնվեց ամենաշատ զինված երկրների կողքին՝ նույնիսկ առաջ անցնելով Ադրբեջանից, անակնկալ էր շատերի համար: 

2015-ին Ադրբեջանը ևս 1 մլրդ դոլարով կավելացնի իր ռազմական բյուջեն՝ հասցնելով 4 մլրդ 500մլն-ի: Դա մոտ 9 անգամ գերազանցում է Հայաստանի ռազմական ծախսերը, 3%-ով ավելի է Ադրբեջանի 2014-ի ռազմական բյուջեից, համարվում է մեր տարածաշրջանի ամենամեծ ծախսը՝ ուղղված զինամթերքի ձեռքբերմանը: ՄԱԿ-ի զգուշացումներին ընդամենը մի քանի օր առաջ Իլհամ Ալիևը պատասխանեց յուրօրինակ ձևով. 

«Նավթի վաճառքի շնորհիվ Ադրբեջանն ունի փող, իսկ Ռուսաստանը միջազգային պատժամիջոցներից թուլացել է և փնտրում է շուկաներ: Մենք 2015-ին մոտ 2մլրդ դոլարի զենք կգնենք Ռուսաստանից, կարծում եմ, նրանք կհամաձայնեն, քանի որ փողի կարիք հիմա շատ ունեն»: 

Փողի կարիք ունի նաև Հայաստանի տնտեսությունը, և Ալիևի տրամաբանությամբ, մենք պետք է որ արդեն ծնկի եկած լինեինք: Մինչդեռ: Բոննի կոնվերսիայի միջազգային կենտրոնը ուսումնասիրություն է արել աշխարհի առավել շատ զինված երկրների առումով և պարզել, մենք 3-րդն ենք 149-ի շարքում, իսկ Ադրբեջանը՝ 5-րդը: Վերլուծաբանները հաշվել են ոչ թե զենքի քանակը, այլ բնակչության թիվը, երկրի համախառն ներքին արդյունքն ու տիրապետած զենքի արդյունավետությունը: 

«Հայաստանն ու Ադրբեջանը վերջին տարիներին ավելացրել են ռազմական բյուջեները: Ռուսաստանը երկու երկրներին էլ զենք է մատակարարում, բայց դա վտանգավոր է և կարող է դառնալ նոր էսկալացիայի պատճառ: Ադրբեջանը շեշտը հիմնականում դրել է հարձակողական զենքի՝ մասնավորապես հրթիռների, տանկերի և կործանիչների վրա, իսկ Հայաստանը թեև քիչ է խոսում իր հնարավորությունների մասին, բայց հաջողվել է պարզել, որ ունի հակաօդային և հակահրթիռային պաշտպանության գերազանց համալիրներ, վերջերս էլ Չինաստանից գնել է գերժամանակակից համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր»,-նշված է BICC-ի հայտարարության մեջ: 

Ռուսաստան, ԱՄՆ, Ֆրանսիա, Հունաստան. Կիպրոս, Իրան, Չինաստան: Սրանք այն հիմնական երկրներն են, որոնք զենք են մատակարարում հայկական երկու հանրապետություններին: Ի տարբերություն ադրբեջանական կողմի, ՀՀ-ն ամեն օր չի պատմում ունեցած անհաշիվ տանկերի, թնդանոթների ու ռազմածովային ուժերի մասին: Չնայած ադրբեջանական նավերը Կասպից ծովից չեն հասնի Արցախ, բայց նրանց ռազմական բյուջեի առյուծի բաժինը գնում է հենց դրանց վրա, իսկ Հայաստանը ունի կոնկրետ թշնամի և կոնկրետ նպատակ, որի իրագործման վրա էլ ծախսվում է մեր ռազմական լեգալ բյուջեն: Պաշտոնապես Հայաստանը 2014-ին պաշտպանությա վրա ծախսել է մոտ կես միլիարդ դոլար: Պաշտոնապես: 

Դրա շնորհիվ հասցրել են գնել հակաօդային և հակահրթիռային պաշտպանության համալիրներ, տանկեր, բայց ամենակարևոր զենքը, որ ունեցավ բանակը, չինական արտադրության AR1A համազարկային կրակի ռեակտիվ համակարգերն են: Սա հնարավորություններով գերազանցում է 2014-ին Ադրբեջանի ձեռք բերած Սմերչ-ին: Եթե Սմերչ-ի կրակի հեռավորությունը 90կմ է, այս համակարգինը 130կմ է, հրթիռներն ունեն մանյովրելու գերազանց հնարավորություն և կառավարվում են մինչև թիրախին հասնելը: Ադրբեջանը լրջորեն անհանգստացած է 2011-ից սկսված հայ-չինական ռազմական գործակցությունից, փող չի խնայում գնելու ամենաթանկ զենքերը, մինչդեռ նույն թանկ զենքերից շատերը Հայաստանը ևս գնում է, բայց էժան գնով, որովհետև գերտերություններին ձեռնտու է վաճառել զենքեր, բայց խուսափել պատերազմից:
ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ԵՎ ՄԻՋԷԹՆԻԿ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ
1655 reads | 12.12.2014
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2017 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com