ԶՈՐՔԻ ԲԱՐՈՅԱԼՔՄԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ. ԿԱՐՍԻ ԱՆԿՈՒՄԻՑ 94 ՏԱՐԻ ԱՆՑ…
94 տարի առաջ հոկտեմբերի 30-ին տեղի ունեցավ հայ ժողովրդի պատմության ողբերգական դրվագներից մեկը՝ առանց կռվի թուրքերին հանձնվեց Կարսի ամրոցը, որի պատճառով հայկական բանակը ունեցավ մեծ թվով ռազմամթերքի, մարդկային և տարածքային կորուստներ: 1920 թվականի իրադարձությունները վերագնահատելիս այսօր փորձագետները հաճախ մեղադրում են այն ժամանակվա բոլշիկյան քարոզիչներին, մինչդեռ մեր պարտության համար հիմնական դեր խաղացել է հայ զինվորների բարոյալքված լինելը:

1920-ի օգոստոսի 10-ը Հայաստանի ու հայերի ամենահիշարժան օրերից մեկն է: Սևրի պայմանագրով Հայաստանի Հանրապետության տարածքը եռակի ավելի էր այսօրվա տարածքից՝ հասնելով մինչև Սև ծովի ափեր: Այդ օրվանից ճիշտ 81 օր անց՝ 1920-ի հոկտեմբերի 30-ը նշանավորվեց որպես հայոց պատմության ամոթալի էջերից մեկը: Առաջին աշխարհամարտում թուլացած, իսկ Սարդարապատի ու Բաշ Ապարանի ճակատամարտերում ջախջախված թուրքական բանակը առանց կրակոցի, որպես նվեր ստացավ Կարսի բերդը: Դա Արևմտյան Հայաստանի վերջնական հայաթափման և հայոց պետականության կորստի հիմք դրեց:

Զորքի բարոյալքման պատճառով զոհվեց մոտ 2000 զինվոր, մի քանի գեներալ և մեկ նախարար: Պատմաբանները հաճախ են նշում, թե հայկական զորքը թուրքի դեմ չկռվեց բոլշևիկների դրդմամբ: Չնայած կար թուրքերի հետ հաշտվելու և միասնական սովետական պետություն ստեղծելու բոլշևիկյան քարոզչություն, բայց Կարսի անկման հիմնական պատճառը Հայաստանում այդ ժամանակ տիրող համընդհանուր խուճապն ու հուսալքումն էր: Իշխանությունը չէր տիրապետում երկրի իրականությանը, իսկ զորքը քաղաքականացված էր այն աստիճան, որ բոլշևիկ Լենինի, գերմանական կառավարության և Քեմալ Աթաթուրքի բարեկամությունը համարում էր հայ ժողովրդի պատմության ավարտ, հետևաբար կռվելը ևս համարում էր անիմաստ:

Բեռլինի ազատ համալսարանի դոկտոր Ժիրայր Քոչարյանը համոզված է՝ ոչ ոք թուրքերին ավելի լավ չի ճանաչում, քան հայերը, որովհետև 700 տարի ապրել ենք նրանց հետ կողք կողքի, տեսել բոլոր դավադրություններն ու կազմակերպած կոտորածները, ուստի մեզ համար աններելի է թուրքի դիմաց բարոյալքվել ու կորցնել պետականությունը: Թուրքերը նույն փորձը արեցին 90-ականներին՝ Արցախում, բայց Հայաստանն այդ ժամանակ առավել քան միասնական էր: Այսօր մեզ համոզում են, որ թուրքերը փոխվել են: Ժիրայր Քոչարյանը բերում է մեկ փաստ՝ հայոց ցեղասպանության հեղինակները ամբողջ աշխարհում համարվում են համամարդկային հանցագործ, բայց Թալեաթի, Սելահաթին և Ջեմալ փաշաների գերեզմանները Թուրքիայում և հատկապես գերմանաբնակ թուրքերի համար սրբավայր են:

Նաիրի Հոխիկյան
ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ԵՎ ՄԻՋԷԹՆԻԿ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ
1013 reads | 04.11.2014
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2017 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com