ՀԱՐՅՈՒՐ ՏԱՐԻ ԱՆՑ. ՀԱՅԿԱԿԱՆ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՉՄԱՆ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐԸ (ՄԱՍ ԵՐՐՈՐԴ)
ԼՅՈՒԴՄԻԼԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ 
ԵՊՀ պրոֆեսոր, սոցիոլոգ 





Ինչպես հայտնի է, 1919 թվին, ձգտելով ազատվել իրեն վարկաբեկած երիտթուրքերի վարչակարգից և Թուրքիայի նկատմամբ դաշնակից պետությունների կողմից հնարավոր պատժիչ գործողությունները կանխելու նպատակով, Թուրքիայի նոր կառավարությունը` Ախմեդ Իզզետ փաշայի ղեկավարությամբ, դատական պատասխանատվության ենթարկեց երիտթուրքերի կառավարությանը և «Միասնություն և Առաջընթաց» կուսակցության բարձրաստիճան անդամներին`Օսմանյան կայսրությանը պատերազմի մեջ ներքաշելու և հայերի մասսայական կոտորածներ կազմակերպելու համար:

Այդ հանցագործության հետաքննության շրջանակներում, տրիբունալի կողմից ձերբակալվեցին և ռազմական դատարանի առաջ կանգնեցին մի շարք նախարարներ և երիտթուրքերի կուսակցության ղեկավարներ, շրջանների պատասխանատու քարտուղարներ, լիազորներ, կուսակալներ, այլ պաշտոնական անձեր և զինվորականներ, որոնք ակտիվ մասնակցություն էին ունեցել այդ հանցագործության մեջ: Դատավարության ընթացքում դատապարտվեցին 31 մեղադրյալներ` նրանցից 11-ը հեռակա և 20-ը առերես: Չորս մեղադրյալներ դատապարտվեցին մահվան: Մնացած 27 մեղադրյալները դատապարտվեցին տարբեր ժամկետներով ազատազրկման:

Այսպիսով, ռազմական դատարանը թարմ հետքերով ճանաչեց հանցագործությունը և դրա կազմակերպման համար դատապարտեց այն ժամանակվա Թուրքիայի կուսակցության և կառավարության ղեկավարներին: Հենց այդ պատճառով էլ ցեղասպանության ճանաչման պրոցեսում Ռազմական դատարանի գործունեությունը պետք է գնահատվի որպես ուղենշային: Դրա հետ միասին պատմությունը վկայում է, որ Ռազմական դատարանը կատարեց միմիայն իրադրությունից դրդված խնդիր, և ոճրագործության կազմակերպիչների և ի կատար ածողների նկատմամբ պատիժը չհասցրեց ավարտին:

Դատարանի կողմից դատապարտված երիտթուրքական գործիչներից և պաշտոնատար անձերից շատերը հետագայում հայտնվեցին Քեմալ Աթաթուրքի կողքին, և հանրապետական Թուրքիայի զինվորական և քաղաքական վերնախավում գրավեցին կարևորագույն պաշտոններ: Այդ պատճառով էլ չնսեմացնելով Ռազմական Դատարանի որոշումը՝ այնուամենայնիվ պետք է նշել, որ նրա գործունեությունը ուղենիշ էր նաև ցեղասպանության ժխտման տեսակետից, քանի որ այն հիմնականում նպատակաուղղված էր Թուրքիայի դեմ դաշնակից երկրների կողմից պատժիչ գործողությունների կանխարգելմանը:

Վերադառնալով Արգենտինայի Ֆեդերալ դատարանի 2011 թվականի որոշմանը՝ պետք է նշել, որ այն ցեղասպանության դատական հետաքննության պատմությունը վերադարձնում է իր շրջանակների մեջ: Կարելի է ենթադրել, որ դա պատահական երևույթ չէ և խոսում է այն մասին, որ հանցագործությունից 100 տարի անց աշխարհը, որը հաղթահարել էր առաջին համաշխարհային պատերազմի գրեթե բոլոր բացասական հետևանքները, պատրաստ է շրջելու հայոց ցեղասպանության էջը ևս: Աշխարհը պատրաստ է դրան: Սակայն պատրաստ չէ Թուրքիան: Նրա համար 1915 ցրտաշունչ գարունը շարունակում է մնալ անցյալ, որը պետք է մոռանալ: Այդ պատճառով էլ Թուրքիան շարունակում է ճիգեր գործադրել ցեղասպանության ժխտման ուղղությամբ և այն բանի ապացուցման համար, թե "իր պատմության ընթացքում չկան էջեր, որոնց համար պետք է ամաչել”:

Բայց արդեն XXI-րդ դարի նախաշեմն է, իսկ Թուրքիան հավակնում է դառնալ միացյալ Եվրոպայի անդամ և նույնիսկ` որպես տարածաշրջանի լիդեր՝ ակտիվ դերակատարություն ունենալ միջազգային հանրության մեջ: Թվում էր, թե այդ հանգամանքը պետք է խթան հանդիսանար Օսմանյան կայսրության ժառանգության ավելի քննադատական վերանայման և նրա անփառունակ մասի հաղթահարման ցանկության համար: Բայց առայժմ մենք դա չենք տեսնում, առավել ևս, ինչպես ցույց են տալիս վերջին իրադարձությունները, կայսրության կողմից մշակված քաղաքական տեխնոլոգիաները և մեթոդները մինչ այսօր շարունակում են նրա իրավահաջորդի համար մնալ գործառնական:

Թուրքիան շատ հեռու է կայսերական ժառանգության քննադատական վերանայումից: Եթե ժամանակ առ ժամանակ նա այդպիսի վերանայում է իրագործում, ապա ավելի շուտ իր կայսերական անցյալի էլ ավելի փառաբանման և նրա ժառանգության նկատմամբ իր անփոփոխ նվիրվածության տեսակետից: Այդպիսի վարկածը կարող է տարիմաստ թվալ, բայց հենց դա է թույլ տալիս հասկանալու ժամանակակից Թուրքիայի վարվելակերպը:

Համոզվելու համար բավական է դիմել ցեղասպանության ժխտման գործընթացին, որը նրանք հակադրում են ցեղասպանության ճանաչմանը: Ցեղասպանության ժխտման գործընթացի քննարկումը թույլ է տալիս հավաստելու, որ երկար տարիներ Թուրքիան գտնվել է ժխտման առաջին փուլում`պատմական հիշողության կորստի փուլում: Այդ փուլում Թուրքիան կտրականապես մերժում էր ցեղասպանությունը և փորձեր էր ձեռնարկում օսմանյան արխիվների մաքրման և երկրի երեսից հայերի գոյության մասին ցանկացած հիշատակության ջնջման ուղղությամբ:

Այդ նպատակով նրանք վերացրին հայկական եկեղեցիների խաչերը և ոչնչացրին տապանաքարերը: Երկրում պատժվում էր ցեղասպանության մասին ցանկացած հիշատակություն: Բայց աշխարհը շարունակում էր հիշել և ճանաչել ցեղասպանությունը: Այդ փաստի գիտակցումը Թուրքիային ստիպեց փոխել մերժման քաղաքականությունը և ջանքերը կենտրոնացնել ցեղասպանության ճանաչման գործընթացի դադարեցմանը կամ ետ շրջելուն:

Ժխտման գործընթացում դա նոր փուլ էր, որի նպատակն էր ամբողջ աշխարհին ներարկել պատմական հիշողության կորստի գաղափարը: Այդ նպատակին նրանք հասնում էին քաղաքական, տնտեսական և դիվանագիտական ճնշումների միջոցով: Ցեղասպանության ժխտման այդ փուլի իրավացիության, ինչպես նաև ճնշման ընդգրկելիության և ուժի մասին պատկերացում կազմելու համար բավական է դիմել ցեղասպանության ճանաչման վերջին իրադարձություններին:

Դրա համար մտքով տեղափոխվենք ԱՄՆ-ի Կոնգրեսի Միջազգային հարաբերությունների հանձնաժողովի նիստ, որտեղ ամերիկյան կոնգրեսմենները կանգնած էին բարոյական լուրջ փորձության առջև, մանավանդ նրանք, ովքեր հայտարարել էին, որ ցեղասպանության փաստը ոչ մի կասկած չի հարուցում: Բայց նրանք պատրաստ չէին "կողմ” քվեարկել ցեղասպանության ճանաչման օգտին` ելնելով իրական քաղաքականության շահերից, այսինքն այն նյութական և ֆիզիկական կորուստներից, որոնք իբր թե կարող է կրել կամ կկրի իրենց երկիրը Թուրքիայի հետ հարաբերությունների վատթարացման պատճառով:

Այսինքն աշխարհի առջև, որում ԱՄՆ-ը փորձում է խաղալ մարդկանց իրավունքների պաշտպանի առաջատարի դեր, ամերիկյան կոնգրեսմենները ստիպված էին խոստովանել, որ Մարդու իրավունքների հարցի վերաբերյալ նրանք քվեարկում են ոչ թե խղճի թելադրանքով և ժողովրդավարական սկզբունքներից ելնելով, այլ այսօրվա պրագմատիկ շահերից ելնելով: Այդ բանն արվում էր թուրքական պետության կամ թուրքական լոբբիի բարոյական ճնշման ներքո, որը գործում էր "ուժեղի իրավունք” սկզբունքով: Նույնը տեղի ունեցավ 2009 թվի աշնանը Շվեդիայում; Այն բանից հետո, երբ շվեդական Ռիկսդագը (պառլամենտ) ընդունեց մի բանաձև, որում XX-րդ դարասկզբի իրադարձությունները ճանաչեց որպես հայերի, ասորիների և պոնտոսի հույների ցեղասպանություն, Թուրքիայի կողմից սկսվեց բարոյա-քաղաքական ճնշում:

Տեղի տալով այդ ճնշմանը, շվեդական կառավարության ղեկավարը պաշտոնապես ներողություն խնդրեց Թուրքիայի վարչապետից: Դրանից հետո երկրի ներսում բուռն վիճաբանություններ սկսվեցին և բարձրացվեց երկրի վարչապետի սահմանադրական իրավունքի հարցը, որը հարցականի տակ էր դրել երկրի պառլամենտի որոշումը: Նշեմ, որ վերջին դեպքերից տարիներ առաջ նմանատիպ բանաձև էր ընդունել նաև Ռիգստագի արտաքին գործերի կոմիտեն: Թուրքիայի հետ բարի դրացիական հարաբերություններ ունեցող շվեդական իշխանությունները իրավացիորեն կարծում էին, թե ցեղասպանության ճանաչումը Թուրքիային կդրդի վերանայել իր անցյալը, և ձեռք բերելով ժամանակակից բարոյագիտական սկզբունքներ` դառնալ Եվրոպական միության անդամ:

Թե այն ժամանակ և թե հիմա Թուրքիայի արձագանքը արդարացրեց վատթարագույն ակնկալիքները: Հերթական անգամ ցեղասպանության ճանաչման խնդրի քննարկումը մարդու իրավունքների պաշտպանության սկզբունքի մակարդակից իջավ մինչև իրական քաղաքականության և երկու երկրների միջև իրական փոխհարաբերությունների մակարդակի: Գործի դրվեցին ճնշում գործադրելու ամեն հնարավոր լծակները, այսինքն նորից օգտագործվեց միջազգային խմբակցության կողմից մերժված "ուժի իրավունքը”, որը ժխտման այս նոր փուլի քաղաքա-տեխնոլոգիական զինանոցում հատուկ տեղ է գրավում:

"Ուժի իրավունքի” ցայտուն օրինակ ցուցադրվեց վերջերս Արգենտինայի Ֆեդերալ Դատարանի նկատմամբ: Թուրքիայի արտաքին գործերի նախարարության կողմից մեղադրանքներ հնչեցին դատարանի որոշման չհիմնավորված լինելու մեջ և սպառնալիքներ` որ այդպիսի որոշումը վնասում է արգենտինյան Դատարանի հեղինակությունը:

Այսպիսով այս անգամ ևս օգտագործվեց "ուժի իրավունքը”, որն օգտագործվում է ոչ միայն ցեղասպանություն ճանաչած երկրների հետ հարաբերություններում, այլ նաև մեր երկրի հետ: Տարբերությունն այն է, որ այն երկրների դեպքում, որոնք ճանաչել կամ պատրաստվում են ճանաչել ցեղասպանությունը "ուժի իրավունքի” սկզբունքը քողարկվում է փոխադարձ օգուտների և շահերի մասին ականջը շոյող խոսքերով, ապա Հայաստանի պարագայում նույնիսկ չեն էլ փորձում քողարկել այդ անընդունելի քաղաքական տեխնոլոգիաները:
ՇԱՐՈՒՆԱԿԵԼԻ…

ՕՍՄԱՆՅԱՆ ԿԱՅՍՐՈՒԹՅՈՒՆ
1787 reads | 18.10.2013
|
avatar

Մուտքանուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2023 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com