ՀԱՐՅՈՒՐ ՏԱՐԻ ԱՆՑ. ՀԱՅԿԱԿԱՆ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՉՄԱՆ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐԸ (ՄԱՍ ՎԵՑԵՐՈՐԴ)
ԼՅՈՒԴՄԻԼԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ 
ԵՊՀ պրոֆեսոր, սոցիոլոգ 






Պատմական ժամանակը վաղանցուկ է, շուտով կլրանա հայերի ցեղասպանության մեկդարյա տարեդարձը: Աշխարհն այլևս պատճառ չունի անվերջ սպասելու ցեղասպանությունը ճանաչելու Թուրքիայի պատրաստակամությանը: Աշխարհում առկա են բոլոր պայմանները, որպեսզի հայկական ցեղասպանությունը իրականություն դառնա:

Մասնավորապես գործում է «Ցեղասպանություն կատարած հանցագործության կանխման և նրա պատժման Կոնվենցիան», որը ցեղասպանության ճանաչման բավականաչափ փորձ է կուտակվել, ինչպես նաև ստեղծվել է կոլեկտիվ հանցանքի վերացման նախադեպ և ցեղասպանության հետևանքների հաղթահարման հանաշխարհային փորձ (մասնաորապես տեղի է ունեցել Հոլոքոստի համար գերմանական ժողովրդի վրայից կոլեկտիվ մեղքը հանելու փորձ: Նշեմ, որ դրա համար պահանջվեց հաջորդական քայլերի մի համակարգ, որն իր մեջ ներառնում էր առանձին խմբով ներկայացնել հրեշավոր նախագծի հեղինակներին` Երրորդ ռեյխի ղեկավարներին:

Նյուրնբերգյան դատարանով նրանց դատապարտել ամբողջ մարդկության անունից: Ճանաչել զոհերի` նյութական և բարոյական փոխհատուցման իրավունքը:

Արդարադատությանը վերապահել ցեղասպանական գործողություններ կատարած ցանկացած անձի դատելու իրավունքը` առանց ժամկետի վաղեմության): Ոչ պակաս կարևոր է նաև այն, որ շատ երկրներ (47 երկիր, ԱՄՆ-ի 41 նահանգ) և 15 հեղինակավոր միջազգային կազմակերպություններ արդեն ճանաչել և որակել են 1915 թվի դեպքերը որպես ցեղասպանություն:

Այլ կերպ ասած՝ աշխարհն արդեն պատրաստ է շրջելու պատմության այդ տխուր էջը: Հետևաբար ցեղասպանության ճանաչման պահանջն արդեն դարձել է ոչ միայն Հայաստանի և հայկական սփյուռքի, այլ հաև ամբողջ քաղաքակիրթ աշխարհի պահանջը:

Ցեղասպանության ճանաչման գործընթացն արդեն արագություն է հավաքել և դուրս է եկել հայ-թուրքական հարաբերությունների շրջանակներից: Այն լիովին համապատասխանում է աշխարհի` ցեղասպանության դրսևորման անթույլատրելիության և նրա հետևանքների հաղթահարման էֆեկտիվ և օրինական մեխանիզմների և մեթոդների հույժ այժմեական ուղիների փնտրտուքներին: Հայերի ցեղասպանության ճանաչման գործընթացը լիցքավորվում է ոչ միայն հայերի, այլ նաև ցեղասպանության զոհ դարձած ուրիշ ազգային փոքրամասնությունների էներգիայով:

Այդ գործընթացը լրացուցիչ էներգիա ստացավ թուրքական ամբիցիաների դեմ որպես սանձահարման գործիք ծառայելուց ևս: Սակայն Թուրքիան շարունակում է չնկատել ցեղասպանության ճանաչման այդ նոր հատկանիշները և հաշվի չի առնում այն հանգամանքը, որ չճանաչված ցեղասպանությունը կարող է լրջորեն սասանել թուրք հասարակության սոցիալական միասնությունը և ստեղծել բազմաթիվ այլ դժվար լուծելի սոցիալական խնդիրներ:

Թուրքիան չի տեսնում այդ ամենը և հետևելով մերժման ներկա փուլից` զբաղված է նոր առասպելներ և փաստերի մեքենայություններ կառուցելով: Նա ակտիվորեն օգտագործում է «նեոօսմանիզմի» դոկտրինան (Կայսերական գործողությունները գաղափարականացնող և հերոսացնող նեոօսմանիզմի «դոկտրինան», ընդհանուր առմամբ արտաքին-քաղաքական զավթողագործության գործիք է: Բայց նա բազմաֆունկցիոնալ է` ծառայում է ցեղասպանությամ ժխտմանը, ինչպես նաև ավելի բարդ նպատակների`մասնավորապես Եվրոպայի և Թուրքիայի միջև եղած հակադրության լուծմանը, հակադրություն, որի հիմքում հիմնարար արժեքների բախումն է:), որը Թուրքիային հնարավորություն է տալիս նորից վերադառնալու հետկայսերական ինքնազմայլանքի փուլին և հաստատելու «մեծ անցյալի» կերպարը` իր պատմության գաղութատիրական շրջանը նոր ձևով նկարագրելու, և մինչև վերջ չհասցված կայսերական ամբիցիաներն իրականացնելու նպատակով:

Հասկանալի է, որ այս նոր «պատմության» էջերում հայկական ցեղասպանությունը շարունակում է բացակայել: Բայց անցել են այն ժամանակները, երբ ցեղասպանության ճանաչման գործընթացը կախված էր ժխտման քաղաքականությունից:

Այսօր ճանաչման գործընթացի բարդությունները կախված են նրանից, թե ինչպես է ընթանում ցեղասպանության ճանաչումը: Այդ պատճառով էլ, եթե Թուրքիան հետագայում էլ շարունակի փաստերն ու թվերը խեղաթյուրել, եթե նա շարունակի ժխտել հանցագործության էությունը և նոր առասպելներ հորինել ցեղասպանության վերաբերյալ, ապա մեզ ուրիշ այլընտրանք չի մնում, քան պատրաստվել դիմելու Միջազգային Դատարան` «Ցեղասպանություն կատարած հանցագործության կանխման և նրա պատժման Կոնվենցիայի» IX-րդ հոդվածին լիովին համապատասխանող ցեղասպանության ճանաչման հայցով, որն ասում է` «Տվյալ Կոնվենցիայի III-րդ հոդվածի համաձայն պայմանավորվող կողմերի միջև` մեկնաբանման, կիրառման կամ իրագործման հարցերի հետ կապված, այդ թվում նաև ցողասպանություն իրականացրած այս կամ ուրիշ պետության պատասխանատվության վերաբերյալ վեճերը փոխանցվում են Միջազգային Դատարանի քննարկմանը կողմերից որևէ մեկի պահանջով»:

Այլ կերպ ասած՝ ցեղասպանության ճանաչման գործընթացի հետագա քայլերը և մեր գործողությունները կախված կլինեն այն բանից, թե կհասկանա արդյ ոք Թուրքիան այն հանրահայտ ճշմարտությունը, որ պատմական անցյալը, որպես ինքնության և զարգացման սկզբնաղբյուր, ունի երկակի իմաստ` այն կարող է ծառայել որպես հայելի` լիցքավորելով առաջ շարժվելու էներգիայով, կամ ընդհակառակը` թակարդ, որը կխաթարի նրա թռիչքը:

Հիմա Թուրքիան փորձում է լիցքավորվել կայսերական անցյալի էներգիայով, սակայն ակնհայտ է, որ եթե կայսրության պատմության այդ նոր կառուցվող առասպելում շարունակվի բացակայել հայկական ցեղասպանությունը, ապա դրանից ոչ մի լավ բան չի ստացվի:

Չճանաչված հայկական ցեղասպանությունը կթուլացնի Թուրքիայի թևերը և թույլ չի տա նրան վեր բարձրանալ: Միայն ճշմարտության խոստովանությունը և զղջումը կօգնեն Թուրքիային ազատվել անցյալի կապանքներից և ուղղել թևերը:
ՕՍՄԱՆՅԱՆ ԿԱՅՍՐՈՒԹՅՈՒՆ
800 reads | 08.11.2013
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2017 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com