ՕՍՄԱՆՅԱՆ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԾԱԳՈՒՄՆԱԲԱՆՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ (մաս երկրորդ)
![]() Թուրքագետ, ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն ՍԿԻԶԲԸ՝ ![]() Սկզբնական շրջանում օսմանցիների թվաքանակը չէր անցնում 400 ընտանիքից: Նրանց գոյության հիմնական աղբյուրը, ինչպես նաև գլխավոր զբաղմունքը, տեղաբնակ քրիստոնյա խաղաղ հողագործ բնակչության կողոպուտն ու ասպատակությունն էր, որին մասնակցում էր ողջ ցեղը, կանայք և երեխաները ներառյալ, ինչպես դա ընդունված էր քոչվոր ցեղերի մոտ: Սակայն արդեն Օսմանի օրոք որոշում է ընդունվում ավելի կազմակերպված բնույթ հաղորդել ռազմական գործողություններին, այդ նպատակով ստեղծվում են աքընջըների հեծելազորային ստորաբաժանումները: Այդ ոչ կանոնավոր ջոկատները, փաստորեն, լավ զինված հրոսակախմբեր էին, որոնք աչքի էին ընկնում իրենց դաժանությամբ: Հետագայում աքընջըները դարձան օսմանյան բանակի կարևոր ստորաբաժանումներ, որոնք սկսում էին իրենց գործողությունները հիմնական զորքից երկու օր առաջ: Նրանց հիմնական խնդիրն էր ոչնչացնել եւ թալանել հակառակորդի գույքը, հրկիզել հանդիպակաց քաղաքները և գյուղաքաղաքները և ոչ մեծ ջոկատներով ցրվելով հակառակորդի երկրում, սարսափ տարածել բնակչության շրջանում: Ուչբեյությունը չուներ հստակ սահմաններ, այդ պատճառով օսմանցիների ասպատակությունների զոհ էին դառնում ինչպես իրենց անմիջական իշխանության տակ գտնվող քրիստոնյաները, այնպես էլ հարևան բեյությունների կամ էլ սահմանակից Բյուզանդիայի հպատակները: Օսմանյան ուչբեյությունը սկզբնական շրջանում ոչնչով չէր տարբերվում Իկոնիայի սելջուկյան սուլթանության արևմտյան սահմանամերձ տարածքներում գոյություն ունեցող այլ ուչբեյություններից: Այստեղ լիովին իշխում էին կառավարման աշիրեթային (տոհմացեղային) ձևերը, որոնք համապատասխանում էին թյուրքական ցեղերի այն ժամանակվա մակարդակին եւ նպատակաուղղված էին զինված կողոպուտի առավել օպտիմալ կազմակերպմանը: Սոցիալական կառուցվածքը պարզունակ էր: Փաստորեն, օսմանյան ուչբեյությունում ողջ ցեղը իրենից ներկայացնում էր իշխող խավ, տեղաբնակ քրիստոնյա բնակչության կոլեկտիվ հարստահարիչ: Նրա անդամների միջև էր բաժանված ողջ հողատարածքը՝ իքթաների (պայմանական տիրույթների) տեսքով: Սակայն, օգտվելով իրենց աշխարհագրական դիրքի ընձեռած հնարավորություններից՝ անմիջական սահման այն ժամանակվա քրիստոնյա աշխարհի առաջատար ուժի՝ Բյուզանդական կայսրության հետ, օսմանյան բեյերը կարողացան իրենց նվաճողական նկրտումներին հաղորդել ջիհադի կամ ղազավաթի («անհավատների դեմ սրբազան պատերազմի») ձև և հանդես գալ որպես ողջ մահմեդական աշխարհի ներկայացուցիչներ: Դա նրանց հնարավորություն տվեց կենտրոնացնել իրենց ձեռքերում զգալի ուժ և հիմք նախապատրաստել լայնածավալ էքսպանսիայի համար: Օսմանյան բեյությունը դարձավ մոլեռանդ եւ արկածախնդիր անհատ ղազիների՝ անհավատների դեմ զինված պայքարի առաջամարտիկների կամ էլ նրանց այլևայլ խմբավորումների հավաքատեղի, որոնք այստեղ են համախառնվում Փոքր Ասիայի այլ բեյություններից: Միջնադարյան թուրք պատմիչ ու բանաստեղծ Աշըք Փաշազադեն իր տարեգրության մեջ, բացի ղազիներից, հիշատակում է նաև երեք այլ համանման խմբավորումներ՝ լավ կազմակերպված, մահմեդական աշխարհի տարբեր տարածաշրջաններում լայնորեն տարածված ու մեծ համբավ վայելող դերվիշներից և ախիներից, ինչպես նաև մարտնչող կանանցից կազմված: Դրանց պետք է ավելացնել նաև մահմեդական զանազան թարիքաթների (միստիկական եղբայրությունների) բազմաթիվ ներկայացուցիչներին: Այդ կազմակերպությունները կարևոր դեր կատարեցին օսմանյան պետականության կայացման մեջ: Մասնավորապես ախիները նպաստեցին կործանումից փրկված քաղաքների կյանքի վրա թուրքերի հսկողության հաստատմանը: Մյուսները, համալրում էին ուլեմաների դասի շարքերը, որոնց դերը օսմանյան բեյությունում չափազանց մեծ էր: Այդ մահմեդական ֆանատիկոս կղերները ղեկավարում էին ձևավորվող պետական կառույցների մեծ մասը: Սակայն նրանց գլխավոր խնդիրն էր զենքի ուժով «տարածել իսլամը անհավատների» շրջանում: Նրանցից շատերը մասնակցում էին ռազմական գործողություններին և, ինչպես գրում է թուրք պատմաբանը, «մի բուռ մյուրիդների (աշակերտների Ռ. Ս.) հետ միասին ճզմում էին հազարավոր թշնամիների»: Նույն ախիները, ինչպես նաև կղերականները մեծ նշանակություն ունեցան օսմանյան բանակի առաջին կիսականոնավոր ու կանոնավոր ստորաբաժանումների ստեղծման համար: Մասնավորապես, կադիների ղեկավարության ներքո կազմավորվեցին առաջին ենիչերիական ջոկատները: Օսմանյան առաջին բեյերը նույնիսկ պաշտոնապես էին դիմում Փոքր Ասիայի այլ թյուրքական բեյություների ղեկավարներին, խնդրելով զինված օգնություն ցուցաբերել իրենց՝ արևմուտքում «սրբազան պատերազմ» վարելու համար, և աջակցություն էին ստանում նրանցից շատերից: Օսմանյան բեյության հզորացման մեջ կարևոր դեր կատարեցին նաև Փոքր Ասիայից այստեղ մեծ քանակությամբ քոչած յուրյուկները և թաթարները (վաչկատուն թյուրքական ցեղեր): Նրանց այստեղ գրավում էր հարուստ ավարի հնարավորությունը: Ինչպես վկայում է թուրք պատմաբանը, նրանց միջավայրում նույնպես ակտիվություն էին ցուցաբերում ֆանատիկոս դերվիշները, որոնք դարձել էին զարգացման շատ ցածր մակարդակի վրա գտնվող և շամանիզմի ազդեցությունից դեռևս լիովին չձեռբազատված այդ քոչվորների հոգևոր առաջնորդները: Այդ դերվիշների բարոյական հատկանիշների մասին պատկերացում է տալիս օսմանյան վաղ միջնադարի լավագույն գիտակներից մեկի՝ Ֆուադ Քյոփրյուլյուի քալենդերիյե թարիքաթին պատկանողների բնութագիրը, համաձայն որի նրանք աչքի էին ընկնում իրենց «նիհիլիզմով» և «ահավոր իմմորալիզմով»: Օսմանյան բեյերին և հետագայում՝ սուլթաններին հաջողվեց յուրյուկների ու թաթարների խոշոր զանգվածների առկայությունը օգտագործել, ինչպես նշում է մեկ այլ թուրք պատմաբան, «պետության համար ամենաբարենպաստ ձևով»: Այդ «բարենպաստ» ձևերից էին նրանց օգտագործումը նվաճված հողերի գաղութացման համար, ինչպես նաև, որպես հիմնական զինուժ: Յուրյուկների և թաթարների մի մասին նվաճված տարածքներից հատկացվում էին ոչ մեծ հողակտորներ (չիֆթլիք ), նրանց վրա պարտավորություն էր դրվում մշակել այն և անհրաժեշտության դեպքում մասնակցել զինված գործողություններին յայաների ու մյուսելլեմների նորաստեղծ ջոկատներում, դրա փոխարեն նրանք ազատվում էին հարկերի վճարումից, իսկ ռազմական գործողություններին մասնակցելու ընթացքում՝ ստանում էին ռոճիկ: Այդ ստորաբաժանումները ստեղծվեցին համաձայն նախապես պատրաստված ծրագրի, որի հեղինակն էր ուլեմաների դասի ներկայացուցիչ Ջենդերելի Քարա Հալիլը, որը կապված էր ախիների եղբայրության հետ: Պատահական չէր նաև այն հանգամանքը, որ յայաները ու մյուսելլեմները ստացան հատուկ համազգեստ, որը կրկնօրինակում էր ախիների հագուստը: Այդ համազգեստը, գրում էր մեկ այլ ուլեմա` Հոջա Սադեդդինը, որը վկայում էր նրանց արտոնյալ դիրքի մասին: | |
ՕՍՄԱՆՅԱՆ ԿԱՅՍՐՈՒԹՅՈՒՆ | |
3019 reads | 23.02.2013
| |