ՕՍՄԱՆՅԱՆ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԾԱԳՈՒՄՆԱԲԱՆՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
ՌՈՒԲԵՆ ՍԱՖՐԱՍՏՅԱՆ
Թուրքագետ, ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն







Օսմանյան պետության ծագումնաբանության խնդիրը կարևորվում է նրանով, որ, ինչպես ընդգծում են ժամանակակից մասնագետներից շատերը, օսմանյան պետության հետագա պատմական զարգացման առանձնահատկությունները զգալիորեն պայմա-նավորված էին ծագումնաբանության փուլի առանձնահատկություններով: Օսմանյան պետության ծագումնաբանության առանձնահատկությունները բացատ-րող երկու հիմնական տեսություններ կան, որոնք առաջ են քաշվել դեռևս անցյալ դա-րում, սակայն մինչև այսօր չեն կորցրել իրենց նշանակությունը: Նրանցից առաջինի հե-ղինակն է բրիտանացի օսմանագետ Փոլ Վիթեքը, որը գտնում էր, որ օսմանյան պետութ-յունը իր գոյության առաջին փուլում հանդես էր գալիս որպես ղազիների պետություն (Ghazi State), այդպիսով` նախապատվություն տալով իսլամի կրոնի ռազմատենչ մեկ-նաբանության վրա հիմնված գաղափարական միասնությանը` որպես գլխավոր պետա-կանաստեղծ գործոնի:

Անցյալ դարի 70-80 - ական թվականներին այս տեսակետը սուր քննադատության ենթարկվեց ինչպես թուրք, այնպես էլ մի քանի արևմտյան օսմանագետների կողմից: Քննադատները հիմնականում բերում էին հետևյալ, պատմական իրականությանը չհա-մապասխանող փաստարկը. ինչպե՞ս կարող էին օսմանյան պետության հիմնադիրները լինել մոլեռանդ ու քրիստոնյաների նկատմամբ անհանդուրժող ռազմատենչ ղազիներ, եթե օսմանյան այդ պետությունը աչքի էր ընկնում ՙկրոնական հանդուրժողականութ-յամբ՚: Արժե հիշատակել, որ այդ թեզի հեղինակը` ճանաչված օսմանագետ Հալիլ Ինալ-ջըքը իր ավելի վաղ աշխատություններում պաշտպանում էր ՙղազիների պետության՚ հայեցակարգի կողմնակից: Նա գրում էր, որ դրանով կարելի է բացատրել օսմանյան պետությանը հատուկ ռազմատենչ բնույթը:

Փոլ Վիթեքի տեսությունն ունի նաև իր կողմնակիցները մեր օրերի օսմանագետների շրջանում: Նրանցից կարելի է նշել Մեթին Հեփերի տեսակետը, որ գտնում է, որ այն հանգամանքը, որ օսմանայն պետությունը առաջացավ որպես ՙղազիների պետութ-յուն՚, հանգեցրեց նրան, որ բանակը ՙբանալի՚ դերակատարում ստացավ: ԱՄՆ-ում բնակվող, ազգությամբ թուրք պատմաբան Ջեմալ Քաֆադարը, մասնակի ընդունելով Վիթեքի տեսությունը, ընդգծում է, թե օսմանյան պետության ծագումնաբա-նությունը պետք է դիտարկել որպես երկարատև, շուրջ հարյուր հիսուն տարի տևած գործընթաց, որի ընթացքում օսմանյան նվաճողները գերիշխանության հասնելու ու պահպանելու նպատակով օգտագործում էին բազմաթիվ միջոցներ, այդ թվում նաև ղա-զիական գաղափարախոսությունն ու քաղաքականությունը:

Մյուս տեսությունը ստեղծել է թուրք պատմաբան Ֆուադ Քյոփրյուլյուն: Համաձայն վերջինիս, օսմանյան պետության առաջացումը պայմանավորված էր առաջին հերթին թուրքական էթնիկական գործոնով: Այդ տեսությունը մեծաթիվ կողմնակիցներ ունի հիմ-նականում թուրք պատմաբանների շրջանում: Նախապատվությունը տալով Պ. Վիթեքի տեսությանը` ընդգծենք, որ այն պետք է լրացվի անդրադարձով օսմանցի թուրքերի կողմից ուժային միջոցների կիրառման ա-ռանձնահատկություններին: Իրենց պատմության ամենավաղ շրջանից սկսած, նրանք ընկալում էին իրենք իրենց որպես առաջամարտիկներ՝ քրիստոնյաների դեմ պայքա-րում: Այդ ստեղծում էր թուրքերի միջավայրում, իհարկե, համապատասխան ավանդույթ-ների և հաստատությունների առկայության պայմաններում, հակաքրիստոնեական ռազմատենչ մոլեռանդության յուրահատուկ մթնոլորտ և թելադրում էր մեկ գերխնդիր՝ նվաճումներ ջիհադի քողի ներքո: 13-14-դդ. օսմանյան պետությանը բնորոշ էին համե-մատաբար միատարր բնույթը, կրոնական մոլեռանդությունն ու գերռազմականացումը: Նրա գոյությունը հիմնականում ապահովվում էր զինված թալանի միջոցով, իսկ պետա-կան գաղափարախոսությունը՝ արտաքին ու ներքին ջիհադի հայեցակարգն էր: Այդ տե-սական դրույթով է պայմանավորված օսմանայն պետության ծագումնաբանության ա-ռանձնահատկությունների մեր ընկալումը:

ՇԱՐՈՒՆԱԿԵԼԻ...

ՕՍՄԱՆՅԱՆ ԿԱՅՍՐՈՒԹՅՈՒՆ
3203 reads | 12.02.2013
|
avatar

avatar
1
Շատ հետաքրքիր է, եթե թույլ տաք ես այն կտեղադրեմ մեր միջազգային կայքում, որը կթարգմանվի նաև անգլերն
avatar
2
Հարգելի Կարապետ, մենք, բնականաբար, դեմ չենք, եթե, իհարկե, կլինի www.diplomat.am-ի և հեղինակի անվան հղումը:

Մուտքանուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2023 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com