ՕՍՄԱՆՅԱՆ ԿԱՅՍՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ 1890 ԹԹ. ԿԵՍԵՐԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՏՈՐԱԾՆԵՐԻ ԳԻՏԱԿԱՆ ԳՆԱՀԱՏԱԿԱՆԸ
ՌՈՒԲԵՆ ՍԱՖՐԱՍՏՅԱՆ
Թուրքագետ, ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն





Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության քաղաքականության առաջին փուլը ընդգրկում է 19-րդ դարի 90-ական թթ. կեսերը: Այդ քաղաքականության նախապատրաստումը սկիզբ առավ Բեռլինի համաժողովում Հայկական հարցի միջազգայնացումից հետո, երբ Արևմտյան Հայաստանում բարենորոգումների խնդիրը դարձավ ժամանակի կարևոր միջազգային խնդիրներից մեկը: Այդ շրջանի կայրության ղեկավարները և առաջին հերթին ինքը` սուլթան Աբդուլ Համիդ Երկրորդը գտնում էին, որ բարենորոգումները կհանգեցնեն Արևմտյան Հայաստանի` ինքնավար կարգավիճակի դեռքբերմանը և հետագայում` անկախացմանը: Այդ պատճառով նրանք, Մեծ տերությունների ճնշման ներքո ստիպված լինելով ձևականորեն ընդունել Արևմտյան Հայաստանի վիլայեթներում բարենորոգումների ծրագիրը, իրականում ամեն կերպ խուսափում էին այն իրականացնել: 

Հատկանշական է Աբդուլ Համիդի խոստովանությունը Գերմանիայի կայսրիին. «Նախընտրում եմ մեռնել, քան թե ընդունել Արևելյան Անատոլիան [Արևմտյան Հայաստանը - Ռ.Ս.] ինքնավարությանը տանող բարենորոգումները»: Խուսափել բարենորոգումներից կարելի էր վերացնելով Արևմտյան Հայաստանի հայ ազգաբնակչությանը կամ կամ կտրուկ պակասեցնելով նրա թվաքանակը: Այդպիսով, հայ ժողովրդի բնաջնջումը իր պատմական Հայրենիքի տարածքի վրա դարձավ Աբդուլ Համիդի քաղաքականության հիմնական նպատակը: 

Հայոց ցեղասպանության համիդյան փուլի քաղաքականության նախապատրաստումը ունեցել է մի շարք առանձնահատկություններ: Թերևս, նրանցից ամենակարևորը այնն է, որ այն, ի տարբերություն երիտթուրքերի շրջանի ցեղասպանության, ընթացել է կառավարող քաղաքական կուսակցության բացակայության պայմաններում: Դրա հետևանքով ողջ նախապատրաստական աշխատանքը տեղի է ունեցել պետական կառավարման բարձրագույն մարմնի ընդերքում, այլ ոչ թե իրականացել է կառավարող կուսակցության ղեկավար շրջանակների կողմից, ինչպես այդ կատարվեց երիտթուրքական կուսակցության կենտրոնական կոմիտեի մի շարք անդամների կողմից: Հայտնի է, որ Աբդուլ Համիդը կայսրությունում հաստատել էր իր միահեծան կառավարումը և ինքն էր միանձնյա ընդունում քաղաքական կարևոր որոշումները: Նա անմիջականորեն ղեկավարում էր նաև հայ ժողովրդի նկատմամբ վարվող քաղաքականությունը: Նրա մոտեցումը հայ ժողովրդի նկատմամբ շատ հստակ կերպով արտահայտվեց հետևյալ բնութագրման մեջ, որը մեջբերում են հենց թուրք հեղինակները. «Հայերը դեգեներացված ժողովուրդ են… Նրանք միշտ ծառաներ են եղել»: 

Պատահական չէր, հայ ժողովրդի մասին նման կարծիք ունեցող թուրք սուլթանը ընտրել էր Հայկական հարցը՝ Հայաստանը հայաթափ անելու միջոցով լուծելու ճանապարհը: Նրա երկարամյա անձնական քարտուղար Թահսին փաշան իր հուշերում խոստովանում է, որ սուլթանը որոշել էր «հայերի դեմ վարել բռնությունների քաղաքականություն»: Եվ այդ բռնությունների քաղաքականության հեղինակը կյանքի վերջում գրի առնված իր հուշարություներում զարմանում էր, թե ինչու՞ են իրեն անվանում «Կարմիր գազան»: 

Աբդուլ Համիդի կողմից ստեղծված կառավարման համակարգը հիշեցնում էր բուրգ, որի գաաթում գտնվում էր սուլթանական պալատը` Յըլդըզ քյոշքը: Անծայրածիր կայսրության արտաքին և ներքին քաղաքականությունը մշակվում էր հենց այստեղ, իսկ կառավարությունը պարզ կատարողի դերում էր: Օսմանյան արխիվների վավերագրերը վկայում են, որ Աբդուլ Համիդը հեռագրական կապի միջոցով անձամբ ղեկավարում էր նաև տեղական իշխանությունների գործունեությունը, տալով նրանց համապասխան կարգադրություններ հայերի նկատմամբ վարվող քաղաքականության վերաբերյալ, այդպիսով շրջանցելով կառավարությանը:

ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ՝ ԱՅՍՏԵՂ
ՕՍՄԱՆՅԱՆ ԿԱՅՍՐՈՒԹՅՈՒՆ
2807 reads | 20.03.2013
|
avatar

Մուտքանուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2023 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com