ՌԱԴԻՈՔԱՐՈԶՉՈՒԹՅՈՒՆԸ 2-ՐԴ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՊԱՏԵՐԱԶՄՈՒՄ. ԱԴՈԼՖ ՀԻՏԼԵՐԻ ՍԵՎ ՊՐՈՊԱԳԱՆԴԱՆ
«Զանգվածային լրատվամիջոցները պակաս
վտանգավոր չեն զանգվածային ոչնչացման միջոցներից»:
Պյոտր Կապիցա /ռուս ֆիզիկոս/


20-րդ դարի առաջին տասնամյակում ռուս Ա. Պոպովի և իտալացի Գ. Մարկոնիի համատեղ գյուտը ընդլայնեց հեռահար քարոզչության հնարավորությունները. Երկրորդ համաշխարհայինի թատերաբեմում հայտնվեց ռադիոն: Էլեկտրամագնիսական ազդանշաններ ընդունող պարզագույն ռադիոսարքերը նախագծեցին հոգեբանական պատերազմների ժամանակակից մեթոդներն ու ուղղությունները:

Ռադիոն ընդգրկում էր ավելի ավելի լայն լսարան և ի տարբերություն տեղեկատվական թերթիկների ու թերթերի՝ գրագիտություն չէր պահանջում: Բացի այդ, եթե հնարավոր էր կանխարգելել հակառակորդի թերթերի տարածումը ռազմաճակատում և բնակչության շրջանում, ապա ռադիոալիքների ներթափանցման դեպքում դա բավական դժվար էր: Այն վերահսկվում էր միայն հարկադիր օրենքներով և համապատասխան պատիժներով՝ բանտարկությունից մինչև մահապատիժ:
Պատերազմի ընթացքում ԽՍՀՄ-ը քարոզչությունն իրականացնում էր գաղտնի և անլեգալ ռադիոկայանների միջոցով: Դրանցից էր «Ազատ Գերմանիա» ռադիոկայանը, որը հեռարձակվում էր հետևալ բովանդակությամբ. «Ուշադրությու՜ն, եթերում է «Ազատ Գերմանիան» 37, 47,43 հաճախականություններով: Մենք խոսում ենք գերմանական ժողովրդի անունից: Կոչ ենք անում փրկել պետությունը: Ուշադրություն, եթերում է «Ազատ Գերմանիա» ռադիոկայանը»:

«Գերմանիայի ազգային ռադիոկայանը» պատկանում էր Գերմանիայի Կոմունիստական կուսակցությանը: Այն գործում էր Իսպանիայում 1933-1939թթ, սակայն ստեղծում էր տպավորություն, որ գտնվում է Երրորդ Ռեյխի տարածքում: Գերմանիայի քաղաքացիներին այն կոչ էր անում. «Ուշադրությու՜ն, դուք լսում եք քրիստոնեական ռադիոն 38.52 կարճալիք հաճախականությամբ: Կաթոլիկնե՜ր, քրիստոնյանե՜ր. եղեք ուժեղ Հակաքրիստոսի դեմ պայքարում: Խիզախություն և հավատ առ Աստված Քրիստոսի սիրեցյալ իմ եղբայրներ»:

Ակտիվ ռադիոքարոզչությամբ էր զբաղվում նաև «Հոգիների ձայն» անլեգալ ռադիոկայանը:

ԱՄՆ-ում քարոզչական հզոր համակարգ ստեղծելու կոչով 1942-ի հունվարի 6-ին Կապիտոլիումում ելույթ ունեցավ նախագահ Թ. Ռուզվելտը. «…աշխարհը չափազանց փոքր է բավարար կենսական տարածք հատկացնելու Հիտլերին և Աստծուն… Երբեք չի կարելի փոխզիջման հասնել Բարու և Չարի միջև…»:

Վերոհիշյալից հետևում է, որ հակահիտլերյան քարոզչությունը կառուցվում էր Ա. Հիտլերի սատանայական կերպարի կարծրատիպերով: Ակնառու ռադիոմեկնաբան Հանս Ֆրիչեի հակաքարոզչական ռադիոհաղորդումները արդյունավետորեն ապակողմնորոշում էին գերմանական հասարակությանը: Դրանց ոճական և կառուցվածքային հատկությունների շնորհիվ ունկնդիրները համակվում էին անմիջական մասնակցության զգացողությամբ: «Ոչ մի ուրիշ ռադիոմեկնաբան չուներ անսպառ հակասությունների բարդ ցանացում ռադիոունկնդիրներին մոլորեցնելու այդքան տաղանդ»:
Մեծ Բրիտանիայում քարոզչական գաղտնի գործողությունների ղեկավար Ա. Դիմլերը խաղում էր գերմանացի վետերան սպայի դեր բրիտանական անլեգալ ռադիոկայաններից մեկում և խեղաթյուրում ռազմաճակատային իրադարձությունները: Օբյեկտիվության պատրանք ստեղծելու նպատակով իր քննադատություններում չէր խնայում ոչ Արևմուտքի առաջնորդներին, ոչ էլ Նացիոնալ-սոցիալիստական կուսակցության պարագլուխ Ադոլֆ Հիտլերին:

Առաջին համաշխարհայինի քարոզչական փորձը հարկադրեց գերմանացիներին ամենայն լրջությամբ ուսումնասիրել պրոպագանդայի տեխնիկան և դրա նրբությունները: Գերմանական քարոզչական կամ «ուղեղների լվացման» մեքենան գործի դրվեց արագ և կտրուկ: Հիտլերյան իշխանության նախասկզբնական տարիներին (1930-ական թթ.) ռադիոհեռարձակումը հանձնվեց Լուսավորչության և քարոզչության նախարարության վերահսկողությանը, որի նախարարն էր ֆաշիզմի մոլի ջատագով Յոզեֆ Գեբբելսը: Նրա հրամանով համակենտրոնացման ճամբար էին ուղարկվում բոլոր նրանք, ովքեր դիմադրում էին նացիստական ճնշմանը և համարվում էին «այլախոհներ»: Նացիոնալ-սոցիալիստների կարգախոսն էր՝ «Ռադիոն յուրաքանչյուրի տանը»: Բնակչության համար ստեղծվեցին պարզ և էժանագին ռադիոընդունիչներ, որոնց ժողովուրդը ծաղրաբար անվանում էր «Գեբբելսի մռութ»: Գերմանիայի անօրինական ռադիոկայաններից յոթից մեկը գործում էր ԽՍՀՄ-ում և ներկայանում «Հին լենինյան գվարդիա»-ի անունից:

Նացիստական քարոզչության հիմնական սկզբունքներն էին.
ա) քարոզչական գործունեությանը խորթ են հումանիզմի և գեղեցիկի և ընկալումները. «Թշնամուն պետք է ապաբարոյականացնել և պասիվացնել,-հաստատում է Հիտլերը,-հոգևոր խուճապ, զգացմունքների ներհակություն, անվճռականություն. ահա մեր զենքը»: Պետք է շոշափել մարդկանց պատվախնդրությունը և արժանապատվությունը, ենթարկել ֆանատիզմի վատագույն դրսևորումներին, հաճույքների մեծ չափաբաժիններով հասցնել անտարբերության երևույթների և իրադարձությունների նկատմամբ: Այս առնչությամբ Յ. Գեբբելսը հիմնավորում է. «Ինչքան ուզում են թող ասեն, որ մեր քարոզչությունը աղաղակող, կեղտոտ և անասնական է, խախտում է պատշաճությունը. թքա՜ծ: Այս պահին դա կարևոր չի: Կարևորն այն է, որ հասնենք հաջողության. ահա և վերջ»:
բ) քարոզչությունը պետք է հասցեագրվի մասսաներին, այդ իսկ պատճառով այն չունի գիտական մակարդակ:
Այս երկու սկզբունքների համաձայն հաստատվեցին տպագիր միջոցների հրատարակչության օրենքները.
1-ին օրենք՝ բովանդակության պարզեցում, որոնք չեն պահանջում ուղեղի բարդ իմացական գործընթացներ,
2-րդ օրենք՝ նյութի ծավալային սահմանափակում
3-րդ օրենք՝ տեղեկատվության անընդմեջ կրկնում
4-րդ օրենք՝ սուբյեկտիվության դրսևորում, այսինքն անհրաժեշտ է հաշվի առնել լսարանի հետաքրքրասիրությունը, պահանջմունքները, դիրքորոշումները: Այս օրենքը Գեբբելսի գործելակերպի առանձնահատուկ կետն է. «Նահանգում ելույթ ունենալիս ես չեմ խոսում այնպես, ինչպես Բեռլինում, իսկ Բայրեյթի բնակչության համար ես ընտրում եմ բոլորովին այլ խոսքեր ի դեմս բեռլինցիների: Սա կյանքի փորձ է, այլ ոչ տեսություն»:
5-րդ օրենք՝ էմոցիոնալ ճնշում. «Մարդն ավելի շատ տրվում է զգացմունքներին: Այդ իսկ պատճառով առանց բացառության, բոլոր դեպքերում կարելի է սպասել հաջողության, եթե հասցեագրենք զգացմունքներին, այլ ոչ թե գիտակցությանը» (1944թ.-ի «Ռազմական քարոզչության հիմնական դրույթներ»):

Հիտլերականները տարածում էին նաև տեղեկատվական թերթիկներ և գրքուկներ: Այդ գրքույկներից մեկը կոչվում էր «Ոչ մարդ»: Այն իր բովանդակությամբ վիրավորում էր ոչ միայն ռուսների և հրեաների, այլև մյուս արևելյան ազգերի էթնիկ ինքնասիրությունը՝ նրանց անվանելով կեղտոտ մոնղոլոիդներ, անասուններ, վիժվածքներ: Խորհրդային միությունը համարում էին համաշխարհային ժանտախտ, խոց, մարդկության ամենակուլ հրեշ: Նույնիսկ խորհրդային բանակի համար չէին օգտագործում «զինվոր» բառը, այլ կոչում էին կարմիրբանակայիններ, բոլշևիկներ կամ կոմունիստներ: Գերմանացի զինվորները նամակներ էին գրում ԽՍՀՄ-ում մարդկանց շահագործման, սովի, ահաբեկչության և նույնիսկ գորշ քաղաքների և մռայլ փողոցների մասին:

Հիտլերականները համարվում էին ռազմական քարոզչության նորարարները: Կազմավորվում էին հատուկ ջոկատներ, որոնց անդամները տիրապետում էին լրագրության հիմունքներին և ռազմական տեխնիկային: Դրանք տեղեկատվություն էին մատակարարում Երրորդ Ռեյխի ԶԼՄ-ներին, զբաղվում ենթաքարոզչությամբ հակառակորդ բանակին և բնակչությանը հոգեբանորեն տարորոշելու նպատակով:

ԱՆԻ ՍԱՄՍՈՆՅԱՆ
ԻՆՖՈՐՄԱՑԻՈՆ ՊԱՏԵՐԱԶՄՆԵՐ
3063 reads | 21.02.2013
|
avatar

Մուտքանուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2023 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com