ԶԼՄ-Ը՝ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԸՆԿԵՐ
Նախարարը չպետք է բողոքի թերթերից
և ոչ էլ թերթ կարդա: Նա պետք է գրի այդ թերթերը:
Շառլ դը Գոլ



Գոյություն ունի մարդու վարքի վրա ներգործելու քաղաքականության երկու դրդապատճառ: Այն է՝ դրդել մարդկանց նպատակաուղղված գործողությունների, ինչպես նաև կանխարգելել անցանկալի հասարակական շարժումները, ցույցերը և բողոք արտահայտող այլ միջոցառումները:

Լրագրության պատմությունը վկայում է, որ համաշխարհային մասշտաբով բոլոր հեղափոխական և հակահեղափոխական շարժումների էպիկենտրոնում եղել են մամուլը, ռադիոն և հեռուստատեսությունը (1789թ՝. Ֆրանսիա, 18-րդ դար՝Հյուսիսային Ամերիկա, 1917թ.՝ սոցիալիստական մեծ հեղափոխություն, 2003-2004թ.՝ Վրաստան և այլն):
Քաղաքական քարոզչությունն իրականացվում է զանգվածային լրատվամիջոցների քաղաքական գործառույթներով՝ տեղեկատվական, կրթական, քաղաքական-սոցիալականացման և վերահսկիչ քննադատական:

Քաղաքագետների եզրահանգմամբ լրատվամիջոցները կուսակցություններից յուրացրել են քաղաքական սոցիալականացման գործառույթը և իրականացնում են ավելի արդյունավետ, հատկապես ընտրական գործընթացներում: Ֆրանսիացի սոցիոլոգ Ժ. Պ. Գուրվիչի հաստատմամբ ներկա ժամանակներում Արևմուտքում ձևավորվում է «հեռուստավարական» պետական համակարգ: Հեռուստատեսությանը՝ որպես քարոզչության նպատակահարմար միջոցի տրվող նախապատվությունը պայմանավորված է դրա պատկերային և ոճական առանձնահատկություններով:

Ի տարբերություն մամուլի, հեռուստատեսությունը հասանելի է նաև անգրագետ և կիսագրագետ զանգվածներին: Այն ունի հուզական ներգործության լայն հնարավորություններ: Բացի այդ, պատկերի և ձայնի համադրմամբ մարդու մի քանի զգայարաններ են ձևավորում մտապատկերներ, և արդյունավետ է աշխատում հիշողությունը: Կա ևս մեկ առավելություն՝ տեխնիկական լայն հնարավորությունների շնորհիվ (մոնտաժ) կարելի է ստեղծել պատկերային պատրանք կամ խեղաթյուրել իրողությունները:

Ցանկացած քաղաքական էլիտա ունի իր «բարձրախոսը» մամուլի շրջանակներում: Դրանք կոչվում են էլիտար թերթեր, որոնք մեծամասամբ ներկայացնում են կառավարության պաշտոնական դիրքորոշումները և մասնակիորեն զբաղվում իշխանամետ քարոզչությամբ: Ամերիկացի լրագրության տեսաբան Ու. Շրամի մոտեցմամբ այդ թերթերն անդրադառնում են ներպետական և միջազգային իրադարձություններին, բացառում սոցիալական խոցելի հիմնախնդիրների, աղմկահարույց նյութերի և կառավարության մասին քննադատական մեկնաբանությունների լուսաբանումը: Խոսում են միայն քաղաքական, տնտեսական, սոցիալական ձեռքբերումների և առաջընթացի մասին: Սակայն էլիտար թերթերի մտահոգությունը ապագայի հանդեպ չունի հասարակական բնույթ. այն ավելի շատ մտահոգություն է այն սոցիալ- տնտեսական համակարգի մասին, որն ապահովում է իշխող էլիտայի և կառավարության շահերը: Ինչպես նաև կառավարում են հասարակական կարծիքը, այլ ոչ թե հաշվի նստում դրա հետ:
Ամերիկյան լրագրության տեսաբանները առանձնացրել են աշխարհի տիպիկ էլիտար թերթերը: Դրանք են. «Նյու-Յորք թայմս» (ԱՄՆ, Նյու-Յորք 1851թ.), «Թայմ» (ԱՄՆ, Նյու-Յորք 1923թ.), «Կրիսչեն սայենս մոնիտոր» ( ԱՄՆ, Բոսթոն 1908թ.), «Գարդիան» (Մեծ Բրիտանիա, Մանչեսթեր 1821թ.), «Նոյե ցյուրխեր ցայտունգ» ( Շվեյցարիա ), «Վաշինգտոն փոստ» (ԱՄՆ, Վաշինգտոն 1877թ.), «Լա պրենսա» (Արգենտինա, Կոստա-Ռիկա 1889թ.), «Ասախի սիմբուն» (ճապոնիա, Օսակի 1879թ.), «Ֆրանկֆուրտեր ալգեմայնե ցայտունգ» (Գերմանիա 1949թ.):
ՀՀ-ում իշխանության ձայնը «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթն է:

Անի Սամսոնյան
ԻՆՖՈՐՄԱՑԻՈՆ ՊԱՏԵՐԱԶՄՆԵՐ
1535 reads | 16.03.2013
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2017 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com