ԵԳԻՊՏՈՍՈՒՄ ՀԱՅԵՐԸ 8 ՄԼՆ ՄԱՐԴ ԵՆ ՍՊԱՆԵԼ... ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԶԼՄ-ԵՐԻ ՔԱՐՈԶՉԱԿԱՆ ԱՐՇԱՎԸ
ԱՆԻ ՍԱՄՍՈՆՅԱՆ
«Արմնյուզ» հեռուստաընկերութ
յան լրագրող, վերլուծաբան







Ադրբեջանական ATV International արբանյակային քառալեզու (հայերեն, ռուսերեն, պարսկերեն և անգլերեն) հեռուստաալիքի ATV News International լրատվական հայալեզու թողարկումների մոնիթորինգի վերլուծությունները վկայում են, որ լուրերում հիմնական ասելիքի տասը թեմաները վերաբերում են ՀՀ-ի և ԼՂՀ-ի հիմնախնդիրներին: 

Այս հեռուստաալիքի քարոզչական քաղաքականությանը հատուկ է հակադարձման մեթոդը. օրինակ՝ Հայաստանի խնդրահարույց թեմաներին անմիջապես պետք է նախորդեն կամ հաջորդեն Ադրբեջանի սոցիալ-տնտեսական ձեռքբերումները: 2009-ի ռեպորտաժներից մեկում հեղինակն ասում է. «Հիշեցնենք, որ մինչև Իրան-Հայաստան երկաթուղային նախագիծը խոսակցությունների մակարդակում է, օրերս Իրանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ներկայացուցիչները հերթական հանդիպումն են ունեցել Իրան-Ադրբեջան-Ռուսաստան երկաթուղային նախագիծը կյանքի կոչելու համար»: 

Լրատվական թողարկումներում թեմատիկ բաշխվածությունը ցույց է տալիս, որ ադրբեջանական պետական կառույցների թելադրանքով լրատվական իրադարձությունների 58,3%-ը վերաբերել է «Խոջալուի և այլ դեպքերում հայերի մեղքին» («Այդ արյունալի դեպքերի ընթացքում, որ հայտնի է որպես «Խոջալուի ցեղասպանություն», ոչնչացվել կամ գերի են վերցվել հազարավոր ադրբեջանցիներ, Խոջալու քաղաքն էլ ջնջվել է երկրի երեսից…»), իսկ 25%-ը՝ ադրբեջանամետ ակցիաներին: 

ATV-ի տեսաշարերում քողարկված լոգոներով օգտագործվում են հայկական Հանրային հեռուստաընկերության և «Ազատություն» ռադիոկայանի պաշտոնական կայքում տեղադրված («Առանց մեկնաբանության» խորագրի) տեսանյութերը: Հայկական կողմին ներկայացվող հիմնական մեղադրանքներն այն են, որ հայերը զավթել են Ադրբեջանի 20%-ը («Երբեք ադրբեջանական հողում չի ստեղծվի երկրորդ հայկական պետություն» կամ «Եթե զավթիչ Հայաստանը չազատի մեր տարածքները, ապա մեծ պատերազմն անխուսափելի է» հայտարարություններով), հայերը յուրացնում են ադրբեջանական մշակույթը («Հայտնի հայ երգահան Արամ Խաչատրյանը բացահայտ խոստովանել է, որ նա իր երգերի զգալի մասը գրել է՝ կրկնօրինակելով հայտնի ադրբեջանցի երգահան Ուզեիր Հաջիբեկովի ստեղծագործությունների հիմնական թեմաները»): 

Մամուլում ակտիվ քարոզչությամբ զբաղվում են "Зеркало” թերթը, որի ընդհանուր հոդվածների 22%-ը վերաբերում է ՀՀ-ին և ԼՂՀ-ին, "Право выбора” թերթի՝ 22,5%-ը և "Region plus” թերթի՝ 35,5%-ը: Սրանք կիրառում են մանիպուլյատիվ քարոզչության բոլոր մեթոդները: Այդ հոդվածների բովանդակության մասին մոտավոր պատկերացում կազմելու համար ներկայացնենք հետևալ մեջբերումները. «Հայերի հանցավոր գործունեության հետևանք է 8 մլն մարդու բնաջնջումը Եգիպտոսում…» ("Право выбора” 6. 06.2006 Բաքու), «…օկուպացման ավարտից հետո տարածաշրջանում կկատարվեն չափազանց խոշոր ներդրումներ, և Լեռնային Ղարաբաղը կզարգանա այնպես, ինչպես Ադրբեջանի մնացած մասը» ("Зеркало” 22.05.2008 Բաքու) կամ «Հուսով ենք, որ Հայաստանը կհրաժարվի ոչ կառուցողական դիրքորոշումից և զորքերը կհանի ադրբեջանական տարածքներից» ("Region plus” 5.03.2010): 

Ադրբեջանական քարոզչության գործակիցը առավելագույնն է համացանցում: Այս տիրույթում տեղեկատվական պատերազմին մասնակցում են ոչ միայն էնտուզիաստ անհատներ, այլև պրոֆեսիոնալ հաքերներ: Կարելի է նշել հակահայկական կողմնորոշմամբ գործող հազարավոր կայքեր, պորտալներ և բլոգներ: Ադրբեջանական ապատեղեկատվության թակարդում հայտնվում են նաև հայկական և արտասահման խոշոր լրատվամիջոցները: 

Համացանցային պայքարի ռազմավարությունները տարբեր են: Հատկապես վերջին տարիներին դրանք հղկվել են և հստակեցվել: Այսինքն՝ վերացել են գրոհները տեղեկատվական տեսանկյունից ոչ կարևոր կայքերի վրա, ադրբեջանական խմբավորումները համագործակցում են թուրքերի հետ, հաքերային գրոհների ենթարկվում են հանգուցային կայքեր՝ պետական կառույցների կայքեր և տեղեկատվական պորտալներ:
ԻՆՖՈՐՄԱՑԻՈՆ ՊԱՏԵՐԱԶՄՆԵՐ
2444 reads | 02.05.2013
|
avatar

Մուտքանուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2023 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com