ՍԱՌԸ ՊԱՏԵՐԱԶՄԻ «ԵՐԿԱԹԵ ՎԱՐԱԳՈՒՅՐՆԵՐԸ»
«Հոգեբանա-գաղափարախոսական պատերազմը իր նշանակությամբ չի զիջում ռազմականին, 
և պարտությունը կարող է ունենալ նույն աղետաբեր հետևանքները, 
ինչպես միջուկային պատերազմում» 
Լ. Ռեյնշս (ամերիկացի քաղաքական գործիչ ) 

Երբ Երկրորդ համաշխարհայինում ի հայտ եկան Գերմանիայի պարտության առաջին նախանշանները, Գեբբելսը գրեց «2000թ.» վերնագրով հոդվածը, որտեղ կանխագուշակում է Արևմուտքի ապագան այն դեպքում, երբ Գերմանիան վայր կդնի իր զենքերը. Խորհրդային Միությունը կգրավի Արևելյան Եվրոպան և կծածկի «երկաթե վարագույրներով»: 1945-ին այդտեղ կսկսվեն բռնությունները և բնակչությունը կվերածվի «կենդանի ռոբոտների»: Արտաքին աշխարհից կստանան միայն այն տեղեկատվությունը, որը ձեռնտու կլինի Կրեմլին: Հող կնախապատրաստվի երրորդ համաշխարհային պատերազմի համար, 1940-ական թթ. –ի վերջերին կոմունիստները կգրավեն Մեծ Բրիտանիան, իսկ չորրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ՝ ԱՄՆ-ը: Չափազանցված հեռանկարներով այս ուղերձը չբարելավեց Գերմանիայի դրությունը, սակայն 1945-ից հետո ստիպեց ձեռնարկել միջոցառումներ կոմունիզմի տարածման վերահաս վտանգը կանխելու նպատակով: 1946թ.-ն Ֆուլտոնում (ԱՄՆ, Միսսուրի) Մեծ Բրիտանիայի վարչապետ ՈՒ. Չերչիլի ելույթով (այն է, թե փրկել քրիստոնեական քաղաքակրթությունը կոմունիստական կուսակցություններից) ազդարարվեց Սառը պատերազմի սկիզբը: 

ԱՄՆ-ում ԿՀՎ-ն անմիջապես սկսեց հոգեբանական պատերազմի մարտավարության մշակումը՝ հրավիրելով բարձրորակ մասնագետների գիտական տարբեր բնագավառներից: 1948-ին Ազգային անվտանգության խորհուրդն ընդունեց թիվ 20/1 ՝«ԱՄՆ-ի նպատակները ԽՍՀՄ-ի դեմ պատերազմում» հրահանգը, որը բաղկացած էր երկու հիմնական կետերից.
ա) թուլացնել Մոսկվայի հզորությունն ու հեղինակությունը ռազմական մրցակցության պայքարում
բ) պետական կառուցվածքը ենթարկել արմատական փոփոխությունների գործնականորեն և տեսականորեն և վերափոխել արժեհամակարգը:


Սպիտակ տան հրամանով պատրաստվում էին տպագիր և ռադիոհեռուստատեսային քարոզչական նյութեր, որոնք վառ և արտահայտիչ գովազդում էին ամերիկյան ժողովրդավարական գաղափարները, ազատ բարքերը, կենցաղավարությունը, նույնիսկ մշակույթը՝ հանձին երաժշտության և կինոարվեստի (ջազային պրոպագանդա և «Հոլիվուդ»): 

Հակակոմունիստական ռեակցիոն գաղափարները օգտագործվում էին ոչ միայն խորհրդային հասարակության դեմ, այլև ներքաղաքական պայքարի շրջանակում: Սրանով է պայմանավորված մակկարտիզմի՝ մոլի հակասոցիալիստական շարժման առաջացումը սառը պատերազմի տարիներին: Այն ձևավորվեց, երբ Վիսկոնսին նահանգից հանրապետական սենատոր Ջոզեֆ Մակկարտին հայտարարեց, որ ունի երկու հարյուր հինգ կոմունիստներից բաղկացած ցուցակ, ովքեր աշխատում են պետդեպարտամենտում: Ոչ հայտնի սենատորի անունը անմիջապես հայտնվեց վարկանիշային ամսագրերի էջերում, ռադիոյի և հեռուստատեսության եթերում: 1950-ական թվականներին Մակկարտիի նախաձեռնությամբ մշակվեց ծրագիր ռադիոն և հեռուստատեսությունը կոմունիստներից «մաքրելու համար»: «Քաունթր ռեթեք» շաբաթաթերթը դրանք անվանեց «կարմիր ալիքներ»: 

Քննադատելով Տրումենի դոկտրինան՝ (Հարրի Տրումենի քաղաքական կուրսը ԽՍՀՄ-ի դեմ ) Ջ. Մակկարտին առաջադրում էր «կարմիր վտանգի» դեմ պայքարի իր շահավետ մարտավարությունը և օգտագործում ընտրական գործընթացներում քաղաքական PR-ի համար՝ համագործակցելով ռադիոհեռուստատեսային կորպորացիաների հետ: Դրանցից CBS-ը, մրցակցելով NBS-ի և ABS-ի հետ, ակտիվորեն ընդառաջում էր Մակկարտիին և պաշտպանում ԱՄՆ-ի ագրեսիվ քաղաքականությունը սոցիալիզմի դեմ: Այն միաժամանակ տեղեկատվություն էր մատակարարում Պենտագոնի ռազմաարդյունաբերական բազային: CBS-ի ռադիոհեռուստատեսային թողարկումների համոզիչ բովանդակությունը անընդհատ ամերիկյան և արտասահմանյան լսարանին ապացուցում էր ռազմատեխնիկական պատրաստվածության անհրաժեշտությունը Մոսկվայի «սպառնալիքը» չեզոքացնելու գործում: 

Սառը պատերազմի ծածկագրային «Դրոպշոտ» (drop-կաթիլ, shot-կրակոց) անվանումը վկայում է այն մասին, որ ի տարբերություն Հիտլերի, որը նախատեսում էր կայծակնային արագությամբ պատմության էջից ջնջել ԽՍՀՄ-ը, ԱՄՆ-ը այն իրականացնում էր կաթիլ առ կաթիլ՝ հակառակորդին աննկատելիորեն հասցնելով պարտության: Արդեն 90-ականներին ռուսական մամուլը տպագրում էր ամերիկացի գաղափարախոս Ա. Դալլեսի մեջբերումները. «Մարդու ուղեղը և գիտակցությունը ենթակա են փոփոխության: Սերմանելով այնտեղ քաոս՝ մենք կհրամցնենք կեղծ արժեքներ և կստիպենք հավատալ դրանց: Ինչպե՞ս: Մենք կգտնենք մեր գաղափարակիցների, մեր դաշնակիցներին հենց Ռուսաստանում: Դրվագ առ դրվագ կբեմադրվի ամենաըմբոստ ժողովրդի մահվան հիանալի ողբերգությունը, նրա ինքնագիտակցության անխուսափելի և վերջնական մարումը»: 

ԽՍՀՄ-ի «երկաթե վարագույրները» հետաձգեցին, բայց չկանխեցին փլուզման վտանգը: Դալլեսի ծրագիրը հաջողվեց: 

1960-ականներին «Մոնդ» ֆրանսիական թերթին տված հարցազրույցում Կոմկուսի գլխավոր քարտուղար Լ. Ի. Բրեժնևը հաստատեց. «Գաղափարախոսական պայքարը չի կարող վերաճել հոգեբանական պատերազմի, չպետք է օգտագործվի որպես միջոց պետությունների և ժողովուրդների ներքին գործերին միջամտելու համար կամ հանգեցնի քաղաքական և ռազմական առճակատման», բայց միևմույն ժամանակ նկատում, որ «…ապրում ենք գաղափարական մշտական պատերազմի պայմաններում, որ մեր երկրի դեմ է մղում իմպերիալիստական քարոզչությունը՝ օգտագործելով ամենանրբին եղանակներ ու տեխնիկական հզոր միջոցներ»: Որքան էլ մարքսյան գաղափարախոսները աղաղակեին կապիտալիզմի՝ որպես շահագործող հասարակարգի թերությունների, ախտերի, կոպիտ բարքերի և անհեռանկար ապագայի մասին, 70 տարի գոյատևող վարչահրամայական կարգերի հիմքերը խարխլվեցին «ազատության» բացականչություններով: Արևմտյան մշակույթի ցածրորակ տարրերը պառակտեցին խորհրդային հասարակության բարոյա-հոգեբանական մթնոլորտը: Գորբաչովյան «Վերակառուցման» քաղաքական կուրսը (բացախոսություն, մասնավոր սեփականության իրավունք և այլն) բացահայտ զիջողականություն էր Արևմուտքի ճնշումներին: Երբեմնի հզոր արդյունաբերական ամբողջատիրությունը հայտնվեց տնտեսաքաղաքական ճգնաժամի երախում: 

«Սառը պատերազմում պարտությունից հետո Ռուսաստանի խնդիրն է զարգացած երկրներին ապահովել ռեսուրսներով»-գոհունակությամբ արձանագրեց Մեծ Բրիտանիայի վարչապետ Ջոն Մեյջերը: Բայց Արևմուտքը կրկին թերագնահատեց Ռուսաստանի հնարավորությունները... 

Անի Սամսոնյան
ԻՆՖՈՐՄԱՑԻՈՆ ՊԱՏԵՐԱԶՄՆԵՐ
5425 reads | 28.02.2013
ԽՍՀՄ, ԱՄՆ, պատերազմ, Սառը պատերազմ, ինֆորմացիոն պատերազմներ |
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2017 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com