ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՖԵՆՈՄԵՆԸ ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՆԵՐԻ ՋՐԱՓՈՍՈՒՄ
«Մենք խեղդվում ենք տեղեկատվության մեջ
և գիտելիքների պակասից» Ջոն Նեյզբիտ ![]() Տեղեկատվությունը ոչ էներգիա է, ոչ էլ նյութ և ի տարբերություն այս երկու գոյերի չունի սպառողական արժեք. համարվում է հենակետային տեղեկատվական հասարակության համար: Բանավոր խոսքից մինչև գրավոր մշակույթի ձևավորումը տեղեկատվության փոխանցման արագությունը համընթաց էր: Գրահրատարակության տեխնոլոգիաների ստեղծմանը զուգընթաց, այն դարձավ թռիչքաձև և կամուրջ նախապատրաստեց էլեկտրոնային հեղափոխության համար: Տպագրություն, ռադիո, հեռուստատեսություն և համացանց. հեռահաղորդակցության այս միջոցները դառնում են ժամանակակից հասարակության կենտրոնական նյարդային համակարգը և պայմանավորում դրա զարգացման մոտիվացիաները: Մարդու գործունեության ելակետերին՝ գիտելիքին և պրակտիկային միանում է նաև երրորդ գործոնը՝ տեղեկատվությունը: Չնայած ցանկացած գիտելիք համարվում է տեղեկատվություն, սակայն տեղեկատվությունը դեռևս գիտելիք չէ: Մեր օրերում այս տարբերակումը նվազ տեսանելի է, և ի դեմս տեղեկատվական քաղաքականության՝ երբեմն միավոր արժեք: Սա բացատրում է սոցիոլոգ Էլվին Թոֆլերի մտահանգումն առ այն, որ «Գիտելիքների նկատմամբ վերահսկողություն. սա է հանուն իշխանության ապագա համաշխարհային ճակատամարտի էությունը մարդկության բոլոր ինստիտուտներում»: Էլեկտրոնային քաղաքակրթության դարաշրջանում կոլեկտիվ գիտակցության կառավարման համար պայքարը ընթանում է կեղծիքի և ճշմարտության եռակցմամբ և պահանջում է ակտիվ միջնորդ ի դեմս զանգվածային լրատվամիջոցների: Լրագրության պատմությունը վկայում է, որ համաշխարհային մասշտաբով բոլոր հեղափոխական և հակահեղափոխական շարժումների էպիկենտրոնում եղել են մամուլը, ռադիոն և հեռուստատեսությունը (1789թ՝. Ֆրանսիա, 18-րդ դ.՝Հս. Ամերիկա, 1917թ.՝ սոցիալիստական մեծ հեղափոխություն, 2003-2004թ.՝ Վրաստան և այլն): Դրանց է վերագրվում նաև էթնիկական բախումներ հրահրելու, մշակութային անհանդուրժողականություն սերմանելու, կոմերցիոն շահերի նպատակով հասարակությանը ապակողմնորոշելու քարոզչական քաղաքականությունը: Քաղաքագետների եզրահանգմամբ ԶԼՄ-երը կուսակցություններից յուրացրել են քաղաքական սոցիալականացման գործառույթը և իրականացնում են ավելի արդյունավետ, հատկապես ընտրական գործընթացներում: Ֆրանսիացի սոցիոլոգ Ժ. Պ. Գուրվիչի հաստատմամբ ներկա ժամանակներում Արևմուտքում ձևավորվում է «հեռուստավարական» պետական համակարգ: Ամերիկացի քաղաքագետ ՈՒենդլ Ֆիլիպսը չի թերագնահատում նաև մամուլի դերը. «Մեզ իշխում են կառավարությունը և առավոտյան թերթերը»: 19-րդ դարի վերջին ԱՄՆ-ի և Իսպանիայի միջև վեճ ծագեց Կուբայի համար, որն այդ ժամանակ համարվում էր Իսպանիայի գաղութը: Նյու-Յորքի «Գորնել» թերթի տնօրեն և խմբագիր ՈՒ. Հերստը, մրցակցելով «ՈԻորլդ» թերթի հետ, որոշեց խաղարկել ամերիկացիների և իսպանացիների զգացմունքները պատերազմի հեռանկարներով: 1896թ.-ին Հերստը Կուբա ուղարկեց իր երկու թղթակիցներին հաձնարարությամբ՝ ապահովել թերթին «գազանությունների սարսափելի պատմություններով», որոնք իրագործում են իսպանացիները Կուբայում: Թղթակիցները բավարար արժեքավոր ապացույցներ չգտան և հեռագրեցին Հերստին. Հերստ, Նյու-Յորք. «Ամեն ինչ հանգիստ է: Չկան հուզումներ: Պատերազմ չի լինի: ՈՒզում ենք վերադառնալ: Ռեմինգտոն»: Պատասխան. «Խնդրում եմ մնացեք: Ձեր գործն է ապահովել պատկերները: Պատերազմը ես կապահովեմ: Հերստ»: Հերստի մտադրություններն իրականացան.1896թ.-ին պայթեց ամերիկյան «Մեն» ռազմանավը և հայտարարվեց պատերազմ: Այդ օրերին «Իվնինգ փոստ» թերթը արձագանքեց. «Ամերիկյան լրագրության պատմության մեջ չկար ավելի անամոթ պահվածք, ինչպես այս երկու թերթերինը»: ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի խորհրդական, հեռուստահեռարձակման և կինոարդյունաբերության ոլորտի խոշոր մասնագետ Հենրիխ Յուշկյավիչուսի հարցրի. «Որո՞նք են նորագույն հեռահաղորդակցման և տեղեկատվական միջոցների զարգացման քաղաքական ասպեկտները»: Նա միանգամից հարվածեց նշանակետին՝ «Ինֆորմացիան զորքեր է տեղաշարժում»: Այդ զորքերը շարժվել են ԽՍՀՄ-ում, Վիետնամում Հարավային և Հյուսիսային Կորեաներում, Իրաքում, այսօր՝ արաբական աշխարհում, վաղը՝ միգուցե Անդրկովկասում: Մեզ սպառնացող ինֆոլոգեմի և մանիպուլյատիվ քարոզչության դեմ պաշտպանվելու կամ հակագրոհելու համար անհատական մակարդակով պահանջվում են պարզապես գիտելիքներ, գիտակցության զգոնություն, տրամաբանական, վերլուծական և իմացական գործընթացների մշտական աշխատանք: Անի Սամսոնյան | |
ԻՆՖՈՐՄԱՑԻՈՆ ՊԱՏԵՐԱԶՄՆԵՐ | |
3052 reads | 15.01.2013
| |