ԹՎԱՑՅԱԼ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ԱՆԲԱՐԵՆՊԱՍՏ ՔԱՄԻՆԵՐԸ
«Մեր դարն է այդպես
Այժմ կույրերին առաջնորդում են խելագարները…»
Շեքսպիր («Լիր արքա»)


«Հենց այդ ժամանակ հասկացանք, որ ամբողջատիրական պատերազմ կարելի է մղել՝ հարձակում գործելով ոչ միայն մարդկաց, այլ նաև նրանց ուղեղների վրա». ամերիկացի պրոպագանդայի փորձագետներից մեկի այս ‹‹ազնիվ›› խոստովանությունը կանխորոշեց 20-րդ դարի համաշխարհային ռազմաքաղաքական զարգացումների ուղղությունները: Ձևավորվեցին «տեղեկատվական օպերացիաներ» և «տեղեկատվական պատերազմ» երևույթները, որոնց դրսևորման սաղմերը վերագրվում են Առաջին համաշխարհային պատերազմին:

«Տեղեկատվական օպերացիաները» գործողություններ են, որոնք նպատակ ունեն կանխել հակառակորդի տեղեկատվական համակարգերի կողմից ինֆորմացիայի հավաքումը, մշակումը և տարածումը:
«Տեղեկատվական պատերազմը» նպատակ ունի համալիր գործողությունների միջոցով խաղաղ պայմաններում ներգործել հակառակորդի սոցիալ-քաղաքական կառույցների, իսկ պատերազմական իրադրություններում՝ ռազմական ենթակառուցվածքների գործունեության վրա: Այս հասկացությունը առաջին անգամ օգտագործել է ամերիկացի գիտնական Թոմաս Ռոնը 1976թ.-ին իր՝ «Զենքերի համակարգեր և տեղեկատվական պատերազմ» զեկույցում:

Տեղեկատվական պատերազմներում գործում են մի քանի մեխանիզմներ: Դրանցից է տեղեկատվության արագ հայթայթումը և տարածումը: Հաղթողը առաջինն է: Սակայն անհրաժեշտ է հաշվի առնել նաև տեղեկատվության բնույթը և ծավալը: Արդյունավետ ներգործության համար այն պետք է պարունակի քիչ գաղափարներ, բայց հրամցվի անընդհատ, այսինքն` գործի եռակողմ օրինաչափությամբ՝ կայուն, համաչափ և երկարատև: Բնույթով և բովանդակությամբ պետք է հասցեագրվի ավելի շատ մարդկանց զգացմունքներին, քան բանականությանը: Տեղեկատվական պատերազմը ենթադրում է նպատակի հստակեցում և ճշտում: Քարոզչության տեսաբանները նպատակը դիտարկում են երկկողմանի էֆեկտով՝ կոնվերսիոն կամ փոփոխող քարոզչությամբ, որի նպատակն է հեղաշրջել նշանառու խմբի արժեհամակարգը ու խարխլել ազգային-ավանդական գաղափարախությունը, և անջատողական քարոզչությամբ, որն ավելի կիրառելի է պատերազմական իրավիճակներում հեղափոխական տրամադրություններ ստեղծելու համար:

Տեղեկատվական պատերազմներում պետք է ընտրել նշանառու խմբին: Դրանք կարող են լինել ըստ տարիքային, կրթական մակարդակի, սոցիալական խավի, էթնիկ դասակարգումների: Որքան մեծ է մասսան, այնքան տարրական բնույթ պետք է ունենա քարոզչությունը: Իսկ եթե այն ուղղված է ողջ ժողովրդին պետք է լինի առավելագույնս պարզ: Սա պայմանավորված է նրանով, որ մարդկային զանգվածներին բնորոշ չէ նյութի տրամաբանական վերլուծության անհատական առավելությունը. ընկալումները պարզ են և անմիջական:
Տեղեկատվական գրոհների ռազմավարության մշակման և կազմակերպման դեպքում, որքան հանկարծակի լինեն գրոհներն, այնքան հաղթանակի հնարավորությունը մեծ կլինի: Դրանք կարող են լինել կարճաժամկետ կամ երկարաժամկետ:
Տեղեկատվական պատերազմի ավարտին կատարվում է արդյունքների ամփոփում. այն անհրաժեշտ է ճշտելու համար, թե որքանով է իրագործվել նպատակը, որքան միջոցներ են ծախսվել, ինչքան են եղել կորուստները և որ մեթոդներն ու միջոցներն են եղել արդյունավետ:
Տեղեկատվական պատերազմի ժամանակակից մեթոդաբանությունը և եզրույթաբանությունը ձևավորվել է 1990-ական թթ.-ին: Իսկ 1998թ.-ի ԱՄՆ-ի Պաշտպանության նախարարությունը հռչակեց «Տեղեկատվական գործողությունների միացյալ դոկտրին» փաստաթուղթը: Ռազմական գործողությունների ավանդական ոլորտներին (օդային, ցամաքային, ջրային և տիեզերական) ավելացավ նաև տեղեկատվականը:

Տեղեկատվական պատերազմի կառուցվածքային միավորումներն են.

1.հոգեբանական օպերացիաներ. ենթադրում է տեղեկատվության նպատակաուղղված օգտագործումը մարդկանց (մասնավորապես զինվորների) վրա ներգործելու համար
2. էլեկտրոնային պատերազմ, որը նպատակն է թույլ չտալ հակառակորդին ստանալ անհրաժեշտ տեղեկատվություն
3. ապատեղեկատվության մատակարարում, որի նպատակն է խաբել հակառակորդին ծրագրված գաղտնի գործողություններ իրականացնելու համար
4. ֆիզիկական ոչնչացում. վերջինիս դիմում են, երբ անհրաժեշտ է խափանել հակառակորդի տեղեկատվական ռեսուրսների գործունեությունը
5. անվտանգության միջոցների կիրառում, որի նպատակն է թաքցնել հակառակորդից գաղտնի տեղեկությունները
6. ուղիղ տեղեկատվական գրոհներ. ենթադրում է տեղեկատվության խեղաթյուրում, առանց բովանդակային փոփոխությունների:

ԱՆԻ ՍԱՄՍՈՆՅԱՆ
ԻՆՖՈՐՄԱՑԻՈՆ ՊԱՏԵՐԱԶՄՆԵՐ
1391 reads | 29.01.2013
|
avatar

avatar
1
Inch hetaqrqir eq grum !shnorhakalutyun.
avatar
2
Շնորհակալություն Անահիտ, եթե կան թեմաներ կամ առաջարկներ պրոպագանդայի վերաբերյալ , սիրով կընդունեմ: Ինչպես ցանկացած հեղինակ, որին հետաքրքրում է ընթերցողի կարծիքը ես ևս պատրաստ եմ ընդունել և ծաղիկները, և դանակները yes

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2017 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com