ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԽՍՀՄ-ՈՒՄ
«Քաղաքական և կուսակցական քարոզչությունն
անհրաժեշտություն է բանվորական դասակարգի
ամենալայն զանգվածների համար»:
Վ. Ի. Լենին

20-րդ դարի գերտերություններից մեկում՝ ԽՍՀՄ-ում քարոզչությունը (պրոպագանդա) և ենթաքարոզչությունը (ագիտացիա) համարվել են Կոմունիստական կուսակցության առաջնագույն խնդիրներից մեկը: Այստեղ քարոզչությունը հիմնված էր մարքսիզմ-լենինիզմի գաղափարախոսության վրա և իրականացվում էր երկու համակարգերի՝ ԶԼՄ-երի և ագիտացիոն ինստիտուտների միջոցով: Դրանք էին.

1. Կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտե (ԿԿԿԿ կամ պարզապես Կենտկոմ). որոշում էր խմբագրական գործունեության տեսական և գործնական ուղղությունները, կազմակերպում քարոզչական կադրերի ուսուցման և վերապատրաստման միջոցառումներ
2. Ազգային դեպուտատների խորհուրդ. կոորդինացնում էին քարոզչական աշխատանքները Խորհրդային Միության անդամ երկրներում:

Կենտկոմի 23-րդ համագումարի Հաշվետու զեկուցագրում ասվում է. «Կուսակցությունն ունի քարոզիչների, ագիտատորների, լրագրողների, հեռուստատեսության, կինոյի, ռադիոյի և թատրոնի աշխատավորների հիանալի կադրեր: Իրականում դա կուսակցության ոսկե ֆոնդն է, որը պետք է պահպանել, խնամքով մեծացնել և ճիշտ օգտագործել»:
1979-ի Կոմկուսի կանոնադրության մեջ «Գաղափարախոսական, քաղաքական, դաստիարակչական աշխատանքի բարելավման մասին» կետում առանձնացվում էին հրատապ խնդիրները՝ ապահովել քարոզչության և ենթաքարոզչության բաձր մակարդակը, հստակեցնել նպատակաուղղվածությունը և զարգացնել հարձակողական բնույթը:

Կոմունիստական ենթաքարոզչության ելակետային դրույթներն էին.
• Կենտրոնացում. ենթաքարոզչական բոլոր օրգանները կենտրոնացած էին մեկ համակարգի՝ Կոմկուսի ղեկավարության ներքո
• մասնագիտացում. բոլոր ենթաքարոզչական օրգանների գործունեության նպատակը մեկն էր՝ գիտական կոմունիզմի, կուսակցականության, սոցիալական հավասարության պրոպագանդումը, որն ընդգրկում էր ոչ միայն հասարակական գործունեության բոլոր ոլորտները, այլև ներառում տարիքային բոլոր խմբերին
• փոխհամագործակցություն և կոորդինացում. այս դրույթը բացառում էր մրցակցությունը ԶԼՄ-երի միջև, բոլորը գործում էին փոխհամաձայնեցված (նշենք, որ ըստ այդմ ԽՍՀՄ-ում չէր գործում ռադիոյի և հեռուստատեսության կոմերցիոն մոդելը):
Կոմունիստական գաղափարախոսության քարոզչական աշխատանքն իրականացվում էր մեթոդաբանական հատուկ մոտեցումներով: «Յուրաքանչյուր պրոպագանդիստի և ագիտատորի արվեստը նրանում է- մեկնաբանում է լենինիզմը- որպեսզի լավագույն ձևով ներգործի լսարանի վրա, հայտնի ճշմարտությունը դարձնի նրա համար առավել համոզիչ, հեշտ ընկալվող, ակնառու և տպավորիչ»:
Եթե անհրաժեշտ է համոզել մարդկանց, ապա հետևալ ուղիներով.
• սկզբում պետք է գրավել ունկնդրի ուշադրությունը տվյալ հարցի շուրջ:
• առաջացնել էմոցիոնալ զուգորդումներ:
• հաստատել քաղաքական, փիլիսոփայական, բարոյական և իրավական վերլուծություններով:
Ենթաքարոզչության և արտաքին քարոզչության համեմատական բնութագրումներն էապես չեն տարբերվում, քանզի «ներքին քաղաքականությունը չպետք է հակադրել արտաքինին»: Իսկ այն կառուցվում է ինտերնացիոնալիզմի, կուսակցականության և կոմունիզմի առաջավոր գաղափարների հիմնաքարերով: Սոցիալիստական քարոզչությունը համարում էին լուսավորչական, իսկ կապիտալիստականը՝ բուրժուական մանիպուլյատիվ: ԽՍՀՄ-ում ժողովրդավարությունը ծառայում է աշխատավորներին, իսկ Արևմուտքում՝ իշխող դասակարգին: 1979-ի (ապրիլի 26) Կենտկոմի որոշման համաձայն. «Համաշխարհային սոցիալիզմի բոլոր պրոգրեսիվ ուժերի դիրքերի ամրապնդումը ստեղծում է բարենպաստ պայմաններ կոմունիզմի կառուցման համար, իմպերիալիզմի և հեգեմոնիայի, միլիտարիզմի և ռեակցիոնիզմի դեմ գաղափարական հարձակման համար»: Այդ գաղափարների հիմքում ընկած են սոցիալ-հասարակական կեցության մի քանի առաջնայնություններ՝ գործազրկության բացակայություն, նյութական ապահովվածություն, կրթության, հանգստի, հասարակական գործունեության պահանջմունքների բավարարում, առողջ կենսակերպ, քաղաքների և գյուղերի համընթաց զարգացում, ազգերի բարեկամություն, ապագայի հեռանկարներ և այլն: Այսինքն՝ արտասահմանյան լսարանին ցույց տալ, թե ինչ է տալիս սոցիալիզմը ի տարբերություն կապիտալիզմի, և առաջադրել այս երկու հասարակարգերի հիմնական տարբերությունը՝ «անկուսակցականությունը բուրժուական գաղափար է, կուսակցականությունը՝ սոցիալիստական»: Ըստ լենինյան հայեցակարգի, քարոզչությունը նույնպես երկփեղկված է. «Հարցն այսպիսին է՝ կամ բուրժուական, կամ էլ սոցիալիստական պրոպագանդա: Միջինը չկա»:

Արտաքին քարոզչությունը ենթադրում է մոտեցման երեք մակարդակ.
1. բազմակողմանի (ունիվերսալ). այսինքն լսարանին հասցեագրված նյութը կամ խոսքը պետք է պարունակեն տվյալ հասարակարգին բնորոշ հասկացություններ և եզրույթներ: Օրինակ՝ սոցիալիզմ, կոմունիստ, կոլխոզնիկ, սոցիալիստական պարտականություն և այլն
2. սոցիալ-աշխարհայացքային. հաղորդողը և լսարանը պետք է լինեն գաղափարակիցներ, և նրանց միջև սոցիալական պատնեշը՝ աննշան:
3. հասարակական-քաղաքական դիրքորոշման. հաշվի է առնվում սոցիալական խմբի տրամադրվածությունը տվյալ երկրի իշխանության և ժողովրդի հանդեպ:

Գաղափարական պայքարում հատուկ նշանակություն ուներ հակաքարոզչությունը, որն ըստ սոցիալիստ քարոզիչների, ենթադրում էր ոչ թե ինքնարդարացում, այլ փաստերի ճշգրտում և հակառակորդի խաբեության մերկացում:
Քարոզչական ռեսուրսային օրգանները: 1941թ.-ին ստեղծվեց Խորհրդային տեղեկատվական բյուրոն, որը 1961թ.-ին վերանվանվեց Նորությունների մամուլի գործակալություն (Агенство печати новости-АПН): Գործակալությունը մամուլի, ռադիոյի, հեռուստատեսության համար տրամադրում էր մեկնաբանություններ, հոդվածներ, ակնարկներ և այլ բազմաբովանդակ նյութեր: ԱՊՆ-ի կարգախոսն էր՝ «Տեղեկատվություն աշխարհի բարեկեցության և ազգերի բարեկամության համար»: Գործակալությունում զբաղվում էին նաև քարոզչության արդյունավետ մեթոդների ուսումնասիրմամբ և մշակմամբ: Խմբագրությունները տարածվում էին Արևմտյան Եվրոպայում, Հյուսիսային Ամերիկայում, Մերձավոր և Միջին Արևելքում, Լատինական Ամերիկայում և ԽՍՀՄ-ի ամբողջ տարածքում:
Խորհրդային բյուրոկրատական ապարատի պաշտոնական դիրքորոշումների ազդարարը համարվում էր Սովետական Միության Հեռագրային գործակալությունը (Телеграфное агенство Советского Союза- ТАСС): ՏԱՍՍ-ի գլխավոր խմբագրությունը բաղկացած էր երկու ճյուղից. ներպետեկան տեղեկատվության և արտասահմանյան լսարանի համար գործող խմբագրություններ: Գործակալության նյութերն ընդունվում էին 90 երկրի լրատվական գործակալություններում, թերթերում, հեռուստառադիոընկերություններում և հասարակական կազմակերպություններում:
Կոմունիստական կուսակցության 6-րդ համագումարին Լենինի նախաձեռնությամբ որոշվեց ստեղծել համաբոլշևիկյան թերթ և 1912թ.-ին լույս տեսավ «Պրավդա»-ի առաջին համարը: 1917-ի սոցիալիստական հեղաշրջման հաղթական ելքը մասամբ պայմանավորված էր այս թերթի ակտիվ օժանդակությամբ, քանզի միավորում էր աշխատավոր զանգվածներին և ոգեշնչում ապագայի լուսավոր հեռանկարներով: Խորհրդային Միության տարիներին թերթը չի դադարեցնում քարոզչական գործունեությունը և դառնում է Կոմկուսի ուղեղային կենտրոններից մեկը:
1922թ.-ի հունիսի 6-ին կազմավորվեց ԽՍՀՄ-ի գրաքննական օրգանը՝ Գլավլիտը, որի հիմնական գործառույթն էր վերահսկել բոլոր հրատարակչական միջոցների գաղափարաբովանդակային դրսևորումները: Գլավլիտի ստեղծման դեկրետում հաստատված էին գործունեության մի քանի սկզբունքներ, որոնց համաձայն տպագիր միջոցի հրատարակությունն արգելվում էր, եթե
• համարվում էր ենթաքարոզչություն Խորհրդային Միության դեմ
• բացահայտում էր պետականև ռազմական գաղտնիք
• ապակողմնորոշում էր հասարակական կարծիքը կեղծ տեղեկություններով
• քարոզում էր ազգային և կրոնական գաղափարներ
• պարունակում էր անպարկեշտ բովանդակություն:

Որպես քարոզչական արտահայտչամիջոցներ, լայնորեն գործածվում էին կարծրատիպերը և քաղաքական երգիծանքը: Կարծրատիպերն ընտրվում էին մի քանի հիմունքներով. օրինակ՝
• սոցիալական համատեքստով
• հակադարձ փաստարկման էֆեկտով
• կարգախոսների և կոչերի ուղեկցությամբ ("Пьянству-бой!)
• զուգորդությունների և համեմատությունների համադրմամբ («կենդանաբանական հակակոմունիզմ»)
• ստերեոտիպի և դրա որակական հատկանիշների անխզելիությամբ:

Քաղաքական երգիծանքի առանցքային թեման կապիտալիստական հասարակարգի շահագործող դասակարգի, ռազմատենչ և ռեակցիոն ուժերի, բուրժուական բարքերի անողոք քննադատությունն էր: Այս ժանրի կիրառումն այնքան լայն տարածում ուներ, որ 1969-ին բացվեց հատուկ ցուցահանդես՝ «Երգիծանքը աշխարհի համար պայքարում» խորագրով, որն ընդգրկում էր պաստառներ, պամֆլետներ, ֆելիետոններ, ծաղրանկարներ:

Անի Սամսոնյան
ԻՆՖՈՐՄԱՑԻՈՆ ՊԱՏԵՐԱԶՄՆԵՐ
2372 reads | 17.06.2017
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2017 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com