ՔԱՐՈԶՉՈՒԹՅԱՆ ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ՄԵԹՈԴՆԵՐԸ
«Մարդը գիտակցորեն ապրում է իր համար, բայց ծառայում է որպես անգիտակից գործիք` պատմական, համամարդկային նպատակներին հասնելու համար»: Լև Տոլստոյ «Պատերազմ և խաղաղություն» ![]() Զգայարանների միջոցով ստացված ինֆորմացիայի՝ մարդու բարձրագույն նյարդային համակարգում վերամշակման և գիտելիքի ձևավորման գործընթացի՝ ինտերիորիզացիայի անընդհատությունը պահանջում է գիտակցության ակտիվ աշխատանք և կենտրոնացում: Սակայն մարդկային հիշողության սահմանափակ հնարավորությունները թույլ չեն տալիս պատասխանել բոլոր արտաքին ազդակներին, և ինֆորմացիայի որոշ մասը փոխանցվում է հոգեկան արտացոլման ավելի ցածր մակարդակին՝ ենթագիտակցությանը: Սա այն մակարդակն է, որտեղ մարդը հաշիվ չի տալիս իր գործողություններին, վարքը դառնում է անկառավարելի: Սա այն հիմնաքարն է, որի օգնությամբ կառուցվում են մարդկանց, սոցիալական տարբեր խմբերի կամ էթնիկ միավորումների վարքային դրսևորումները կառավարելու և ապակողմնորոշելու տեխնիկական հնարքները, մեթոդները և մասնավորապես քարոզչությունը: «Քարոզչական տեխնիկան գործելաձևերի ամբողջություն է, որի օգնությամբ քարոզչություն իրականացնողը «լվացում է մարդկանց ուղեղները» ընդհանուր գործին, նպատակին և գաղափարներին ծառայեցնելու համար»: Քարոզչությունը (պրոպագանդա, լատ.՝ propagare-տարածել) երկարատև գործընթաց է, այն պետք է լինի անընդմեջ և աստիճանական զարգացումներով՝ մարդկային զգացմունքների և ինքնագիտակցության վրա ներգործելու միտումներով: Սակայն քարոզչություն իրականացնելիս անհրաժեշտ է հաշվի առնել նաև հեռավոր հետևանքները. այն կարող է առաջացնել բումերանգի էֆեկտ և հանգեցնել վտանգավոր հակազդեցության: ՔԱՐՈԶՉՈՒԹՅԱՆ ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ՄԵԹՈԴՆԵՐՆ ԵՆ. Սոցիալական դիրքորոշման փոփոխում: Այս հասկացությունը նշանակում է զգացմունքների, հայացքների, պատկերացումների և որոշակի գործողություններ կատարելու միտումների կայուն միավորում: Կարծիքի և սոցիալական դիրքորոշման տարբերությունն այն է, որ մարդիկ կարող են հեշտությամբ փոխել իրենց կարծիքը՝ կախված հանգամանքներից, իսկ սոցիալական դիրքորոշման փոփոխությունը պայմանավորված է ներքին կոնֆլիկտների հաղթահարմամբ: Սակայն դիրքորոշման առարկա օբյեկտների մասին նոր տեղեկություններ ստանալու դեպքում, երբեմն մարդու կամքից և գիտակցությունից անկախ կատարվում են փոփոխություններ, և հենց սա նպատակաուղղված քարոզչության հիմնական արդյունքն է: Առավել դժվար են փոխվում մարդու համար հարմարվողական (ադապտացիոն) նշանակություն ունեցող դիրքորոշումները: Համոզում: Համոզելու համար անհարաժեշտ է ներկայացնել տեսակետ որևէ երևույթի կամ օբյեկտի մասին, և դրանք հնարավորինս ճշգրիտ հիմնավորել փաստարկներով: Համոզման համար հաղորդված նոր տեղեկությունները պետք է մտապահվեն ընդունողի (ռեցիպիենտ) կողմից, որն էլ իր հերթին ենթադրում է հատուկ եղանակների կիրառում (բառերի հստակություն և արտահայտչականություն, ձայնի տեմպ և ռիթմ, սպեցիֆիկ հնչյուններ, ժեստեր և խորհրդանշաններ): Որքան ցածր է տեղեկատվությունն ընդունողի ճանաչողական և իմացական մակարդակը, այնքան բարձր է համոզվելու հնարավորությունը: Էական նշանակություն ունեն նաև կոմունիկատորի անձնային հատկանիշները: Վերջինս պետք է լինի վստահելի, ցանկալի է ճանաչված և հեղինակավոր անձ: Եթե անծանոթ է, ապա ուշադրություն են դարձնում նրա արտաքին տեսքին, շարժուձևին և մեկնաբանման վարպետությանը: Կատարված ուսումնասիրություններից պարզվել է, որ եթե միևնույն ինֆորմացիան հաղորդում են մասնագետը և պատահական անձը, ապա առաջինի դեպքում համոզվողականության աստիճանը բարձր է, իսկ երկրորդի՝ցածր: Քարոզչական խոսքի նկատմամբ հավատն ու վստահությունը զգալիորեն թուլանում են, երբ ունկնդիրները կոմունիկատորի տեսակետներն ընդունում են որպես պարտադրանք: Դրանից խուսափելու համար կիրառում են տեսակետի հակադարձման էֆեկտը: Ներշնչում: Ներշնչման գործընթացն առաջնորդվում է հուզականությամբ և խաղաթղթին դրվում է անմիջական ներազդեցությունը մարդու ենթագիտակցության վրա: Ներշնչումները կարող են լինել ինչպես դրական, այնպես էլ բացասական՝ կախված ![]() Ներշնչող փաստարկման արդյունավետությունը պայմանավորող հնարքներից են. 1. «Պիտակներ կպցնելու» հնարք. հասարակության առջև վարկաբեկելու կամ հեղինակազրկելու համար օգտագործում են համեմատություններ, զուգորդություններ, հիպերբոլաներ: 2. «Տեղափոխման» (տրանսֆերի) հնարք. որևէ մարդու բնութագրելու համար զուգորդում են նրան այլ անձի կամ արժեքների հետ: Այս հնարը ակտիվորեն կիրառում են ընտրական գործընթացներում: 3. «Փայլուն ընդհանրացման» հնարք. գաղափարը, անձը կամ արժեքը բնութագրվում են դրական հուզականություն արտահայտող հասկացություններով: 4. «Վկայության» հնար. խոսքում ընդգրկում են հայտնի անձանց, փիլիսոփաների մեջբերումներ, ասույթներ և ուղեկցում համարժեք գնահատականով ունկնդրին որոշակի դիրքորոշման բերելու համար: Միջնադարում այս հնարքով եկեղեցականները քարոզում էին հնազանդություն՝ չարաշահելով հոգևոր իշխանությունը: Օրինակ՝ Քրիստոսն ասում էր. «Ով խփում է քո ծնօտին, նրան մի՜ւսն էլ մօտեցրու. և ով որ քեզնից քո բաճկոնը բռնի է վերցնում, նրան մի՜ արգելիր, որ վերցնի շապիկդ էլ» (Աստվածաշունչ, Ավետարան ըստ Ղուկասի 6,29): 5. «Հասարակ մարդու դեր խաղալու» հնարք. քարոզիչը ներկայանում է որպես շարքային քաղաքացի, հասարակ մարդ, ժողովրդի բարեկամ՝ վստահություն և մասսայականություն ձեռք բերելու նպատակով: Այս հնարքը կարող է հանգեցնել անձի պաշտպանմունքի (Ի. Ստալին, Ա. Հիտլեր): 6. «Փաստերի վերադասավորման» հնարք. որևէ անձի կամ երևույթի հանդեպ ցանկալի դիրքորոշում ձևավորելու համար առանձնացնում են միայն դրական կամ բացասական հատկությունները: Այս հնարքը մեծապես կիրառում են քաղաքական ուղղվածություն ունեցող ԶԼՄ-երը: 7. «Կառք նվագախմբով». այս հնարքով ունկնդիրներին ներշնչում են ընդունել գաղափարներ, արժեքներ, որովհետև դրանց կողմնակից են բոլորը: Վերջինս մարդկանց դրդում է հարմարվողականության (կոնֆորիզմի): Լայնորեն կիրառվում է գովազդում և PR գործընթացներում: Անի Սամսոնյան | |
ԻՆՖՈՐՄԱՑԻՈՆ ՊԱՏԵՐԱԶՄՆԵՐ | |
5444 reads | 20.01.2013
| |