ՔԱՐՈԶՉԱԿԱՆ ՊԱՅՔԱՐԸ ՌՈՒՍ-ՉԵՉԵՆԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄՈՒՄ
1994-ի դեկտեմբերի 1-ին ՌԴ դաշնային զորքերը ներխուժեցին Չեչնիա: Պատերազմը, որ պայթեց «Ո՜չ հակասահմանադրական ռեժիմին» չեչենական կարգախոսով, մեծապես հիմնված էր քարոզչության և իրադարձությունների խեղաթյուրման տեխնիկայի վրա: Արձանագրությունները վկայում են, որ պատերազմի տարիներին տեղեկատվության շրջանառությունը կատարվում էր «չճշտված տվյալների համաձայն», «ինչպես տեղեկացրել է աղբյուրը՝ չբացահայտելով ինքնությունը» նախատրամադրող կեղծ հիշեցումներով: Սակայն պարադոքսալ երևույթն այն է, որ դրանք ընդունվում էին անառարկելիորեն:
Չեչնիայի ին‎‎ֆորմացիոն գերատեսչության ղեկավար Մովլադի ՈՒդուգովը Ջոհար Դուդայեվի գլխավորությամբ մշակում և իրագործում էր հակառուսական քարոզչական գործողություններ՝ միաժամանակ կոորդինացնելով թե՜ տեղական, թե՜ ռուսական լրատվամիջոցների աշխատանքը: Բացի այդ, այն լրագրողներին, ովքեր ընկնում էին չեչեն մարտիկների հսկողության տակ, ստիպում էին ծառայել դուդայեվյան պրոպագանդային: Մինչև 1995-ի փետրվարը ռուս և արտասահմանյան լրատվական գործակալությունները տեղեկատվությունը ստանում էին չեչենական տարբերակներով, ինչն էլ նպաստում էր բացասական կարծիք ձևավորել տարածաշրջանային բախումը ուժային մեթոդներով լուծելու հարցի մասին: Մոսկվայում գործում էր նաև «Չեչենմամուլ»-ի գործակալությունը, որն անմիջական կապ էր հաստատում Դուդայեվի հետ: ԶԼՄ-ները ռուս հասարակությանը նախապատրաստում էին, որ.

• այս պատերազմում Ռուսաստանը չի կարող հաղթել
• չեչեն մարտիկը ֆիզիկապես, բարոյապես և տեխնիկապես գերազանցում է ռուս զինվորին
• ռուսական բանակը չեչենների հետ համեմատաբար կրում է ավելի շատ վնասներ
• չեչեն հրամանատարները մարտական պատրաստվածությամբ գերազանցում են ռուսներին
• ռուսական բանակը բարոյալքված է, ընդունակ չէ կռվելու, այլ զբաղվում է ավազակությամբ և կողոպուտով
• չեչեն մարտիկները պայքարում են հանուն իրենց երկրի անկախության: Նրանք մարդասիրությամբ են մոտենում գերիներին:

Ռուսական ռադիոհեռուստատեսային հաղորդումների ուսումնասիրություններից պարզվել է, որ «ՆՏՎ»-ով (НТВ) ռուս-չեչենական պատերազմի թեման ընդգրկել է ծրագրի 10-18 րոպեն տեղեկատվական թողարկումներով և 3-7 րոպե «Նորություններում»: Ընդ որում, տեսագրությունների 80%-ը կատարվել էր չեչեն մարտիկների կողմից: Բոլոր հեռուստաալիքներով ցուցադրվում էին քանդված քաղաքներ, փողոցներ և դիակներ, ինչը զգացմունքայնորեն ներգործում էր լսարանի վրա և պաշտպանողական դիրքորոշում ձևավորում անջատողականների /սեպարատիստներ/ նկատմամբ: Ստեղծվեցին տեղեկատվական կենտրոններ, որոնք մատակարարում էին անհրաժեշտ ձայնագրություններ և տեսագրություններ: Այդ կենտրոնները ֆինանսավորվում էին Լեհաստանում, Լիտվայում և Էստոնիայում գտնվող իսլամական կազմակերպությունների կողմից (Սաուդյան Արաբիա, Հորդանան, Թուրքիա) ռուսական նավթի անօրինական վաճառքից ստացված եկամուտներով: Դրանցից մեկը գտնվում էր Կրակովում (Լեհաստան) և կոչվում էր «Ազատ Կովկաս»: Ցույցերին, շուկաներում և հասարակական այլ բազմամարդ վայրերում տարածում էին «Մահ ռուս զավթողներին», «Հայրենիք կամ մահ», «Ալլահը մեզ հետ է» բովանդակությամբ թռուցիկներ կամ ելույթ ունենում համանման կոչերով: «Մամուլի էջերից, ռադիոյի և հեռուստատեսության եթերից հորդում է հոգին սառեցնող նյութերի հսկա տարափ ֆեդերալների «գազանությունների» մասին, ովքեր արյամբ են հեղեղում հպարտ և ազատասեր Չեչնիան»,- մոսկովյան «Կրասնայա զվեզդա» թերթում հանդես է եկել ռուս փոխգնդապետ Ալեքսանդր Բուդնիկովը:

Ի պատասխան չեչեններին ՌԴ-ի Ներքին գործերի նախարարության միավորված խմբագրությունը 10.000 տպաքանակով հրատարակում էր պաստառներ, որոնք վարկաբեկում էին Դուդաեվին և նրա զորքին: Սակայն 1995-ին ՌԴ Զինված ուժերի գլխավոր շտաբի Ռազմական ակադեմիայի ղեկավար գեներալ-գնդապետ Իգոր Ռոդիոնովը իր ելույթում անդրադարձավ դաշնային կառավարության կողմից ԶԼՄ-ների վրա ազդելու անընդունակությանը. «Չեչնիայում հոգեբանական և տեղեկատվական մասը մարտական գործողություններում չի ապահովվում: Մենք ոչինչ չունենք հակադարձելու թշնամական քարոզչությանը: Ոչ մեր և ոչ էլ արտասահմանյան հոգեբանական գործողությունների կազմակերպման փորձը չենք օգտագործում: Մենք տանուլ ենք տվել տեղեկատվական պատերազմը Չեչնիայում, բայց հետևություններ չենք անում: Մենք չկարողացանք տեղեկատվական ներգործող միջոցներով աջակցել մեր զորքերին, ազդել հասարակական կարծիքի ձևավորման վրա»:
Եվ մինչ կառավարությունը զբաղվում էր «օբյեկտիվ» լուսաբանմամբ, Մ. ՈՒդուգովը զբաղվում էր պատերազմով…

Անի Սամսոնյան
ԻՆՖՈՐՄԱՑԻՈՆ ՊԱՏԵՐԱԶՄՆԵՐ
2582 reads | 06.03.2013
քարոզչություն, Չեչնիա, տեղեկատվական պատերազմ, Ռուսաստան, Անի Սամսոնյան |
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2017 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com