ԿՈՐԵԱԿԱՆ ՀԻՄՆԱԽՆԴՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՈՒՂԻՆԵՐԸ ԵՎ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐԸ
Կորեական հիմնախնդրի  ամբողջական կարգավորումը հնարավոր է միայն Կորեայի միավորման պայմաններում։ Գոյություն ունի տեսակետ, ըստ որի, մինչև 2030թ․ Կորեայի միավորումը կմտնի իր բնականոն քաղաքական հունի մեջ, չնայած և մինչև վերջ չի ավարտվի։ Իրադարձությունները այս ուղղությամբ կարող են զարգանալ երկու սցենարներով։

Առաջինում  կգերիշխեն աստիճանական զարգացման գործընթացները, որոնք կարող են անցնել մի քանի փուլերով։ Նախևառաջ պետք է փոխել բանակցային գործընթացները և անհրաժեշտ է, որպեսզի Ռուսաստանը, ՉԺՀ-ը, Ճապոնիան, ԱՄՆ-ը և Հվ․Կորեան մշակեն մեկ դիրքորոշում, իսկ այնուհետև վարեն բանակցություններ Փհենյանի հետ։ Միևնույն ժամանակ առանցքային պետք է լինեն պահանջները, որպեսզի Հս․Կորեան վերադառնա միջուկային զենքի չտարածման ռեժիմին։

Գլխավոր հարցը բանակցությունների առաջին փուլի ընթացքում պետք է լինի, որպեսզի Հս․Կորեան կատարի ՄԱԿ-ի ԱԽ-ի կողմից ընդունած բանաձևերը։ Քանի դեռ Փհենյանը չկատարի դա, պատժամիջոցները հանելու կամ տնտեսական օգնության խոստումների մասին խոսք գնալ չի կարող։ Երկրորդ փուլում բանաձևերը ընդունելուց հետո կարևոր է Կորեական թերակղզու ապամիջուկայնացման պայմանագրի կնքումը, որը կնախատեսեր, որ երկու կորեական պետությունները կհրաժարվեն միջուկային զենք ստեղծել։ Միևնույն ժամանակ ԿՀ-ը և ԿԺԴՀ-ը կարող էին համաձայնության գալ փոխադարձ վստահության ամրապնդման հարցում, որոնք նման կլինեին հելսինկյան գործընթացին Եվրոպայում։

Երրորդ փուլում հիմնական ուշադրությունը անհրաժեշտ է կենտրոնացնել տնտեսական համագործակցության հարցերին Հյուսիսի և Հարավի միջև և նրանց միասնական ներգրավումը տարածաշրջանում ընթացող ինտեգրացիոն գործընթացներին։ Այս փուլում ԿԺԴՀ-ին պետք է տրամադրվի խոշոր տնտեսական օգնություն, պայմանով, որ այն կանցկացնի շուկայական բարեփոխումներ ՉԺՀ-ն կամ Վիետնամի օրինակով։ Վերջնական փուլում Կորեայի միավորման հարցն է։ Այս փուլը իր հերթին նույնպես հնարավոր է անցնի մի քանի փուլերով։ Այսպես, նրանցից մեկում Հյուսիսը և Հարավը կարող էին ձևավորել համադաշնություն, որը պետք է մերձեցներ երկու մասերին։
           
Երկրորդ տարբերակը իրադարձությունների զարգացման այնքան էլ բարեհաջող տարբերակ չէ։ Հս․Կորեան շարունակում է իր հրթիռա-միջուկային փորձարկումները՝ հրաժարվելով ընդունել ՄԱԿ-ի բանաձևերը և վերադառնալ բանակցություններին։ Սա բնականաբար կհանգեցնի լարվածության աճին, և այսպիսի քաղաքականությունը կարող է արդարացված չլինել, քանի որ այն կարող է հանգեցնել ռազմական բախումների Հվ․Կորեայի և ԱՄՆ-ի հետ։
           
Հնարավոր են զարգացման նաև այլ տարբերակներ։ Հնարավոր է, մենք այլևս չտեսնենք Կորեան միասնական։ Երկու երկրները կզարգանան ինքնուրույն՝ չընդունելով միմյանց որպես նախկին հայրենակիցներ։ Այսպես, ԿՀ-ը կողմնորոշվի դեպի Արևմուտք և քաղաքական առումով ավելի կախված կլինի ԱՄՆ-ից։ Սակայն, եթե Միացյալ Նահանգները կորցնեն իրենց ազդեցությունը համաշխարհային թատերաբեմում, ապա Հարավը կվարի ինքնուրույն քաղաքականություն և հնարավոր է առավել շատ կողմնորոշվի Արևելքի հետ համագործակցության։ Ինչ վերաբերում է ԿԺԴՀ-ին, ապա այն պետք է բացի իր «երկաթե վարագույրները»։ Միջազգային մեկուսացման պատճառով նրա տնտեսությունը քայքայված է։ Հնարավոր է, կարճաժամկետ շրջանում Չինաստանը կաջակցի զարգացման հարցում, որին պետք է ամրապնդել իր դիրքերը տարածաշրջանում։ Բացի այդ, չի բացառվում տարբերակը, որ Հս․Կորեան մտնի ՉԺՀ-ի կազմի մեջ։ Չինացի պատմաբանները ակտիվ վարում են քարոզչություն, որ ներկայիս ԿԺԴՀ-ն տարածքը գրավում է նախկինում Կոգուրե պետության տարածքները, որը Չինաստանի մի մասն էր։
           
Հնարավոր է նաև ԿԺԴՀ-ի կլանումը ԿՀ-ն կողմից։ Հարավի կողմից ակտիվ քարոզարշավ է վարվում, որով կարող է հեղափոխություն տեղի ունենալ Հյուսիսում։ Այսպիսի տարբերակ հնարավոր է ԿԺԴՀ-ի ակնթարթային փլուզման և հյուսիսկորեական ռեժիմի տապալման դեպքում։ Այդ ժամանակ միավորումը Հարավի հովանու տակ տեղի կունենա, այսպես ասած, բնական ճանապարհով, բայց այս գործընթացը բավականաչափ ծախսատար է Հարավի համար։
           
ԱՄՆ-ը բնականաբար կցանկանար տեսնել Կորեան միավորված։ Մեծ հավանականությամբ կարելի է ասել, որ եթե Փհենյանը չգնար հրթիռա-միջուկային զենքի ստեղծման ճանապարհով, ապա այն կստանար էական տնտեսական օգնություն ԱՄՆ-ից։ Սակայն կարճաժամկետ հեռանկարներում Կորեայի միավորումը չի մտնում Վաշինգտոնի ծրագրերի մեջ։
           
Ճապոնիան դժվար թե հետաքրքրված լինի Կորեայի միավորման մեջ, որը կարող է դառնալ նրա իրական մրցակիցը և որի հետ պետք է բանակցություններ վարել վիճելի տարածքային հարցերի և պատմական իրադարձությունների վերաբերյալ։
           
ՉԺՀ-ը գտնվում է ոչ բարենպաստ վիճակում։ Մի կողմից Չինաստանը արդեն շատ տարիներ գլխավոր հովանավորողն է ԿԺԴՀ-ի և կարող է զգուշանալ, որ նրա անկումը կխաթարի նրա հեղինակությունը աշխարհում։ Մյուս կողմից էլ չինական քաղաքականությունը դառնում է համաշխարհային, և ոչ կանխատեսելի Փհենյանը վերածվում է խոչընդոտի։
            
Ռուսաստանի համար Կորեան կարող է վտանգ ներկայացնել միայն ռազմական կոնֆլիկտի պարագայում, քանի որ 38-րդ զուգահեռականից հյուսիս կարող են հայտնվել օտարերկրյա զորքեր, ինչը Ռուսաստանի համար ոչ ցանկալի է։ Ի տարբերություն այլ հարևանների, Ռուսաստանը և Հյուսիսային Կորեան չունեն տարածքային վեճեր և պատմական խնդիրներ։

ՔՐԻՍՏ ՊՈՂՈՍՅԱՆ
ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ
545 reads | 30.01.2018
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2018 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com