ՔԵՌԻ ՍԵՄԸ ՎԵՐԱԴԱՐՁՆՈՒՄ Է ՔԻՄԻԱԿԱՆ ՈՍՏԻԿԱՆԻ ԿՈՉՈՒՄԸ
Վահե  Սալահյան

Հաճախ ենք լսում, որ շուտով կսկսվի Երրորդ համաշխարհային պատերազմը: Մի խումբ մարդիկ կարծում են, թե այս անգամ Էլզաս-Լոթարինգիայի կամ Հարթլենդի փոխարեն խնդրո առարկա է դառնալու ջուրը: Մեկ այլ խմբի մարդիկ համոզված են, որ Սիրիայում է այս պահին խմորվում ապագա աշխարհամարտը: Իսկ մի երրորդ խումբ մարդիկ էլ արդեն ազդարարում են տարածաշրջանային մակարդակում դրա սկիզբը:

Անկասկած Երրորդ աշխարհամարտի ստվերը վաղուց է պտտվում Մերձավոր Արևելքի տաքարյուն փողոցներով: Տարածաշրջանը ոչ պատահաբար նմանեցնում են «պայթյունավտանգ տակառի»: Սակայն առհասարակ տարածաշրջանային մակարդակում դրսևորվող հակամարտությունները պատմության (նամանավանդ սառըպատերազմյա և հետսառըպատերազմյա պատմափուլերի) հավատարիմ ուղեկիցներն են: Օրինակ` 1948 թ. արաբա-իսրայելական հակամարտության մեկնարկը, 1950-1953 թթ. Կորեական պատերազմը, 1955-1975 թթ. Վիետնամի պատերազմը, 1962 թ. Կուբայական ճգնաժամ, 1967 թ. Վեցօրյա պատերազմ, 1991-1994 թթ. Արցախյան պատերազմ, 2008 թ. ռուս-վրացական կամ Հնգօրյա պատերազմ: Շարքը երկար կարելի է թվել:

Այս իմաստով բազմաթիվ են այն տարածաշրջանային զինված հակամարտությունների օրինակները, որոնք ունեն համաշխարհայինի վերաճելու ներուժ: Հետևաբար զարմանալի չէ, որ մարդկության գրավոր պատմության հազարամյակներում դրանցից խաղաղ են հաշվվում ընդամենը 292 տարիները:

2017թ. ապրիլ 6-ի ուշ երեկոյան Սիրիայի Հոմս վարչական շրջանում գտնվող աշ-Շայրաթ պետական ռազմական ավիաբազայի նկատմամբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կարգադրությամբ Միջերկրական ծովում տեղակայված ամերիկյան 2 ռազմանավերից արձակվեցին «Tomahawk» տեսակի շուրջ 6 տասնյակ թևավոր հրթիռներ: Թիրախում աշ-Շայրաթ ավիաբազայի հայտնվելը ամերիկյան հրամանատարությունը բացատրեց այն հանգամանքով, որ հենց այդտեղից են ապրիլի 4-ին քիմիական գրոհի նպատակով մարտական թռիչք իրականացրել Սիրիայի հյուսիս-արևմուտքում` հիմնականում «Ջաբհաթ Ֆաթհ ալ-Շամ» ծայրահեղ իսլամիստական խմբավորման և սիրիական ընդդիմության կողմից վերահսկվող Իդլիբ նահանգի Խան Շեյխուն բնակավայրի վրա: Տարբեր հաշվարկներով գրոհի արդյունքում զոհվել են մի քանի տասնյակ խաղաղ բնակիչներ, այդ թվում` երեխաներ:
Այստեղ հարկավոր է ուշադիր լինել 2 կանգառում:

1. Թրամփի կարգադրության ընդունման ժամանակը համընկնում է Չինաստանի նախագահ Սի Ծինպինին Ֆլորիդայի Մար-ա-Լագո հանգստյան գոտում հանդիպելու հետ (ի դեպ, Թրամփի խոսքերով, այդ գոտին «իր ամառային Սպիտակ տունն» է): ՆԱՏՕ-ի բրյուսելյան նիստի մասնակցության փոխարեն չինական պատվիրակությանն ԱՄՆ-ում դիմավորած ամերիկյան կողմը Սիրիային հասցված ավիահարվածների թողած ազդեցության միջոցով չինական կողմի նկատմամբ սպասվելիք բանակցություններում դիվանագիտական ճնշում գործադրելու նկրտումներ է ունեցել: Չին-ամերիկյան երկօրյա գագաթաժողովի ընթացքում 4 կարևոր հիմնախնդիր է քննարկվել, որոնցից առաջինը Հյուսիսային Կորեայի միջուկային հիմնախնդիրն է: Հաջորդ երեք հարցերն են եղել չին-ամերիկյան առևտրային հարաբերությունները, Հարավչինական ծովում Պեկինի գործողություններն ու Թայվանի ճանաչման հարցը:

Բավ է նշել, որ Հս. Կորեայի ֆինանսատնտեսական համակարգը ավելի քան 60%-ով կախված է Չինաստանից: Ուստի վերջինս այդ և այլ բնույթի բավական ազդեցիկ լծակների է տիրապետում Հս. Կորեայի իշխանությունների նկատմամբ ճնշում գործադրելու համար, ինչին և ձգտում է հասնել նախագահ Թրամփը: Նա նույնիսկ մինչև Ծինպինի ժամանելը Ֆլորիդա հայտարարել էր.«Եթե Չինաստանը չի պատրաստվում լուծել Հս. Կորեայի հիմնախնդիրը, ապա մենք կլուծենք…Չինաստանը հսկայական ազդեցություն ունի Հս. Կորեայի նկատմամբ: Ուստի նա պետք է կամ մեզ օգնի այդ հարցում, կամ չօգնի: Եթե օգնի, ապա դա գերազանց կլինի Չինաստանի համար, իսկ եթե ոչ, ապա դա լավ չի անդրադառնա ոչ ոքի վրա»:

2. Իրավամբ կարող ենք ասել, որ ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբամայի իշխանության վերջին տարում ԱՄՆ-ի արտաքին քաղաքականության մերձավորարևելյան վեկտորի արդյունավետությունը զգալիորեն անկում էր ապրել: Իբրև պատճառահետևանք՝ սիրիական հիմնախնդրում ամերիկյան վճռական ազդեցությունը ստվերվել էր, և, հիշենք, ի վերջո, նախագահական ընտրությունների թոհուբոհում «քեռի Սեմին» և իր դաշնակիցներին ընդհանրապես «չէին խաղացնում»՝ հանձին Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի անհավանական եռյակի:

Այդ ամենը քաջ գիտակցելով՝ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը լծվեց ամերիկյան հեղինակության վերականգնման կարևոր առաքելությանը: Մի կողմից իզուր չէ, որ նա հայտարարել էր, թե իր կարգադրությունը բխել է ամերիկյան կենսական շահերից: Իսկ մյուս կողմից Թրամփի վարչակազմն իր յուրաքանչյուր քայլով ձգտում է «օբամայական սխալների ուղղում» կատարել՝ հերոսանալով նախկինի ինչ-ինչ թերացումների հողի վրա: Եվ ահա, երբ ողջ աշխարհաքաղաքական ուշադրությունը ամիսներով սևեռված էր դեպի Վաշինգտոն, թրամփյան վարչակազմը որսաց հարմար առիթը:

Տարբեր հաշվարկներով, շուրջ վեց տասնյակ «Tomahawk» տեսակի հրթիռների կիրառումն արժեցել է ավելի թանկ, քան աշ-Շայրաթ ավիաբազայի կործանման վնասները: Բայց դա չէ կարևորը, քանի որ Դոնալդ Թրամփի քայլն առավել շատ կրեց խորհրդանշանական-քաղաքական բնույթ, քան ռազմական: Թեպետ ռազմական տեսանկյունից այն չափազանց գրագետ է մշակված եղել՝ փաստում են մասնագետները:

Ըստ տողերիս հեղինակի անձնական մտահանգումների՝ ապրիլի 4-ին Իդլիբ նահանգի Խան Շեյխուն քաղաքում սիրիական ազգային բանակի օդուժի կողմից, այնուամենայնիվ, տեղի ունեցել է օդային հարված, սակայն ոչ զանգվածային ոչնչացման մարտագլխիկներով: Բանն այն է, որ սիրիական հետախուզական օղակները, երևում է, թերացել են: Ազգային բանակի հրամանատարությանը փոխանցելով տեղեկատվություն առ այն, որ նշված վայրում ընդդիմադիր ուժերը զինապահեստում մեծ ծավալի սպառազինություն են թաքցնում, համապատասխան կոորդինատների համաձայն՝ օդային ռազմուժն անցել է իր պարտականությանը՝ ոչնչացնող հարվածներ հասցնելով զինապահեստին: Այնինչ, դրանով բանակը ինքն է հայտնվել ծուղակում, մասնավորապես՝ քիչ անց ընդդիմադիր խմբավորումներն ի լուր աշխարհի աղաղակ են բարձրացնում, ըստ որի՝ Ասսադի ռեժիմը իր իսկ քաղաքացիական բնակչության նկատմամբ օգտագործել է միջազգային իրավունքով խիստ արգելվող քիմիական զենք:

Պարզ ասած՝ նախապես զինապահեստում դիտավորությամբ իբրև կենդանի վահան թաքցվել են անմեղ մարդիկ, ովքեր որ դարձել են օդուժի հարձակումից բռնկված քիմիական զենքի պաշարների պայթյունի զոհեր:

Նպատակը՝ սեպ խրել Դամասկոս-Մոսկվա դաշինքի մեջ, ինչպես նաև վարկաբեկել ռազմական հաղթարշավ, միջազգային և հատկապես ամերիկյան հանրության կողմից պաշտոնաթող լինելու հրամայականներ մինչև վերջերս չլսող նախագահ Բաշար ալ-Ասսադին: Պարզ ասած՝ դիմացինին հեղինակազրկելու դիտավորություն: Ե՛վ Աստանայում, և՛ Ժնևում այս տարվա սկզբին կայացած խորհրդակցություններում որևէ լուրջ հաջողության չհասնելով, այսպես կոչված, «չափավոր ընդդիմությունը» փորձեց խաղի այլ կանոններով խաղալ՝ առաջնորդվելով «Պատերազմում յուրաքանչյուր միջոց արդարացված է» սկզբունքով: Այն միանշանակ ձեռնտու էր ընդդիմության գլխավոր հովանավոր Թուրքիային և Ծոցի միապետություններին, որոնցից առաջինը չուշացավ ոչ միայն ողջունել թրամփյան մշակված ավիահարվածները, այլև վերստին շրջանառել իր վաղեմի նկրտումները՝ Սիրիայի հյուսիսում ստեղծել ոչ թռիչքային գոտի և բուֆերային զոնա:

Ուշագրավ է, որ չին-ամերիկյան կողմերի հանդիպումից առաջ բրիտանական BBC-ն ապրիլի 3-ի երեկոյան Թրամփի նախազգուշական հայտարարությունների մասին իր հրապարակման մեջ նշել էր, որ «ամենևին զարմանալի չի լինի, եթե առավոտյան արթնանանք և հայտնաբերենք, որ ամերիկյան զինված ուժերը խոցել են Սիրիային»:
ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ
408 reads | 15.04.2017
|
avatar


Copyright © 2017 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com