«ԻՍԼԱՄԱԿԱՆ ՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ» ԱՐԴԻ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐՈՒՄ
ՍԱՐԳԻՍ ԳՐԻԳՈՐՅԱՆ
ԵՊՀ Հայագիտական հետազոտությունների ինստիտուտի գիտաշխատող, արաբագետ






 
 
Երբ «Իրաքում և Շամում իսլամական պետություն» (ԻՇԻՊ) կազմակերպությունը 2012թ-ից հայտարարեց սիրիական հակամարտությունում իր ներգրավվման մասին, քչերն էին հավատում, որ «ալ-Կաիդա»-ի ճյուղավորումներից մեկը հանդիսացող այդ կառույցը շատ արագ կարող է ազդեցիկ ուժ դառնալ մերձավորարևելյան տարածաշրջանում՝ մեկը մյուսի հետևից գրավելով տարածքներ Սիրիայում, իսկ 2013թ-ի վերջից և 2014թ-ի սկզբից տարածքներ նվաճելով հարևան Իրաքում:

ԻՇԻՊ-ը ձևավորվեց «ալ-Կաիդա-ն Իրաքում» կառույցի հիման վրա, որն իր սկզբնավորումը սկսում է դեռևս 2003թ., երբ Իրաքում Սադամ Հուսեյինի իշխանության տապալումից հետո երկրում հայտնվեցին արևմտյան կոալիցիոն ուժեր: Հորդանանցի Աբու Մուսաբ ազ-Զարկաուիի կողմից ղեկավարվող այդ կառույցը նպատակ էր հետապնդում պայքարել արևմտյան ուժերի դեմ` Իրաքում ստեղծելով իսլամական պետություն: Ազ-Զարկաուիի սպանությունից հետո 2006թ. «ալ-Կաիդա-ն Իրաքում» կազմակերպությունը վերանվանվեց «Իրաքում իսլամական պետություն» իսլամական ծայրահեղ արմատական կառույցի, որը 2012թ. իր

ճյուղավորումները ստեղծեց Սիրիայում` աստիճանաբար ներթափանցելով սիրիական հակամարտության մեջ: 2013թ. սկզբից վերոհիշյալ կառույցը վերանվանվեց «Իրաքում և Շամում իսլամական պետություն» (ԻՇԻՊ)` ակտիվորեն ներգրավվելով սիրիական իշխանությունների դեմ պայքարի մեջ:

2013թ. ընթացքում և հատկապես 2014թ. սկզբից սիրիական իշխանությունների դեմ պայքարող ընդդիմադիր ճամբարում արձանագրվեցին հակասություններ: Կատաղի բախումներ տեղի ունեցան իսլամական ծայրահեղ արմատական խմբավորումների, մասնավորապես ԻՇԻՊ-ի և այլ ընդդիմադիր խմբավորումների միջև, որոնք համարվում էին «ալ-Կաիդա»-ի ճյուղավորումները Սիրիայում:

Նման բախումները չէին կարող անմասն թողել «ալ-Կաիդա»-ի ղեկավար շրջանակին: 2014թ. հունվարի 23-ին իսլամական լրատվական ռեսուրսներում տարածվեց «ալ-Կաիդա»-ի առաջնորդ Այման ազ-Զաուահիրիի հերթական ձայնագրությունը, որը հասցեագրված էր ոչ միայն միմյանց դեմ պայքարող իսլամականներին` հորդորելով վերջիններիս դադարեցնել բախումները, այլև` Սիրիայի մուսուլմանական առավել լայն շրջանակներին` կոչ անելով «Ջիհադական բոլոր խմբերի եղբայրներին, գիտնականներին, փաստաբաններին, հասարակական գործիչներին, լրագրողներին և բոլոր նրանց, ովքեր ձգտում են տապալել Բաշար ալ-Ասադի իշխանությունը, ամեն ինչ անել դադարեցնելու Սիրիայում կռվող ջիհադական խմբավորումների միջև առկա հակասությունները»: Սակայն ազ-Զաուահիրիի ուղերձը մնաց անպատասխան, և իսլամական ծայրահեղ արմատական խմբավորումների միջև բախումները Սիրիայում շարունակվեցին:

Սիրիայում շարունակվող քաղաքական ճգնաժամը, երկրում առկա քաոսային իրավիճակը, ինչպես նաև տարածաշրջանում, մասնավորապես հարևան Իրաքի սուննիաբնակ որոշ արևմտյան բնակավայրերի իրաքյան կառավարական ուժերի վերահսկողությունից դուրս մնալը նույնպես նպաստավոր պայմաններ ստեղծեցին ԻՇԻՊ-ի համար:

2014թ. հունիս ամսվա սկզբից ԻՇԻՊ-ի և իրաքյան հակակառավարական ուժերի կողմից Իրաքի արևելյան և հյուսիս-արևելյան տարածքներում լայնամասշտաբ ռազմական գործողությունների նախաձեռնումն էլ ավելի սրեց առանց այն էլ  երերուն իրավիճակն Իրաքում: Հունիսի 9-ին ԻՇԻՊ-ի զինյալների կողմից նվաճվեց իրաքյան երկրորդ խոշոր քաղաքը` Մոսուլը, որից հետո ընդդիմադիր զինյալները շարժվեցին դեպի հարավ` ընդհուպ մոտենալով երկրի մայրաքաղաք Բաղդադին:

Հունիսի 29-ին «Իրաքում և Շամում իսլամական պետություն» (ԻՇԻՊ) ծայրահեղ արմատական կառույցի կողմից հայտարարություն տարածվեց առ այն, որ կառույցը այսուհետ կոչվելու է «Իսլամական պետություն» (ԻՊ), իր կողմից վերահսկվող տարածքներում հռչակվում է խալիֆայություն, որի սահմանները այդ պահի դրությամբ ձգվում էին Սիրիայի հյուսիսային շրջաններից մինչև Իրաքի արևմտյան որոշ հատվածներ:

Տարածաշրջանում ի հայտ է եկել մի ուժ, իսլամական ծայրահեղ արմատական  կառույց, ով մարտահրավեր է նետում գոյություն ունեցող կարգերին, վերահսկում է տարածքներ, որտեղ գործում են շարիաթի օրենքներ: ԻՇԻՊ-ի կողմից հունիսի 29-ի  հայտարարությունը, փաստորեն, արձանագրում է իրողությունը, այն է՝ արդեն փաստացի առկա իսլամական պետության գոյությունը: Այս համատեքստում կարելի է առանձնացնել մի քանի գործոններ, որոնք ԻՊ-ն օժտում են որոշակի առանձնահատկություններով:

1. «Իսլամական պետությունը»  հանդես է գալիս որպես նոր պետական միավոր, ասել է թե՝ իսլամական խալիֆայություն, որը կառուցվել, կամ կառուցվում է իսլամական աշխարհի սրտում: Նոր ժամանակներում արաբական աշխարհում նման պետություն գոյություն չի ունեցել: Անգամ թալիբական Աֆղանստանը, որը նույնպես առաջնորդվում էր շարիաթի օրենքներով, և գոյատևեց 1996-2001թթ. չէր կարելի համարել զուտ արաբա-մուսուլմանական պետություն:

2. ԻՊ-ն ունի որոշակի ռազմական ներուժ, որը գործնականում ընդլայնում է ԻՊ-ի տարածքները, և որտեղ ավելանում է  ռազմական փորձ ունեցող զինյալների թվաքանակը, որոնք պատրաստ են իրենց ունակություններով աչքի ընկնել աշխարհի այլ հատվածներում:

3. ԻՊ-ն ունի ֆինանսական ներուժ, և ըստ տարբեր փորձագիտական գնահատականների՝ ԻՊ-ի ինքնաֆինանսավորման գործակիցը բավական բարձր է, հետևաբար, միայն արտաքին դոնորներից կառույցի ֆինանսավորման դադարեցումը չի կազմալուծի կառույցը ֆինանսական առումով: ԻՊ-ը ապահովել է իր ներկայությունը էներգակիրներով հարուստ տարածքներում (այստեղ կա նավթ, գազ): Սա լրացուցիչ ֆինանսական հոսքեր է ապահովում կառույցին:

4. 2014թ. հունիսի 29-ին ԻՊ-ն հայտարարեց նոր խալիֆի`կառույցի առաջնորդ Աբու Բաքր ալ-Բաղդադիի անունը (Աբու Բաքր ալ-Բաղդադի ալ-Կուրայշի ալ-Սամարի կամ խալիֆ Իբրահիմ): Մուսուլմանական աշխարհի կենտրոնում ստեղծված խալիֆայության առաջնորդի անվանարկումներում Մուհամմադ մարգարեի (Մուհամմադը ալ-Կուրայշ ցեղի Հաշիմ տոհմից էր) ցեղակից լինելու հանգամանքի շեշտումը բարձրացնում է  նորահռչակ խալիֆի հեղինակությունն իսլամական աշխարհում:

Իսլամական պետություն ասվածը միայն իր սահմանների մեջ պարփակված պետական միավոր չէ, և դրա տակ հասկացվում է նաև հարակից երկրների հետ հարաբերություններ, ընդ որում նաև բռնի ուժի կիրառմամբ: Այդ համատեքստում  առաջին հերթին վտանգված են տարածաշրջանում էթնո-դավանական փոքրամասնությունները:

Ծայրահեղ արմատականներն իրենց վերահսկողության տակ անցած տարածքներում սահմանեցին շարիաթի սկզբունքների վրա հիմնված վարքագծի նորմեր, այդ թվում նաև գլխահարկ (ջիզիա` որով հարկվում են ոչ մուսուլմանները), որոնք էլ ավելի են նպաստում մերձավորարևելյան տարածաշրջանում էթնո-դավանաբանական հակասությունները: Սրան ավելացան նաև իսլամականների կողմից նվաճված քաղաքներում և հարակից բնակավայրերում խմելու ջրի պակասը, էլեկտրաէներգիայի բացակայությունը, սննդամթերքի գների աճը, առաջին անհրաժեշտության, բժշկական և այլ ապրանքների սակավությունը, որոնք սկսեցին սպառնալ տեղի բնակչության  առողջությանն ու անվտանգությանը:

Վերջին շրջանում Սիրիայի և մասնավորապես Իրաքի մի շարք նահանգներում տեղ գտած իսլամականների բռնություններն էթնո-դավանական փոքրամասնությունների հանդեպ ստիպեցին վերջիններիս կամ հարմարվել ստեղծված իրողության հետ, կամ էլ թողնել իրենց բնակավայրերը և ապահով բնակատեղիներ գտնել Իրաքի այլ հատվածներում՝ շարժվելով դեպի հյուսիս՝ Իրաքյան Քուրդիստանի տարածք, ինչպես նաև դեպի հարավ՝ շիաբնակ տարածքներ:

Հունիսի 26-ին բախումներ արձանագրվեցին քրդական փեշմերգայի և ԻՇԻՊ-ի միջև ասորաբնակ Կարակուշ քաղաքից 5կմ. արևմուտք ընկած հատվածում, որի հետևանքով այստեղի 50.000 ասորի բնակչությունը շարժվեց դեպի Էրբիլ, Ալկուշ, Թել Կեպե, Թելսկուպ, Անկավա, Դոհուկ և այլ ուղղություններով:

Վտանգավոր իրավիճակ ստեղծվեց նաև իրաքյան եզդիների համար: Իսլամականների կողմից մեծամասամբ շիա-թուրքմեններով բնակեցված Թալաֆար բնակավայրի նվաճման հետևանքով տեղի մոտ 3000 ընտանիքներ հեռացան Շանգալ քաղաք, որը համարվում է տարածաշրջանի խոշոր եզդիաբնակ կենտրոն: Հունիսի կեսերին Շանգալը ԻՊ-ի կողմից նվաճելու իսլամականների տարածած հայտարարություններին զուգահեռ իրաքյան քրդական զգալի թվով զորամիավորումները ներխուժեցին Շանգալ, որտեղից, ինչպես նաև ԻՊ-ի կողմից վերահսկվող Մոսուլից և հարակից բնակավայրերից շարունակվեցին փախստականների արտահոսքը դեպի Իրաքի առավել ապահով բնակավայրեր: 2014թ. օգոստոսին Իրաքի Սինջար լեռան մոտակայքը բնակեցնող եզիները անսպասելի հարձակման ենթարկվեցին ԻՊ-ի զինյալների կողմից: Այստեղ պատսպարված մեծաթիվ եզդիների նկատմամբ իսլամականները սպանդ իրականացրեցին` պահանջելով իսլամ ընդունել:

Ընդհանուր առմամբ, էթնիկ փոքրամասնությունների համար Իրաքում ստեղծվել է վտանգավոր մի իրավիճակ, և այս համատեքստում իրաքյան զարգացումներն` ընդհանրապես, և իսլամականների կողմից վերահսկվող իրաքյան տարածքներում` մասնավորապես, միտում ունեն վերածվելու էթնո-դավանաբանական հակամարտության՝ սպառնալիքի տակ դնելով իրաքյան ազգային փոքրամասնությունների, այդ թվում քրդերի, հայերի, ասորիների, եզդիների և այլնի ապագան:

ԻՊ-ը միաժամանակ պատերազմներ է վարում մի քանի ճակատներում, որը թույլ է տալիս ենթադրել, որ կառույցն ունի զգալի թվով փորձառու զինյալներ և ռազմական ներուժ, և սիրիական ու իրաքյան զորամիավորումներն ի վիճակի չեն կանգնեցնել իսլամականների առաջխաղացումը: Վերոհիշյալի համատեքստում Իրաքի հյուսիսում բացի կառավարական ուժերից իսլամականներին դիմակայում են նաև իրաքյան Քուրդիստանի իշխանություններն ու քրդական զորամիավորումները, իսկ սիրիական տարածքներում ԻՊ-ի դեմ պայքարում են ոչ միայն սիրիական ընդդիմադիր շատ խմբավորումներ, այլև քրդական և սիրիական կառավարական ուժերը:

Այսպիսով, ԻՊ-ը տարածաշրջանում գործող այն իսլամական կառույցներից է, որն ունի գաղափարական մոտիվ, ռազմական գործողությունների փորձ, և զգալի ֆինանսական ու ռազմական աջակցություն, որն ստանում է անհատ հովանավորներից և որոշ հարուստ երկրներից: ԻՊ-ը վերահսկում է նաև Սիրիայի էներգակիրներով հարուստ որոշ տարածքներ, զբաղվում է դրանց վաճառքով, ունի գազամուղերի և նավթամուղերի տարանցիկ ճանապարհների նկատմամբ որոշակի վերահսկողություն, որոնք լրացուցիչ ֆինանսական հոսքեր են ապահովում կառույցին, իրականացնում է գյուղատնտեսական ապրանքների վաճառք, ինչպես նաև թալանված եկեղեցիների և մզկիթների մասունքների աճուրդ և այլն: Վերոհիշյալի ամբողջական համադրմամբ կարելի է եզրակացնել, որ ԻՊ-ը վերածվում է տարածաշրջանային գործոնի, որի գերնպատակը արդեն ստեղծված իսլամական խալիֆայության ընդլայնումն ու հզորացումն է: Վերջինիս հասնելու համար կառույցը չի վարանում գործնական (ռազմական) քայլերի դիմել՝ վերածվելով սպառնալիքի ոչ միայն մերձավորարևելյան տարածաշրջանում, այլև դրանից դուրս:
ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ
1944 reads | 03.02.2015
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2017 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com