‹‹ՀԵՏՈ ԿԽՈՍԵՍ ԻՆՔԴ ՔԵԶ ՀԵՏ››
ԱՐՄԱՆ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ
Արտակարգ և լիազոր դեսպան






Մոսկվայի Լոմոնոսովի համալսարանի պրոֆեսոր Սվետլանա Տեր-Մինասովան գրել է հրաշալի մի գիրք ‹‹Լեզուների և մշակույթների պատերազմը և խաղաղությունը›› վերնագրով, որից ուզում եմ մեջբերել հետևյալ հատվածը: ‹‹Ավստրալիայում պատմում են մի այսպիսի դեպք: Հանդիպում են երկու իմիգրանտներ` մեկը նոր է ժամանել, մյուսը հնաբնակ է:

‹‹Դե, պատմիր, սա ի՞նչ երկիր է: Ինչպե՞ս են մարդիկ այստեղ ապրում,- հարցնում է նոր եկածը››:
‹‹Հոյակապ երկիր է,- ասում է հնաբնակը, մի երկու ամսից մեքենա կառնես, երկու տարի հետո` տուն, տասնհինգ տարի հետո կխոսես անգլերեն››:
‹‹Հետո՞,- սկսում է հուզվել նորեկը››:
‹‹Հետո՞… հետո կսկսես խոսել ինքդ քեզ հետ,- լինում է հնաբնակի պատասխանը››:
Ասվածը ապացուցում է, որ եթե իմիգրանտը հաղթահարել է անգամ նոր երկրի լեզվական արգելքը, նա բախվելու է հաջորդ` այս անգամ անհաղթահարելի դժվարության, որը կոչվում է մշակութային արժեքների համակարգ: Բազմաշերտ, բարդ և անըմբռնելի` իմիգրանտի համար, քանզի այն կազմավորվում և վերջնական ձև ու բովանդակություն է ստանում էթնոսի դարավոր զարգացման ընթացքում և ընդգրկում է տվյալ ժողովրդի ծագումնաբանությունը, պատմությունը, մարդաբանությունը, մտածելակերպը, հոգեբանությունը, կարծրատիպը (ստերեոտիպ)…

Ի՞նչ անի այս ամենի հետ խեղճ իմիգրանտը, և նրա ո՞րերորդ սերունդն ի վիճակի կլինի մարսելու այս ամենը, որպեսզի նրան թարս աչքով չնայեն տեղաբնակները և ընդունեն որպես յուրայինի: Պատահական չէ, որ մշակութային արժեքների համակարգը խիստ բարձր գնահատող երկրները մերժում են այլ ազգերի` դրան հասու լինելու և ըմբռնելու ունակությունն ու հնարավորությունը: Եվ այդ հատկանիշը, ի դեպ, ամենևին էլ պարտադիր չէ, որ լինի նացիոնալիզմի կամ շովինիզմի դրսևորում: Այդ էթնոսների կարծիքով` քանի որ օտարերկրացին ի վիճակի չէ հաղթահարել նշված արժեքային համակարգը, ուրեմն նա չի կարող նաև զբաղեցնել բարձր պաշտոններ իրենց պետությունում և նրա քաղաքական իսթեբլիշմենտում: Որոշ երկրներում այն վերածվում է անքննելի դրույթի` դոգմայի: Օրինակ` այլազգին կարող է ծնված և մեծացած լինել Ճապոնիայում, ուրիշ լեզու չիմանալ ճապոներենից բացի, բայց ճապոնացին նրան երբեք չի համարի իր արյունակիցը, և անհնար է պատկերացնել, որ իմիգրանտի տղան կամ էթնիկական չինացին դառնա Ճապոնիայի պրեմիեր-մինիստր, անգամ եթե նրա նախնիները եկած լինեն այդ երկիր VII դարում: Իհարկե, կան երկրներ, որոնք ավելի հանդուրժողական են օտարների հանդեպ: Ի տարբերություն նույն Ճապոնիայի, նրա ծնունդ Ֆուխիմորան դարձավ Պերուի նախագահ, իսկ ուկրաինացի Բերեգովուան (Բերեգովոյ)` Ֆրանսիայի պրեմիեր-մինիստր, ինչը, կարծես թե, շատ էլ չի հուզել պերուացիներին և ֆրանսիացիներին: Նման երկրները հազիվ թե մտահոգեն այսօրվա մեր արտագաղթողին, քանի որ նա շատ հեռու է որևէ պետության նախագահ լինելու հեռանկարից:

Հայաստանցին թողնում է հայրենիքը ընդամենը ավելի պարզ բարիքներ ձեռք բերելու նպատակով, մեկ էլ այն պատճառով, որ ‹‹երկիրը երկիր չէ››:
 Արտագաղթը և ներգաղթը փոխկապակցված բարդ, սոցիալ-քաղաքական երևույթներ են: Քաղաքակիրթ երկրներում դրանք միանգամայն բնական, ազատության, դեմոկրատիայի ու մարդու իրավունքների անվիճելի բաղադրիչներ են: Արտագաղթ-ներգաղթ հավասարակշռության խախտումը կամ դրանց արգելափակումը բնորոշ է բռնապետական ռեժիմներին, որոնց և արտաքին աշխարհի միջև ընկած է անջրպետ: Իսկ քանի որ Հայաստանում ռեժիմը դեռևս տոտալիտար չէ, մեր հայրենակիցները օգտվում են ընձեռված հնարավորությունից, ասես շտապում են. ‹Բա որ սահմանները հանկարծ փակե՞ն››: Անհիմն մտավախություն:

Հայաստանի իշխանությունները, որքան էլ տարօրինակ և իռացիոնալ է, ոչ միայն լուրջ գործնական քայլեր չեն ձեռնարկում երկրի հայաթափումը եթե ոչ կասեցնելու, գոնե մեղմելու ուղղությամբ, այլև կարծես թե կանաչ լույս են վառում այդ ազգակործան ճանապարհին: Ըստ սոցիոլոգիայի պրոֆեսոր Լյուդմիլա Հարությունյանի` նման անհեռատես քաղաքականությունը պայմանավորված է նրանց մտավախությամբ` կապված տրանսֆերտների նվազեցման և գործազրկության մակարդակի բարձրացման վտանգի հետ: Անվանի գիտնականը ցրում է այն սխալ պատրանքը, թե ռուսաստանյան միգրադոլարները էական դեր են խաղում Հայաստանի տնտեսության զարգացման մեջ:

Պարզվում է, որ Հայաստանի քաղաքացին ողջ 2011 թվականին իր ընտանիքին ուղարկել է ընդամենը 4 հազար 810 դոլար, հազար դոլար պակաս, քան ադրբեջանցի գաստերբայտերը, և մի փոքր ավելի, քան Ռուսաստանում աշխատող վրացին: Փորձառու սոցիոլոգը խիստ մտահոգություն է հայտնում հանրապետության գլխին կախված ‹‹Մյուդալի հանգույցի›› կապակցությամբ, որը ‹‹վերածվել է ժողովրդագրական խնդրի և կարող է ձգվել այն աստիճան, որ առաջանա պետականության ու երկրի կորստի վտանգ››: Իսկ մինչ այդ Գերմանիայում ‹‹հանձնված›› հայերն ապրում են հատուկ ճամբարներում` առանց աշխատանքի և տվյալ բնակավայրը թողնելու իրավունքի, առանց երեխաներին կրթություն տալու հնարավորության: Հա՞րկ է արդյոք զարմանալ, որ նման պայմանները դեգրադացնում են շատերին, որոնց մի մասը բռնում է գողության և սոցիալական այլ շեղումների ճանապարհ` արատավորելով իրենց հայրենակիցներին, իրենց ազգը: Գերմանական իշխանությունները գնալով խստացնում են միգրացիայի օրենքները, որի հետևանքով նկատելի արտահոսք է նկատվում Իսպանիա, Իտալիա, Ֆրանսիա: Ներգաղթած հայը պատրաստ է մեկնել ուր որ աչքը կտրի: Ցավալի է: Առավել ցավալի և անըմբռնելի է, որ այս ամենի դեմ-հանդիման պաշտոնական Երևանը լռում է պարտիզանի պես: Հավանաբար դա ունի իր պատճառները: Ասում են` լավ է լռել և կասկածվել հիմարության համար, քան բերանը բանալ և ցրել այդ կասկածը:

Ժամանակն է…

Ժամանակն է, վաղուց ժամանակն է ահազանգ հնչեցնել բոլոր զանգակատներից, բոլոր միջոցներով, ամենուր, աշխարհի բոլոր ծագերում` ‹‹Հայրենիքը վտանգի մեջ է››, ինչպես հայաստանաբնակների, նույնքան էլ այն լքողների համար: Ժամանակն է դուրս պրծնելու այս կախարդական շրջանակներից, սթափվելու լեթարգիայի վերածվող քաղաքական նիրհից, այսօր, հիմա: Վաղը ուշ կլինի:
ԱՐՏԱԳԱՂԹ
1324 reads | 23.02.2013
|
avatar

avatar
1
Ցավալին այն է, որ արտագաղթած ընտանիքներում երեխաները մեծանում և հետևաբար էլ սոցիալիզացվում են այլէթնիկ միջավայրում`այն այլևս օտար չհամարելով: Այդ սերնդի համար օտար է դառնում արդեն Հայաստանը, և նույնիսկ հավասար հնարավորությունների դեպքում էլ նրանք չեն ցանկանում ներգաղթել:

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2017 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com