ԱՐՏԱԳԱՂԹԸ՝ ՈՐՊԵՍ ԱԶԳԱՅԻՆ ԱՂԵՏ. ԻՄԱՑԻՐ, ՈՒՐ ԵՍ ՄԵԿՆՈՒՄ
ԱՐՄԱՆ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ
Արտակարգ և լիազոր դեսպան






ՍԿԻԶԲԸ՝

2012 թվականի առաջին եռամսյակում ՀՀ-ում ծնվել է 9 հազար 569 երեխա, մինչդեռ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում ծնվածների թիվը կազմել է 10 հազար 144: Փոխարենը ավելացել է մահացածների թիվը` 7 հազար 953` նախորդ տարվա 7 հազար 784-ի փոխարեն: (Մենք, իրոք, ֆենոմենալ ազգ ենք. Ազգային ժողովի վերջին ընտրություններին ավելի շատ մարդ մասնակցեց, քան գոյություն ունի երկրում): Լավատես ընթերցողը կարող է առարկել, թե ի՞նչ է պատահել. բերված թվերը մի բան չեն: Դա կլիներ այդպես, եթե մենք դառնայինք չինացի կամ հնդիկ: ֆուտուրոլոգ պետք չէ լինել` հասկանալու համար, որ եթե այսպես շարունակվի, մի հիսուն տարի հետո մենք` որպես ազգ, կդադարենք գոյություն ունենալուց` համենայն դեպս այս արեալում: Գոգոլն այն կարծիքին է եղել, որ Ռուսաստանի հիմնական պրոբլեմը հիմարները և ճանապարհներն են: Հայաստանի ճանապարհներն էլ մի բան չեն, սակայն հայկական գերագույն պրոբլեմն այսօր, իմ կարծիքով, թանձրամիտներն են, որոնք պինդ կառչած են վարչակառավարական բազկաթոռներից, մեկ էլ արտագաղթն է, որը կրծում է պետականության հիմքերը:



‹‹Էս երկիրը երկիր չի›› արտահայտությունն այսօր դուք կլսեք հայրենիքը լքող հայից: Նրանից, ով ձայնը հինգ հազար դրամով ծախում է ընտրությունների ժամանակ, և նրանից, ով ունի գիտական տիտղոսներ, ուսյալ է, անգամ` կարդացած: Իրեն ծնած, սնած և կրթություն տված երկրի մասին այս ցինիկ և անբարոյական արտահայտությունը նրանք ժակո թութակի համառությամբ կրկնում են` սկսած վիզայի համար օտար երկրի դեսպանություն մտնելուց` մինչև ինքնաթիռ բարձրանալը: Այդ արգահատելի բառերը ծառայում են որպես մեղքերի թողություն (իդուլգենցիա) բոլոր մեկնողների համար` լինի թերուս քաղքենի, բարձրորակ մասնագետ, նրբաճաշակ արվեստագետ թե պետական չինովնիկ: Կա հայրենիքից հեռացող մի ուրիշ տեսակ ևս` մեծահարուստը, որն արդարանալու ո’չ ժամանակ ունի, ո’չ էլ հավես: Նա նախ, իրավապահ մարմինների անտարբեր հայացքի տակ, արտահանում է իր բազմամիլիոն գողացված (գոնե սկզբնական շրջանում) կապիտալը, հետո հեռանում է ինքը` սուս-փուս, առանց բանկետի ու հրավառության: Աստված իր հետ: Մեկ է` նա չէ, որ փրկելու է երկիրը, ոչ էլ կարիքավորի համար դառնալու է Մորգան կամ Մանթաշյանց: Բոշան փաշա չի դառնում: Երբեք: 
Արտագաղթի ճանապարհները տարբեր են: Օրինակ, մի քանի տարի առաջ իմ հեռավոր ազգականուհիներից մեկը` երիտասարդ մի աղջիկ, ուզում էր մեկնել Գերմանիա: Ամեն կերպ և ամեն գնով: Իմանալով նրա մտավոր և գործնական կարողությունների խիստ ցածր մակարդակը, այն աստիճանի ցածր, որ, ինչպես ասում են, ‹‹երկու էշի գարի բաժանել չի կարող›› հարցրի, թե ի՞նչ է անելու Գերմանիայում: Պատասխանն ինձ սկզբում ապշեցրեց, հետո կարգին զվարճացրեց: ‹‹Գնում եմ հանձնվեմ Կարմիր խաչին››,- ինկվիզիցիայի խարույկի աստիճաններով բարձրացող քիրստոնիայի վեհանձնությամբ, առանց աչքը թարթելու պատասխանեց օրիորդը: Մի քանի տարի անց նրա հայրը շատ գոհ պատմում էր բոլորին, թե աղջիկը գնացել, ‹‹հաջողությամբ հանձնվել է›› գերմանական իշխանություններին և ‹‹շատ էլ լավ ապրում է››:
Մեկնելու հավակնորդների մեջ կհանդիպեք մարդկանց, որոնք հայտարարում են, թե ռեժիմը հալածում է իրենց` քաղաքական հայացքների, ոչ ավանդական սեռական ուղղվածության (եթե պետք է` սա պատրաստ են տեղում ապացուցել), կրոնական դավանաբանության և այլ հազար ու մի ուրիշ գործած ու չգործած մեղքերի համար: Անշուշտ, լավագույնը օրինական ճանապարհով արտագաղթելն է: Արտասահման մեկնելու թույլտվությունը, անկախ երկրից, անվանվում է ‹‹green card››, որով հավանաբար տուրք է մատուցվում Ամերիկայի անվիճելի հզորությանն ու հարստությանը: Իսկ թե ինչ գույն կա այդ ‹‹կանաչ քարտի›› հետևում` այլ հարց է:
 Արտագաղթի աքիլլեսյան գարշապարը տեղեկատվության պակասն է կամ ապատեղեկատվությունն այն երկրի մասին, որին ուղղված է Հայաստանից զզված նրա քաղաքացու տենչալի հայացքը: Կա հնուց եկող անքննելի մի ճշմարտություն. ‹‹Քո երկիրը քո' երկիրն է, անկախ նրանից` նա լավն է, թե վատ››: Մեկ էլ ռուսների դիպուկ ասվածը. ‹‹Սիրիր հայրենիքդ, երբ եղանակն անբարենպսատ է››: Ուրեմն, երբ մարդն առանց աչքը թարթելու հայտարարում է, որ իր ‹‹երկիրը երկիր չի››, նա առնվազն պետք է գոնե մոտավորապես իմանա, թե որ ‹‹երկիրն է երկիր››, որտեղ ինքը պատրաստվում է հանգրվանել: Մինչդեռ արտասահման արտագաղթում են նրանք, ովքեր քթներն անգամ դուրս չեն հանել հանրապետությունից, իսկ մյուսները դիտել են արտերկրի հրաշալիքներն ավտոբուսի պատուհանից: Իհարկե, կան արտագաղթողներ, որոնք երկար ապրել են դրսում, անգամ տներ և բիզնես ունեն այնտեղ, բայց, միևնույն է, նրանք նույնպես չգիտեն կամ վատ գիտեն, թե ինչ է արտերկիրը, հետևաբար անտեղյակ են, թե ինչ է իրենց և իրենց երեխաներին սպասում, երբ արդեն այրել են հայրենիքի հետ կապող կամուրջները, երբ անցել են, անդառնելիության Ռուբիկոնը: Գոյություն ունի այսպիսի նաֆտալինոտ անեկդոտ: Հանգուցյալին երկնքում դիմավորում է հերթապահ հրեշտակապետը: ‹‹Որտեղ կցանկանայիր բնակություն հաստատել, որդյակս, դրախտու՞մ, թե դժոխքու՞մ, ընտրիր››: ‹‹Նախ տեսնեմ ինչ կա դժոխքում: Դրախտը հո կա ու կա,- մտածում է հանգուցյալը և ներս մտնում››: Նա ապշահար է լինում և զմայլվում: Համընդանուր ուրախություն, պար, երաժշտություն, շամպայնի շատրվաններ, ստրիպտիզ, կիսամերկ կանայք: Հետո որոշում է բոլոր դեպքերում այցելել նաև դրախտ: Այստեղ գերեզմանային լռություն է, մարդիկ ասես ուրվականներ լինեն, կանայք գլուխները կախ անտարբեր անցնում են կողքովդ, ոչ մի խմիչք, համատարած ձանձրույթ: Նա դուրս է գալիս և արագ մտնում դժոխք: Ներս մտած չմտած սատանաները բռնում են նրան և նետում եռացող կաթսայի մեջ: ‹‹Այս ինչ եք անում, բաց թողեք, սա դժոխքը չէ,- սկսում է գոռալ հանգուցյալը ››: ‹‹Դժոխքն է, դժոխքն է: Կարողացիր տարբերել զբոսաշրջիկությունը իմիգացիայից որդյակ իմ,-դրսից լսվում է հերթապահ հրեշտակապետի ձայնը:

ՇԱՐՈՒՆԱԿԵԼԻ...
ԱՐՏԱԳԱՂԹ
1286 reads | 10.02.2013
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2017 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com