ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆԸ ԱՐՏԱԳԱՂԹԻ ԿԱՏԱԼԻԶԱՏՈ՞Ր
ԱՐՄԱՆ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ
Արտակարգ և լիազոր դեսպան




Երբ մենք խոսում ենք Ամերիկա ներգաղթած պիոներների մասին, միանգամայն հեռու ենք նրանց փնովելու կամ այդ երկրի արժանիքները թերագնահատելու մտքից: Քավ լիցի: Երիցս ճիշտ են նրանք, ովքեր արտագաղթի համար ընտրում են հենց ԱՄՆ-ը: Ճիշտ են նաև Հայաստանը լքողները, երբ առաջին հերթին իրենց անուրջներում տեսնում են Ազատության արձանն ու Նյու Յորքի երկնաքերները: Ամերիկան լավ երկիր է: Այդ մեր նշած արկածախնդիր իմիգրանտները և մայրասպան Օրեստեսներն էին, որ ընդամենը երկու հարյուր տարում կարողացան ստեղծել հզոր, հարուստ, բարգավաճ, բարձր մշակույթի, առաջատար գիտության և կրթության երկիր: Ամերիկայի հայրերը որդեգրեցին արտակարգ խելամիտ մի գիծ. ամեն կերպ և ամեն գնով հավաքել ուղեղներ: Եվ շատ էլ ճիշտ արեցին: Այսօր էլ, իմիգրացիայի խստացված պայմաններում, եթե ներգաղթողն արժեք է ներկայացնում երկրի համար, նրա առաջ դռները բաց են: 

Եթե մի քանի տասնյակ տարի հետո նայելու լինենք ամերիկահայ համայնքին, ապա այնտեղ կտեսնենք Հայաստանի բարձրակարգ պրոֆեսիոնալների` արդեն ամերիկացի դարձած և արդեն կորած` հայրենիքի համար: Ափսոս: Ամերիկան առանց մի կաթիլ արյուն թափելու հաղթեց բոլշևիզմին, ապացուցեց կապիտալիզմի առավելությունը սոցիալիզմի նկատմամբ, և աշխարհը, ի դեմս իրեն, դարձրեց միաբևեռ: Այս ամենից զատ` ԱՄՆ-ը ձգում է իմիգրանտին հասարակարգի կառուցվածքի և մարդկային հարաբերությունների գերհրապուրիչ սկզբունքներով: Հոգ չէ, որ դրանցից շատերը երազային են, ուտոպիստական: 70 տարի կոլեկտիվիզմի ոգով դաստիարակված մարդուն միանգամայն գրավում է Ամերիկայում հռչակված անձի անկախությունն ու անհատականությունը հարգելու սրբազան օրենքը (privacy): Պատմում են, որ ԱՄՆ մեկնող մեր հայրենակիցներից մեկը հայտարարել է, թե այնքան է ձանձրացել հարևանների հետ քիթ քթի ապրելուց, որ որոշել է Կալիֆոռնիայում այնպիսի տուն առնել, որ հարևաններին կարողանա տեսնել միայն հեռադիտակով: (Հավանաբար եղել է մեր նորելուկ օլիգարխներից մեկը): Չգիտեմ` նրան հաջողվե՞լ է իրականացնել իր փադիշահական նկրտումները, բայց որ այդ նույն Կալիֆոռնիա արտագաղթած հազարավոր հայաստանցիներ ապրում են գետո հիշեցնող թաղամասերում և իրենց կենցաղով շատ չեն տարբերվում Երևանի սարիթաղցիների ապրելակերպից, նույնպես իրողություն է: Գեղեցիկ անգլերենը, ամերիկյան հոյակապ մշակույթը, արվեստը և գիտությունը շրջանցել են շատ ու շատ ներգաղթած հայերի: Ամերիկան գրավում է օտարին որպես հնարավորությունների երազ երկիր:

Արտագաղթող հայը մտածում է, թե այնտեղ նա կարող է ինքնահաստատվել, իրագործել իր հնարավորությունները, որոնք անտեսվել կամ արհամարհվել են հայրենիքում: ԱՄՆ-ը, իրոք, հնարավորությունների, հավասարության` էգալիտարիզմի երկիր է: Սակայն հավասար հնարավորությունների սկզբունքը և ինդիվիդուալիզմի գաղափարն այստեղ հաճախ խաչաձևվում են: Եթե անհատականությունը` սկսած օրորոցից, կուռքի վերածված սևեռուն գաղափար է, կնշանակի նման մարդը կարիք ունի հատուկ ուշադրության և հատուկ արտոնությունների հասարակության ու պետության կողմից: Իսկ ինչպե՞ս յուրաքանչյուրին ֆիզիկապես ապահովել այդ ամենով, որտեղի՞ց գտնել այդքան միջոցներ` անգամ Ամերիկայի նման հարուստ երկրում: Սա մեծ հարցական է, որին բախվում են հավասարության հնարավորությունների պատրանքին ապավինած իմիգրանտները:
Արդեն ասվեց, որ արտագաղթի հիմնական դրդապատճառները նյութականն է ու կյանքի ծանր պայմաններն են, հաճախ` գոյատևման խնդիրը: ‹‹Կեցությունն է որոշում գիտակցությունը». մարքսիստական այս դրույթին չեն կարող չհամաձայնել անգամ նրա երդվյալ ընդդիմախոսները: Սակայն արտագաղթը պայմանավորել միայն այս կանխադրույթով, ըստ իս, այնքան էլ ճիշտ չի լինի` գոնե հայկական իրականության մեջ: Ի՞նչ է, Հայաստանից մեկնում են միայն աղքատնե՞րը: Իհարկե, ոչ: Անշուշտ, մարդիկ փախչում են չքավորությունից, իսկ ընչազուրկը, բոմժը, որը սնվում է աղբամանից, ուզի էլ` չի կարող մեկնել: Այսօր հանրապետությունը թողնում են նրանք, ովքեր այստեղ էլ վատ չեն ապրում: Բայց գնում են: Այդ կատեգորիան արտագաղթը բացատրում է հանրապետությունում տիրող բարոյահասարակական մթնոլորտով` կոռուպցիա, անարդարություն, իրավական արատավոր համակարգ, կրթական և առողջապահության ցածր մակարդակ և այլն, և այլն Սակայն արտագաղթը, ըստ երևույթին, որոշ չափով պայմանավորված է նաև էթնոհոգեբանական ժառանգական հատկանիշով: ԱՊՀ այլ հանրապետություններում, որտեղ կյանքի պայմանները մերից լավը չեն, այսպիսի ահագնացող արտագաղթ չկա: Այս բոլորը, դժբախտաբար, ճիշտ է: Իմ կարծիքով` գոյություն ունի մի նուրբ հոգեբանական երևույթ ևս: Մենք մեծ և հզոր պետության հպատակներ էինք, ապրում էինք բռնապետական` տոտալիտար ռեժիմի ներքո: Հիմա ստացանք անկախություն: Չնվաճեցինք զենքը ձեռքներիս, ինչպես պնդում են ոմանք, այլ ստացանք սկուտեղի վրա: Եվ մինչև վերջ սեղմված զսպանակը բացվեց: Իսկ մարդն ի ծնե ձգտում է ազատության: Նախկինում, անրջային արտասահման ընկնելը վիճակախաղով ուղղաթիռ շահելու պես մի բան էր: Այժմ` խնդրեմ, գնա ուր ուզում ես, ուր որ աչքդ կկտրի, եթե, իհարկե, քեզ ընդունեն: Խորհրդային տարիներին կապիտալիստական երկրները, բառիս բուն իմաստով, ‹‹որսում›› էին ‹‹homo sovetico››-ներին: 

Հիմա փակվել են երկաթյա վարագույրով և կաթիլ-կաթիլ են մարդկանց ընդունում, համենայն դեպս` հայաստանցիներին: Մեզ համար բացառություն է Ռուսաստանը, դեպի ուր արտագաղթն ունի իր առանձնահատկությունները, որոնք այնքան էլ մեր հայրենակիցների սրտով չեն: Նրանց ձգում է Եվրոպան և առաջին հերթին, իհարկե, ԱՄՆ-ը: Երեկվա խորհրդային մարդուն ձանձրացրել է ‹‹Մեկը` բոլորի, բոլորը` մեկի համար›› բոլշևիկյան իռացիոնալ նշանաբանը, և նրան գայթակղում է ամերիկացիների հռչակած ‹‹Մեկը և Բոլորը›› (‹‹Each and All››) սկզբունքը: Հայաստանից արտագաղթողների հիմնական դրդապատճառներից մեկը երեխային լավ կրթություն տալն է: Հանրապետության այօրվա կրթական մակարդակը նրանց չի բավարարում: Սերը դեպի գիտությունն ու կրթությունը, ի դեպ, մեր էթնիկական լավագույն հատկանիշներից է` բոլոր ժամանակներում: Հայն այս կյանքում մի բան լավ է հասկացել. ամենահուսալի կապիտալ ներդրումը երեխային գերազանց կրթություն տալն է: Եվ նա վերջին շապիկն էլ կծախի, միայն թե երեխան սովորի ու ‹‹մարդ դառնա››: Այս արժեքավոր ավանդույթը գալիս է դարերի խորքից և ամրապնդվել է խորհրդային տարիներին, երբ բանվորագյուղացիական ֆորմացիա հռչակած երկրում երեխաներին մանկապարտեզից սկսած վախեցնում էին ‹‹թե չսովորես` բանվոր ես դառնալու›› խրատականով: Եվ այդ սենտենցիան իրոք արդարացնում էր իրեն. բարձրագույն կրթությունն ապահովում էր արժանավայել կյանք: Քանի որ մեր համայնքների վերաբերյալ բազային ինֆորմացիան գրեթե բացակայում է, մենք ի վիճակի չենք ճշգրտելու, թե Հայաստանից հեռացող մատաղ սերունդն ինչպես է կրթվում ու դաստիարակվում: Սակայն ելնելով անգլիացի անվանի հոգեբան Հանս Յուրգեն Այզենկի ուսումնասիրություններից` կարող ենք պատկերացնել այն հոգեբանական մթնոլորտը, որը հատուկ է ամերիկյան իմիգրանտների ընտանիքներին, և որն ամենայն հավանականությամբ տարածվում է Հայաստանից ներգաղթածների վրա ևս: Անվանի գիտնականի կարծիքով` Միացյալ Նահանգներում մշտական բնակություն հաստատած օտարերկրացիների երեխաները, որպես կանոն, սկսում են չսիրել իրենց հայրերին և օտարվել նրանցից այն բանի համար, որ նրանք չեն կարողանում հարմարվել նոր պայմաններին և մշտապես ցուցաբերում են ամերիկացուն ոչ բնորոշ հատկանիշներ: Այզենկը դա անվանում է ‹‹մերժված հոր բարդույթ››: Երեխաները հաճախում են ամերիկյան դպրոց, յուրացնում ամերիկյան սովորույթներ, դառնում ամերիկյան մշակութային արժեքների կրողներ: Իսկ հասակակիցների առաջ պարզապես ամաչում են հորից: Եվ որքան իմիգրանտ-հայրը ջանում է, որպեսզի երեխան դառնա իսկական ամերիկացի, այնքան նա ավելի է ամաչում, որ ծնողն օտարերկրացի է, այնքան նա շատ է կորցնում հորը նմանվելու, նրան ընդօրինակելու ցանկությունն ու ունակությունը:
 Վերադառնանք հայկական արտագաղթին և, մի կողմ թողնելով տնտեսական, հոգեբանական ու բարոյական դրդապատճառները, հղում կատարենք զուտ վիճակագրական մերկ թվերին: Եթե դու հայ մարդ ես և մի փոքր էլ հայրենասեր, ապա կարող ես հայտնվել հուսալքման` պրոստրացիայի մեջ` իմանալով հանդերձ, որ ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը, ինչպես շատ երկրների նման ինստիտուտներ, կեղծում է իրականությունը` հօգուտ գործող ռեժիմի: Եվ այսպես` անցած տարվա առաջին երեք ամսում Հայաստանից արտագաղթել է 25 հազար մարդ` հիմնականում տղամարդիկ: Մինչդեռ նախորդ տարվա առաջին եռամսյակում այդ թիվը կազմել է 19 հազար 543 մարդ: Այս պատկերի ուղղակի հետևանք կարելի է համարել այն, որ գնալով նվազում է ծնունդների թիվը:

ՇԱՐՈՒՆԱԿԵԼԻ
ԱՐՏԱԳԱՂԹ
1587 reads | 06.02.2013
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2017 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com