ԱՐՏԱԳԱՂԹԸ ՈՐՊԵՍ ՀԱՅԿԱԿԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԱՂԵՏ ԿԱՄ ԹՌԻՉՔ ԴԵՊԻ ԱՆՀԱՅՏՈՒԹՅՈՒՆ
Արտագաղթը (էմիգրացիա) և նրա հակառակ երևույթը` ներգաղթը (իմիգրացիա) եղել և մնում են հին ու նոր պատմության անքակտելի բաղադրիչները: Հունաստանի Փարոս կղզում այսօր էլ դեռ կանգուն է մարմարե հուշատախտակ: Այն վկայում է, որ Հելլադայում Քրիստոսից առաջ 1128 թվականին մարդիկ բռնել են գաղթի ճանապարհը` սկիզբ դնելով գաղութային մեծ կոմպանիային: Լավ կյանքը չէ, որ ստիպել է նրանց լքել հայրական օջախը և բախտ որոնել հեռավոր ափերում: Արտագաղթին նախորդել է ներգաղթը: Նորաստեղծ պետություն-քաղաքները` պոլիսները, մագնիսի նման ձգել են բարբարոս ցեղերին: (Այսպես են անվանել հույները մյուս ժողովուրդներին, որոնք չեն խոսել հունարեն): Հելլադայի բերրի հողերը սակավ էին, իսկ հովիվները` շատ: Եվ մարդկանց գերհոսքը նրա գլխին կախեց սովամահության ու ժողովրդագրական պայթյունի վտանգ: Դրությունից դուրս գալու հնարներից մեկն արտագաղթն էր: Հունական արտագաղթին նպաստեցին պոլիսներում բռնկվող քաղաքական կոնֆլիկտները, ինչպես նաև հույների գենային ծածկագրում տեղ գտած ճամփորդելու մարմաջը: Հույները զանգվածաբար ներթափանցում են Հարավային Իտալիա, Սիցիլիա, Միջերկրական, Մարմարա և Սև ծովերի ավազաններ, Իսպանիա, Եգիպտոս, Կիպրոս: Հելլադան աստիճանաբար վերածվում է ծովային տերության: ‹‹Հույները,- գրում է Պլատոնը,- սկսեցին ապրել ծովի շուրջը, ինչպես գորտերը` ճահճում››: Եվ այդ ‹‹գորտերի›› շնորհիվ է, որ նոր տարածքներում բուռն զարգացում ապրեցին տնտեսությունը, արհեստները, առևտուրն ու ծովագնացությունը: Մյուս կողմից` գաղութները մետրոպոլիային բերում էին մեծ հարստություն, բարձրացնում էին նրա հեղինակությունը: Այնպես որ գործընթացը շահավետ էր երկուստեք: Հույները նոր վայրեր էին տանում իրենց օջախի կրակը` իբրև հայրենիքի խորհրդանիշ, իբրև մասունք: Ամենուրեք սրբությամբ պահում էին մայրենի լեզուն, ազգային ինքնությունը, սովորույթներն ու մշակույթը: Ոչ միայն պահում էին, այլև փոխանցում էին օտարներին: Եվ այսպես, հույները նոր միջավայրում չէին ձուլվում (ասիմիլյացիա), այլ հարմարվելով (ադապտացիա) նոր պայմաններին` իրենց էին ձուլում այլ էթնոսների: Սա հունական արտագաղթի ամենաէական, ամենաարժեքավոր հատկանիշն էր: Արտագաղթի շնորհիվ հելլենական քաղաքակրթությունը դուրս եկավ մեկուսացումից, որում նա հայտնվել էր Ք.ա. XI-IX դարերում, վերականգնեց կապերը Հին Արևելքի քաղաքակրթության հետ: Վերջապես, արտագաղթը նպաստեց իրագործելու անտիկ աշխարհի խոշորագույն կայսրություններից մեկի` Հունաստանի աշխարհառազմավարական ծրագրերը: Հունական արտագաղթը դրական քաղաքական երևույթ էր ինչպես իր, այնպես էլ տարածաշրջանի երկրների համար: Այն մարդկությանը պարգևեց հելլենական անկրկնելի քաղաքակրթությունը:


Փախուստ` հանուն հավատի


Հանրահայտ է, որ արտագաղթի հիմքում ընկած են տվյալ երկրի կացության դժվարությունները: Դրա հետ մեկտեղ ամեն արտագաղթ ունի իր դրդապատճառները և առանձնահատկությունները: Եթե Հունաստանից շարժվենք Արևմուտք և հասնենք Անգլիա, որին ինչ-որ մեկը փակցրել է ‹‹Հին Ուրախ›› Old Merry պիտակը, կտեսնենք, որ նրա պատմությունն ունեցել է նաև ոչ ուրախ էջեր` գրված արյունե թանաքով: Այսպես. 14-րդ դարի կեսերին ասպարեզ իջան պուրիտանները (մաքրակենցաղներ)` աղանդավորներ, որոնք կոչված էին վճռորոշ դերակատարության Անգլիայի կրոնական, քաղաքական և սոցիալական կյանքում: Պուրիտանները ձգտում էին լայն բարեփոխումների եկեղեցու մեջ, ավելորդ արարողությունների և նվիրապետական կարգերի պարզեցման: Նրանք մերժում էին եպիսկոպոսական աստիճանը և թագավորի իշխանությունը եկեղեցու վրա, իսկ կաթոլիկական ծեսերը համարում էին Դերաքրիստոսի` նույն Նեռի ժառանգություն: Նրանց պայքարը պետության դեմ կրում էր մշտական բնույթ, որի հետևանքով ենթարկվում էին հարստահարման, քաղաքական, կրոնական հալածանքների, ժամանակ առ ժամանակ պարզապես կոտորվում էին: Նման բռնարարքները հատկապես սաստկացան, երբ գահին բազմեց Կարլ I-ը: Այդժամ պուրիտանները, որոնք կազմում էին ազգի ինը տասներորդ մասը, ստիպված եղան արտագաղթել և, անցնելով ծով ու ցամաք, փնտրել նոր հայրենիք, որտեղ կարող էին ազատ դավանել իրենց կրոնը և կարդալ սիրած Ավետարանը: Տասը տարում երկու հարյուրից ավելի նավեր կտրեցին Ատլանտյանը, և քսան հազար անգլիացի ափ դուրս եկավ Հյուսիսային Ամերիկայում: Նրանք էլ ստեղծեցին Ամերիկայի Միացյալ Նահանգները` սկիզբ դնելով մեծ գաղթականությանը` Հին աշխարհից դեպի Նոր աշխարհ: Ինչ վերաբերում է իմիգրանտ պուրիտանների որակական հատկանիշներին, նշենք, որ նրանց մեծ մասը արկածախնդիր, սնանկացած կամ հանցավոր-փախստականներ չէին, ինչպես ընդունված է կարծել, այլ ունևոր և միջին դասից էին, նույնիսկ խոշոր կալվածատերեր: Նրանց մեջ կային հայտնի փաստաբաններ, քարոզիչներ ու գիտնականներ: Նյութական կարիքը, արկածախնդրությունն ու ագահությունը չէին, որ նրանց մղում էին թողնելու հայրենիքը: Պուրիտանները զոհեցին ամեն բան, միայն թե հավատարիմ մնային իրենց կրոնական համոզմունքներին:
Իմիգրանտները ոչնչացնում են հնդիկներին

Արտագաղթը երկար ճանապարհ է անցել: Ամբողջ ժողովուրդներ են տեղափոխվել երկրից երկիր: Նորագույն պատմության մեջ զանգվածային իմիգրացիայի առաջատարը Ամերիկայի Միացյալ Նահանգներն է: Միայն «մաքրակենցաղ» անգլիացիները չէին, որ ժամանեցին այստեղ: Խիզախ Մագելանի և Վեսպուչիի հետքերով Նոր աշխարհ նետվեցին ոչ պակաս արի, ամրակազմ և արկածախնդիր մարդիկ, որոնք հարցերը լուծում էին կոլտի ու վինչեստրի միջոցով և ոչ մի բանի առաջ կանգ չէին առնում հարստանալու համար: Եթե գաղութարարների ներթափանցումը Եվրասիա և տեղաբնակների ձուլումն իրենց կատարվում էր աստիճանաբար, առանց մեծ արյունահոսության, հաճախ ի օգուտ այդ տեղաբնակների, ապա ամերիկյան իմիգրացիան սահմանակցեց ցեղասպանության հետ: Այն կարող եք անվանել գենոցիդ, էթնոցիդ, տրայբոցիդ (անգլ. tribe-ցեղ բառից), դրանից ոչինչ չի փոխվի: Պարզապես, ի տարբերություն թուրքերի և նացիստների, որոնք ուրիշ ժողովուրդների բնաջնջում էին ծրագրված, պետական մակարդակով, Նոր աշխարհում սպանում էին մի ակր հողի, արոտատեղի և բիզոնի հոտի համար` առանց սպասելու իշխանությունների հրահանգին կամ թույլտվությանը, որոնք առանձնապես ուժ էլ չունեին այն ժամանակներում: Ի վերջո, ամերիկացի դարձած իմիգրանտները Ամերիկայի երեսից իսպառ վերացրին հնդիկ նախաբնիկներին (աբորիգեններ): Բոլորին: Մեծից` փոքր: Հետո սթափվեցին, դարձան դեմոկրատ, առաջադեմ-մարդասեր, հետո հայտնվեցին խղճահարության ոստայնում, հետո որոշեցին քավել մեղքերը: Եվ քանի որ կարմրամորթ այլևս չէր մնացել, զղջման օբյեկտ ընտրեցին, չգիտես ինչու, սևամորթներին, որոնք, երախտապարտ լինելու փոխարեն, լկտիացան և կատարյալ պատուհաս դարձան հասարակության գլխին: …

Արտագաղթը Ֆրոյդի աչքերով


Իսկ այժմ, մոդայից հետ չմնալու համար, փորձենք արտագաղթի երևույթը դիտել ծերուկ Ֆրոյդի հոգեվերլուծաբանության դիրքերից: Բացի իր բոլոր արժեքներից` նա հայտնի է լայնորեն տարածված մի տեսությամբ, որի անունն է ‹‹Էդիպի բարդույթ››, համաձայն որի գոյություն ունի ենթագիտակցական սեռական հակում որդուց` մոր և աղջկանից` հոր հանդեպ: Այդ տեսությունը հանճարեղ ավստրիացին ստեղծել է` հիմք ընդունելով Սոֆոկլեսի ‹‹Էդիպ արքա» ողբերգությունը››: Ֆրոյդիզմը մեծ գիտություն է: Այն` ընդհանրապես, և նշված տեսությունը` մասնավորապես, խոր հետք են թողել հոգեբանական ուսմունքի ու մարդկային հարաբերությունների ողջ զարգացման վրա: Արդ, որոշ մասնագետներ Էդիպի հայրասպանությունը դիտում են որպես երիտասարդության հաղթանակ և համարում դրական երևույթ: (Հետաքրքիր է, թե ինչ գնահատական կտան նրանք պիոներ Պավլիկ Մորոզովին, որը մատնում է հարազատ հորը և դառնում հերոսության տիպար խորհրդային մատաղ սերնդի համար): Հնարավոր է` ընթերցողի մեջ հարց ծագի, իսկ ի՞նչ ընդհանրություն կարող է լինել ֆրոյդիզմի և արտագաղթի միջև: Բանն այն է, որ նրա հետնորդ հոգեվերլուծաբաններն առ այսօր նորանոր բարդույթներ են հայտնաբերում մեր մեղսաշատ կյանքում, որոնց ծայրը հանգում է, ճիշտ է` միջնորդված, իմիգրացիայի խնդիրներին: Այդ բարդույթներից է, օրինակ, ‹‹Ռուստամի բարդույթը››, որը ‹‹Էդիպի բարդույթի›› ուղիղ հակառակը` անտիպոդը, երբ հայրը` Ֆիրդուսու ‹‹Շահնամե›› պոեմի հերոս Ռուստամը, մենամարտում սպանում է որդուն` Զոհրաբին: Քանի որ այս ողբերգությունը խաղարկվում է Ասիայում, այն համարվում է հետադիմական` Եվրոպայում Էդիպի գործած հանցանքի համեմատությամբ, քանի որ մարդասպանը ծեր է, զոհը` երիտասարդ: Իրավագետներն այս տրամաբանությունից կարող են վատանալ: Իսկ ‹‹Ռուստամի բարդույթը›› իր սև խաղն է խաղում Ռուսաստանի հետ նույնպես: Եվ այն, կարծես թե, ունի իր պատճառները: Այստեղ որդիներ սպանելը, ըստ երևույթին, հոբբիի նման մի բան է եղել: Իրենց ժառանգներին այն աշխարհ են ուղարկել Իլյա Մուրոմեցը, Իվան Ահեղը, Պետրոս Մեծը, Տարաս Բուլբան: Ավելին, հոգեբանները հայտնաբերել են մեկ ուրիշ, ոչ պակաս զզվելի բարդույթ, որի անունն է ‹‹հարսի բարդույթ››: Սա էլ այն դեպքն է, երբ սկեսրայրը ձգտում է հարսին: Այդպիսին է եղել պրոլետարական գրող Մաքսիմ Գորկին. այդ երևույթն արտացոլված է նրա ‹‹Արտամոնովների գործը›› հայտնի վեպում: Նեոֆրոյդիստները կարծում են, որ խորհրդային պատմությունը Էդիպի և Ռուստամի բարդույթների խառնուրդն է` սիմբիոզը: Այսպես. 1917 թվականին երիտհեղափոխականները նախ սպանում են ցար հորը և ամուսնանում են մայր հայրենիքի հետ: Եզրզկացություն` այս բոլոր բարոյաքաղաքական կատակլիզմներն էլ պատճառ են դառնում ռուսաստանյան խոշոր արտագաղթի, որի թիվը մինչև հիմա ճշտված չէ: Հոգեվերլուծաբանների կարծիքով` գոյություն ունի մեկ ուրիշ ոչ պակաս սահմռկեցուցիչ բարդույթ, այսպես կոչված ‹‹Օրեստեսի բարդույթը››, երբ տղան սպանում է մորը: Այդ բարդույթը նրանք կապում են ամերիկյան իմիգրացիայի հետ: Նախ հասկանանք, թե ով է Օրեստեսը: Սպարտայի Արգոս քաղաքի թագավոր Ագամեմնոնը տասը տարի հերոսաբար կռվում է Տրոյայի դեմ` իր եղբոր` Մենելավոսի պատիվը փրկելու և նրա կնոջը` գեղեցկուհի Հեղինեին վերադարձնելու համար, որին փախցրել էր Տրոյայի թագաժառանգ Պարիսը: (Ի դեպ, պատմահայր Հերոդոտոսը կասկածում է, որ Հեղինեին ոչ էլ փախցրել են, այլ ինքն է կամովին փախել Պարիսի հետ, և, ընդհանրապես, կանանց չեն փախցնում, այլ իրենք են կամովին փախչում: Այս վարկածին հավանաբար ծանոթ չի եղել Գայդայը, երբ ստեղծել է կոմերիտուհի-գեղեցկուհի Նինայի պերսոնաժը իր հրաշալի ‹‹Կովկասի գերուհին ֆիլմում):

Շարունակելի

Արման Նավասարդյան
Արտագաղթ և լիազոր դեսպան

ԱՐՏԱԳԱՂԹ
3014 reads | 16.01.2013
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2017 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com