ՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՍԱՂՄՆԱՎՈՐՄԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՈՒՂԻՆ
ՎԵՐԳԻՆԵ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ





Աշխարհի հզորագույն դերակատարները շարունակում են մնալ պետությունները: Համաշխարհային քաղաքականության մեջ տեղի ունեցող գործընթացների մեծ մասը պետությունների արտաքին քաղաքականության արդյունք են: Իսկ ինչպե՞ս է  նախագծվում,  իրականացվում  արտաքին քաղաքականությունը, ինչպիսի՞ ներքին ու արտաքին գործոններն են ազդում դրա  վրա:

Քաղաքականության  ձևավորման հարցում էական նշանակություն ունեն պետության ղեկավարի անձնական հատկանիշները, շահերի խմբերը, անդրազգային կազմակերպությունները, բյուրոկրատները, հանրության կարծիքը և այլն:

Որոշում կայացնողների (decision makers) հոգեբանական, զգացմունքային, կենսաբանական հատկանիշները, նրանց ընկալումները մեծ ազդեցություն ունեն քաղաքական գործընթացների վրա: Քաղաքական գործչի ագրեսիվ, էքստրեմալ, անհավասարակշիռ  վարքագիծն  արտացոլվում է նաև արտաքին քաղաքականության մեջ: Ասվածի վառ օրինակը ԱՄՆ 45–րդ նախագահ Դոնալդ Թրամփն է: Թրամփի արկածախնդիր, կոշտ, կոպիտ  բնավորությունը արտահայտվում է նաև իր քաղաքականության մեջ:

Նախագահը վիրավորում, հայհոյում է քաղաքական իր հակառակորդներին, էմիգրանտներին, տարբեր երկրների առաջնորդների, մասնավորապես ՝ ՄԱԿ-ում ելույթի ժամանակ Կիմ Չեն Ընին անվանեց <<մարդ-հրթիռ>> և նշեց՝ կոչնչացնի, կավերի Հյուսիսային Կորեան: Գռեհիկ արտահայտությունների մի շարք էլ նվիրեց տնտեսապես զարգացող երկրներին՝ նրանց բնակչությանը որակելով  կեղտոտ և աղքատ:  Թրամփի նման քաղաքականությունը  ազդում է ԱՄՆ` խաղաղարարի իմիջի վրա և հարցականի տակ է դնում նրա՝ ժողովրդավարական երկիր լինելու փաստը:

Արտաքին քաղաքականության մշակման գործում մեծ դեր ունեն նաև բյուրոկրատները, շահերի խմբերը: Բյուրոկրատները սովորաբար չեն ընտրվում կամ նշանակվում որևէ անձի կողմից, սակայն էականորեն ազդում են քաղաքական գործընթացների վրա: Նրանք երբեմն  կարող են չհամաձայնել  իրենց երկրի արտաքին քաղաքականության հետ և ազդել դրա փոփոխման վրա:

Շահերի խմբերի ազդեցությունը, թերևս, ամենամեծն է: Սա իրենից ներկայացնում է միևնույն քաղաքական տեսակետերն ու շահերն ունեցող մարդկանց միավորումներ, որոնք  կարող են ստիպել, ճնշել  կառավարությանը ընդունել իրենց տեսակետները որպես քաղաքականության կուրս: Հատկապես մեծ ազդեցություն ունեն մշակութային և տնտեսական խմբերը: ԱՄՆ-ում գործող մշակութային խմբերը շատ են՝ հայկական, հրեական, հունական և այլն: Դեկտեմբերի 6-ի ԱՄՆ կառավարության որոշումը՝ Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաք հռչակելու գործում հրեական լոբբին մեծ դեր խաղաց: Դա հրեական մշակութային խմբերի ակտիվ ու ռացիոնալ գործողությունների արդյունք էր:

Սա հանգեցրեց ՄԱԿ-ում ԱՄՆ-ի մեկուսացմանը, արաբական երկրներում թշնամությունը էլ ավելի մեծացավ, միջազգային հանրությունը խիստ քննադատեց ԱՄՆ-ի նման չկշռադատված քաղաքականությունը: Ինչ վերաբերում է տնտեսական խմբերին, ապա նրանց հիմնական խնդիրն  այն է, որ թույլ չտան  արտաքին քաղաքականությունը  հակասի իրենց բիզնես շահերին:Նրանք կարող են ստիպել կառավարությանը այնպիսի երկրների հետ հարաբերություններ ունենալ, որտեղ իրենց ներդրումներն ու  տնտեսական շահերն ունեն: Եթե ԱՄՆ երբևէ որոշի Չինաստանի վրա տնտեսական պատժամիջոցներ (սանկցիաներ) կիրառել, սա կհանգեցնի տնտեսական խմբերի  դժգոհությանը (էապես կտուժեն նրանց բիզնես շահերը), և որոշումը մեծ հավանականությամբ կյանքի չի կոչվի:

Արտաքին քաղաքականության մշակման և իրագործման հարցում մեծ է նաև ընդդիմության, հասարակության, մեդիայի դերը:
Այսքանից հետո հարց է առաջանում, թե ու՞մ է պատկանում  իշխանությունը, ո՞րն է իրավական և իրական  իշխանության սահմանագիծը:
ՎԵՐԳԻՆԵ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ
598 reads | 31.01.2018
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2018 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com