ՆԱԽԻՋԵՎԱՆԻ ԽՆԴՐԻ ՇՈՒՐՋ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿՈՆՖԵՐԱՆՍ ՀՐԱՎԻՐԵԼՈՒ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՄՈՍԿՎԱՅԻ ԱԿՆԿԱԼՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ԱՆԿԱՐԱՅԻ ՌԻՍԿԱՅԻՆ ԽԱՂԵՐԸ ԻՐԱՆՈՒՄ ԾԱՎԱԼՎԱԾ ՀԱԿԱԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՑՈՒՅՑԵՐԻ ՊԱՏՃԱՌՆԵՐՆ ՈՒ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՐՁԱԳԱՆՔԸ (2017 Թ. ԴԵԿՏԵՄԲԵՐ – 2018 Թ. ՀՈՒՆՎԱՐ) «ՄԵՆՔ ԳՈՐԾ ՈՒՆԵՆՔ ՆԵՆԳ ՀԱԿԱՌԱԿՈՐԴԻ ՀԵՏ». ԴԵՍՊԱՆ ԴԻՎԱՆԱԳԵՏԸ՝ ԻՐԱՆԻ, ՌՈՒՍԱՍՏԱՆԻ և ԹՈՒՐՔԻԱՅԻ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔԸ ՀՀ ՆՈՐԸՆՏԻՐ ՆԱԽԱԳԱՀ ԱՐՄԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐՆ ՈՒ ԽՆԴԻՐՆԵՐԸ ԱՆԿԱՐԱՅԻ ԳԱԳԱԹՆԱԺՈՂՈՎԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԱՄԵՐԻԿՅԱՆ ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԸ ԽՈՍԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱԿԱՀՐԵԱԿԱՆ ՏՐԱՄԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ. Ո՞ՒՄ ԱԿԱՆՋՆԵՐՆ ԵՆ ԴՐԱ ՀԵՏԵՎՈՒՄ ԷՐԴՈՂԱՆԻ ՀՐԱՄԱՆՈՎ ԳՅՈՒԼԵՆԻ ԴՊՐՈՑՆԵՐՈՒՄ ԱՇԽԱՏՈՂ ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐ ԵՆ ԱՌԵՎԱՆԳՎԵԼ Ի՞ՆՉ ՊԵՏՔ Է ԱՆԻ ՀԱՅԱՍՏԱՆԸ ԱՇԽԱՐՀԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՓՈԹՈՐԻԿԻ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ

ԷՐԴՈՂԱՆՆ ՈՒ ՔՐԴԵՐԸ. 2019 Թ. ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԸՆԴԱՌԱՋ
ՎԱՆԱՏՈՒՐ ՇԵՐԵՆՑ
ԵՊՀ թյուրքագիտության ամբիոնի ուսանող
Հանրային դիվանագիտության դպրոցի շրջանավարտ, ԵՐԵՎԱՆ




2019 թվականը շրջադարձային կետ է դառնալու հանրապետական Թուրքիայի նորօրյա պատմության մեջ: Առաջին անգամ 1 տարվա ընթացքում անց են կացվելու միանգամից 3 ընտրություններ՝ տեղական ինքնակառավարման, խորհրդարանական և նախագահական, որոնցից և ոչ մեկն իր կարևորությամբ չի զիջում մյուսին:

Ռեջեփ Թայյիփ Էրդողանի գլխավորած «Արդարություն և զարգացում» կուսակցության իշխանության գալուց հետո ՏԻՄ ընտրությունները դարձել են ընտրական հաջողությունների «ողնաշարը»՝ ձևավորելով Թուրքիային բնորոշ քաղաքական յուրահատուկ մշակույթ: Եթե քաղաքական ուժը հաջողություն է արձանագրում ՏԻՄ ընտրություններում, երաշխավորվում է նրա հաղթանակը նաև խորհրդարանական և նախագահական ընտրություններում: Սակայն վերջին 2 տարիների Թուրքիայի ներքաղաքական զարգացումներն ու գործընթացները թույլ են տալիս պնդելու, որ Էրդողանը հսկայական անելիքներ ունի ընտրական հաղթանակն ապահովելու համար: Հեղաշրջման անհաջող փորձից հետո արտակարգ դրությունը դեռևս չի վերացվել, ինչը տրամաբանական է, քանի որ Էրդողանն այդպիսով կարողանում է լուծել այնպիսի խնդիրներ, որոնք ի զորու չէր լինի հարթել առանց արտակարգ դրության: Խոսքը զինվորականներին, առաջին հերթին՝ բարձրաստիճան և քեմալիզմին հավատարիմ սպայական կազմին ձերբակալելու, խորքային պետության (համապատասխանում է լատիներեն Imperium in imperio` «պետություն պետության ներսում» տերմինին) վերջին կադրերին բացահայտելու և չեզոքացնելու, ընդդիմադիր աչքի ընկնող գործիչներին խաղից դուրս թողնելու և քրդական խնդիրը հօգուտ Թուրքիայի ռազմական ճանապարհով լուծելու մասին է:

Հանուն արդարության պետք է նշել, որ մինչև Էրդողանը թուրք առաջին այրերը երբևէ չեն բարձրաձայնել քրդական խնդիրը, ավելին՝ անգամ հրաժարվել են գործածել «քուրդ» եզրը՝ վերջիններիս շատ հաճախ անվանելով «լեռնային թուրքեր»: Եթե Էրդողանի՝ ընտրություններում հաջողություն գրանցելու առաջին բանալին կենտրոնական Փոքր Ասիայի թուրք բնակչությունն է, որն աչքի է ընկնում պահպանողական հայացքներով և ընդգծված իսլամամետությամբ, ինչպես նաև խոշոր քաղաքների գեջեքոնդուական էլեմենտը (խոշոր քաղաքների արվարձաններում հաստատված գյուղական բնակչությունը), ապա երկրորդ բանալին երկրի արևելյան և հարավարևելյան իլերի քրդական տարրն է, որը, որքան էլ զարմանալի է, սակայն համակրում է Էրդողանին: Սա պատճառաբանվում է նրանով, որ Էրդողանը, վարելով չափազանց հաշվենկատ ներքին քաղաքականություն, թույլատրել է դպրոցներում քրդերենի ուսուցումը, քրդական ռադիոն և հեռուստատեսությունը, քրդերեն երգերը, անգամ սեփական շուրթերով հնչեցրել է «քրդական խնդիր» եզրը: Սակայն «քրդական խնդիր» ասելով Էրդողանը հասկանում է ոչ թե քրդերին ինքնավարություն, կամ առավել ևս անկախություն տալու հարցը, այլ սոցիալ-տնտեսական և կենցաղային բնույթի այն խնդիրները, որոնք ունեն Թուրքիայի քրդերը: Ցայսօր քրդերին տրվող անձնագրերում նրանց անվան դիմաց գրելով թուրք, թուրքական պետությունը վերստին փաստում է, որ քրդական հարցին վերաբերում է նույն կերպ, ինչպես իր նախորդները, սակայն զգալիորեն փոխել է այդ խնդրին մոտենալու քաղաքական եղանակները: Էրդողանի կողմից կատարվող շախմատային հաշվարկված քայլ է նաև այն, որ «Արդարություն և զարգացում» կուսակցության շարքերում ընդգրկում է նաև քրդերի: Իսկ ընտրությունների ժամանակ քրդերը քվեարկում են իրենց քուրդ հայրենակիցներին` ուղղակիորեն իրենց ձայնը տալով նաև «Արդարություն և զարգացում» կուսակցությանը:

Սակայն պայմանավորված Իսլամական պետության ծննդով, ԱՄՆ-ի մերձավորարևելյան վեկտորի փոփոխությամբ, ինչպես նաև տարածաշրջանում Ռուսաստանի և Իրանի դիրքերի ուժեղացմամբ, Թուրքիան վերանայեց իր ներքին և արտաքին քաղաքական կուրսը, որի ճանապարհին թիվ 1 խոչընդոտ դարձան քրդերն ու ապագա միացյալ Քրդստանի տեսլականը: Էրդողանական ապարատը քրդական հասարակական և քաղաքական աչքի ընկնող բոլոր կառույցներին պիտակավորեց «ահաբեկչական» մակդիրով՝ այդպիսով ազատություն տալով իր ձեռքերին և քաղաքական տեսական հայացքների պրակտիկ իրագործմանը: Այս կուրսը, բնականաբար, ունեցավ և շարունակում է ունենալ բումերանգի բնույթ, քանի որ Էրդողանը Թուրքիայի արևելքում կորցնում է ոչ միայն քրդական հսկայական էլեկտորատ, այլև կանգնում է թուրքական պետությունը մասնատման վտանգի առաջ: Սրանով է պայմանավորված, որ 2019 թ. ընտրություններում Էրդողանն իր հույսը դնում է ոչ թե քրդերի, այլ թեկուզև հակառակորդ և երբեմն քաղաքական թշնամի, բայց թուրք գործիչների վրա: Այսպես, հանդիպելով «Ազգայնական շարժում» կուսակցության ղեկավար Դևլեթ Բահչելիի հետ, Էդրողանը լուծեց մի հսկայական գլխացավանք՝ «Գորշ գայլերի» քաղաքական ղեկավարը հրաժարվեց մասնակցել ընտրություններին և իր աջակցությունը հայտնեց Էրդողանին: Ավելին, նա անգամ չբացառեց, որ ազգայնական կուսակցությունը կարող է ոչ է առանձին մասնակցել ընտրություններին, այլ Էրդողանի «ԱԶ» կուսակցության հետ դաշինք կազմել: Այս ամենը տեղավորվում է նաև այն տրամաբանության մեջ, որ վերջին սոցիոլոգիական հարցումների համաձայն «ԱԶ» կուսակցությանն իր քվեն պատրաստ է տալ ընտրողների 45 %-ը: Այսինքն Էրդողանը չի կարողանալու հավաքել 50+ %, իսկ սա այն դեպքում, երբ Թուրքիայում աստիճանաբար հաստատվում է տոտալիտարիզմ: Էրդողանի մտավախությունը մեծ է նաև այն տեսնակյունից, որ ընկնում է նաև նրա անձի վարկանիշը:

Եվ ահա ապագա ընտրություններում հաղթելու և ընդհուպ 2029 թվականը Թուրքիան միանձնյա ղեկավարելու անհագ ձգտումը ավելի է ուժեղացնում նաև Էրդողանի ռազմական կուրսը: Թայյիփ Էրդողանը Սիրիայի քրդերի դեմ պայքարելով լուծում է ոչ միայն իր երկրի տարածքային անքակտելիության հարցը, այլև սեփական իմիջի և քաղաքական ներքին հաղթանակների: Նման պրակտիկա թուրք ղեկավարներն ունեցել են. այսպես, Բյուլենթ Էջևիթի կառավարման շրջանում թուրքերը գրավեցին Հյուսիսային Կիպրոսը և չափազանց ցածր վարկանիշ ունեցող Էջևիթի կուսակցությունը հաղթեց խորհրդարանական ընտրություններում: Սիրիայում իրականացվող օպերացիների ֆոնին էլ նման տրիումֆ կարող է արձանագրել նաև Էրդողանը, մանավանդ, որ նրան իր աջակցությունն է հայտնել նաև ընդդիմությունը: Քեմալ Աթաթուրքի Հանրապետաժողովրդական կուսակցության առաջնորդ Քըլըչդարօղլուն հայտարարել է, որ իր կուսակցությունը Աֆրինի օպերացիայի հարցում կանգնած է Էրդողանի կողքին, իսկ սա այն դեպքում, երբ վերջինս տառացիորեն ամիսների առաջ Անկարայից Ստամբուլ «Արդարության երթ» էր անցկացնում՝ ընդդեմ Էրդողանի անօրինությունների:

Հետևապես, այս ամենից կարելի է բխեցնել, որ Էրդողանը ներքաղաքական խնդիրները խոշոր չափով լուծել է, ինչը չենք կարող ասել արտաքին վեկտորի մասին: Արդեն տևական ժամանակ է, ինչ չեն խաչվում Թուրքիայի և Արևմուտքի, առաջին հերթին՝ Թուրքիայի և ԱՄՆ-ի շահերը: Ավելին, նրանք գործում են միմյանց դեմ: Իսկ թուրք-ամերիկյան լարված հարաբերությունների գլխավոր պատճառը դարձյալ քրդերն են: ԱՄՆ-ն դրական վերաբերմունք ունի քրդերի նկատմամբ, նրանց ահաբեկիչ չի համարում, օգտագործում է Իսլամական պետության դեմ պայքարում և շարունակ զինում է: Իսկ թուրքերը որպես հակակշիռ նկատելիորեն ջերմացնում են իրենց հարաբերությունները ՌԴ-ի հետ՝ ցանկանալով վերջիններիցս ձեռք բերել S-400 համակարգեր: Սա թուրք-ամերիկյան կոլապսի երկրորդ պատճառն է, ինչի համար չի բացառվում, որ ԱՄՆ-ն պատժի Թուրքիային: Իհարկե, դա ամենևին էլ չի նշանակում, թե Թուրքիան վտարվելու է կառույցից կամ կորցնելու է իր տեղն ու դերը, պարզապես ԱՄՆ-ն վերահաստատելու է իր դոմինանտությունը՝ հիշեցնելով Թուրքիային, որ իր մերձավորարևելյան պլանները ձախողվում են հենց նրա պատճառով: Զուգահեռաբար, պետք է չէ անտեսել նաև այն փաստը, որ ԱՄՆ-ն կորցնում է իր հեղինակությունը թե թուրքերի, և թե քրդերի շրջանում: Քրդերը, չնայած զենք են ստանում ամերիկացիներից, բայց նաև հենց նրանց են մեղադրում թուրքերին չսանձելու և Սիրիայում նրանց մուտքն արտոնելու համար, իսկ թուրքերը ԱՄՆ-ին մեղադրում են իրենց երկիրը քանդելու մեծ ցանկություն ունենալու համար, ինչը ևս, արդարացված հիմք ունի: Սրանով ՆԱՏՕ անդամ 2 երկրների միջև առկա լարվածությունը չի ավարտվում, դրան ավելանում է նաև ռազմական օպերացիաների արեալը, ինչն ավելի է թեժացնելու թե Թուրքիա-ԱՄՆ, թե ԱՄՆ-Մերձավոր Արևելք, Թուրքիա-Սիրիա, և թե Թուրքիա-ՆԱՏՕ հարաբերությունների կրքերը, քանի որ Թուրքիան չի սահմանափակվելու Աֆրինով:
ՎԱՆԱՏՈՒՐ ՇԵՐԵՆՑ
567 reads | 03.02.2018
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2018 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com