​ՄՈՆՏԵՎԻԴԵՈ-ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ ԵՎ ՀԱՅ ԺՈՂՈՎՈՒՐԴԻ ԻՆՔՆՈՐՈՇՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ
ՇԱՀԱՆ ԳԱՆՏԱՀԱՐՅԱՆ 
«Ազդակ»-ի գլխավոր խմբագիր, ԼԻԲԱՆԱՆ




 
Տարեսկիզբը հայության համար հատկանշվում է քաղաքական բավական ուշագրավ եւ կարեւոր մի իրադարձությամբ: Ձայնը հնչեց Հայոց ցեղասպանությունը ճանաչած առաջին պետության կողմից: Պաշտոնական Մոնտեվիդեոն հանդես է գալիս նման հայտարարությամբ, հայության ամենահրատապ խնդրի շուրջ շատ կարեւոր նախանշում կատարելով:

2015 թ. հունվարի 4-ի ստորագրությունը կրող Մոնտեվիդեոյի հայտարարությունը բառացիորեն ասում է «Արտգործնախարարն այսօր հանդիպում է ունեցել Հայ Դատի Հանձնախմբի միջազգային եւ Ուրուգվայի ներկայացուցիչների հետ: Հանդիպման ընթացքում արծարծվել են Հարավային Կովկասի վերաբերյալ հարցեր, եւ արտգործնախարարը բուռն կերպով դատապարտել է Լեռնային Ղարաբաղի շրջանում Ադրբեջանի կողմից զինադադարի խախտումները, որոնք հետզհետե շարունակվում են: Նույնպես, նկատի ունենալով Մինսկի խմբի արած աշխատանքը, որի եզրափակմանը պիտի սպասի Ուրուգվայը ճանաչման առընչությամբ իր որոշումը որդեգրելու համար, շեշտել է Լեռնային Ղարաբաղի հարցի խաղաղ կարգավորման անհրաժեշտությունը, հատկապես նկատի ունենալով հայ ժողովրդի ինքնորոշման իրավունքը եւ Հայաստանի Հանրապետության հողային ամբողջականության սկզբունքը` 1918 թ. մայիսից մինչև 1920 թ. դեկտեմբերն անկախացած Հայաստանի Հանրապետության սահմանների վերաբերյալ:

2011-ից ի վեր Արցախի ճանաչման միտող Ուրուգվայի հայտարարությունները` Ստեփանակերտ-Մոնտեվիդեո փոխադարձ այցելությունները, Արցախի Հանրապետության նախագահի այցը Ուրուգվայ եւ այս բոլորի զուգահեռ ճանաչում  նախապատրաստող պաշտոնական հայտարարությունների հետևողական վարքագծում կարելի է դիտարկել հունվարի 4-ի հայտարարությունը:
Նահանգային եւ քաղաքապետական մակարդակների վրա արձանագրվող ճանաչման արշավին զուգահեռ այսուհանդերձ սա իրավական առումով առանձնացվող քայլ  է՝ տվյալ պետության պաշտոնական խոսափողի կողմից ամրագրված: Այս ամփոփ հայտարարության մեջ արձանագրվում է.

Ա. Մոնտեվիդեոն խստորեն դատապարտում է Բաքվի ռազմատենչ վարքագիծը, հրադադարը խախտելու դեպքերը: Սա պատասխանատվությունների հավասարեցման այլեւս անհեթեթ դարձած մոտեցումը շրջող կարեւոր նշում է:
Բ. Ուրուգվայը հարգում է միջազգային պայմանավորվածությունը` բանակցային գործընթացը շարունակելու եւ դրա համար ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի միջնորդական առաքելությունն ընդունելու եւ հետեւաբար նախքան որեւէ որոշում կայացնելը, սպասելու միջնորդների կատարելիք եզրակացությանը:

Հայտարարության այս բաժինը ակնկալելի է, միջազգային ընտանիքի մաս կազմող որեւէ պետությունից, որն ուղղակի կամ անուղղակի իր համաձայնությունը տվել է հակարմարտության լուծման համար միջնորդական առաքելության այս ձեւաչափին: Սա հիշեցում է նաեւ ԵԱՀԿ-ի հարթությունից այլ հարթություն տեղափոխելու ադրբեջանական նկրտումները մերժելուն:
Սպասել եզրակացության, ապա հայտարարել պաշտոնական կեցվածքը: Իսկ պաշտոնական կեցվածքի նախաբանը արդեն կատարվել է: Հարգել հայ ժողովրդի ինքնորոշման իրավունքը:

Գ. Սակայն հարցը միայն Արցախի ինքնորոշման իրավունքին չի վերաբերում: Հայտարարությունը, երբ խոսում է ընդհանրապես հայ ժողովրդի ինքնորոշման իրավունքի մասին, նկատի է ունենում նաեւ Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը, որի հիմքն է, ըստ Ուրուգվայի արտգործնախարարության, 1918 թ. մայիսից մինչև 1920 թ. դեկտեմբերն անկախացած Հայաստանի Հանրապետության սահմանները:

Սա արդեն հայ-թուրքական եւ հայ-ադրբեջանական հարաբերությունների փոխկապակցվածության ճիշտ տարբերակն է: Բայց սա դեռ միակը չէ:

Տարեվերջին որդեգրված Բոլիվիայի Ազգային ժողովի Ցեղասպանությունը ճանաչող եւ դատապարտող որոշումը ուշագրավ էր հայրենազրկման (Արեւմտահայաստանի նշումով ընդգծված) գաղափարի ներառումով: Հիմա, Հարավային Ամերիկայի մի  ուրիշ մայրաքաղաք, միջազգային ընտանիքին կոչ է անում ճանաչելու հայ ժողովրդի ինքնորոշման իրավունքը:

Դիպաշարերը այստեղ եւս ունեն հետեւողական տրամաբանություն: Հարավային Ամերիկան նպաստավոր ենթահող է քաղաքական աշխատանքներ կենտրոնացնելու թե՜ ցեղասպանության եւ թե՜ ինքնորոշման իրավունքի պետական ճանաչումներ ապահովելու: Հայտնապես 100-ամյակին իբրեւ թիրախ ընտրված են այն երկրները, որոնք մեծ շահերով կապված չեն Անկարայի եւ Բաքվի հետ, եւ որոնք կարող են  ավելացնել հայության պատմական թե ինքնորոշման իրավունքները ճանաչող պետությունների շարքը միջազգային ընտանիքում:

Անկարայի եւ Բաքվի հարցերը փոխկապակցելու խաղի կանոնները շրջվել են սրանով: Այսպիսով Մոնտեվիդեոն ազդարարում է, թե կարող է դառնալ առաջին պետությունը, որը միաժամանակ կճանաչի Արցախի անկախությունը եւ Հայաստանի Հանրապետության նախախորհրդային սահմանները: 
ՇԱՀԱՆ ԳԱՆՏԱՀԱՐՅԱՆ
654 reads | 12.01.2015
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2017 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com