ԲՈՒՆԴԵՍԹԱԳԻ ԲԱՐՈՅԱԿԱՆ ԵՎ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՇԱՐԺԱՌԻԹՆԵՐԸ

ՇԱՀԱՆ ԳԱՆՏԱՀԱՐՅԱՆ 
«Ազդակ»-ի գլխավոր խմբագիր, ԼԻԲԱՆԱՆ
 


Գերմանական Բունդեսթագի բանաձևի քվեարկության շարժառիթային գործոնները լուսաբանելու փորձը կենտրոնանում է տարբեր հանգամանքների վրա:

Նախ, իհարկե այն, որ Գերմանիան պետք է հետևողականություն ցույց տար սկսված գործընթացին և անպայման նկատի ունենար Բունդեսթագի նախկին քննարկումները, երկրի նախագահի, խորհրդարանի նախագահի կատարած հայտարարությունները, որոնք քաղաքական ենթահող էին նախապատրաստել նման քվեարկություն կայացնելու համար։

Երկրորդ, ուշադրություն է գրավում այն, որ բանաձևի խորագրային բաժինը խոսում է Հայոց և օսմանյան կայսրության տարածքում ապրած քրիստոնյա փոքրամասնությունների մասին: Շվեդիայից, Հունաստանից և Հայաստանի Հանրապետությունից հետո, Գերմանիան դարձավ չորրորդ երկիրը, որը ճանաչում է քրիստոնյա մյուս ազգաբնակչությունների բնաջնջման քաղաքականությունը իբրև ցեղասպանական արարք: Այստեղ տարբեր տեղեր երևացին նաև Բունդեսթագի կրած հզոր ազդեցությունը մի տարի առաջ Վատիկանում Ֆրանցիսկոս պապի կատարած հայտարարություններից: Բունդեսթագում կաթոլիկ երեսփոխանների թիվը նկատառելի է և դրանց դիրքորոշումը մեկնաբանվում է նաև այս հանգամանքով:

Լուսարձակ կենտրոնացրեց նաև ծագումով թուրք (կամ Թուրքիայից եկած և գուցե այլ ծագում ունեցող) Գերմանիայի քաղաքացի օրենսդիրների աշխույժ դիրքորոշումը այս բանաձևի քննարկման և քվեարկության ընթացքում:

Մեկնաբանությունները իրավամբ նկատի ունեցան նաև սեփական պատմության հետ առերեսվելու գերմանական ավանդական փորձառությունը և Գերմանիայի դեպքում համազգային բարդույթը ցեղասպանություն գործադրած լինելու , ներողություն խնդրելու և հատուցելու: Փաստորեն, Բունդեսթագի նախկին բանաձևը առանց ուղղակի ճանաչելու Հայոց ցեղասպանությունը խոսում էր ջարդերին և տեղահանություններին գերմանական մասնակցության և մեղսակցության իրականության մասին:

Այս բոլորը պարզապես արագ նշումներ են և բանաձևի ազդեցության հզորությունը և Անկարայի ցուցադրած ջղաձգությունները ընդգծում են Բունդեսթագի ձեռնարկած  քայլի իրադրային նշանակությունը: Նշված հանգամանքները սակայն, առաւելաբար հետևողականության, համագերմանական բարդույթի, Վատիկանի ազդեցության տակ` վերաբերում են կրոնական ներշնչանքին: Այդ բոլոըը կան. զուտ քաղաքական տրամաբանությունը սակայն հուշում է, որ հարցը նաև պետք է փորձել դիտարկել Բեռլին-Անկարա լարված հարաբերությունների շրջանակներում` Գերմանիան իբրև ԵՄ-ն ղեկավարող ուժ և Անկարան, իբրև ԵՄ-ի հետ շանտաժի լեզվով խոսող պետություն: Ահա այստեղ ավելի  է իմաստավորվում ժամանակի ընտրությունը. անցյալ տարի Բունդեսթագի քննարկումներն ու նախագահի և խորհրդարանի նախագահի հայտարարությունները Թուրքիային ուղղված դեղին քարտն էին: Նախազգուշացնում էին ԵՄ-ի  հետ հարաբերությունների ընթացքը փոխելու, հատկապես գաղթականների հոսքը ևրոպա ուղարկելով բյուջետային աստղաբաշխական հաշիվներ ներկայացնելու շանտաժային քաղաքականության առումով:

Այլապես, անցյալ տարի 100-ամյակի առիթով բոլոր բարոյական նշված պատճառները կային Բունդեսթագի որոշման համար, մեղսակցությունն ընդունելուն և Վատիկանի կոչին ընդառաջ շարժվելուն:

Թվում է, որ Անկարան լավ գիտակցել է քաղաքական ա՜յս շարժառիթը: և իհարկե պատահական չէ, որ Գերմանիայի որոշման առիթով Թուրքիայի նախագահը հավասարապես մեղադրանքներ է տեղում թե՜ Բեռլինի և թե՜ Փարիզի վրա: Այլ խոսքով, ԵՄ-Անկարա հարաբերություններն եղանակ ճշտող հիմնական ուժերի վրա:

Գերմանիան ու Ֆրանսիան ցեղասպանություն գործած լինելու հանցանքով Թուրքիայի նախագահի հետևյալ հայտարարությունը բովանդակային առումով կարող է լուրջ չընկալվել. «Ո՞վ է կանգնած Ռուանդայի կոտորածների հետևու՞մ: Սակայն այդ մասին ընդունված չի խոսել»- ասել է Էրդողանը: Մեկնաբանելով Հայոց ցեղասպանության վերաբերյալ Գերմանիայի Բունդեսթագի կողմից ընդունված բանաձևը` Էրդողանը հայտարարել ե, որ Գերմանիան, բացի հոլոքոսթից, մեղավոր ե նաև Նամիբիայի 100 հազար բնակչի սպանության մեջ:

Գերմանիայի վարչապետը մեկնաբանելով Բունդեսթագի որոշումն ու Էրդողանի սպառնալիքները ընդգծել էր, որ Անկարան պետք է ընդունի և կիրառի ևրոպական չափանիշերը: Այստեղ արդեն հետզհետե ավելի պարզ է դառնում, որ ևրոպական չափանիշների մեջ է ներառվում նաև պատմության հետ առերեսվելը, այլ խոսքով Ցեղասպանությունը ընդունելը:

Դեպի վիզային ռեժիմի վերացում և ինտեգրման ուղղությամբ նկատի առնված այլ հեշտացումներն Անկարայի առաջ այս ձևով արգելքներ են դրվում: Արգելակողները Բեռլինն ուՓարիզն են հիմնականում և չի բացառվում, որ Փարիզը հարմար ժամանակին օրակարգի կետի վերածի ժխտողականության քրեականացման հարցը:

Քաղաքական տրամաբանությունը հուշում է, որ որքան լարվեն ԵՄ-Անկարա հարաբերությունները, այնքան առավելություններ կապահովեն Ցեղասպանության համաևրոպական ճանաչման համար: ԵՄ-ին ուղղված թուրքական հերթական շանտաժի դիմաց հայկական կողմը պետք է աշխատանք տանի, որ ԵԱՀԿ-ի նախագահությունը ստանձնած Բեռլինը ա՜յս հարթության վրա ևս կարևոր քայլ կատարի Բաքու-Անկարա դաշինքի ուղղությամբ, այս անգամ առերեսվելով ոչ թե սեփական պատմության հետ, այլ` ժամանակակից ռազմաքաղաքական գործընթացների, որոնց կարգավորման համար ընդհանուր միջնորդական պատասխանատվություն է ստանձնել:
ՇԱՀԱՆ ԳԱՆՏԱՀԱՐՅԱՆ
866 reads | 16.06.2016
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2017 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com