ԲԱՆԱՁԵՎԱՅԻՆ ՃՆՇԱՄԻՋՈՑՆԵՐԻ ՓՈՐՁԵՐ` ԱՆՈՐՈՇ ՔՎԵԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ
![]() «Ազդակ»-ի գլխավոր խմբագիր ![]() Բնական է, որ առաջին հակազդեցությամբ մեկնաբանությունները իբրեւ շարժառիթ պիտի ընդունեն ՀՀ-ի` ՄՄ-ի անդամակցության որոշումը: Քաղաքական իրադրությունները հետզհետե ավելի համոզիչ են դարձնում այն, որ խնդիրը կապված է բացարձակորեն քաղաքական ազդեցության գոտիների վերագծման հետ, եւ Հայաստանի թեքումը այս կամ այն կողմ, արժանանում է քաղաքական ճնշամիջոցների: Եթե դեպի Եվրոպա ընթացող Երեւանի քայլերը ստանան արագակշռույթ բնույթ, ապա Մոսկվան կզինի Բաքվին եւ հատուկ ջերմություն կապահովի Ռուսաստանի եւ Ադրբեջանի հարաբերություններում: Երբ Մոսկվայում Երեւանը իր մտադրությունը կբացահայտի մաս կազմելու ՄՄ-ին, Եվրախորհրդարանը կհիշեցնի Հայաստանի «գրավող կողմ» լինելն ու ՄԱԿ-ի այն բանաձեւերը, ուր արծարծվում են հայկական ուժերի «ադրբեջանական տարածքներից» հեռանալու պահանջը: Եւ ճնշամիջոցները այսպես շարունակվում են անընդմեջ: Երեւանը կհայտնի իր պատրաստակամությունը` ստորագրելու ասոցացման փաստաթուղթը, ՄՄ-ի ճարտարապետներից հանդիսացող Բելառուսի նախագահը կշեշտի, որ Հայաստանի անդամակցությունը ՄՄ-ին տեսանելի ժամկետի մեջ չի տեղավորվում: Քաղաքական ճնշամիջոցների միջեւ հայտնված Երեւանը փորձ է կատարում շարունակելու «թե-թե»-ի արտաքին քաղաքականությունը: Մյուս կողմից, Բաքուն փորձում է լիարժեքորեն օգտագործել ԵՄ-ի եւ ՄՄ-ի տնտեսական -քաղաքական արեւելումների ճշտումի երկսայրաբանությունում (դիլեմա) հայտնված Հայաստանի դեմ առավելություններ ապահովելու իր քաղաքականությունը: Այս առավելությունները, թվում է, թե ո՛չ միայն քաղաքական են, այլ նաեւ զինվորական: Իջեւանի ուղղությամբ կատարված ռազմական ոտնձգությունը իր տեսակի մեջ առանձնանում է: Այս մեկը դիպուկահարների ընդհանրացած երեւույթի մաս չի կազմում թե՛ իբրեւ ճակատ, թե՛ իբրեւ բնույթ, եւ թե՛ իբրեւ տարողություն: ![]() Հայաստանի պաշտպանության նախարարությունը ստիպված էր ճամփա փակել` քաղաքացիների անվտանգության հետ կապված մտահոգություններից մեկնած: Հիշենք, որ ռուսական «Ռեգնում» գործակալությունը խոսում էր Բաքվի կողմից իրականացված օդային հարձակման մասին: Հայկական պաշտոնական լրահոսը հարձակման բնույթը չէր հստակեցնում: Քաղաքական հողի վրա Բաքուն կարող է անհրաժեշտություն չունենալ նման ժամանակահատվածներում լոբբիստական ներուժ կենտրոնացնելու: Ճնշամիջոցային քաղաքականությունը նման եզրակացության կարող է հանգել քաղաքական տրամաբանությամբ: Բայց նախ նայենք, թե ի՞նչ է ասում այդ անորոշ քվեարկության արդյունքով հրապարակված բանաձեւը: «Արևելյան գործընկերության մասնակից երկրի կողմից մեկ այլ մասնակից երկրի տարածքի օկուպացիան խախտում է Արևելյան գործընկերության հիմնարար սկզբունքներն ու նպատակները։ ԱԳ երկրների տարածքներում հակամարտությունները պետք է լուծվեն ինքնիշխանության, տարածքային ամբողջականության ու ազգերի ինքնորոշման իրավունքի սկզբունքների հիման վրա: ![]() Տարածքի բռնագրավման մասին հաստատում կատարող բանաձեւը իր առաջին բաժնով չէր ակնարկում միայն Արցախը: Արեւելյան գործընկերության մասնակից երկրները, որոնք տարածքային խնդիրներ ունեն` Հայաստանը, Վրաստանը, Մոլդովան եւ Ադրբեջանն են: Բայց այս նրբությունը հիմնական նշանակություն չունի, որովհետեւ խնդիրը մասնակիորեն կենտրոնանում է Արցախի վրա, նույն բանաձեւում: Ճիշտ է, որ երբ տարածքի բռնագրավում բառակապակցություններն են օգտագործվում, թվում է, որ առաջին հերթին հակահայ բանաձեւ է ներկայացվածը` միակողմանի եւ Ադրբեջանի շահերը գերադասող: Սակայն մի պահ նույնիսկ շրջանցելով քվեարկության անորոշության երեւույթը, բանաձեւի համատեքստը կա՛մ ինքնահակասական է կամ էլ խառն ուղերձներ պարփակում: Անշուշտ, ՄԱԿ-ի բանաձեւեր վկայակոչելը ենթադրում է արծարծել հայկական ուժերի հեռացման պահանջը: Միաժամանակ սակայն Աքվիլան վկայակոչելը ենթադրում է ուժերի հեռացման պահանջին առընթեր, ազգերի ինքնորոշման իրավունքի սկզբունքը: Ինչ որ նշված է նաեւ ա՛յս բանաձեւում իբրեւ իրավահավասար սկզբունք տարածքային ամբողջականության: Օգտագործված բառապաշարն ու վկայակոչված բանաձեւերը դիվանագիտական ոլորապտույտների մաս են կազմում։ ![]() Հիմա ավելի պարզ է դառնում, թե ինչու՛ եվրախորհրդարանականները հիշել են արցախյան խնդիրը: Քաղաքական նման ճնշամիջոցների դիմելու վարքագծի բացահայտում է արձանագրվածը: Պարզ է նույնքան, որ միայն Մոսկվան չէ, որ ճնշամիջոց է կիրառում Երեւանի վրա: Եվրոպան, իր ոճով, այս դեպքում բանաձեւային ճնշման փորձով, Երեւանին պատգամներ է փոխանցում: Երկու ուղղությունների վրա էլ ճնշամիջոցների թիրախը Արցախն է: | |
ՇԱՀԱՆ ԳԱՆՏԱՀԱՐՅԱՆ | |
3101 reads | 26.10.2013
| |