ՔՐԴԱԿԱՆ ԳՈՐԾՈՆԸ` ԱՄԵՐԻԿՅԱՆ ԼՔՄԱՆ ԵՎ ՌՈՒՍԱԿԱՆ ԼՌՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ
ՇԱՀԱՆ ԳԱՆՏԱՀԱՐՅԱՆ
«Ազդակ»-ի գլխավոր խմբագիր, ԼԻԲԱՆԱՆ

 



Վաշինգտոնի պաշտոնական հայտարարությունը, թե ամերիկյան բանակը Հյուսիսային Սիրիայում թուրքական զինվորական գործողությանը ո՛չ մասնակցելու և ո՛չ աջակցելու որոշում ունի, գործնապես համազոր է թուրքական ներխուժման կամ անվտանգության գոտու ձևավորման գործընթացի կանաչ լույս տալուն։

Մինչև այս հայտարարությունը, քաղաքական հողի վրա պաշտոնական Դամասկոսը ձեռնարկել էր նոր Սահմանադրության մշակման խորհրդակցություններ:

Ուշագրավ երևույթը այն էր, որ նոր Սահմանադրության հոդվածները միջազգային ընտանիքի ներկայացուցիչների հետ համաձայնեցնելու որոշումը գործնական դրսևորում էր ունենում․ ինչը վկայում էր Սիրիայում նոր փուլի անցման մասին։

Այս բոլորի նախօրեին ՌԴ արտգորնախարարը հայտարարում էր, որ սիրիական  պատերազմը կարելի է ավարտված համարել։

Հիմա Վաշիգտոնը  խոսում է իր ուժերը սիրիական տարածքներից  հեռացնելու մասին:

Թեև պետք է արձանագրել, որ ըստ էության, տեղափոխման մասին է խոսքը, ավելի քան ամբողջական հեռացման, գեթ այս փուլում:

Թուրքական ներխուժումը, սակայն, միայն ամերիկյան կանաչ լույսի հետ կապ չունի քաղաքական ընկալումներով: Այսօր, ընդհանրապես տարածաշրջանում և հատկապես Սիրայում, գործում է Մոսկվա-Անկարա-Թեհրան մերձեցման հիման վրա ռազմավարական առանցքը, ինչը ենթադրում է ներխուժման գործողության համաձայնեցում ռազմավարական երկու գործընկերների հետ:

Թվում է, սակայն, որ այդ համաձայնությունը միանշանակ չէ: Իրանի արտգործնախարարը հայտարարել էր, որ Թեհրանը Անկարային փոխանցել  է, որ Թուրքիայի անվտանգությունն ապահովելու միակ միջոցը Ադանայի համաձայնության հիման վրա իր զինյալ ուժերը Սիրիայի հետ սահմանին կուտակելն է: Այլ խոսքով, անհամաձայնություն` թուրքական ներխուժմանը:

Եթե Թեհրանի անհամաձայնությունը բացահայտ է, Մոսկվայինը՝ լռելյայն: Իհարկե, պատահական չէ Հյուսիսային Իրաք Լավրովի կատարած այցը: Քրդերը հրապարակավ օժանդակություն  են խնդրում Մոսկվայից, որ գեթ այս պահի դրությամբ իր դիրքորոշումը չի բացահայտել:

Տեղական առումով սիրիական կառավարական ուժերը Անկարայի ներխուժման դեմ կանգնելու պատրաստակամություն ունեն, այդուհանդերձ իրենց գործնական մասնակցությունը բնականաբար կախյալ է Մոսկվայից: Մինչ Սիրիական ազատ բանակը արդեն իսկ հայտարարել է, թե պատրաստ է միանալու թուրքական զինյալ ուժերին` իրականացնելու համար անվտանգության գոտու ստեղծման գործողությունը:

Այս ամենում կա տեսություն, որ եթե ոչ անպայման աշխարհագրականորեն իր առաջադրած, այդուհանդերձ Վաշինգտոն-Անկարա քաղաքական առևտրի իբրև արդյունք որոշակի սահմանափակվածությամբ  Անկարան կարող է ձեռք բերել գոտու ստեղծումը: Այլապես, զինյալ ընդհարումների նոր արարների շարք է սկսելու թուրք-քրդական պատերազմի տեսքով, ինչը Սիրիայի և ընդհանրապես տարածաշրջանի խաղաթղթերը կարող է  հիմնովին խառնել:  
Այս պահի դրությամբ, զինվորական իրադրությունների հետագա ընթացքը շատ պարզ չէ: Հստակ է սակայն, որ ամերիկյան լքումով գոյացել են քրդական գործոնը ռուսականից կախյալ լինելու նախադրյալներ: Թե՛ սիրիական կառավարական ուժերի մասնակցության որոշման և թե՛ Անկարան զսպելու բևեռը Մոսկվան է: Այս խաղաթուղթը Մոսկվան դեռևս չի օգտագործել:

Կանխատեսումներն այնպիսին են, որ անվտանգության գոտու մի մասը կիրականցվի այս հանգրվանին․խոսվում է նաև այն հավանականության մասին, որ քրդական զինյալ ուժերի փոխարեն սիրիական կառավարական ուժերը կվերահսկեն խնդրո առարկա տարածքների մի մասը․ դրանով է բացատրվում ռուսական լռությունը։

Ազդեցության գոտիների բաժանման ընդհանուր համաձայնության շրջագծում քրդերը հերթական անգամ շահագործվում են գերտերությունների կողմից: Ի վերջո, սակայն,  որքան էլ Մոսկվան և Անկարան գործեն մերձեցումներով, այնուամենայնիվ Թուրքիայի կողմից Սիրիայում մեծ առավելություններ ձեռք բերելը, համենայն դեպս չի բխում ՌԴ-ի և  ոչ էլ առանցքի մյուս պետության` Իրանի շահերից։
ՇԱՀԱՆ ԳԱՆՏԱՀԱՐՅԱՆ
179 reads | 17.10.2019
|
avatar

Մուտքանուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2019 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com