ՀՆԱԳՈՒՅՆ ՔԱՂԱՔԱԿՐԹՈՒԹՅՈՒՆՆԵՐ և ՆՈՐԱԳՈՒՅՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՐՑԵՐ
ՇԱՀԱՆ ԳԱՆՏԱՀԱՐՅԱՆ
«Ազդակ»-ի գլխավոր խմբագիր, ԼԻԲԱՆԱՆ






ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի շրջանակներում կայացած հնագույն քաղաքակրթությունների ֆորումի նախարարական հանդիպմանը Հայաստանի Հանրապետության մասնակցությունը ուշագրավ երևույթ է, որն իր վրա է կենտրոնացնում մի շարք դիտարկումներ:

Նախ պետք է ասել, որ երկար ճանապարհ չեն անցել միջազգային այս ձևաչափով համագործակցություն առաջադրող համախմբման աշխատանքները: Սա երրորդ համախմբումն է, որը կայանում է հին քաղաքակրթության տեր երկրների ներկայացուցիչների մասնակցությամբ  և որին պաշտոնական Երևանը ունեցել է ուշագրավ մասնակցություն` իբրև հնագույն քաղաքակրթության տեր պետություն:

Առաջադրանքը անշուշտ աշխարհակարգային ըմբռնումով խիստ այժմեական  է հնչում: և այստեղ երկու ընկալումով կա հրատապություն ներկայացնող օրախնդիր: Առաջինը քաղաքակրթական հիշատակարանների ուղղակի բնաջնջումն է` ծայրահեղ կրոնական տեսքով նորագույն ահաբեկչական շարժման ձեռամբ և երկրորդ` տեխնոլոգիաների անվերահսկելի արագընթացությամբ և անդադար նորարացումներով քաղաքակրթությունների դիմափոխման, եթե ոչ նույնիսկ վերափոխակերպման շարունակվող գործընթացը: Ի դեպ, մշակութային ժառանգության բնաջնջման վառ օրինակներ աշխարհին հրամցրել են թե՛ Թուրքիան և թե՛ Ադրբեջանը հայապատկան տարածքներից համամարդկային արժեք ներկայացնող վկայությունները բնաջնջելու փաստերով։
Քաղաքակրթությունների կերպարանափոխումը իր հետ է բերում նաև արժեհամակարգերի վերաիմաստավորում, եթե դրական ընկալում ուզենք օգտագործել, այլապես վերաիմաստազրկում`  մի քիչ ավելի իրատեսական մոտեցում որդեգրելու դեպքում։

Համենայնդեպս, այս բոլոր հանգամանքները նշվում են պարզապես առաջադրանքի այժմեականությունը ընդգծելու և այդ հրամայականին ընդառաջ միջպետական համագործակցությամբ հնագուն քաղաքակրթական արժեքներ միջազգային հարթության վրա պահելու փորձերը լուսարձակի տակ բերելու:

Այդ ֆորումին Հայաստանի Հանրապետության արտգործնախարարի կատարած հայտարարության մեջ ուշագրավ բաժին է կազմում հետևյալը․
2017 թ. Աթենքի և 2018 թ. Տիվանակուի հռչակագրերը սահմանեցին մեր` մասնակից պետություններիս միջև համագործակցության շրջանակներն այնպիսի կարևոր հարցերի շուրջ, ինչպիսիք են մշակութային սեփականության ապօրինի փոխադրման արգելքը և կանխարգելումը, դեպի ծագման երկիր դրանց վերադարձին նպաստելը:
Մշակութային սեփականության ապօրինի փոխադրման արգելքի կիրառման եղանակների ճշտումը համեմատաբար ավելի հեշտ է, քան առաջադրանքի երկրորդ բաժինը: Որևէ պետություն կարող է սահմանել այն չափորոշիչները, որոնց հիման վրա մշակութային ժառանգության նշանակություն ունեցող իրերը չեն կարող դուրս գալ բնօրրանից: Մինչ երկրորդը, որ խիստ կենսական նշանակություն ունի հատկապես մեր պարագայում, գործնական բազմակի արգելքներ դիմագրավում:

Խոսքը սփռված ազգային մշակութային ժառանգության հետ աղերս ունեցող իրերի հայրենադարձության մասին է, որ բազմաթիվ պետություններ իբրև խնդիր կդիմագրավեն և կաշխատեն հարթել դրանց տունդարձի ճանապարհը:
Մեր մշակութային ժառանգության սփռվածության համապատկերը ժամանակի ընթացքում ընդլայնված աշխահագրություն ունի․ իսկ առաջադրանքը ճիշտ է, որ առաջին հերթին միջպետական համագործակցության հետ սերտորեն առնչվում  է տարբեր երկրներում գտնվող քաղաքակրթական ժառանգությունները սեփական պետության վերադարձնելու առումով, այդուհանդերձ սփյուռքահայ համայնքների ներգրավվածությունը անհրաժեշտ համահայկականության սահմաններ է գծում։

Ֆորումին արտգործնախարարի բարձրացրած կարևոր բանաձև ներառող այս բաժինը առանձին մեկնաբանության արժանի է: Շատ կարևոր է ուշադրություն դարձնել, որ անդամակցություն հայցող պետության քաղաքակրթությունն ունենա ապացուցված շարունակական պատմություն, որ այն հարգի ոչ միայն իր, այլև հարևան երկրների պատմությունը` ներառյալ ակադեմիական հետազոտության հանդեպ պատասխանատու վերաբերմունքով: Կոնսենսուսի հիման վրա աշխատելը մեր այս ֆորումի աշխատանքի առանցքային մեթոդն է:

Այս բանաձևը նման համախմբումից դուրս է պահում շարունակական քաղաքակրթության պատմության գիտական ապացույց չունեցող, այլ հարևան երկրների պատմությունը չհարգող և պատմական իրողությունները ժխտող թե՛Թուրքիային և թե՛ Ադրբեջանին։

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի գերատեսչության ղեկավարը պատմական, ակադեմիական, գիտական և քաղաքակրթական դիտանկյուններով հաջողել է բարձրացնել քաղաքական այժմեական խնդիրներ և կանխարգելիչ ազդակներ հաղորդել երկու երկրների միջազգային քաղաքական հարթակ մուտք գործելու դեմ։
Միջպետական փոխշահավետ համագործակցություն և համահայկականություն` անշրջանցելի աշխատանքային բաղադրիչներ են հայտարարված առաջադրանքի համար․ երկրորդ ուղղությունը, մասնակից մյուս պետություններից ոչ բոլորը կարող են նկատի ունենալ իրենց ծրագրերի առարկայացման ընթացքում:

Իսկ եթե մտաբերենք նաև որ հնագույն քաղաքակրթության տեր պետությունների միջև նման համագործակցություն քաղաքակրթական ինքնուրույնությունների շեշտադրմամբ կնպաստի գերիշխանության պահպանմանը, ապա կնկատենք, որ հայկական դիվանագիտության հանրահռչակած երեք սկզբունքներին ընդառաջ է գնում պետության արտաքին քաղաքականությունը ՄԱԿ-ի շրջածիրում։
ՇԱՀԱՆ ԳԱՆՏԱՀԱՐՅԱՆ
151 reads | 02.10.2019
|
avatar

Մուտքանուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2019 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com