ՍՈՍԿԱԼԻ ԿՈՏՈՐԱԾՆԵՐՆ ԸՆԴԴԵՄ ՀՈԼՈՔՈՍՏԻ
ՇԱՀԱՆ ԳԱՆՏԱՀԱՐՅԱՆ
«Ազդակ»-ի գլխավոր խմբագիր, ԼԻԲԱՆԱՆ






Ցեղասպանության հարցով Թել Ավիվ-Անկարա բանավեճը վերարծարծվել է այս անգամ առաջին դեմքերի մակարդակով:

Իսրայելի վարչապետը խորքում արձագանքել  է Թուրքիայի  նախագահի հայտարարությանը, որտեղ Իսրայելը մեղադրվում էր Գազայում արաբների նկատմամբ Հոլոքոստ իրականացնելու համար:

Իսրայելի վարչապետի հակազդեցությունը չուշացավ։ «Իսրայելի մասին ստեր տարածողը, սեփական երկրում քրդեր կոտորողը եւ հայ ժողովրդի սոսկալի կոտորածը ժխտողը, չի կարող  եւ չպետք է դասեր տա Իսրայելին. Էրդողան, վերջ տուր ստերիդ»,- ասել էր Նեթանյահուն։

Խնդիրը երկկողմանիորեն գերքաղաքական ընկալում եւ մոտեցում ունի եւ որեւէ ձեւով ցեղասպանությունների ժխտման կամ կանխարգելման առաջադրանք չունի:

Պարզ է, որ համաիսլամական-համաարաբական համակրանք վաստակելու վարքագծի հերթական դրսեւորում է, որն ունենում է Անկարան նման ամբաստանություն ուղղելով Իսրայելին: Իրավաքաղաքական եզրը այստեղ չի խնայվել․ Հոլոքոստի ենթարկված ժողովրդի պետությունը հոլոքոստ է կազմակերպել  այլ ժողովրդի նկատմամբ: Խորքում ոչ միայն ցեղասպան պետություն որակումը տրվում է Իսրայելին, այլ նաեւ ժխտողին` մանավանդ, երբ ստի մեղադրանքով  Իսրայելի վարչապետը դիմում է  Թուրքիայի նախագահին:

Ուշագրավ է Էրդողանի կողմից Հոլոքոստ եզրի օգտագործումը նաեւ այն պատճառով, որ Նեթանյահուն շրջանցում է ցեղասպանություն բառը, երբ խոսում է հայկական սոսկալի կոտորածների մասին:

Այստեղ պարզ է տրամաբանությունը․ ցեղասպանությունը Քնեսեթի կողմից չունի ճանաչում եւ հետեւաբար վարչապետը խուսափում է այն օգտագործելուց: Թուրքիայի դեպքում, հայտնաբար նույն երանգավորումը պարտադիր չէ: Թուրքիայի համար նշանակություն չունի, թե արաբների նկատմամբ Իսրայելի կիրառած քաղաքականությանը խորհրդարանը ինչ տեսակի գնահատական է տվել կամ ընդհանրապես չի տվել․ նախագահն իրեն իրավասություն է վերապահել ցանկացած եզրույթ օգտագործելու, մանավանդ երբ քաղաքական բանավեճերին ուզում է մագլցողականություն ապահովել:

Նեթանյահուն  հերքում է իր պետության դեմ եղած ամբաստանությունը, Թուրքիային ամբաստանում է  քրդերին կոտորելու եւ Հայոց Ցեղասպանությունը  ժխտելու մեջ` առանց եզրույթի օգտագործման։ Այս հիմնավորումները ծառայում են Թուրքիային ասելու, որ դաս տալու իրավունք չունի․ իսկ «Էրդողան վերջ տուր ստերիդ» կոչը խորքում ոչ միայն Հայոց Ցեղասպանության ժխտմանն  է վերաբերում, այլ Իսրայելին` Հոլոքոստ գործադրած լինելու Անկարայի մեղադրանքին:

Հակառակ նրան, որ հռետորաբանական մակարդակում նոր նշաձող կարելի է նկատել՝ նման բանավեճի օգտագործված փոխադարձ մեղադրանքների առկայությամբ, այդուհանդերձ կողմերը գիտակից են յուրաքանչյուրի մոտեցման շարժառիթին:

Թել Ավիվը գիտակցում է, որ արաբական աշխարհի վրա թուրքական ազդեցության տարածման մղումն է, որ Անկարային առաջնորդում է  հայտարարության առաստաղի բարձրացմանը․ մինչ, Անկարան իրազեկ է այս դեպքում քրդական գործոնի իսրայելյան շահարկման նկրտումներին տարածաշրջանում անուղղակի վերահսկողության քաղաքականության իրականացման շրջածիրում:

Հոլոքոստ, սոսկալի կոտորած, ժխտում, սուտ եւ նման բառակապակցություններ քաղաքական զինանոնցներում պահվող եւ պահանջված պահին օգտագործվող գործիքներ են պարզապես: Պետք չէ մոռանալ, որ փոխմեղադրանքների  խորապատակերի վրա շարունակում է գործել Թել Ավիվ-Անկարա ռազմավարական հատուկ գործընկերությունը:
ՇԱՀԱՆ ԳԱՆՏԱՀԱՐՅԱՆ
416 reads | 27.09.2019
|
avatar

Մուտքանուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2019 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com