ԵՌԱԿՈՂՄ ԱՆՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՇԱՀԱՆ ԳԱՆՏԱՀԱՐՅԱՆ 
«Ազդակ»-ի գլխավոր խմբագիր, ԼԻԲԱՆԱՆ






Անկարայում կայացած Թուրքիա-ՌԴ-Իրան միջնախագահական ձևաչափով եռակողմ հանդիպման պաշտոնական հայտարարությունը ոչ միայն հակիրճ է, այլև նույնիսկ անբովանդակ: Նման ամփոփ և որևէ հիմնական շեշտադրում չպարփակող հայտարարությունը կա՛մ ցանկանում է թաքցնել հիմնական բաժինը և ուշադրություն ցրել, և կամ ընդհանուր հայտարարների չգալու դեպքում շրջանցում է տարակարծությունների գոյության փաստը:
Թվում է, որ Անկարայի եռակողմ հանդիպումը երկրորդ հավանականության դեպքն է։

Հետևենք հանդիպումից հետո հրապարակված հայտարարություններին։

Էրդողան. «Անցնող երկու տարվա ընթացքում մեծ ջանքեր են գործադրվել Սիրիայում անվտանգության ու կայունության հաստատման համար, և դեռևս  ճիգը շարունակվում է տագնապի արմատական լուծումը գտնելու և Սիրիայի հողային ամբողջականությունը պահպանելու համար:

Մեր ժողովի ընթացքում կենտրոնացանք Իդլիբի և Եփրատի արևելյան ափի տագնապի վրա, ինչպես նաև փախստականների արմատական լուծման  որոնման վրա:

«Արևելյան Եփրատ» և «Ձիթենու ճյուղ» գործողությունների նպատակը ահաբեկչական խմբավորումների դեմ պայքարն է»:


Ռոհանի. «Անհրաժեշտ է հարգել Սիրիայի գերիշխանությունը և կարևորել նրա ներքին հարցերին չմիջամտելու սկզբունքը: Իրանը միշտ էլ աջակցել է սիրիական կառավարության ու ժողովրդի բոլոր բաղադրիչ մասերի միջև երկխոսությանը: Սիրիական հողերի վրա ամերիկյան ներկայությունը նրա գերիշխանությանը սպառնալիք է:
Իրան ցավ է հայտնել, որ հնարավոր չի եղել Իդլիբի համաձայնությունը ամբողջությամբ իրականացնել, ինչը ընդլայնել է այն տարածքները, որոնք գտնվում են ահաբեկչական խմբավորումների վերահսկողության տակ»:


Պուտին. «Իդլիբը մտահոգության մեծագույն աղբյուր է:

Սիրիայում լարվածության մեղմացման գոտին  չի կարող սադրանքների շղթայազերծման կետ լինել:
Սիրիան չպետք է ազդեցության գոտիների բաժանել»:


Քաղաքական ամենապարզ ընթերցումն իսկ համոզում է, որ զուգահեռացվող շատ գծեր կան Թեհրանի և Մոսկվայի ղեկավարների կատարած հայտարարությունների միջև. երկուսի կողմից նաև սլաքներ են ուղղվել Անկարային։
Անկարան խոսում է Իդլիբին առընթեր Եփրատի արևելան ափի մասին, մինչ Թեհրանն ու Մոսկվան շեշտը դնում են Իդլիբի մաքրազտման անհրաժեշտության վրա:

Տարըմբռնումներ կան նաև ահաբեկչական խմբավորումներ հասկացության առումով: Անկարայի համար իրականացած գործողությունների օրինակների մեջբերումով պարզ է դառնում, որ քրդական գործոնն է, որն ահաբեկչական է որակվում, մինչ Իդլիբի մաքրազտման անհրաժեշտությունը, որն արծարծում են Մոսկվան և Թեհրանը, վերաբերում է իսլամական ծայրահեղականներին։

Իրանը իր օրակարգի առաջ մղումով՝ եթե քննադատում է ամերիկյան զորքերի տեղակայումը սիրիական տարածքների վրա, ապա Մոսկվան հստակորեն ընդգծում է, որ մեծագույն հիմնախնդիրը Իդլիբի մաքրազտումն է: Արևելյան Եփրատը ոչ միայն շրջանցվել է, այլ ուղղակիորեն հանդիսացել է Մոսկվա-Անկարա տարակարծության առանցք:

Երբ ՌԴ-ի նախագահը հայտարարում է, որ Սիրիան չպետք է ազդեցության գոտիների բաժանել, պարզ տեսքով ուզում է ասել, որ համաձայն չէ Անկարայի առաջադրած անվտանգության գոտու ստեղծմանը։

Եռակողմ հանդիպման վայրը`Անկարան, որևէ առավելություն  չի ապահովել Թուրքիային` սիրիական տարածքների վրա զինվորական տեղաշարժեր ապահովելու առումով։

Ռազմավարական առանցքի երկրների ղեկավարները ինքնուրույն մեկնաբանում են օրակարգերը, բնականաբար մեկնելով յուրաքանչյուրը իր առաջադրանքից։ Հստակորեն կան տարընկալումներ, շահերի տարբերություններ և մանավանդ նոր գոտիներ ստեղծելու ծրագրերի երկկողմ արգելակումներ։
ՇԱՀԱՆ ԳԱՆՏԱՀԱՐՅԱՆ
129 reads | 20.09.2019
|
avatar

Մուտքանուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2019 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com