ՄԱՄԵԴՅԱՐՈՎՆ ՈՒԶՈՒՄ Է ՏՊԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԹՈՂՆԵԼ, ՈՐ ԲՈՎԱՆԴԱԿԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ Է ՏԵՂԻ ՈՒՆԵՑԵԼ. ՇԱՀԱՆ ԳԱՆՏԱՀԱՐՅԱՆ
Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը Վաշինգտոնյան վերջին հանդիպումից հետո ասել էր, որ «համանախագահներն առաջարկել են դուրս բերել զորքերը և խաղաղապահներ տեղակայել, սակայն այդ ուղղությամբ հարկավոր է աշխատել»: «Արմենպրես»-ի խնդրանքով մեկնաբանելով հայտարարությունը՝ Լիբանանի «Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանն ասել է.

«Հիմնական երկու առումով վերապահությամբ պետք է ընկալել ասվածը. Նախ պիտի նկատել, որ համանախագահների հայտարարությունում նման կետ չի արծարծվում։ Համանախագահները կողմերին կոչ էին արել վերահաստատելու իրենց հանձնառությունը` խստորեն պահպանելու հրադադարը և զերծ մնալու որևե սադրիչ գործողությունից` այդ կարգին դիպուկահարներից և շփման գծի ու միջազգային սահմանին տարվող ինժեներական աշխատանքներից։ Ինչը նշանակում է, որ կոչը հիմնականում նպատակադրում է զսպել ադրբեջանական հարձակողապաշտությունը։

Երկրորդ, առաջին անգամ չէ, որ ադրբեջանական կողմը  պարունակից դուրս է հանում իր առաջադրած կետը և յուրովի մեկնաբանություն կատարում։

Մամեդյարովը, իբրև թե բացելով փակագծերը, ուզում է տպավորություն թողնել, որ բովանդակային քննարկում է տեղի ունեցել, և միջազգային ընտանիքը առաջարկում է իրականացնել խաղաղապահ առաքելություն։ Այլ խոսքով՝ փուլային տարբերակ, շրջված կարգով։

Ադրբեջանի արտգործնախարարը առավել ևս ծխածակույթ է ստեղծում երբ խոսում է խաղաղապահ զորքերի տեղակայման մասին՝ դա զուգակցելով հայկական ուժերի հեռացման պահանջով: Նա խնամքով շրջանցում է առկա շփման գծի հրադադարի պահպանման հրամայականը, ինչը պարզորեն ընդգծվում է համանախագահների հայտարարությունում»։
ՇԱՀԱՆ ԳԱՆՏԱՀԱՐՅԱՆ
157 reads | 25.06.2019
|
avatar

Մուտքանուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2019 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com