94-Ի ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ` ԱՌԱՆՑՔ
ՇԱՀԱՆ ԳԱՆՏԱՀԱՐՅԱՆ 
«Ազդակ»-ի գլխավոր խմբագիր, ԼԻԲԱՆԱՆ





«Բլումբերգ» գործակալությանը ՀՀ նախագահի տված հարցազրույցի հետեւյալ բաժինը խորիմաստ բովանդակություն է բանաձևում եւ լույս սփռում բանակցային գործընթացի վերսկսման հայկական կողմի սկզբունքային դիրքորոշումների վրա:
«Ոչ թե պետք է հրադադար հաստատել, այլ վերականգնել հրադադարը, որի մասին համաձայնագիր էինք կնքել 1994 թվականին ու նաև այդ համաձայնագիրը ամրապնդել էինք նոր համաձայնագրով 1995 թվականին: Եվ ինչպես տեսնում եք, մինչև հիմա պահպանվում են այդ պայմանավորվածությունները, թեև խախտումները շարունակվում են»:



Փորձենք պարզաբանել այստեղ արտահայտված մտքերը.
Հայկական կողմը համոզված է, որ 1994-ին կնքված պայմանագիրը ուժի մեջ է։ Ավելի պարզ ասած` կայծակնային քառօրյա պատերազմը, չի ենթադրում նախապես կնքված համաձայնագրի չեղարկում, այլ խախտում. խախտումների շարունակականությունը նկատի ունենալով, այս պարագան պետք է ընկալել իբրեւ լայնածավալ խախտում: Թեեւ այս հաստատումից քիչ առաջ նախագահը ակնարկում էր ոչ թե հրադադարի խախտում, այլ ռազմական գործողությունները բնութագրում էր իբրեւ քառօրյա պատերազմ` իրողապես:

Ըստ էության, համատարած համոզում է, որ կատարվածը սահմանափակ ժամկետով կայծակնային հարձակողական պատերազմ է, որը սանձազերծվեց Ադրբեջանի կողմից: Եւ պատահական չէ, որ համաշխարհային հեղինակություն համարվող լրատվամիջոցին տրված հարցազրույցում նախագահ Սարգսյանը կատարվածը նկատում է պահպանվող պայմանավորվածությունների խախտում:
Արձանագրվածը, իհարկե, կատարված ռազմական գործողությունների քաղաքական մեկնաբանությունն է եւ ոչ թե ռազմական բնութագրի ձեւակերպումը: Իսկ քաղաքական իմաստով մեծ նշանակություն ունի 1994-ի համաձայնագրին հայկական կողմի կառչած մնալը:

Հրադադարի համաձայնագրի տակ ստորագրել են Երեւանը, Բաքուն ու Ստեփանակերտը: Բանակցային գործընթացին վերաբերող հրապարակված երկու փաստաթուղթ կա, որոնց տակ երեւում է եռակողմ ստորագրությունը: Առաջինում, որը հիմնական պայմանագիրն է` ընդառաջելով Բիշքեկի խորհրդաժողովի արձանագրության եւ ուղղված ՌԴ-ի պաշտպանության նախարար Պ. Ս. Գրաչովին,  արտգործնախարար Ա. Վ. Կոզիրեւին, Վ. Ն. Կազիմիրովին, կողմերը համաձայնում են. ապահովել կրակի և ռազմական գործողությունների ամբողջական դադարեցումը 1994 թ. մայիսի 12-ի 00 ժամ 01 րոպեից: Կրակի դադարեցման մասին համապատասխան հրամաններ կտրվեն և կհասցվեն զինվորական ստորաբաժանումների հրամանատարներին, որոնք պատասխանատու են դրա կատարման համար ոչ ուշ, քան 1994 թ. մայիսի 10-ի ժամը 15.00-ը: Մայիսի 11-ին մինչև ժամը 20.00 կողմերը փոխանկում են կրակի դադարեցման մասին իրենց հրամագրերը՝ հնարավոր փոխադարձ լրացումների և հետագայում համանման փաստաթղթերի հիմնական դրույթների նույնականացման նպատակով:

Երկրորդը, իբրեւ հավելված թիվ 39 հրադադարը պահպանելու հայտարարություն 1994 թ. հուլիսի 26-27-ին, դարձյալ ուղղված ՌԴ-ի այն ժամանակվա ՊՆ-ին եւ արտգործնախարարին, ուր իրենց ամուր վճռականությունն են արտահայտում հետագայում եւս շարունակելու կրակի դադարեցման ուղղությամբ իրենց պարտավորությունների կատարումը` մասնավորապես, նկատի ունենալով դրանով իսկ պահպանել Մեծ քաղաքական համաձայնագրի ստորագրման եւ հակամարտության գոտում միջազգային դիտորդների տեղաբաշխման համար պայմանները:

Փաստաթուղթերը ունեն նաեւ այլ բաժիններ. կկենտրոնանանք այս երկու հատվածների վրա` կարեւորելով ՀՀ-ի եւ Ադրբեջանի կողքին պաշտոնական Ստեփանակերտի մասնակցությունն ու ստորագրությունը:

Ենթադրվում է, որ ճիշտ այս կետն է, որը լուսարձակի տակ  է բերում նախագահը եւ ընդգծելով, որ պայմանավորվածությունը պահպանվել  է, ուզում է ասել նաեւ, որ Ստեփանակերտը իբրեւ անկախ կողմ ընդունելու միջազգային պայմանավորվածությունն է, որը պահպանվում է: Այժմ հրադադարի վերահաստատումը բանավոր է եւ չի կարող նաեւ փոխարինել գրավորը, որովհետեւ գրավորը եռակողմանի է, մինչ բանավորը` երկկողմանի:

Այլեւս ակնհայտ է, որ կայծակնային այս պատերազմի եւ այլ սադրանքների նպատակներից մեկը նույն այս համաձայնագրի վիժեցումն է: Դրա  մեկ ապացույցն էլ ՄԱԿ-ում 2016 թ. ապրիլի 27-ին ադրբեջանցիների ներկայացրած դիմումն էր վերոնշյալ համաձայնագիրը չեղյալ հայտարարելու վերաբերյալ: Իհարկե, լուծելու համար հիմնական խնդիրը` ձերբազատվելու Ստեփանակերտի ստորագրությունից, ինչ որ փաստացի նշանակում է ճանաչել վերջինը իբրեւ հակամարտության կողմ եւ ավելին` կարգավիճակի ճանաչում:

Բանակցային գործընթացի վերսկսման համար պաշտոնական Երեւանը նախապայմանային նախադրյալներ  է տեսնում.
Նախ, անհրաժեշտ է, որպեսզի համանախագահները վստահության որոշակի միջոցառումներ անցկացնեն: Հաջորդը` անհրաժեշտ է, որ նրանք հանձնառություն ստանձնեն, որ այդ վստահության միջոցառումները, հետաքննության մեխանիզմները տեսնելուց հետո նրանք հասցեական հայտարարություններ անեն, թե ով խախտեց հրադադարի պայմանագիրը: Եվ երրորդ` հայկական կողմը  երաշխիքներ պետք է ունենան, որ այլևս այսպիսի խախտումներ չեն լինելու։

Բայց մնանք հրադադարի պայմանագիրը ուժի մեջ նկատելու պաշտոնական մոտեցման փոխանցած ուղերձի տպամաբանության սահմաններում եւ վերահաստատենք, որ 1994-ի երկրորդ եռակողմ փաստաթուղթը խոսում է հրադադարի պայմանագրի հիման վրա ձեւավորվելիք Մեծ քաղաքական համաձայնագրի կնքման առաջադրանքի մասին: Այդ փաստաթուղթը եւս կրում էր Ստեփանակերտի ստորագրությունը: Մեծ քաղաքական համաձայնագիրը, եթե պիտի ձեւավորվի, անպայման պետք է կրի Ստեփանակերտի ստորագրությունը:
ՇԱՀԱՆ ԳԱՆՏԱՀԱՐՅԱՆ
1153 reads | 01.05.2016
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2017 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com