ԷՐԴՈՂԱՆԻ ՀԵՏ ՇՐՋԱԳԱՅՈՂ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
ՇԱՀԱՆ ԳԱՆՏԱՀԱՐՅԱՆ 
«Ազդակ»-ի գլխավոր խմբագիր, ԼԻԲԱՆԱՆ





Թուրքիայի խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլը նախագահ Էրդողանի համար կիսով չափ բացեց սահմանադրական փոփոխությունների դուռը: Առաջադրանքը այս փոփոխությունների գերնախագահական համակարգի հաստատումն է, կամ այլ խոսքով` էրդողանական վարքագծի միաբեւեռացումը: Իշխող կուսակցության ապահոված խորհրդարանական աթոռների թիվը չի արտոնում, որ սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի որոշումը կայացնի խորհրդարանը: Այստեղ պետք է միանան իշխող կուսակցությունից դուրս խորհրդարանական այլ քվեներ, որպեսզի գոյանա անհրաժեշտ թիվը:

Բայց առաջադրված նվազագույն թվի անցողիկություն ապահովելը թվում է, որ հեռահար եւ անհաղթահարելի հարց չէ Էրդողանի գլխավորած կուսակցության համար: Ուրեմն, պիտի փոխվի սահմանադրությունը եւ պիտի սկիզբ առնի Էրդողանի սուլթանացումը: Գործող սահմանադրությունը Թուրքիայի դեպքում վարչապետական է: Թուրքիայի քաղաքական իրադարձություններին հետեւողները գիտեն, համոզվել են, սակայն, որ ուժի բեւեռացումը դեռևս այսօր նախագահական առաջադրված  լիազորություններ չապահոված Էրդողանի մոտ է: Վարչապետի գործակատարը կամ երեկվա վարչապետը` Դավութօղլուն, պարզապես Էրդողանի կայացրած որոշումները դիվանագիտական արվեստով իրականացնողն է: Ի վերջո, ենթադրվում է, որ «Արդարություն եւ բարգավաճում» կուսակցության գաղափարախոսությունն ու կարգապահությունը այնքան ուշագրավ կատարելությամբ չեն հատկանշվում, որ վարչապետին թելադրեն իր լիազորությունների կրճատման համար այս թափով աշխատել...

Այս վարկածն ավելի համոզիչ է դառնում, երբ մտաբերում ենք մոտ անցյալի միեւնույն սահմանադրությամբ գործող նախագահ Գյուլ-վարչապետ Էրդողան զուգապետությունը, երբ տառացիորեն հարգվում էր սահմանադրությամբ ամրագրված վարչապետական համակարգը:

Սահմանադրությունը չէ փոխվել. փոխվել է նախագահը, որի հետ նաեւ` իրական լիազորությունները: Խնդիրը այս դեպքում Էրդողանի հետ շրջագայող իրական լիազորություններն են, որոնք Թուրքիային հեռացնում են սահմանադրական իրավականությունից:

Իրապես նախագահական համակարգը նաեւ այս ձեւով կձեռնարկվի սահմանադրականացնելու աշխատանքին: Պաշտոնապես հայտարարվածն էլ դա  է: Հետընտրական Թուրքիան, սակայն, նախագծված բեմագրությունների հիման վրա հեզասահ ճանապարհներից չէ, որ պիտի ընթանա: Թե՛ ապահովական եւ թե՛ քաղաքական առումներով խմորումները սառելու միտումներ ցույց չեն տալիս: Էրդողանի սուլթանացման վարքագիծը անպայման բախվելու է ճակատագրորոշ խոչընդոտների:

Ներթուրքական հարթության վրա արտաքին միջամտություններին եւ ներշնչումներին Անկարան պատասխանեց  պատանդի կարգավիճակի համազորությամբ իր մոտ պահած փախստականներին առաջին զանգվածային խմբաքանակը Եւրոպա ուղարկելով եւ մարդասիրական համաեւրոպական ճգնաժամ ստեղծելով: Մինչ, ազգայնական ծայրահեղականության եւ ձախակողմյան քաղաքացիության միջեւ երկակի խաղ բեմադրելով Էրդողանը թե՛ սարսափի մթնոլորտ ստեղծեց ազգային փոքրամասնական շրջանակների եւ քաղաքացիական շարժումների մոտ եւ թե՛ ծայրահեղ ազգայնականները զսպելու դեր ստանձնեց: Բոլորը ազդեցին ընտրական արդյունքների վրա: Նահանջը` «Ժողովուրդների ժողովրդավարական» կուսակցության թե «Ազգայնական շարժում» կուսակցության դեպքերում, ավելի քան պարզ է:

Հետաքրքրական զուգադիպությամբ նույն օրը կայացան նաեւ Ադրբեջանի խորհրդարանական ընտրությունները: Այստեղ ո՛չ սահմանադրություն փոխելու հարց կա, ո՛չ էլ ժողովրդավար կարգեր նույնիսկ երեւութապես ցուցադրելու: Եղածը ընտրական միջոցառում է ալիեւյան վարչակարգի վերարտադրության արարողությունը կազմակերպելու:

Դեպի միանձնյա հանրապետություն ուղղվող Թուրքիայի եւ բռնատիրական Ադրբեջանի հարեւանությամբ Երեւանը ընթանում է դեպի հավելյալ ժողովրդավարություն, դեպի օրենսդիր-գործադիր-դատական իրար հակակշռման դրություն, դեպի խորհրդարանական համակարգ: Այստեղ ահա, դիտորդների, Եւրոպական Միության արեւելյան գործընկերների թե ընդհանրապես միջազգային ընտանիքի համար երկակի չափանիշներ կամ համահավասարեցման խաղեր կիրառելու տեղ չկա:
ՇԱՀԱՆ ԳԱՆՏԱՀԱՐՅԱՆ
757 reads | 03.11.2015
|
avatar

Copyright © 2017 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com