ԹՈՒՐՔԻԱՅԻ ՇՐՋԱՓԱԿՈՒՄԸ ԻՐԱՆԻ ԿՈՂՄԻՑ

ՇԱՀԱՆ ԳԱՆՏԱՀԱՐՅԱՆ 
«Ազդակ»-ի գլխավոր խմբագիր, ԼԻԲԱՆԱՆ



 

Առ այս պահը չի հստակացվել Իրանի արտգործնախարար Ջավադ Զարիֆի՝  օգոստոսի 11-ին Թուրքիա կատարելիք այցի հետաձգման պատճառները։ Նման բարձրակարգ այցերի հետաձգումը ինքնին արդեն մատնում է քաղաքական որոշակի ճգնաժամ։

Նման դեպքերում պրոտոկոլային պրակտիկան հուշում է, որ առնվազն պաշտոնապես նշվի պատճառը։ Թեկուզ այն համոզիչ չլինի, այսուհանդերձ ինչ-որ պատճառ կհայատարարվի նման այցերի չեղարկման պարագայում։ Ուրեմն տարբերակ առաջինը հետաձգման ճիշտ պատճառն ասելն է. տարբերակ երկրորդը այլ պատճառով քողարկելն է չեղարկումը. իսկ տարբերակ երրորդը, որը միջպետական հարաբերությունների ամենախոր լարվածության մասին է խոսում, ընդհանրապես որեւե պատճառ չասելն է ու անտեսելը. պարզապես հետաձգել կամ ջնջել այցը։

Քաղաքական գործընթացների պրակտիկայի օրինաչափություններում պետք է նախատեսել նաեւ այցի թվականի վերականգնումը կամ հանկարծակի իրականացումը։ Սա քաղաքական տրամաբանություն է, եւ ինչ որ շարժիչ գործոն կարող է ի մի խմբել երկու պետությունների պաշտոնական ներկայացուցիչներին։

Բայց մի պահ ճշտենք այցի չեղարկման հանգամանքների շրջագիծը եւ հիշենք, որ հարեւան Սիրիայում երկու պետությունները պատերազմում են միջնորդավորված կարգով։ Թեհրանը, որը ոչ միայն պաշտոնական Դամասկոսի ռազմավարական գործընկերն ու զինվորական աջակիցն է, այլ նաեւ ուղղակի «Հեզբոլլահ»-ի միջոցով մասնակցում է պատերազմին. երբ բախտորոշ պահ է ստեղծվում, «Հեզբոլլահ»-ի զինյալները աշխույժ մասնակցում են պատերազմին եւ հետ մղում իսլամիստներին։ Մյուս կողմից նույնքան պարզ է, որ Անկարան մինչեւ վերջերս շատ աւելի բացահայտ օժանդակում, ֆինանսաւորում եւ անարգել անցք էր տրամադրում ծայրահեղ իսլամիստներին, որոնք թուրքական ուղղակի աջակցությամբ պատերազմում էին ինչպես կառավարական բանակի, այնպես նաեւ իրանամետ ուժերի դեմ։ Ըստ էության ուրեմն, սիրիական տարածքներում Իրան-Թուրքիա պատերազմ էր գնում, միջնորդավորված կարգով։

Մի պահ թողնելով տարածաշրջանային այլ հանգուցային խնդիրները, միայն սիրիական կտրվածքով պարզ էր, որ հեշտ չէր լինելու առաջադրված հանդիպումը, որ հիմնականում պատերազմող կողմերի միջեւ բանակցային հանդիպման տեսք ուներ։ Այցի չկայացումը անուղղակիորեն հուշում է, որ թեկուզ ժամանակաւոր հրադադարի կամ բանակցությունների ժամը դեռեվս չի հասունացել։

Կա նկատելի մի այլ հանգամանք եւս։ Թեհրանը նախապատրաստվում է դուրս գալ միջազգային մեկուսացումից, որի համար Արեւմուտքն արդեն ազդանշաններ է տվել։ Իհարկե, դեռ երկար կտեւեն փուլային բանակցությունները, մի քայլ առաջ երկու քայլ հետ մարտավարական մոտեցումները, այնուամենայնիւ Թեհրանի ապաշրջափակումը առարկայանալու նախանշաններ է ցույց տալիս։ Մինչ, Արեւմուտք-Անկարա երեկվա հարաբերությունների համապատկերը որոշակիորեն մթագնում է։ Խնդիրը շեշտակիորեն կապված է միջազգային ահաբեկչության դեմ պատերազմ հայտարարած միջազգային ընտանիքի եւ Անկարայի կողմից տարատեսակ ընկալումներին։ Ահաբեկչություն ասելով Արեւմուտքն ընկալում է իսլամիստ ծայրահեղականներին, մինչ Անկարան առաջին հերթին  քուրդ զինյայլներին։

Ինչ է պարզվում այսօր Անկարայի առաջ։ Ներքին առումով մինչ այս պահը Թուրքիայի գործող մեծամասնությանը չի հաջողվում է կազմել կոալիցիոն կառավարություն։ Քաղաքական ճգնաժամին առընթեր ահագնանում է ներքին կայունության տապալումը. խիստ սրվել է ապահովական իրավիճակը եւ թուրք-քրդական պատերազմի նորօրյա տարբերակը զգալի է դարձնում ինքն իրեն։ Եթե ոչ սրվել, այնուամենայնիւ նախկին չեն նաեւ Արեւմուտք-Անկարա հարաբերությունները եւ որեւե կերպ չի ստացվում Թեհրանի հետ նորմալ հարաբերություններ մշակելու Անկարայի փորձերը։ Իրանի և Թուրքիայի ամենամեծ  Գյուրբուլուք-Բազարգան սահմանային անցակետը Իրանի կողմից միակողմանիորեն փակվել է։ Պատճառը իրանյան բեռնատար մեքենաների վրա իրականացված հարձակումներն են։ Այն տպաւորությունն է ստացվում, որ ապաշրջափակվող Թեհրանը միակողմանիորեն սկսել է շրջափակել Թուրքիային։ Սա կարող է համարվել «զրո խնդիրների» տապալման ամենացայտուն ցուցանիշներից։

Տարածաշրջանային հրդեհը թակել է Թուրքիայի  սահմանադռները։ Ամենայն հաւանականությամբ, սիրիական սցենարի պատճենահանումը չէ, որին ականատես պիտի լինենք, այսուհանդերձ զինվորաքաղաքական ճգնաժամի դրսեւորումները վերածվել են երեւույթի։

Գուցե սրանք Իրանի արտգործնախարարի այցի չեղարկման չհայտարարված պատճառների մի մասն են:
ՇԱՀԱՆ ԳԱՆՏԱՀԱՐՅԱՆ
791 reads | 21.08.2015
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2017 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com